Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ



Մարտական հերթափոխը կատարվեց ինչպես հարկն է

Մարտական հերթապահություն կատարող զորամասի առջև դրված առաջադրանքներից թերևս ամենից կարևորը մարտական հերթափոխը ժամանակին և անսխալ իրականացնելն է, որը պատասխանատուներից պահանջում է արհեստավարժ մոտեցում, կազմակերպչական և մասնագիտական բարձր որակներ։ Եթե նկատենք, որ բանակում առհասարակ չեն լինում շատ ու քիչ կարևոր գործառույթներ, նույնիսկ այս դեպքում մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման տեսանկյունից եղել ու մնում է ամենագլխավորն ու առաջնայինը, ինչը քաջ գիտակցում են գնդապետ Վ.Ասատրյանի հրամանատարությամբ մեր Հայրենիքի հյուսիսարևելյան սահմանի բավականին վտանգավոր մի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունն ստանձնած զորամասի ստորաբաժանումները։

Զորամասի, որ մարտական հերթապահություն է կատարում ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողների ուժերով, մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումները առավոտյան շարվեցին ստուգատեսի։ Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Վ.Հովսեփյանը մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումների հրամանատարներին ու պատասխանատուներին հիշեցրեց և հանձնարարեց ևս մեկ անգամ տեղերում ճշտել հերթափոխի պատրաստվող անձնակազմի ցուցակները, առողջական և բարոյահոգեբանական վիճակը, ուսապարկերի պարունակությունը` անձնական հիգիենայի պարագաներով հանդերձ, զենք- զինամթերքը` հատ-հատ, անվանական։

-Հենակետերի ավագները փաստաթղթերը պատրաստեն ստուգման,- կարգադրեց զորամասի հրամանատարը, որից հետո շտաբի պետ, փոխգնդապետ Վ.Հովսեփյանը ձեռնամուխ եղավ առաջադրանքի կատարմանը։

Աշխույժ եռուզեռ էր շարահրապարակի ողջ տարածքում. կենտրոնում հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Աթոյանն ստուգում էր գնդացրորդներին ու նռնակաձիգներին, նրանից քիչ ձախ, մայոր Նվեր Մարգարյանն էր ստուգում իր ենթակա անձնակազմի զենքի մաքրության և ամրակցման ճշտությունը, անձնական հիգիենայի պարագաները, քնապարկերը։ Զորամասի բուժանձնակազմը նույնպես ամբողջ կազմով ընդգրկված էր հերթափոխում։ Բժիշկները աչալրջորեն զննում էին զինվորներին։ Բուժծառայության պետի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Կարեն Գրիգորյանը զինծառայող, շարքային Գևորգ Արշակյանի մարմնի վրա նկատեց նոր հասունացող ֆուրունկուլ և միջնորդեց հրամանատարությանը՝ վերջինիս առժամանակ ազատել մարտական հերթափոխից։

-Մանրազնին ստուգում ենք յուրաքանչյուր զինվորի, լսում նրանց գանգատները, նայում, որ հանկարծ վերքեր, կապտուկներ, վնասվածքներ չլինեն,- վստահեցրեց ավագ լետենանտ Կ. Գրիգորյանը։

Շարքից շարք անցնելով՝ զինվորների ինքնազգացողության եւ առողջական վիճակի հետ կապված հարցեր էր տալիս և հարկ եղած դեպքում գրանցման մատյանում անհրաժեշտ նշումներ էր կատարում գումարտակի բուժկետի պետ, ենթասպա Ֆլորա Զուրաբյանը։

Շարային ստուգատեսի ավարտից հետո մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումները կատարեցին «Մեր Հայրենիք»-ը, ապա եւ խրոխտ և ամրակուռ շարքերով ևս մեկ հանդիսավոր պտույտ կատարելով շարահրապարակում` շարժվեցին դեպի մեքենաները։

Ոչ հաճախ, բայց պատահել է, երբ գործուղմանս օրերը համընկել են այս կամ այն զորամասի մարտական հերթափոխի հետ, և ամեն անգամ կրկին ու կրկին համոզվել եմ, որ այն կազմակերպված և օպերատիվ իրականացնելու համար, մասնագիտական կարողություններից ու հմտություններից զատ, նաև մեծ աշխատանք ու նվիրվածություն, սահմանային ծառայության գիտելիքների ահռելի պաշար է պահանջվում։

