ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլի 19-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-զրույց «Հայկական լեգեոն» կազմակերպության անդամ ազատամարտիկների հետ: Հանդիպմանը ներկա էին ազատամարտիկներ Աղասի Կարապետյանը, Շահե Աճեմյանը, Սոս Գեկչյանը, Էդիկ Մարկոսյանը, Վաչագան Գալստյանը, Անուշ Մացակյանը, զոհված ազատամարտիկի մայր Գոհար Արմենակյանը:
Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Նաիրա Գասպարյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ուսանողությանը ծանոթացնել ազատամարտիկների հետ. «Մենք մեր պարտքն ենք համարում հիշել և հարգել Արցախյան ազատամարտի հերոսներին և բոլոր պատեհ առիթներով հայտնել նրանց նկատմամբ մեր խորին հարգանքը, որովհետև նրանք զրկվել են շատ բաներից, իսկ դրա շնորհիվ մենք ձեռք ենք բերել այսօրվա խաղաղությունը»:
«Հայկական լեգեոն» հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Աղասի Կարապետյանն իր ելույթում նշեց, որ Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլեւ՝ կոչում. «Բանակը այն նվիրյալների համար է, ովքեր գիտակցում եւ գնահատում են հայրենիքի անկախության եւ խաղաղության արժեքը: Հայոց բանակը ձեւավորվեց պատերազմի տարիներին, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, եւ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայական: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսեւորեց իր լավագույն որակները` անկոտրում կամք եւ մարտական ոգի: Մեզ` ազատամարտիկներիս համար, հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի եւ մարտունակության շնորհիվ է պաշտպանվում մեր խաղաղությունը: Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով»:
Հովհաննես Հարությունյանը համալսարանի ուսանող է, այժմ` ժամկետային զինծառայող. «Մեր ազատամարտիկների արյան գնով է կերտվել հայոց բանակը, որը ամենահզորն է տարածաշրջանում: Համոզված եղեք, որ նոր սերունդը` ես ու իմ զինակից ընկերները, բոլոր նրանք, ովքեր ծառայում են ազգային բանակում` լինեն սպա, թե զինվոր, պատրաստ ենք հարկ եղած դեպքում նույն ոգով կռվելու: Հիմա մեր դեմ կանգնած է նույն թշնամին, որ Արցախյան պատերազմի ժամանակ փախչում էր հայ ազատամարտիկի առջևից»:
Միջոցառման մասնակիցների մեծ մասը աղջիկներ էին, ուստի Մահապարտների կանանց խորհրդի նախագահ Գոհար Արմենակյանը իր խոսքն ուղղեց նրանց. «Ձեր ամենամեծ առաքելությունը մայրանալն է և շատ երեխաներ ունենալը, քանզի հայոց բանակին զինվորներ են պետք»:
Հանդիպման ավարտին մասնակիցները դիտեցին օրվա խորհուրդն ամփոփող պաշտպանության նախարարության նկարահանած փաստավավերագրական ֆիլմը և ունկնդրեցին հայրենասիրական երգեր:
Շ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Բանակ և հասարակություն