Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՃԱՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ



Կոմիտասը որքան էլ ողբերգական ճակատագրով, լուրջ ու սեւեռուն գործի մեջ, կյանքում ազատ, կատակասեր մարդ է եղել։ Ջիվանու որդին՝ արվեստաբան Գարեգին Լեւոնյանը, նրա մասին գրել է. «Զվարճախոս էր, սրախոս, կատակաբան, վառվռուն, նույնիսկ երբեմն թեթեւ։ «Սա ի՞նչ մասխարա մարդ է, եղբայր, սա հո կատարյալ կոմիկ է, մի՞թե սա է Կոմիտասը»,- կասեր անկասկած այդ պահերին անծանոթ հանդիպողը։ Եվ հաճախ նա գործածական մի սիրած բառ ուներ, որով պատվում էր իր ամենամոտ ընկերներին, աշակերտներին. «Զուռնաչի»։

Կյանքում Կոմիտասին այդպես է տեսել նաեւ լեզվաբան Հրաչյա Աճառյանը. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, եւ որովհետեւ ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի «Բաղդասար աղբարի» այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար-բարակ իրար համեցեք են անում։ Մենք, տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցնում։ Ընկերները շատ էին ծիծաղում եւ հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը»։

Հետաքրքիր է Կոմիտասի խառնվածքի այդ գծի աճառյանական մեկնաբանությունը. «Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք, եւ դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթեւամիտ»։ Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթեւ զվարճախոսություն էր խառնում։ Բարկանալ ընդհանրապես չգիտեր»։

Նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էլ է նկատել Կոմիտասի բնավորության զվարթ կողմերը. «Չափազանց ուրախ մարդ էր»։ Բայց ահա, հակառակ Աճառյանի, նկարիչը տեսել է նաեւ Կոմիտասի դյուրագրգռությունը եւ երբեմն էլ՝ բարկությունը։ «Սակայն նրա բարկությունը,- գրում է Թերլեմեզյանը,- նման էր քամիներից քշվող ամպի ծվենների, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արեւի լույսը խափանել, բայց այդ ծվեններն արագորեն անցնելուց հետո նորից արեւ, նորից զվարթություն եւ նորից ծիծաղ է տիրապետում»։

Ճանաչողները շեշտել են Կոմիտասի արտակարգ մաքրասիրությունը, որը երբեմն հասել է մաքրամոլության։ Աճառյանը, որ Էջմիածնի ճեմարանում դասավանդելիս երեք տարի Կոմիտասի հետ ապրել է նույն սենյակում եւ լավ գիտեր նրա կենցաղը, գրում է. «Մաքրակրոն էր ան… Բծախնդիր էր մաքրության։ Անոր թխորակ դեմքը, սեփ սեւ մազերը մաքրության մեջ միշտ կը փայլեին։ Մեծ խնամք կը տաներ իր հագուստներու մաքրությանը։ Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կը վերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչեւ բոլորովին չմաքրվեր՝ չէր կըրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ…»։

Աճառյանի պատմելով՝ մաքրասեր վարդապետը թշնամի է եղել ճանճերին, միշտ մառլյայով փակել է բաց պատուհաններն ու դուռը, եւ երբ մեկը ներս մտնելիս է եղել, գոռացել է՝ «Շուտ, շուտ ներս արի», որպեսզի հանկարծ ճանճ չմտնի սենյակ։ Սովորություն է ունեցել քնել առանց բարձի, կոշտ թախտին՝ մարմինն ուղիղ վիճակի մեջ պահելով։

Եղել է միջահասակ, ջղուտ եւ զգայուն, աչքերը՝ արտահայտիչ եւ վառվռուն, քայլերը՝ արագ, ասես միշտ ինչ-որ տեղ է շտապել։ Նրա սենյակը զարդարված է եղել նկարներով, գորգերով, բայց դա ճոխ ապրելու մարմաջ չի եղել։ Ընդհակառակն՝ ապրել է շատ համեստ, ուտելու մեջ՝ չափավոր, չի խմել, չի ծխել, գարուն թե ձմեռ քնել է բաց պատուհանով։

Շատ է սիրել ծաղիկներ։ Փանոս Թերլեմեզյանի պատմելով՝ սենյակում ունեցել է ապակեպատ պահարան, ուր խնամքով պահել է իր ստացած հուշանվերները, ալբոմներ՝ իր այնքան սիրած Բեթհովենի, Բախի, Վագների, Մոցարտի, Գլինկայի, Չայկովսկու, ազգային գրողներից՝ Աբովյանի, Րաֆֆու, Ալիշանի, Պատկանյանի, Դուրյանի, Մեծարենցի, Թումանյանի, Վարուժանի եւ այլոց, դերասաններից՝ Ադամյանի, Սիրանույշի, երգիչներից՝ Արմենակ Շահմուրադյանի, Մարգարիտ Բաբայանի (իր սաներն էին) նկարներով։ Եվ պահարանի վրա՝ միշտ ծաղիկներ, հատկապես վարդեր ու մեխակներ։

