Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ ԼԵՑՈՒՆ…



Լուսառատ գյուղում է ապրում ազատամարտիկ Վահագն Մարկոսյանը։ Նա, ով եղել է Խոր Վիրապում, նա բարձունքից նայել է Արարատներին։ Մինչ Արաքսը կան էլի փոքրիկ բլրակներ, որոնցից մեկին հայդուկապետ Գևորգ Չաուշի հուշարձանն է։ Այդ հուշարձանն ազդարարում է Լուսառատ գյուղի մուտքը։ Ազատամարտիկի ծննդավայրը Վայոց ձորի Թարաթումբ գյուղն է։ 6-րդ դասարանում էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Արարատի շրջանի Գոռավան գյուղ։ Գյուղի ութամյա, այնուհետև Վեդի քաղաքի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, ձեռք բերելով անասնաբույժ-ինժեների (զոոտեխնիկ) մասնագիտություն։ Ավարտելուց հետո վերադարձավ Գոռավան, աշխատեց գյուղի կոլտնտեսությունում, այնուհետև տեղափոխվեց հայրենի Եղեգնաձորի Ռինդ գյուղ։ Աշխատանքի կամ գուցե ճակատագրի կամոք նորից տեղափոխվեց ու բնակություն հաստատեց սահմանամերձ Երասխ գյուղում։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Վահագնը արդեն մենատնտես էր, ստեղծել էր անասնապահական համալիր։ Իր կյանքում հանդիպած մարդկանցից սիրով է հիշում նկարիչ Ասատուրին (ազգանունը մոռացել է), որի հետ ծանոթությունը, զրույցները արվեստի, հայրենիքի մասին շատ բան են փոխել նրա կյանքում։

-Ողջ Հայաստանը, Արցախը փոթորկվում էր՝ ցույցեր, հավաքներ տարբեր բնակավայրերում, Արարատում։ Վազգեն Սարգսյանը հաճախ էր լինում Երասխում։ Ասատուրը Երասխ էր գալիս, միասին գնում էինք Ազատության հրապարակ։ Մեր խաղաղ ցույցերին ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթով, Գանձակով, Բաքվի ջարդերով։ Սկսեցին սահմանամերձ բնակավայրերում ոտնձգություններ կատարել։ Նույնիսկ մեր տարածքում գտնվող Քարքե (այժմ՝ Տիգրանաշեն) և Գյունութ գյուղերում ադրբեջանցիները սկսեցին իրենց լկտի և անսանձ պահել։

-Էլ չեմ ասում Սադարակի կողմից,- վերհիշում է Վահագնը, ապա շարունակում,- հարկավոր էր զինվել, հարկավոր էր կոտրել դարերով մեր մեջ նստած հոգեբանությունը։ Հիշում եմ՝ այդ օրերին սահմանամերձ գյուղերի տարեցները միշտ կրկնում էին՝ «Թուրքը արնախում է, զգո՛ւյշ կացեք»։ Սակայն երիտասարդ սերունդը, որը սնվել-մեծացել էր Րաֆֆու պատմավեպերով, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչով»՝ աներեր էր, անվախ ու վճռական։ Շատ էին հայրենասեր տղաները, սակայն տարիների հետ, երբ վերհիշում եմ Վազգեն Սարգսյանի հետ մեր հանդիպումները, նրա բոցաշունչ խոսքերը, ելույթները՝ է՛լ ավելի եմ նրան սիրում, գնահատում ու ափսոսում։

