ԷՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՂԹԵԼ
20 տարի առաջ զոհվեց ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԸ
1993թ. ապրիլի 17-ին դյուրակիր զենիթահրթիռային կայանքով Գյուլիստանի երկնքում խփված ուղղաթիռում զոհվեցին Արցախյան ազատամարտի հերոս, Շահումյանի պարտիզանական ջոկատի հրամանատար, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շահեն Մեղրյանը, ուղղաթիռի հրամանատար Ջամբուլատ Մուրադյանը, երկրորդ օդաչու Արամ Գրիգորյանը, բորտմեխանիկ Հովսեփ Միքայելյանը, կամավորներ Հայկ Մեղրյանը, Արսեն Բազյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆայել Բադալյանը, Սեդրակ Սեդրակյանը, Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Արտակ Խաչատրյանը: Շահումյանի վերջնական ազատագրումն ավելի քան իրական էր թվում, հարցը որոշակիացնելու եւ զինամթերք բերելու համար Շահեն Մեղրյանն ուղղաթիռով շտապում էր Հայաստան: Շահեն Մեղրյանի մահվան 20-րդ տարելիցի առիթով Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ։ Հայդուկապետ Շահեն Մեղրյանի մասին խոսում-պատմում են նրա հարազատներն ու մարտական ընկերները:
Շահեն Մեղրյանի ավագ եղբայր Արտուշ Մեղրյան. «Մենք ծնվել ենք մեծ ընտանիքում. 11 երեխա էինք` 7 եղբայր, 4 քույր: Պատերազմին մասնակցել են չորս եղբայրներս` Շահենը, Պողոսը, Պետրոսը, Թավարը: Շահենը 9-րդ երեխան էր: Ծնվել է 1952 թ. Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: 1975 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, վերադարձել հայրենի գյուղ, աշխատանքի անցել շրջկենտրոնում` որպես տնտեսագետ: 1981-88 թթ. եղել է շրջանի պահածոների գործարանի տնօրենը: Այդ ժամանակ արդեն Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքրքրվում էր նրանով, անգամ փորձել են ձերբակալել, սակայն գործարանի աշխատողները ոտքի են կանգնել եւ թույլ չեն տվել: 1988-91-ին Շահենը շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետն էր, իսկ 1991-92 թթ.` շրջանի գործկոմի նախագահը: Շահենի մուտքը ազատագրական պայքար տեղի ունեցավ 1990թ. հունվարի 7-ին: Ադրբեջանցիները Մարտունաշենում դանակահարել էին ագարակի պահակին: Հունվարի 9-ին Շահումյանից 19 մարդ ճանապարհվում է Մարտունաշեն, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը: Ոստիկանությունը եւ տեղի զինվորականները ձերբակալում են շրջանի ղեկավարությանը` Շահենին, Վլադիմիր Աղաջանյանին, շրջանի դատախազ Գենադի Ստեփանյանին: Խոստումը, թե հայերին վնաս չեն տա եւ թույլ կտան մասնակցելու հանգուցյալի հուղարկավորությանը, սուտ էր: Մեկ ամիս պահելուց հետո Շահենը եւ եւս մի քանի հոգի ազատ արձակվեցին: (Գետաշենի ջոկատի մարտիկները գերել էին Սարիսու գյուղի նախագահի որդուն, իսկ Էրքեջում հայերը կալանել էին ադրբեջանցիների ավտոբուսը` 18 ուղեւորով ու փոխանակել գերյալների հետ): Շահենին չէին փոխանակի: Հորս` Զինավորի ծանոթները Շահենին ազատեցին: Հայրս հեղինակություն էր ամբողջ գյուղում եւ գավառի սահմաններում, նրա խորհուրդները օրենքի ազդեցություն ունեին