♦♦♦

Կեսoրին հերթափոխի մեկնող մի ստորաբաժանման հետ հասանք դիրքեր։ Զինվորներն անմիջապես ձեռնամուխ եղան բեռնաթափման ու տեղավորման գործին։ Առաջնագծի այն հատվածում, որտեղ մենք եղանք, մարտական հերթապահություն էին իրականացնում ժամկետային զինծառայողները։ Հերթափոխը հանձնող հենակետի ավագ, պայմանագրային սերժանտ Վարդան Գևորգյանն ու հերթափոխն ընդունող, նույնպես պայմանագրային սերժանտ Կարեն Հակոբյանը դասը լավ սերտած աշակերտի նման անցան իրենց պարտականությունների կատարմանը` մերթընդմերթ չմոռանալով զգոնության կոչ անել իրենց ենթականերին։

-Առաջնագծում զգոնությունդ մեկ վայրկյան անգամ չպետք է թուլացնես,- շարքային Հրաչ Խոսրովյանին է հիշեցնում հենակետի ավագ Գևորգյանը, որի ժամկետային ծառայությունը, որպես հաշվարկի հրամանատար, նույնպես այս զորամասում է անցել։

-Զորացրվելիս դիմեցի հրամանատարությանը՝ պայմանագրային ծառայության անցնելու խնդրանքով։ Ընդառաջեցին և չորսամսյա դասընթացների ուղարկեցին ուսումնական զորամաս։ Վերապատրաստվեցի որպես մոտոհրաձիգ և արդեն տարիուկես, որպես պայմանագրային սերժանտ, ծառայում եմ այս զորամասում։ Ծառայում եմ սիրով։ Ծառայության ընթացքում խրախուսվել եմ Պաշտպանության նախարարի պատվոգրով, ինչպես նաև զորամասի հրամանատարի կողմից արժանացել եմ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ» կրծքանշանների։ Ծառայությանը զուգահեռ հեռակայում եմ Գյումրու Ճարտարագիտական համալսարանի քաղաքացիական և ռազմական տրանսպորտի ճանապարհաշինություն ֆակուլտետում։

♦♦♦

Հերթափոխը նոր հանձնած կրտսեր սերժանտ Ռաֆիկ Մնոյանի ծառայությունը մոտենում է ավարտին։

-Զորացրվելուց հետո անպայման փորձելու եմ բարձրագույն կրթություն ստանալ։ Ծառայությանս ընթացքում, հատկապես Արմավիրի ուսումնական զորամասում ստացած գիտելիքներս ինձ պետք կգան ապագա մասնագիտությանս ընտրության հարցում,- ասաց կրտսեր սերժանտը։

-Մարտական հերթապահության կարևորագույն բաղադրիչներից է զինվորական կարգապահությունը, որի դրույթների խստիվ պահպանմամբ է միայն հնարավոր լիարժեք ու անվտանգ կատարել մարտական ամենադժվարին ու բարդ առաջադրանքները,- նկատում է մեզ դիրքեր ուղեկցած հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Գրիգորյանը։

Առաջնագծում իրենց խրամաբջիջներից դիտարկում կատարող գնդացրորդներ՝ շարքայիններ Հովիկ Իբոյանն ու Արթուր Վարդանյանը փոխգնդապետ Գրիգորյանին զեկուցեցին իրադրությունը, իսկ վերջինս էլ հորդորեց դիտարկումների ընթացքում աչալուրջ լինել, քանզի կրակոցները վերջին ժամանակներս շատացել են, չեն բացառվում նաև սահմանախախտման դեպքերը։

♦♦♦

Հետմիջօրեին հերթափոխն ավարտվեց։ Շարքայիններ՝ հրաձիգ նռնականետորդ Նարեկ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, հենակետի ավագ, պայմանագրային սերժանտ Կարեն Հակոբյանին զեկուցեցին հերթափոխը ստանձնելու եւ առաջադրանքի կատարմանը իրենց պատրաստ լինելու մասին։

Այսպես սկսվեց և ավարտվեց սահմանային ծառայության ևս մեկ օր։ Տա Աստված, որ մնացած բոլոր օրերն էլ խաղաղ ու անվտանգ անցնեն, և որ վերակարգում իրենց մարտական հերթապահությունն իրականացնող մեր զինվորները երբեք կրակելու առիթ չունենան։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/04/2013