Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԱԹՅԱ «ԿՈԲՐԱՆ»



Ա~խ, երանի, գեթ մեկ անգամ

Նորից տեսնեմ դեմքերը ձեր,

Նորից սեղմեմ ձեռքերը ձեր,

Իմ եղբայրներ հերոսական…

/Արշալույս Սարոյան/

Ասում են՝ կյանքում զուսպ և ինքնամփոփ մարդիկ ընդունակ են վճռական քայլերի: Իսկ վճռականությունը որոշող պահին անում են ավելին, քան սպասվում էր… Այդպիսին էր նաև ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կրտսեր սերժանտ Արմեն Վլադիմիրի Ջավախյանը:

Նրա կյանքի տարեգրությունն ամփոփված է մարդկային հիշողության խորաշերտերում առհավետ տպավորված ու անջնջելի քսանյոթ երկրային կյանքում: Նվիրյալ մարտիկ, որի էության մեջ ներդաշն միահյուսված էր սովորականն ու անսովորը, որը բնորոշ է միայն ընտրյալ անհատականություններին:

Ծնողների միակ զավակն էր, ու աշխարհիս երեսին էլ թողեց իր մեկ հատիկ զավակին` Վլադիմիրին:

Ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 7-ին, Լոռու մարզի (Թումանյանի շրջան) Շնող գյուղում: Լոռեցի ծնողներից ժառանգել էր անմնացորդ սերը դեպի Լոռվա բնաշխարհն ու գյուղը: Ամռան արձակուրդներին միշտ այնտեղ էր` կապված պապական հող ու ջրին: Իրենց գյուղի տնամերձում սիրում էր օգնել հորը. նրա հետ միասին ծառեր տնկեց, որոնք մինչ հիմա բերք են տալիս… Արմենի շունչը այդ ծառերի մեջ է… Որքա~ն նվիրումով ու փայփայանքով էր վերաբերվում դրանց:

Մանկությունն անցնում է Երևանի Կոմիտաս թաղամասում` սովորելով Երևանի Րաֆֆու անվան դպրոցում: Ուզում էր ավտոփականագործ դառնալ, սիրում էր ավտոմեխանիկի գործը և ութամյան ավարտելուց հետո ընդունվեց Երևանի թիվ 4 պրոֆտեխնիկական ուսումնարան: 1984 թվականին, տեխնիկումն ավարտելով, Արմենը զորակոչվում է խորհրդային բանակ:

Այստեղ է, որ հրամանատարությունը նկատում է խելացի և լրջմիտ, կազմակերպված և կարգապահ երիտասարդի առանձնահատուկ գիտելիքները ու որոշում Արմենին սովորելու ուղարկել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի հրթիռային զորամասի սերժանտական դպրոց, որտեղ նա ձեռք է բերում հրթիռային տեխնիկայի ու տանկիստի մասնագիտություն: Սովորում է 6 ամիս, որից հետո դպրոցի տնօրինությունը` հիացած Արմենով, Պոդոլսկ է հրավիրում հորը, շնորհակալություն հայտնում օրինակելի զավակ դաստիարակելու համար` առաջարկելով հետագա ծառայության համար տղային ուղարկել Երևան: Ծնողներն ընդդիմանում են՝ մտածելով, որ բնակավայրին մոտ գտնվելը կթուլացնի տղայի պատասխանատվության և կարգապահության զգացումը: Արմենը ծառայությունը շարունակում է Մոսկվայի կայազորի Մալինոյի հրթիռային զորամասում: 1986թ. զորացրվելով` տուն է վերադառնում սերժանտի ուսադիրներով:

Ինքն էլ չէր ենթադրի, որ մի օր հայրենի հողի ու սահմանների պաշտպանության համար գործի է դնելու իր մարտական զրահամեքենայի, հրթիռային տեխնիկայի կառավարման կարողությունները:

♦♦♦

Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը` Արմենն էլ իր տարեկիցներից շատերի նման որոշեց կամավոր մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և ընդգրկվեց մարտական կառույցների մեջ ու մեկնեց ռազմաճակատ: Քաջ գիտակցում էր, որ իր մասնագիտական հմտությունների կարիքը անպայման կա, բայց ո՞ւմ դիմել… Պատահաբար հանդիպում է իր դպրոցական տարիների ընկերոջը` կապիտան Թորոս Խալափյանին, որ ծառայում էր Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում (ներկայումս ՄՀՆՋ փոխգնդապետ է): Խնդրում է օգնել, սակայն Թորոսը մերժում է Արմենին, գիտակցելով, որ ծնողների միակ զավակն է: Արմենն ամեն կերպ ջանում էր համոզել մանկության ընկերոջը. Թորոսն անդրդվելի էր: Արմենն էլ համառ էր, փնտրում և գտնում է այլ համակիր տղաների:

Թորոս Խալափյանը պատմում է, որ մի օր տեսնում է Արմենի՝ ծառայության ընդունվելու հրամանը… Համառությունն իր գործն արել էր: Կրտսեր սերժանտ Արմեն Ջավախյանը ծառայության է նշանակվում մարտական զրահամեքենայի վրա: Շատերն են վկայում, որ նա առանց այլևայլության կատարում էր զինվորական յուրաքանչյուր հրաման ու հանձնարարություն: Իսկ հրամանը կատարելիս ոչ ոք երբեք նրա դեմքին չի նկատել ո՛չ թերահավատության, ո՛չ կասկածի նշույլ անգամ…, որ չի հաղթի: Վստահ էր իր ուժերի նկատմամբ, ուժ, որ երևում էր նրա համառ դիմագծերից: Հավատում էր, որ կհաղթի ու հաղթում էր…

Հիմա էլ, երբ տարիների հեռվից Թորոս Խալափյանը հիշում է իր մանկության ընկերոջը, ձայնի մեջ կարոտի մի պայծառ երանգ է թրթռում.

-Շա~տ բարի տղա էր Արմենը, փոքրուց էլ այդպիսին էր: Ուներ սկզբունքներ և միշտ հասնում էր իր նպատակին: Շատ համեստ էր ու ոչ այնքան շփվող, սակայն էությամբ նվիրվող էր: Երբեք ոչ մեկի չէր նեղացնի, օգնության ձեռք կպարզեր ցանկացածի: Խելոք էր… Բայց այս ամենի տակ թաքնված էին անասելի համառություն ու նպատակասլացություն: Դեռ փոքրուց սիրում էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը… Մեր չարաճճիությունը դասերից հետո սահմանափակվում էր տղայական գզվռտոցներով…

♦♦♦

Մասնակցում է Նոյեմբերյանի սահմանամերձ տարածքի պաշտպանությանը, որտեղ էլ ստանում է առաջին մարտական մկրտությունը: Արմենն իր փայլուն մասնագիտական կարողությունները դրսեւորում է Լաչինի ազատագրական մարտերի ժամանակ՝ մինչև գործողության հաղթական ավարտը` 1992թ. մայիսի 18-ը: Իրեն վստահված զրահամեքենայով նա 15 օր անընդմեջ մասնակցում է կատաղի մարտերի, լինում ամենադժվար ու օրհասական իրավիճակներում, աչքի ընկնում իր անձնազոհությամբ, իր սրընթաց գրոհներով: Հրաշալի ճկունության ու նույնիսկ մետաղը հեշտությամբ իրեն ենթարկելու վճռականության, հնարամտության համար շուտով էլ նրան ընկերները մկրտում են «Կոբրա» մականունով: Հսկայազանգված զրահամեքենան, զենքը նրա շնչից կարծես կախարդանքով մի այլ կերպարանք ու ուժ էին առնում՝ ճառագայթի պես ճեղքել-անցնելով կրակների միջով:

Լաչինի ազատագրումից հետո Արմենը Արծվաշենում էր: 1992թ. օգոստոսն էր, հայրենիքից կտրված գյուղը հոգեվարք էր ապրում՝ շրջապատված մահացու օղակով: Օգնական ուժերն անբավարար էին, դրությունն՝ անկանխատեսելի:

Օգոստոսի 8-ը Արծվաշենի հերոս պաշտպանների վերջին դիմադրության օրն էր: Պահն օրհասական էր… Ժողովուրդն արդեն տեղահանվել էր, իսկ նրա ապահովության համար ազատամարտիկներն իրենց վերջին ճիգերով համառորեն դեռ պայքարում ու դիմադրում էին: Օղակը նեղանում էր: Արծվաշենը դատարկվել էր: Արդեն հեռվից մարտիկները խոր թախիծով նայում էին դատարկված գյուղին… Հանկարծ լուր է հասնում, որ պաշտպաններից յոթ քաջեր և մեկ ընտանիք ընկել են շրջապատման մեջ ու չեն կարողանում դուրս գալ Արծվաշենից: Մինչ հրամանատարությունը կորոշեր իր անելիքը` Արմենն արդեն կայացրել էր իր որոշումը… Արմենին միանում է հրամանատարը:

Արհամարհելով ամեն վտանգ, բազմիցս նայելով մահվան աչքերին, Վահան գյուղի մոտից, թշնամու չթուլացող կրակի տակ, իր զրահամեքենայով մտնում է Արծվաշեն և գերյալներին դուրս բերում մահվան օղակից: Ահա նման պահերի համար է ասված՝ «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Արմենն իր տեսակով խենթ էր:

♦♦♦

Մարտերից հետո հրամանատարությունն Արմենին տուն է ուղարկում: Երկու օր էր, ինչ Երևանում էր, երբ իմանում է, որ Հայաստանի սահմանամերձ շրջանում ծայրահեղ լարված վիճակ է, անընդմեջ ռմբակոծություններ: ՆԳՆ ջոկատներից մեկը մեկնելու էր Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղ, պաշտպաններին օգնելու: Արմենն իր ըՁՀ-ով շատ էր հարկավոր այնտեղ: Առանց վարանելու հոժարակամ միանում է ջոկատի տղաներին ու մեկնում Շուռնուխ: Եվս մեկ կտրուկ կայացրած որոշում, որ քննարկման ենթակա չէր. Հայրենիքի փրկության համար կայացրած որոշումները քննարկման ենթակա չեն:

1992 թվականին Շուռնուխն ամենաթեժ կրակակետերից էր: Կուբաթլուի շրջանից թշնամին կրակի տակ էր պահում Կապան-Գորիս միակ ճանապարհը և Շուռնուխում տեղակայված Գորիսի հեռուստակայանը: Կացությունը ծանր էր, ժամանակը` թանկ: Արմենը վայրկյան կորցնել չէր կարող. հարկավոր էր չեզոքացնել թշնամու հարձակումը: Առաջադրանք էր ստացել մտնել Կուբաթլուի շրջան` հայտնաբերելու թշնամու կրակակետն ու ոչնչացնելու: Խիզախորեն, առանց հապաղելու մտնում է թշնամու տարածք, բացահայտում և ոչնչացնում է հակառակորդի երեք կրակակետ: Չորրորդը չէր լռում: Երեք անգամ նրա զրահամեքենան մտել էր Կուբաթլու: Կրկին մտավ մարտադաշտ, խորացավ թշնամու դիրքերի մեջ ու վերջնականապես լռեցրեց կրակակետը: Բացվեց Կապանի ճանապարհը, պաշտպանները ցնծության մեջ էին: Արդեն հնարավոր էր դարձել ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը: Շուրջ երկու ժամ տևած անհավասար կռվից հետո Արմենը վերադարձավ հաղթանակած:

Այնքան մեծ էր ոգևորությունն ու ուրախությունը, որ մարտընկերներն անկարող եղան զսպելու իրենց ցնծությունը` հիացած Արմենի քաջությամբ, մարտավարելու հմտությամբ ու խիզախումներով: Նրանք հրճվանքով նետվում են դեպի Արմենը, գրկում և ուրախ բացականչություններով օդ թռցնում անձնուրաց մարտիկին, արժանին հատուցելով նրա հերոսական արարքին: Հրամանատարությունը, որպես խրախուսում, թույլատրում է հեռախոսով կապվել ծնողների հետ: Վերջիններս ցավոք Երևանում չէին, այլ հայրենի Շնող էին մեկնել: Վերջին զրույցը այդպես էլ չէր կայանալու… Արմենը զանգահարում է հոր մտերիմ ընկերոջ տուն և ասես իր վերջին հրաժեշտն ու պատգամը նրա դուստրերի միջոցով փոխանցում մեզ բոլորիս՝ ասելով. «Դուք լա՛վ սովորեք ու հանգիստ եղեք, ո՛չ մի բանի համար չանհանգստանաք: Մենք մեր հողը պաշտպանում ենք…»: Սրանք են մարտիկի վերջին խոսքերը…: Վերադառնում է դիրքեր:

♦♦♦

Թշնամին «Գրադ» կայանքից ռմբակոծում էր գյուղի միջնակարգ դպրոցի տարածքը: Շուրջ 700 մետրից երևում էին նրանց դիրքերը, որտեղից հրաձգային կրակ էին տեղում հայկական պաշտպանական ուժերի ուղղությամբ: Արմենը արդեն մարտադաշտում էր ու որոշում է առաջ շարժվել, գուցեև մտածված կրակն իր վրա վերցնելու: Զրահամեքենան Շուռնուխի գյուղապետարանի մոտ էր կանգնած: Երբ տեղ հասավ, բացեց դուռը, ձգվեց դեպի ղեկը… Այդ պահին զրահամեքենայի մոտ պայթեց թշնամու արձակած հեռահար արկը, որի բեկորը մահացու վիրավորեց Արմենի գլուխը: Հիվանդանոցի ճանապարհին աննկուն մարտիկը վախճանվում է: Այդ օրը 1992 թվականի սեպտեմբերի 2-ն էր: Արմեն Վլադիմիրի Ջավախյանը հետմահու պարգևատրվում է «Արիության համար» մեդալով:

…Շատ կարճ ժամանակ էր անցել Արմենի մահից. Եռաբլուրում, նրա շիրմաքարի մոտ ծնողները լուռ ու վշտաբեկ հիշում էին իրենց մինուճարին, երբ անսպասելի նրանց կողքին են հայտնվում երկու ազատամարտիկներ: Տեսնելով շիրմաքարի վրա պատկերված քաջի նկարը՝ մեկը հանկարծ բղավում է. «Մեր Կոբրան էլ է զոհվե՞լ…»: Հայրը, անակնկալի եկած անծանոթի խոսքից, շրջվում է «Որդի՛ս, Արմենն է… Կոբրան ո՞վ է…»: Այդ ժամանակ էլ ծնողներն որոշ դրվագներ են իմանում իրենց զավակի մարտական կյանքից: Պարզվում է` Արմենի ընկերներից էին, լավ ճանաչում էին նրան ու չգիտեին նրա զոհվելու մասին: Ամիսներ անց այս երկու տղաների զոհվելու բոթը եկավ:

♦♦♦

Շուռնուխում մի հավերժության հուշարձան կա, որի վրա անմահացած է նաև Արմենի «Կոբրա» մականունը, հուշարձան կա նաեւ Երևանի Րաֆֆու անվան դպրոցի բակում…: Վլադիմիր պապը հիշում է՝ որդու զոհվելուց որոշ ժամանակ անց մեկնում է Շուռնուխ. պիտի քայլեր որդու անցած ճանապարհներով… Եվ գյուղի բնակիչներից մեկը, իմանալով նրա ով լինելը, պարտադրում է, որ իր տանը հյուրընկալվի: Արմենն իրենց տանը շատ էր եղել… Հասցրել էին սիրել նրան իր բարության, իր մարդկային հրաշալի էության համար: Հուզված տանտիկինը հորը պատմել է. «Արմենը եկավ, մեր աչքի լույսը եկավ… Մի օր նկատում է, որ բաղնիք չունենք: Մի քանի օրում կազմակերպեց ու բաղնիք սարքեց իր ձեռքերով…»: Պատմում են նաև, որ մի անգամ էլ հերթական կրակոցների ժամանակ՝ փախուստի ընթացքում երեխաներ են կորում անտառում: Արմենն է գտնում ու փրկում նրանց… Հիշելիք շատ բան կա…

♦♦♦

…Նորեն Քո շիրիմի մոտ եմ, Արմե՛ն, նայում եմ ժպտացող նկարիդ ու մտածում. «Հիշողության մասունք դարձաք, հպարտություն, պատմություն: Յուրաքանչյուրդ ձեր կենսագրությամբ, բայց մեկ Ուխտով, մեկ ճակատագրով միաբանված… »:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


26/04/2013