Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏԸ



2009 թ. փետրվարի 25-ին լրանում է հայազգի ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Արշակի Սարդարյանի (Սարդարովի) ծննդյան 100-ամյակը։ Նա սկզբից մինչեւ վերջ, որպես կործանիչ օդաչու, ակտիվորեն մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին եւ իր արժանի ավանդը ներդրել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Գեներալի անունը սերտորեն կապված է նաեւ հետպատերազմյան տարիներին խորհրդային բանակի հակաօդային ուժերի կատարելագործման ու ամրապնդման հետ։

Ս. Ա. Սարդարյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում՝ 1909 թ. փետրվարի 25-ին, բազմազավակ գյուղացու ընտանիքում։ Հետաքրքիր է, որ Ազոխ գյուղը դրկից է հարեւան Մեծ թաղեր գյուղին, որը ծննդավայրն է ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակովի)։ Արշակ Սարդարյանը եւ նրա կինը՝ Քոլան, երեխաների հետ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվում են նախ Բաքու, ապա 1918-ին՝ Տաշքենդ։ Այստեղ 12-ամյա Սերգեյը որոշ ժամանակ աշխատում է որպես փականագործի աշակերտ, ապա տիրապետելով մասնագիտությանը՝ 5 տարի աշխատում հեծանիվների նորոգման արհեստանոցում։ 1927 թ. Սերգեյը ուղարկվում է Մոսկվա՝ սովորելու պետական համալսարանին կից բանվորական ֆակուլտետում։ 1930 թ. գերազանցությամբ ավարտելով բանֆակը՝ նա ընդունվում է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարան, որտեղ եւ անդամագրվում է կոմկուսին։ Ինչպես բանֆակում, այնպես էլ բուհում ուսանելու տարիներին, Սերգեյ Սարդարովը (նրա հայկական ազգանունը դեռեւս փոխել էին Տաշքենդում) ազատ ժամերին հաճախում է աերոակումբ եւ ամբողջովին նվիրվում ավիացիային։ Ուստի պատահական չէր, որ երբ նրան 1931 թ. զորակոչում են բանակ, Ս. Սարդարովը դառնում է Լենինգրադի ռազմատեսական օդաչուական դպրոցի սան, որն ավարտում է 1932 թ.: Այնուհետեւ նրան գործուղում են Էնգելս քաղաքի օդաչուական դպրոց, որն ավարտում է 1933-ին: Ս. Սարդարովը իր մասնագիտությունը կատարելագործում է Սեւաստոպոլի մոտ գտնվող Կաչայի ռազմական օդաչուների ուսումնարանում, որն ավարտում է 1934 թ. հուլիսին եւ ստանում ավիաօղակի հրամանատարի կոչում: Նույն թվականի օգոստոսին զինվորական ծառայությունը շարունակում է Հեռավորարեւելյան հատուկ բանակի շարքերում, սկզբում որպես ավիաօղակի, 1936-1938-ին՝ ավիաջոկատի հրամանատար, իսկ 1938-1939-ին՝ ավիաէսկադրիլիայի կոմիսար: 1940 թ. Ս. Սարդարովը նշանակվում է 29-րդ ավիադիվիզիայի 307-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար, նրան շնորհվում է նաեւ կապիտանի զինվորական կոչում:

Հեռավոր Արեւելքում ծառայությունը շատ մոտիկ էր պատերազմական պայմաններին: Հիշենք, որ 1938 հուլիս-օգոստոս, իսկ 1939 թ. օգոստոս ամիսներին ճապոնական ռազմամոլները Խասան լճի եւ Խալխին գոլլի շրջանում իսկական պատերազմ էին վարում խորհրդային եւ մոնղոլական զորքերի դեմ, որոնք ավարտվեցին ճապոնացիների պարտությամբ: Այդպիսի բարդ պայմաններում Սերգեյ Սարդարովը օրեցօր ավելի էր կատարելագործում իր թռիչքային վարպետությունը, տիրապետում բարձրագույն օդագնացության արվեստին ու գիշերային թռիչքներին: Հաճախ էր պատահում, որ նա թռչում էր՝ սահմանախախտ ճապոնական ինքնաթիռները կալանելու եւ ստիպում նրանց փախուստի դիմել:

Հայրենական մեծ պատերազմի սկսվելու լուրը 1941 թ. հունիսի 22-ին Ս. Սարդարովը լսեց Խաբարովսկում: Նա եւ ամբողջ գնդի անձնակազմը նույն օրը դիմեցին խորհրդա-գերմանական ճակատ մեկնելու խնդրանքով: Սակայն իրադրությունը լարված էր նաեւ Հեռավոր Արեւելքում: Միայն 1941 թ. դեկտեմբերի վերջերին հարգվեց Ս. Ա. Սարդարովի դիմումը: Սակայն ռազմաճակատի փոխարեն նրան գործուղեցին Չկալով քաղաք՝ ԽՍՀՄ զինված ուժերի ռազմաօդային ակադեմիային կից հրամանատարական կադրերի կատարելագործման դասընթացներում սովորելու: 1942 թ. հուլիսին ավարտելով դասընթացները, մայոր Ս. Սարդարովը նշանակվում է 965-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար: Գունդը մարտական առաջադրանք էր ստացել պաշտպանելու Հյուսիսային ծովի կարեւոր ծովային ուղիները Արխանգելսկի շրջանում: 1942 թ. վերջերին գունդը տեղափոխվեց հարավ եւ մինչեւ 1944 թ. ակտիվորեն մասնակցեց ինչպես Կովկասի, այնպես էլ Ղրիմի ճակատամարտերին: 1944 թ. աշնանը փոխգնդապետ Ս. Սարդարովին հանձնարարվում է իր գնդով պաշտպանել ազատագրված Օդեսայի ռազմածովային հանգրվանը եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող նավահանգիստը: Գնդի հրամանատարը մշակել էր այնպիսի մարտավարություն, որի շնորհիվ խորհրդային կործանիչները հակառակորդի ինքնաթիռներին թույլ չէին տալիս թափանցել ռազմածովային այդ կարեւոր հանգրվանի օդային տարածքներ եւ նրանց ոչնչացնում կամ փախուստի էին մատնում Օդեսայի հեռավոր մատույցներում: Մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար փոխգնդապետ Ս. Սարդարովը առաջ է քաշվում 123-րդ կործանիչ ավիադիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Դիվիզիայի շարքերում Ս. Սարդարովը ակտիվորեն մասնակցում է Յասսի-Քիշինեւյան գործողությանը, մարտնչում Մոլդովայի եւ Ռումինիայի ազատագրման համար: Կովկասի, Ղրիմի, Օդեսայի, Մոլդովայի եւ Ռումինիայի տարածքներում մղված մարտերում գնդի, ապա դիվիզիայի մարտական գործողությունները գերազանց ղեկավարելու եւ այդ ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ս. Սարդարովը պարգեւատրվում է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի եւ Կարմիր աստղի շքանշաններով, ինչպես նաեւ՝ «Մարտական ծառայության համար» մեդալով:

Փոխգնդապետ Սերգեյ Սարդարովը Ռումինիայում էլ դիմավորում է հաղթանակը եւ դրանից հետո շարունակում ծառայությունը ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի շարքերում: Վերադաս հրամանատարությունը, հաշվի առնելով մարտական հարուստ փորձ ունեցող հայորդու ռազմագիտական ունակությունները, 1948 թ. նրան նշանակում է 123-րդ կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար, շնորհում գնդապետի կոչում: 1950-1952-ին գնդապետ Ս. Սարդարովը սովորում եւ ավարտում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան եւ նշանակվում սկզբում ավիացիոն կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ 1953-ին՝ կորպուսի հրամանատար, 1953-ին նրան շնորհվում է ավիացիայի գեներալ-մայորի կոչում:

1956 թ. ավիացիայի գեներալ-մայոր Ս. Ա. Սարդարովը նշանակվում է Լենինգրադյան զինվորական օկրուգի հակաօդային պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Չնայած պատասխանատու պաշտոնին՝ Սարդարովը չի մոռանում կործանիչ օդաչուի իր կոչումը եւ շարունակում է թռիչքներ կատարել նորագույն ՄԻԳ-15 եւ ՄԻԳ-17 ինքնաթիռներով եւ ստանում առաջին կարգի օդաչուի կոչում: 1958 թ. նրան շնորհվում է ավիացիայի գեներալ-լեյտենանտի կոչում: Երբ 1960 թ. ձեւավորվում է հակաօդային պաշտպանության 2-րդ առանձին բանակը, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Սարդարովը նշանակվում է այդ բանակի առաջին հրամանատար: Բանակի զորամասերը հսկում էին ԽՍՀՄ հյուսիսարեւմտյան օդային սահմանները եւ տեղաբաշխված էին Բելառուսի, Լիտվայի, Լատվիայի եւ Կալինինգրադի տարածքներում. բանակի շտաբը գտնվում էր Մինսկում: «Սառը» պատերազմի ամենալարված ժամանակաշրջանն էր: Ամեն օր ՆԱՏՕ-ի օդանավակայաններից (Նորվեգիա, Իսլանդիա) ամերիկյան ռմբակոծիչ ինքնաթիռները կազմ ու պատրաստ, զինված միջուկային ռումբերով, թռիչքներ էին կատարում դեպի Խորհրդային Միության սահմանները, մոտենում մինչեւ 50-100 կմ եւ վերջին պահին շրջվում դեպի հետ: Լարվածությունն ավելի ուժեղացավ 1962 թ., երբ Ն. Խրուշչովի կարգադրությամբ, խորհրդային միջուկային զենք կրող հրթիռներ տեղադրվեցին Կուբայում: Կարիբյան ճգնաժամի օրերին ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ս. Սարդարովի բանակն արթուն պաշտպանում էր ԽՍՀՄ օդային սահմանները՝ ամեն րոպե պատրաստ լինելով արժանի հակահարված հասցնելու հակառակորդին: Լարվածությունը թուլացավ, երբ խորհրդային հրթիռները դուրս բերվեցին Կուբայից, եւ ԱՄՆ-ի կառավարությունը խոստացավ չհարձակվել Կուբայի վրա:

1965 թ. Ս. Սարդարովին շնորհվեց ավիացիայի գեներալ-գնդապետի կոչում: Մեկ տարի անց ավիացիայի գեներալ-գնդապետ Ս. Սարդարովը նշանակվում է Կալինին (այժմ Տվեր) քաղաքում գտնվող ԽՍՀՄ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ռազմական ակադեմիայի պետի տեղակալ: Այստեղ նա մեծ սիրով իր հարուստ մարտական փորձն ու գիտելիքներն է հաղորդում երիտասարդ սպաներին, ակտիվորեն մասնակցում հակաօդային պաշտպանության ուժերի համար մարտունակ կադրերի պատրաստման գործընթացին:

1972 թ. փետրվարին առողջության պատճառով ավիացիայի գեներալ-գնդապետ Ս. Սարդարովը զորացրվեց խորհրդային բանակի շարքերից եւ մշտական բնակություն հաստատեց Մինսկում: Չնայած առողջական ծանր վիճակին, նա մինչեւ իր կյանքի վերջը ակտիվ աշխատանք էր տանում:

Նրա հետպատերազմյան տարիներին կատարած ծառայությունը նույնպես բարձր գնահատվեց, եւ Ս. Սարդարովը պարգեւատրվեց Լենինի, Կարմիր դրոշի երկու, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի, Կարմիր աստղի երեք շքանշաններով եւ 14 այլ մեդալներով: Այդ տարիներին նա ընտրվել էր ԽՄԿԿ 20-րդ, 21-րդ, 22-րդ եւ 23-րդ համագումարների պատգամավոր, Բելոռուսիայի Կոմկուսի Կենկոմի անդամ, Բելոռուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ այլն: Ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի կյանքի թելը կտրվեց 1978 թ. սեպտեմբերի 6-ին` 78 տարեկան հասակում: Նրան զինվորական մեծ շուքով թաղեցին Մինսկի Արեւելյան գերեզմանոցում, որտեղ մեկ տարի անց դրվեց մի գեղեցիկ հուշարձան:

Ս. Սարդարովը ամուսնացած էր, ուներ երկու որդի` Օլեգն ու Արմենը: Դժբախտաբար Օլեգը 1961թ. զոհվեց ողբերգական մահով, որը շատ ցավ պատճառեց հորը: Մյուս տղան` Արմենը, այժմ ճարտարապետության դոկտոր է, Մինսկի Բելոռուսական ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանն է: Նա մեծ ակնածանքով է հիշում ու պատմում հոր մասին: 2008 թ. դեկտեմբերի սկզբներին Արմենը եղավ Երեւանում, մասնակցեց միջազգային գիտաժողովի, ապա այցելեց հոր ծննդավայր` Ազոխ գյուղ: Երախտապարտ համագյուղացիները, ի պատիվ ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի, այս տարի սեպտեմբերի սկզբներին հուշարձան են կանգնեցնելու գյուղում:

ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013