Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐ



Ապրիլի 23-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բանակների 9-րդ սպարտակիադայի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ակադեմիայի համալիրում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որին մասնակցեցին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Տաջիկստանի բանակային մարզիկները։ Հարկ է նշել՝ նման ծանրակշիռ ու ներկայացուցչական մրցաշար առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, որն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մրցաշարի բացման առիթով շնորհավորելով մասնակիցներին և հյուրերին, մասնավորապես՝ ասաց.

-Գործունեության տարբեր ոլորտներում, այդ թվում և սպորտում, եղբայրական հարաբերությունները հանդիսանում են խաղաղության, համերաշխության երաշխիք պետությունների միջև։ Բանակային այս մրցաշարի շնորհիվ մասնակից երկրների զինծառայողները հնարավորություն ունեցան ավելի շատ բան իմանալու մեկմեկու մասին, հասցրին ընկերանալ, և կարծում եմ՝ բավարար պատկերացում կազմեցին մեր պետության, մեր մայրաքաղաքի մասին։ Հուսով եմ, որ դուք՝ բանակային սպորտի առաջավորներդ, կշարունակեք հաղթական ավանդույթները, քանզի բանակային մարզիկները միշտ հավատարիմ են եղել օլիմպիական պատգամներին, եղել են համաշխարհային սպորտի առաջամարտիկներ։ Նման ներկայացուցչական և բարձր մակարդակով միջոցառման անցկացումը, որին մասնակցում են ԱՊՀ բանակների ուժեղագույն ըմբիշները, անշուշտ մեծ իրադարձություն է նաև ԱՊՀ բանակային մարզիկների կյանքում։

Մաղթում եմ ձեզ համառություն, կամք, բարձր մարզական նվաճումներ և հաջողություններ, իսկ մեր հյուրերին՝ պայծառ տպավորություններ, հետաքրքիր և դիտարժան մարզական մենամարտեր։

Մրցաշարում ՀՀ զինված ուժերը ներկայացրին՝

Գարիկ Բարսեղյան – 55 կգ

Նարեկ Սանոյան – 60 կգ

Սերգեյ Հովսեփյան – 64 կգ

Վալտեր Մարգարյան – 74 կգ

Շամիր Աթյան – 84 կգ

Էդգար Ենոքյան – 96 կգ

Անդրանիկ Գալստյան – 120 կգ։

Բացառությամբ Շամիր Աթյանի և Անդրանիկ Գալստյանի, բոլորը նվաճեցին 1-ին մրցանակը՝ դառնալով մրցաշարի հաղթողներ։ Հատկապես տպավորիչ ելույթներ ունեցան Գարիկ Բարսեղյանը, Նարեկ Սանոյանը և Սերգեյ Հովսեփյանը, որոնք իրենց մի քանի մենամարտերը ավարտեցին ժամկետից շուտ։ 84 և 120 կգ քաշային կարգերում առաջին տեղը գրավեցին Ուկրաինան ներկայացնող Օլեգ Բելոցերկովսկին և Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Բայցաևը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ազգային բանակ


26/04/2013