ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՐՈՍ ԾՆՈՂՆԵՐԸ
Ինչ-որ տարօրինակ օրինաչափությամբ Եռաբլուր կատարած այցելություններիցս գրեթե յուրաքանչյուրը մի գեղեցիկ ու տխուր, միևնույն ժամանակ ոգեշնչող ու ապագայի հանդեպ հավատ ներշնչող պատմության ստեղծման առիթ է դառնում: Պատմություններ, որոնք գրված են միայն սրտումս, բայց դրանցից մեկն ուզում եմ պատմել նաեւ ձեզ, որպեսզի տեսնեք, թե ինչպիսին են մեր հերոսների ծնողները: Նրանցից շատերը ոչ պակաս հերոս են, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք:
Հիմա չեմ հիշում, թե երբ ու ինչ առիթով էի նորից հայտնվել Եռաբլուրում, գուցե եւ առիթ չկար, պարզապես ընկերներով որոշել էինք ու գնացել: Առանձնացել էի խմբից, քայլում էի Տղերքի շիրիմների մոտով ու, նայելով նրանց քարեղեն հայացքներին, մտովի զրուցում էի նրանց հետ, երբ հանկարծ նկատեցի ալեհեր մի ծերունու, որ նստած էր հերոս նահատակներից մեկի շիրմաքարի հարեւանությամբ: Նա տարածքը մաքրել էր չորացած, թափված ճյուղերից ու տերեւներից, եւ զգացվում էր, որ հոգնել ու նստել է հանգստանալու … զրուցելու: Քիչ մոտեցա ու հասկացա, որ ծերունին Արման Զոհրաբյանի` Ցուլի, մոտ է եկել… Հայրն է:
Երկար ժամանակ չէի համարձակվում հոր ու որդու նման զրույցն ընդհատել. բայց քիչ անց, երբ Հայրը ոտքի կանգնեց շարունակելու կիսատ թողած աշխատանքը, որոշեցի օգնել ու մոտեցա: Բարևեցի, հարցրի որպիսությունը: Ժպտաց, բարևեց ու հարցրեց, թե ով ունեմ Եռաբլուրում: Պատասխանեցի, որ բոլորն էլ իմ հարազատներն են, իմ եղբայրները: Շատ հուզվեց: Հրաշք աչքեր ուներ… Հետո օգնությունս առաջարկեցի ու ստացա մի պատասխան, որ ոչ մի կերպ երեւակայել չէի կարող: Ասաց. «Ձեռքերդ ափսոս են, բալե՛ս»: Հարազատ զավակին Հայրենիքի զոհասեղանին դրած Մարդը, զավակի կորստի ցավ ապրած Հայրը ափսոսում է իմ ձեռքերը… Չասեմ, թե ինչ զգացի, թերեւս կհասկանաք… արագ հավաքվեցի ու խնդրեցի, որ թույլ տա օգնել, ասացի, որ, էդպես ինձ ավելի հանգիստ կզգամ… Թույլ տվեց:
Շատ պիտի ուզեի, որ ինքը մաքրելու փոխարեն շարունակեր որդու հետ զրույցը, բայց հասկացա, որ դրանով ինքն էլ է հանգստանում, հոգին խաղաղվում է: Հիմնականն ինքն արդեն արել էր, մնում էր միայն կուտակված աղբը լցնել մոտակա աղբամանը, ինչն էլ միասին արեցինք, ու հետո ես` հրաժեշտ տալով այդ հպարտ ու համեստ Մարդուն, մենակ թողեցի նրան՝ շարունակելու անլուր զրույցը Որդու հետ: Թողեցի, բայց հեռվում կանգնած դեռ երկար նայում էի նրան ու մտածում, թե ինչ ուժեղ է հերոսի Հայրը, ինչ հզոր է նրա կամքը, ինչքան հավատ կա նրա հոգում: Միայն զորեղ հոգու տեր մարդը կարող է չչարանալ ճակատագրի ԴԱԺԱՆ հարվածներից, միայն նրա նման մարդը կարող է շարունակել սիրել, յուրաքանչյուր երիտասարդի մեջ փնտրել ու տեսնել իր զավակին, տեսնել նրա անժամանակ ընդհատված կյանքի շարունակությունը: Միայն նա կարող է իր անսահման բարությամբ ամոքել սեփական սրտի ցավը: Ափսոսում եմ միայն, որ ամուր չգրկեցի նրան ու չասացի այն, ինչ այդ պահին կար սրտումս:
Ահա թե ինչպիսին են նրանք` մեր Հերոսների Հերոս ծնողները:
ՆԱՐԻ ՀԷՐԱՑԻ
Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Բանակ և հասարակություն