Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎ ՆՈՐԻՑ ՈՐՈՏԱՑ «ՄՈՍԻՆԸ»



Արա Թովմասյանն իր կենսագրությունն սկսում է Սասուն լեռնաշխարհի Մգդինք գյուղից, թուրքական կառավարությանը հայտնի որպես հայդուկապետ Առաքելի ծննդավայր։

-Մանկուց այնքան եմ լսել, հայրս, պապս այնքան են պատմել մեր գյուղի, մեր քար ու աղբյուրի մասին, որ եթե ինձ բախտ վիճակվի, առանց դժվարության կգտնեմ մեր գյուղը, գյուղի եզրի մեր տունը,- պատմում է Արան։ -Գյուղում հաճախ էին երեւում ասկյարներ, որոնք փնտրում էին Առաքելին։ Մի օր էլ Կարմիր Երեցի (այդպես էր կոչվում նրանց տոհմը) հարսները գնում են ջրի։ Աղբյուրի մոտ, ծառի շվաքում հանգստացող երեք ասկյար հռհռում եւ ջուր են շաղ տալիս Առաքելի տոհմի հարսների վրա։ Վրա հասած ձիավորը տեղնուտեղը սպանում է ասկյարներին եւ նորից հեռանում լեռները (վրիժառուն եղել է Հակոբ պապի եղբայրը` Արան)։ Գաղթի տարիներին,- շարունակում է Արան,- մեր մեծ գերդաստանից փրկվել է միայն Հակոբ պապս։ Զորավար Անդրանիկի կամավորականների հետ անցել է Արաքսը` հետը բերելով իր Արա եղբոր «Մոսինը», որը 17 տարի որոտացել էր Սասնա լեռներում։ Նրանք աքսոր էին գնում, սակայն չէին հանձնում զենքը։ «Մոսինը» հողում շնչահեղձ էր եղել, երբ ծնվել եմ ես։ Ու Գեղամ հայրս ինձ Արա է կոչել իմ պապ Հակոբի եղբոր՝ Արայի պատվին։

1988-ից նորից որոտաց «Մոսինը»։ Որոտաց Մեղրիում, Կապանում, Շուշիում, Աղդամում, Ֆիզուլիում, Լաչինում, Լիսագորում։ Այդ ճանապարհին չորս անգամ վիրավորված Արան կորցրել է ընկերներ՝ Ահարոն, Կայծեր, Վիտյա, Մայիս, ու ամեն անգամ «Մոսինի» ձգանը քաշելուց տվել է այդ անունները։

-Սասնա լեռներում դեռ չի մարել Հակոբ պապիս Արա եղբոր «Մոսինի» որոտն ու արձագանքը։ Երազում եմ այն օրը, երբ այդ «Մոսինը» կորոտա Արարատի փեշերին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013