ազգատոհմի համար: Շահենը առաջնորդվում էր հորս առաջադրած բարոյախրատական սկզբունքներով: Նա ասում էր` պաշտոնը դեռ ամենը չէ, այն կարող է ե՛ւ բարիք բերել, ե՛ւ չարիք: Մարդը կարող է բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն մարդ չլինել: Մարդու կոչումը հարատեւ է, իսկ պաշտոնը` ժամանակավոր: Եվ այդ կոչումը կորցնողը ամեն ինչ է կորցնում: Հայրս կրկնում էր, եթե մեր ազգին թիկունքից չխփեին, թուրքը դիմացից չէր կարող: Շահենին էլ ասում էր. «Տղա՛ ջան, անում ես, լավ ես անում, բայց, տե՛ս, մեջքդ պի՞նդ ա, ամրացրու, նոր արա»: Պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք հայրական եւ մայրական կողմից 7 ամենամոտ ազգականների: 1993 թ. ապրիլի 17-ին ուղղաթիռում զոհվեց նաեւ մեր ազգականը` 17-ամյա Հայկ Մեղրյանը»:
Շահեն Մեղրյանի կնքահայր և ընկեր Լեւոն Մելիք-Շահնազարյանը նրան ճանաչում է 1989 թվականից. «1989թ, երբ Իգոր Մուրադյանի հետ եկանք Շահումյան, առաջին անգամ տեսա Շահենին: Տպավորությունս այսպիսին էր` գյուղացի տղա, բայց բարձր ինտելեկտի եւ խելքի տեր: Շահենը պայքարում էր Խորհրդային Միության ներքին զորքերի դեմ, Ադրբեջանի դեմ, նաեւ պայքարում էր այն «պատի» դեմ, որ բաժանում էր Ստեփանակերտը Շահումյանից: Նրա կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ սեպտեմբերի 2-ին, երբ հռչակվեց Արցախի անկախությունը, հռչակվեց Շահումյանի շրջանի հետ միասին: Ես ուզում եմ նրա հեղինակության մասին մի դեպք պատմել: Կային մարդիկ, որոնք դիտավորյալ լուր չտվեցին Շահումյանին սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստի մասին, ուզում էին, որ Արցախը հռչակի իր անկախությունը առանց Շահումյանի: Սեպտեմբերի 1-ին իմացա, որ Շահումյանի պատգամավորները տեղյակ չեն, եւ իսկույն ճանապարհ ընկա: Տեղ հասա գիշերվա ժամը 11-ին: Մտա շտաբ, հարցրի` որտեղ է Շահենը, ասացին՝ երեք օր չի քնել, շատ հոգնած է, տասը րոպե առաջ մեկնեց Գյուլիստան հանգստանալու, առավոտյան կգա: Կապ հաստատեցի նրա հետ եւ ասացի, որ կարեւոր գործ կա, թող շտապ գա: Եկավ, տեղեկացրի, որ Ստեփանակերտում տեղի է ունենալու պատգամավորական նիստ, եւ պետք է Շահումյանից էլ պատգամավորների ստորագրություններով հայտարարություն ներկայացնել: Ընդամենը մի քանի ժամ ունեինք: Նա մինչեւ գիշերվա ժամը 4-ը հավաքեց պատգամավորներին` ոմանց խրամատից, ոմանց տներից, ոմանք էլ վիրավոր էին: Ժողով արեցինք: Առավոտյան հասանք նիստին` չուշացանք, եւ ամեն ինչ արեցինք օրենքի տառին համապատասխան: Նրա համար անհաղթահարելի արգելք չկար: Ես Շահենի կորուստը համեմատում եմ 1139 թ. Շահումյանի շրջանի մերձակայքում փլուզված այն սարի հետ, որի փլուզումից, նախ, առաջացել է գետ, ապա նաեւ` 49 լճեր, որոնք սնուցում էին ամբողջ շրջանը: Նա չկա, բայց նրա շնորհիվ է նաև, որ ունենք Մարտակերտի ազատագրված տարածքի ներկայիս հատվածը և Քարվաճառը»:
