Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ…



Համարյա մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից: Աշխարհը փոխվում է, փոխվում է նաև Թուրքիան: Ոմանց թվում է, թե թուրքերն ավելի քաղաքակիրթ են դարձել, փոխել են իրենց արնախում էությունը և շուտով հոգեբանորեն պատրաստ կլինեն զղջալու և ապաշխարելու իրենց գործած ոճիրի համար: Սակայն փաստերը վկայում են, որ ամենևին էլ այդպես չէ:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով՝ այսօր թուրքերի համար բոլորովին կարևոր չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի արդյունքը. նրանց պետք է միայն աշխարհին ցույց տալ, որ գործընթաց կա: Թուրքիայի նպատակն է 2015թ. հնարավորինս «անկորուստ» անցկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որի առթիվ, ըստ որոշ փորձագետների, մեծ է հավանականությունը, թե մի շարք երկրներ նույնպես կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Այսօր Թուրքիան պետական մակարդակով համակարգում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու բոլոր ջանքերը: Ապրիլի սկզբին, օրինակ, թուրքական «Գիրեսուն» համալսարանում անցկացվեց կոնֆերանս, որի թեման էր «Հայերի միջազգային անհիմն պնդումները և էթնիկական զտումները Ղարաբաղում»: Ընթերցված զեկուցումները հիմնականում ուղղված էին հայերի դեմ` Ղարաբաղի և ցեղասպանության հարցերում:

Թուրքիան ծրագրում է հրատարակել ցեղասպանությունը ժխտող «փաստարկներով» 20 հատորանոց աշխատություն: Միաժամանակ, ծրագրում է Ստամբուլում և Անկարայում տեղադրել երկու հուշարձան` ի հիշատակ այն թուրքերի, որոնց, իբր, կոտորել են հայերը: Թուրքիա այցելող զբոսաշրջիկների ուղեկցորդները, պետական հատուկ ծրագրի համաձայն, սովորում են 1915թ. իրադարձությունների թուրքական վարկածը` զբոսաշրջության միջոցով նույնպես ցեղասպանությունը ժխտող քարոզչություն իրականացնելու համար: Այս քայլերով Թուրքիայի իշխանությունը փորձում է ոչ միայն ժխտել Հայոց ցեղասպանությունը արտաքին աշխարհի առաջ, այլև այդ համոզմունքը ձևավորել սեփական ժողովրդի մեջ:

Հարկ է նկատել, որ Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը առաջարկվում է նաև այլընտրանք: Մոսկվայում Թուրքիայի նախկին դեսպան (1988-1993թթ.), այսօր Թուրքիայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տնօրենների խորհրդի անդամ Վոլկան Վուրալը առաջ է քաշում տեսակետ, ըստ որի՝ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից` առանց ընդունելու Օսմանյան կայսրությունում 1915թ. ցեղասպանության փաստը: «Կարելի է ներողություն խնդրել, իսկ զոհվածների և տեղահանվածների թոռներին դիմել կոչով` «Սա նաև ձեր հողն է, ձեզ համար նույնպես տեղ կա»: Եկածներին կարելի է քաղաքացիություն տալ»,- ասում է Վ.Վուրալը: Նա առաջարկում է 2015թ. դադարեցնել Հայաստանի շրջափակումը` ակնհայտորեն նպատակ ունենալով մեղմելու Թուրքիայի հասցեին հնչող քննադատության ակնկալվող տարափը:

Որոշ փորձագետների կարծիքով՝ Վ.Վուրալի խորհուրդները Թուրքիայի համար ավելի ճկուն են և ավելի խոստումնալից, քան ցեղասպանության կտրուկ ժխտման դիրքորոշումը: Առաջին հայացքից իրոք այդպես է: Սակայն հարց է ծագում. եթե ցեղասպանություն չի եղել, ապա Թուրքիան ինչի՞ համար է ներողություն խնդրելու հայերից: Եթե շարունակելու է պնդել, որ հայերը նույնպես մեղքի իրենց բաժինն են ունեցել, ներողություն խնդրելը անիմաստ է դառնում: Հակառակ դեպքում, պետք է ընդունի հայերին տեղահանելու և կոտորելու փաստը, ինչին ինքնըստինքյան իրավական գնահատական է հետեւելու` դրանից բխող նյութական փոխհատուցման պահանջով: Այնպես որ, Վուրալի տեսակետը, լինելով ավելի նենգ, հետևանքների տեսանկյունից Թուրքիայի համար ավելի անվտանգ չէ:

Ուշագրավ մի հանգամանք ևս. Թուրքիայի իշխանությունը և հասարակության որոշ շերտեր ոչ միայն իրենց մտքով անգամ չեն անցկացնում Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրել, այլև լեցուն են վրեժխնդրությամբ` հայ վրիժառուների նկատմամբ: Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հուշարձան բացեց` ի հիշատակ Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից 1982թ. սպանված թուրքական ռազմական կցորդի: «Թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա հայ ահաբեկիչներից սպանված իր դիվանագետներին»,- ասել էր Դավութօղլուն: Ամենայն հավանականությամբ, հուշարձանի բացման ամսաթիվը այնպես էր ընտրվել, որ հատուկ համընկնի Հայաստանի անկախության օրվա հետ: Սա խորհրդանիշների միջոցով կատարված «ուղերձ» է Հայաստանին ու հայ ժողովրդին:

Նման «ուղերձները» եզակի չեն: Թուրք հայտնի պատմաբան, սոցիոլոգ և հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչած Թաներ Աքչամը, որն իր երկրում հալածանքի է ենթարկվել և այժմ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր է, պնդում է՝ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը վրեժ էր 1921թ. Թալեաթ փաշայի սպանության համար: Հ.Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Խայալը դատավարության ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ Թալեաթ փաշային սպանողը չի պատժվել: Դինքին սպանել են ճիշտ այնպես, ինչպես Սողոմոն Թեհլերյանը` Թալեաթ փաշային. ոճրագործ Օգյուն Սամաստը օրը ցերեկով փողոցում մոտեցել է Դինքին և թիկունքից կրակել գլխին, իսկ հետո հանձնվել ոստիկաններին: Թ.Աքչամի կարծիքով՝ նպատակը ոչ միայն Թալեաթ փաշայի համար վրեժ լուծելն էր, այլև, ցեղասպանության մասին հիշեցնելով, հայերին սպառնալը:

Այն, որ այս սպառնալիքը իրական է, ավելին` դրա հետևում կանգնած է Թուրքիայի կառավարությունը, ապացուցվում է անցյալ տարվա փետրվարի 26-ին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում Խոջալուի իրադարձությունների 20-ամյակի առթիվ կազմակերպված հակահայկական արտոնված ցույցերով, երբ մասնակիցները ցուցապաստառներ էին տանում, որոնց վրա գրված էր. «Դուք, բոլոր հայերդ, տականքներ եք», «Այսօր՝ Տաքսիմ (Ստամբուլի կենտրոնական հրապարակը-Ա.Յ.), վաղը Երևան. գիշերը մենք անսպասելի ձեզ վրա կհասնենք»: Ուշագրավ է, որ հակահայկական ցույցերին մասնակցում էին Թուրքիայի առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և երկրի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը:

Թաներ Աքչամը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ցույցերի կազմակերպիչը Թուրքիայի կառավարությունն էր. հանրահավաքից 10 օր առաջ Ստամբուլում քաղաքապետարանի աջակցությամբ ամենուրեք կախվել էին հակահայկական կարգախոսներով պաստառներ: Իսկ թուրքական Ռիզա քաղաքի հրապարակներից մեկում ներկայացում էր բեմադրվել, որի ժամանակ, սցենարի համաձայն, հայ զինվորները բռնաբարում են թուրք կանանց, սպանում ծերերին ու երեխաներին, իսկ հետո թուրք երիտասարդ հերոսը ոչնչացնում է բոլոր հայերին ու «փրկում» քաղաքը: Թ.Աքչամը ցույցերի առթիվ գրեց. «Սա վկայում է, որ Թուրքիայում բնակվող հայերին վտանգ է սպառնում»:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց էլ Թուրքիան նույն Թուրքիան է, թուրքը` նույն թուրքը: Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր այնտեղ կան նաև Թաներ Աքչամներ, որոնց ձայնը ժողովրդավարության ընձեռած հնարավորությունների շնորհիվ միգուցե ավելի բարձր է հնչում, քան այն ժամանակ, սակայն, ընդհանուր առմամբ, դա ոչինչ չի փոխում:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ռազմաքաղաքական


26/04/2013