Այսօրվա պես հիշում եմ՝ տղաներով հավաքվել էինք այժմ Վ. Սարգսյանի անունը կրող զորամասի տարածքում։ Երևանից էլ էին եկել մարդիկ։ Ստեղծվում էին առաջին ջոկատները։ Լուրջ հանձնաժողով էր, և յուրաքանչյուրի անուն-ազգանունը կարդալիս՝ լսում էին նրա մասին կարծիքներ։ Իսկ Վազգենը արդեն բոլորին ճանաչում էր, և նրա կարճ բնութագրումն իսկ արդեն բավական էր, համոզիչ, և հանձնաժողովի անդամներից մեկը ասում էր՝ «ընդունված է»։ Առաջինը ջոկատի կազմում Վ. Սարգսյանի ծննդավայր Արարատի (Դավալու) գյուղի տղաներն էին, իսկ երկրորդը՝ Երասխի մեր ջոկատը։ Երասխի ջոկատում 18 հոգի էինք։ Հրամանատարը Ռաֆիկ Օղիկյանն էր։ Ճիշտ է, ոչ այսօրվա պես, սակայն կամաց-կամաց զգացվում էր զինվորական կարգապահությունը։ Գիշեր-ցերեկ հերթապահության էինք կանգնում։ Ճիշտ ժամանակին փոխարինում էինք իրար։ Ընդհարումների ժամանակ անմիջապես ներկայանում էինք ողջ ջոկատի տղաներով։ Մեծ էր ոգևորությունը, ցանկացողները՝ շատ։ Զենքը, զինամթերքը չէր բավարարում։ Շրջանի, տարածքի համայնքները օգնում էին՝ ինչով կարող էին, հիմնականում սնունդ։ Ես էլ իմ անասնապահական համալիրից կաթ, մածուն, միս, կարագ էի հասցնում տղաներին։

1992 թվականի մարտի 10-ին ադրբեջանցիները, որոնք լավ զինված էին, հերթական անգամ անցան հարձակման։ Կարողացանք դեմն առնել և հետ շպրտել։ Մի քանի զոհ տվեցին։ Իսկ զոհված թշնամին այն օրերին մեզ համար նախ զենք էր, զինամթերք։ Ես այդ կռվում ծանր վիրավորվեցի. ինձ տեղափոխեցին Արարատի, այնուհետև Երևանի հիվանդանոց։ Բժիշկներն անկարող եղան բուժելու վերքս և անդամահատեցին ոտքս։ Ապաքինումը ձգվեց երկար ամիսներ։ Տղաները, որոնք արդեն իմ մարտական ընկերներն էին, գալիս էին ինձ տեսության, հույս էին տալիս։ Հիվանդանոցային իմ ամենածանր օրը եղել է մայիսի 19-ը։ Այդ օրը Երասխում զոհվեց իմ հրամանատարը՝ Ռաֆիկ Օղիկյանը, որը մի քանի օր առաջ էր եկել ինձ տեսության, հուսադրել։

Այսպես անցան օրեր, տարիներ։ Եղավ հաղթական խաղաղությունը, ավելի ճիշտ՝ հրադադարը։

Քանի որ Երասխի իմ բնակարանը ավերված էր, ռմբահարված, ես դիմեցի պաշտպանության նախարարությանը, և նախարարության հատկացրած գումարով Լուսառատում գնեցինք այս տունը։ Ավագ որդիս՝ Արմենը, արդեն մայորի կոչում ունի։ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, Վ. Սարգսյանի անվան ՌԻ, որից հետո ծառայության նշանակվեց սահմանային զորամասում և դասակի հրամանատարից հասել է մինչև շտաբի պետի պաշտոնի։ Ունի երկու տղա ու մեկ աղջիկ։ Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով։ Երբ գալիս է ինձ տեսության, արդեն գիտի, որ հետը պետք է վերցնի մեր պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նվիրած ժամացույցը։ Սիրում եմ վերցնել, նայել ժամացույցին, որի վրա պատկերված է Հայաստանի և Արցախի քարտեզը։ Մյուս տղաս՝ Դավիթը, մեկնել է արտերկիր։

Երրորդ որդիս՝ Իշխանը, այժմ սովորում է Հառիճավանքի հոգևոր ընծայարանում։ Երբ տեղափոխվեցինք Խոր Վիրապի հարևանությամբ այս գյուղ, ամեն կիրակի տղաս գնում էր Խոր Վիրապ, մասնակցում պատարագներին։ Վանահայր տեր Մխիթարի հետ հոգևոր թեմաներով զրույցներ էր ունենում, և մի օր էլ ինքը կայացրեց հոգևորական դառնալու իր որոշումը։