Ջանունց Մամիկը 1989 թ.-ին է ծանոթացել Շահեն Մեղրյանի հետ: Կռվում էր նրա պարտիզանական ջոկատում. «Շահումյանի շրջանը 1992 թ. հունիսի 12-ին ենթարկվեց ադրբեջանական բանակի հարձակմանը: Շահումյանում երկար դիմադրել չկարողացանք, ստիպված էինք թողնել պաշտպանական դիրքերը եւ ապահովել խաղաղ բնակչության արտագաղթը: Միաժամանակ թիկունքում պարտիզանական ջոկատ էր ձեւավորվում, որը ղեկավարում էր Շահեն Մեղրյանը: Միակ ելքը օդայինն էր` ուղղաթիռով: Ռադիոկապով ջոկատի տղաների ազդականչն էր՝ «Եղնիկներ», որովհետեւ կռիվներում հայտնվում էին արագ ու աննկատ, մագլցում սարեր: Շահեն Մեղրյանի ղեկավարած ջոկատը իսկական պատիժ էր թշնամու համար, ռազմական ցանկացած գործողության ժամանակ մեկ էլ անսպասելի թիկունքից հարվածում էինք: Պայքարը հեշտ չէր: Մեզ համար Շահենը համառության օրինակ էր, իսկական առաջնորդ, նրա համար կարեւոր էր ամեն մի զինվորը: Շահեն Մեղրյանն իր կողքին՝ ռմբակոծությունների գոտում էր պահում ընտանիքը, մանկահասակ երեք երեխաներին, որպեսզի մյուսներն էլ մնային ու դիմադրեին: Ուրախացնում է այն, որ երկու տասնամյակ անց «Եղնիկները» նորից հյուսիսային Արցախի սահմանին են` մի ամբողջ պաշտպանական շրջանի տեսքով»:
Շահեն Մեղրյանի որդին` Զինավոր Մեղրյանը ասում է, որ հոր կերպարն իր մեջ ամբողջացավ նրա նահատակությունից հետո, երբ մեծացավ եւ սկսեց ուսումնասիրել փաստագրական նյութերը. «Ամենահիշվող դեպքը տեղի ունեցավ 1992 թ. հունիսի 13-ին` Շահումյանից արտագաղթելու ժամանակ: Ես կորել էի, 7 ժամ ինձ փնտրել ու չեն գտել: Որսորդը որսից վերադառնալով՝ տեսնում է, որ Շահումյանը դատարկված է: Նա հետ է դառնում եւ ճանապարհին, կածաններով անցնելիս, տեսնում է քնած մի փոքրիկի՝ ինձ, ու վերադարձնում է ընտանիք: Հայրիկիս ուրախությունն եմ հիշում, ինչպես ինձ ամուր գրկեց ու համբուրեց: Հայրս Արտատափից մեզ ուղարկված վերջին նամակում գրում է. «Բարեւ ձեզ, սիրելի բալիկներ: Հայրիկը իրեն լավ է զգում, միայն թե շատ է կարոտում ձեզ: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, շուտով կսկսենք աշխատել Հայրենիքի ազատագրման ուղղությամբ, հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում: Գարնանն անպայման դպրոց եք հաճախելու, դրա համար պետք են ամենօրյա պարապմունքներ: Լուսինե, Լիլիթ ջան, օգնեցեք Զինավորին, մամային լսեք, պապային մի մոռացեք, շուտով կհանդիպենք»»:
Խորհրդային բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կուրեպինը 1992թ. միացավ Շահեն Մեղրյանի ջոկատին` կռվելու Շահումյանի շրջանի ազատագրման համար. «1993թ. փետրվարին ջոկատը պետք է առաջ ընթանար Սարսանգի ջրամբարի հարավային ափից: Ավարտվում էր Մարտակերտի շրջանի ազատագրումը: Մեղրյանին հանձնարարված էր ադրբեջանցիներին դուրս շպրտել Հաթերք եւ Ումուդլու գյուղերից: Հետախույզներ ուղարկեցինք: Երկու օր անց տղաները վերադարձան, զեկուցեցին` ադրբեջանցիներն ունեն Դ-30 մարտկոց, 5-6 զրահապատ մեքենա, բազմաթիվ մեքենաներ եւ 400 մարդ: Մենք ընդամենը 25 հոգով էինք: Շահենը նյարդայնացավ, բայց, ինչպես ասում են, հրամանը հրաման է: Սկսեցինք մտածել` ինչպես գործել: Որոշեցինք հատել ճանապարհը, որը մարտավարական նշանակություն ուներ` իրար էր կապում Գերանբոյի, Մարտակերտի