Երեխայապաշտ է եղել։ Ինքը երեխա չուներ եւ բոլոր երեխաներին համարել է իրենը, իրեն էլ՝ նրանց ծնողը։ Դասեր է տվել մանկապարտեզում, ու երբ ծնողները փորձել են նվերներ տալ նրան՝ վարձահատույց լինելու, մերժել է՝ ասելով. «Վայելած ծնողական գուրգուրանքներս ալ բավական են, որ մինչեւ կյանքիս վերջը երախտապարտ ըլլամ ձեզի»։

Բազմաթիվ մանկական երգերի հեղինակ՝ իմացել է թափանցել երեխաների հոգու մեջ, մոգական ուժով խաղաղեցնել նույնիսկ ամենաչարաճճիներին։ Իր սաներից մեկը՝ Աղավնի Մեսրոպյանը (կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանի մայրը), պատմում է. «Բավական էր, որ Կոմիտասը ըսեր՝ ուշադրություն, մանուկներ, եւ անոնք կարծես մագնիսացած կը հետեւեին անոր ամեն մեկ ցուցումին»։ Ահա այս առանձնահատուկ շնորհն է նկատի ունեցել Խրիմյան Հայրիկը՝ Կոմիտասին անվանելով «հոգեբան-մանկաբան»։

Մի այսպիսի «մանրուք». կաթողիկոսի պոլսաբնակ հարազատները հաճախ են տոն օրերին քաղցրավենիք ուղարկել նրան, ու Հայրիկը, լավ իմանալով Կոմիտասի քաղցրասիրությունը, տուփերից նրան էլ է բաժին հանել, բայց լավ գիտեին ու տեսել են՝ Կոմիտասը գրպաններից հանել է քաղցր ուտեստները եւ բաժանել ճամփին հանդիպող երեխաներին։

Միայն քաղցրավենիքը չէ, Կոմիտասը իր համեստ վաստակից էլ բաժին էր հանում չքավոր աշակերտներին, Թերլեմեզյանի վկայությամբ՝ եթե նույնիսկ նրանք Էջմիածնից շատ հեռու էին։

Վերին աստիճանի ճշտապահ մարդ է եղել Կոմիտասը, երբեք պայմանավորված ժամը չէր խախտի։ Բայց ահա այսպիսի դեպք, որ պատմում է Մարգարիտ Բաբայանը։ Սաների հետ պետք է հանդիպեր, բոլորն անհամբեր սպասում են նրան, իսկ նա ուշանում է ուղիղ չորս ժամ։ Ի՞նչ էր պատահել։ Ահա թե ինչ. հանդիպման գալիս ճանապարհին գտնում է մի հնամաշ դրամապանակ՝ չնչին պարունակությամբ։ Մտածում է, որ կորցնողն աղքատ մարդ է, մեծ ցավ է ապրում եւ անպայման հետ կգա՝ դրամապանակը գտնելու։ Այդպես էլ լինում է, տեսնում է՝ մի աղջիկ քայլում է՝ մոլորված ինչ-որ բան փնտրելով, մոտենում է, համոզվում, որ դրամապանակը նրանն է, տալիս է ու երջանիկ հեռանում…

Գերզգայուն հոգի է եղել Կոմիտասը։ Հուշերում մի այսպիսի դրվագ կա. սաների հետ անտառում զբոսնելիս Կոմիտասը մի վիրավոր թռչուն է տեսնում, գուրգուրանքով առնում է ափի մեջ, մեծ զգուշությամբ թեւը կապում, բերում վրան, ջուր, հացի փշրանքներ տալիս։ Կոմիտասը մեծ դժբախտություն է ապրում՝ լուսադեմին թռչունին գտնում են վրանի անկյունում անշնչացած։ «Այդ օրը բոլորովին տրամադրություն չուներ Կոմիտասը,- գրում է հուշագիրը,- չէր երգում, չէր կատակում սովորականի նման…»։

Սրանք նրբագծեր են մեծ երաժշտի դիմանկարին, նրա մարդկային կերպարն ամբողջացնող գույներ, որոնք երբեք չեն խամրի։ Մեծ երաժիշտը նաեւ մեծ մարդ էր…

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013