Ճիշտ է, պատերազմը ինձ հաշմանդամ դարձրեց, բայց կյանքն էլի ընթանում է իր հունով։ Առավել ևս, երբ քո շրջապատում կան, ապրում են բարի, հոգատար, հայրենասեր մարդիկ։ Ինչպես իմ շնորհակալությունը չհայտնեմ իմ մարտական ընկեր Ատոմ Սարգսյանին, ով ամեն ձմեռնամուտի գալիս, սղոցով կտրում-ջարդում է վառելափայտը։ Ինչպես իմ շնորհակալությունը չհայտնեմ մեր պաշտպանության նախարարին, որն իմ ընտանիքը ապահովեց բնակարանով։ Ինչպես չհիշատակեմ, երախտիքի խոսք չասեմ հեռավոր Ամերիկայի արևելյան թեմից Արփի Մեսրոպյան անուն-ազգանունով մի հայուհու, որը Տեր Մխիթարի օգնությամբ և օրհնությամբ 20 տարի եղել է իմ ընտանիքի հովանավոր-բարերարը…

Ուզում եմ նաև բարի խոսքեր ասել տիկնոջս՝ Ռուզաննային, ով անտրտունջ իր ուսերին է վերցրել ընտանիքի հոգսը և այն տանում է իսկական հայուհուն վայել՝ վաղվա օրվա լավատեսությամբ։ Թող գիրս հիշատակող մնա մի անձնավորության, մի հայ մոր անուն և արարք, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը, իմ ապրումները, իմ ողջ հետագա կյանքը։ Այդ անձնավորությունը կնոջս՝ Ռուզաննայի մայրն է՝ տիկին Լենա Թումանյանը։ Նրան շատերն են ճանաչում, հիշում, հարգում։ Իսկական մտավորական, կիրթ ու համեստ։ Բոլորն են հիշում ժամանակին հայրենիքի, սիրո, մեր պատմության մասին շրջանային «Արարատ» թերթում տպագրված տիկին Լենայի հոդված-ակնարկները։ Նրա հետ հանդիպումը ինձ համար ճակատագրական էր։ Հենակներով, վիրավոր, մի օր վեր կացա ու միայնակ գնացի հարսնախոսության։ Դուռը բացեց տիկին Լենան, ընդունեց սիրով։ Հյուրասիրեց, զրուցեցինք՝ էդպես էլ չկասկածելով, թե ինչի համար եմ ոտք դրել իրենց օջախ։ Ինչպես ձեզ, այնպես էլ տիկին Լենային պատմեցի իմ անցած կյանքը, իմ պատերազմական օրերը և վերջում հարցրի. «Գիտե՞ք՝ ինչո՞ւ եմ եկել»։ Նա հարցական ինձ նայեց։ Ես շարունակեցի. «Եկել եմ ձեր աղջկա՝ Ռուզաննայի ձեռքը խնդրելու։ Ուզում եմ կնության առնել»։

Այս խոսքերից հետո լռություն իջավ։ Չգիտեմ, որքան այն տևեց, սակայն, ինձ թվաց, մի ողջ հավերժություն էր։

Հետո տիկին Լենան կանչելով Ռուզաննային, նայեց ինձ ու հատիկ-հատիկ ասաց.

-Դու, որ քո կյանքը չխնայեցիր մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար, ուրեմն՝ արժանավոր զավակ ես, արժանի հայորդի։ Ես իմ դստերը տալիս եմ քեզ կնության, տալիս եմ որպես հայ օջախի խոնարհ պահապան։ Աստված թող ձեզ օրհնի։

Եվ այդ օրվանից փոխվեց իմ կյանքը։ Նորից սիրեցի, նորից սիրահարվեցի կյանքին, աշխարհին, իմ Հայաստան աշխարհին…

Հիմա, երբ հանդիպում ենք, տիկին Լենան կատակով հարցնում է.

-Թշնամու դեմ նույն համարձակությա՞մբ էիր «մարտնչում»։ Հիմա կարո՞ղ ես ասել՝ զոքա՞նչն է հզոր, թե՞ թշնամին…

Ասում է, ու ծիծաղում ենք, ապրում սիրով…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ճակատագրեր


26/04/2013