եւ Քարվաճառի շրջանները: Հիշում եմ մեր առաջին ճանապարհ դուրս գալը. ամբողջ գումարտակը պահուստային զինամթերքը տեղափոխում էր մարտադաշտի մերձակայք: 36 կիլոմետրը հաղթահարեցինք 40 ժամում: Քայլում էինք լեռներով` մինչեւ գոտկատեղ ձյան մեջ մխրճված: Վերադարձանք հաջորդ խմբաքանակի համար, այս անգամ ճանապարհը հաղթահարեցինք 12 ժամում: Երրորդ անգամ` 10 ժամում: Գիշերը հանգստացանք: Առավոտյան երկու հակատանկային ական տեղադրեցինք: Հողը այնքան էր սառել, որ հազիվ փորեցինք: Անդրեյը առաջարկեց քողարկել դրանք սպիտակ վերնաշապիկով` ինչպես ձյան ծածկույթը: Շուտով «Զիլ-131»-ի տակ ականը պայթեց, վարորդը գերի ընկավ: Երկրորդ մեքենան «բռնացրի» «Малютка»-ով: Երեկոյան ադրբեջանցիները Ումուդլու ուղարկեցին հետեւակայինների եւ սակրավորների: Այնուհետեւ հիմնական ջոկատը իջավ մարտադաշտ, մենք տեղակայվել էինք բլրի վրա` ընդամենը 15 հոգի: Կրակ բացեցինք: Ադրբեջանցիները 70 զոհ տվեցին: Հետո իմացանք, որ զոհվածները Ադրբեջանի ազգային բանակի Գերանբոյի գումարտակի զինյալներն էին: Ամբողջ գիշերը անցկացրինք մեր դիրքերում: Սարսանգի ջրամբարի հակառակ կողմից ադրբեջանցիները հրետակոծում էին: Առավոտյան կասկածելի լռություն տիրեց: Հետախուզական գործողություններ իրականացրինք, եւ պարզվեց, որ ադրբեջանցիները տեխնիկան թողել եւ փախել են: Մենք կապ հաստատեցինք Մարտակերտի շրջանի հետ եւ տեղեկացրինք, որ գյուղերն ազատագրված են: Մտածեցին` կատակում ենք:
Պարզվեց նաեւ` գործողությունների ամբողջ ընթացքը նկարահանում էր Ալեքսանդր Նեւզորովը: Նա գտնվում էր ադրբեջանական կողմում: Նրա «Геранбойский батальон» վերնագրված ռեպորտաժում նույնիսկ արձանագրվել է, թե ինչպես է գեներալ Սադիկովը ադրբեջանական գումարտակի հրամանատարի դեմքին հարվածում եւ գոռում, թե նա գիտեր, որ դիրքերում հարյուր հայ կար, վերջինս պատասխանում է` «ո՛չ»: «Իսկ եթե իմանայիր, կթողնեի՞ր դիրքը»,-հարցնում է գեներալը: «Այո՛»,-պատասխանում է հրամանատարը: «Իսկ եթե 70 լինեին, կթողնեի՞ր դիրքը»,-հարցնում է գեներալը: «Այո»,-պատասխանում է հրամանատարը: Բայց մենք ընդամենը 15 հոգով էինք: Միայն այդ օպերացիաների համար Շահենը արժանի է ամենաբարձր պարգեւների:
Գիտեք` պատերազմի մասին պատմելիս չպետք է շեշտը դնես իրադարձությունների վրա, պիտի պատմես` ինչ կար այդ պատերազմի ներսում: Բորիկ Բաբաջանյանն ապրում էր Շահումյանի շրջանում, շրջանի լավագույն մեխանիկն էր, երկու աղջիկ ու մի տղա ուներ: Մեծ աղջիկը Շահումյանի ամենագեղեցիկ հարսնացուն էր: Նա 17 տարեկան էր: Փոքր աղջիկն էլ` 13 տարեկան: Գրադով խփում են Շահումյանին՝ ուղիղ Բորիկենց բակ: Դիանան չկար, Մարինկայի ձեռքերը կտրվեցին: Երբ լրագրողը հարցնում է` «Աստծուց ի՞նչ ես ուզում», ձեռքերը կորցրած երեխան պատասխանում է` թող Շահումյանը վերադարձնի: Էս մարդկանց հնարավո՞ր է հաղթել: Մարինկան հիմա Սվերդլովսկում է ապրում, ամուսնացել է:
Ինձ բախտ է վիճակվել կռվելու երկու լեգենդար հրամանատարների` Մոնթեի ու Շահեն Մեղրյանի կողքին»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