Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՄԱՆ



1941 թ. քսանամյա Մուկուչ Բեկչյանին Կիրովականի Համզաչիման գյուղից չորս երեւանցի երիտասարդի հետ զորակոչեցին բանակ: Նա պետք է սովորեր Ռիգայի ավիացիոն ինստիտուտում եւ դառնար օդաչու: Սակայն երկնքում «ճախրել» նրան այդպես էլ չհաջողվեց: Սկսվեց պատերազմը: Մուկուչ Բեկչյանը հետագա չորս տարիներին պատերազմի դաշտում էր, որտեղ խիզախություն դրսեւորեց, ինչի համար էլ երկու անգամ ներկայացվեց Հերոսի կոչման, բայց այդպես էլ չպարգեւատրվեց:

Մուկուչ Բեկչյանը Ռիգայից եկավ Մոսկվա, առաջին անգամ մասնակցեց պատերազմական գործողություններին, երբ գերմանացիները դեսանտ էին իջեցրել Վոլչկոյում. «Մենք շրջապատեցինք թշնամուն, առաջարկեցինք անձնատուր լինել, սակայն նրանք սկսեցին կրակել: Սա իմ առաջին ճակատամարտն էր, որտեղ վիրավորվեցի: Ինձ բժշկական օգնություն ցուցաբերած բուժքրոջից այնուհետեւ իմացա, որ գերմանացիները անձնատուր են եղել: Սա էլ իմ առաջին հաղթանակն էր»:

Այնուհետեւ Բեկչյանին գնացքով տեղափոխեցին Իվանովո, որտեղ հոսպիտալում չորս շաբաթ բուժվելուց հետո ծառայությունը շարունակեց 117-րդ հրաձգային դիվիզիայում: Մուկուչ Բեկչյանը դարձավ հետախույզ. «Հետախուզությունը մի արվեստ է, որը դժվար է յուրացնել եւ կիրառել: Ինձ օգնեց այն, որ ես մանուկ հասակում ամբողջ օրը սարերում էի, հետեւում էի վայրի կենդանիներին: Հետախույզը ունի մի շարք արտոնություններ, նույնիսկ սննդի առումով: Յուրաքանչյուրիս օրական հարյուր գրամ օղի էին տալիս, որ կարողանանք դիմանալ ցրտին, ավելի առույգ լինենք, մեր օրապահիկը ավելի հարուստ էր»:

1943 թ. հրաձգային դիվիզիան տեղափոխվեց Բելառուս, սկսվեց ճակատամարտը թշնամու դեմ: Նեւելի մոտակայքում գերմանացիները շատ հարմար դիրք էին զբաղեցրել, եւ որպեսզի թշնամուն արժանի հակահարված տային, Բեկչյանը եւ տասներկու կամավորներ շարժվեցին թշնամու դաշտ` հետախուզության, կամ ինչպես ասվում էր` «լեզուներ բերելու»: «Մենք գործում էինք շատ արագ, քանի որ ամեն վայրկյանը կարող էր վերջինը լինել մեզ համար: Պետք էր կամք եւ վճռականություն դրսեւորել, եւ մենք արեցինք անհնարինը: Մեկի փոխարեն մի քանի «լեզու» բերեցինք»,-հիշում է Բեկչյանը: Իր այս անձնվեր քայլի համար նա պարգեւատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: Այնուհետեւ շքանշանները հաջորդեցին մեկը մյուսին` Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Արիության համար:

Իր երկրորդ ծննդյան օրը Մուկուչ Բեկչյանը նշում է դեկտեմբերի 18-ին: 1943 թ. այդ օրը իրենց դիվիզիայից մի երիտասարդ լեյտենանտ անզգուշաբար բացահայտեց հետախուզության դուրս եկած ընկերներին: Սկսվեց հրաձգությունը, որի ընթացքում զոհվեցին Բեկչյանի ընկերները: Բեկչյանը դիմացավ մի ամբողջ օր` մինչեւ վրա կհասներ գիշերը, եւ երբ ամեն ինչ հանդարտվեց, նա իր ընկերների դիակները տեղափոխեց ելման դիրքեր:

Պատերազմում այսպիսի դեպքերը հաշիվ չունեն, փրկարար դիպվածն էլ երբեմն խնայում է քաջարի մարտիկին, ինչի համար Բեկչյանը շնորհակալ է բախտին. «Ես բազմիցս զգացել եմ, որ մի բարի ուժ հովանավորում, պաշտպանում է ինձ: Մի անգամ ինչ-որ ձայներ լսեցի եւ շարժվեցի առաջ: Մութ էր: Ոչինչ չէի տեսնում, երբ ավելի առաջ շարժվեցի, տեսա` թշնամին գնդացիրը իմ կողմն արած ուզում է կրակի, բայց, չգիտես ինչու, զենքը խափանվել է: Այդպես ես փրկվեցի»:

Բեկչյանը չորս անգամ վիրավորվել է: Միայն 1944 թ. Դոլսկ կոչվող գյուղում տեղի ունեցած մարտերի ժամանակ վիրավորվեց երկու անգամ, սակայն չլքեց մարտի դաշտը, քանի որ գիտեր` պետք է օգնեն շրջափակման մեջ հայտնված գումարտակին: Բարձր գնահատելով Բեկչյանի խիզախությունը` դիվիզիայի հրամանատար, գեներալ Երմոլայ Կոբարիձեն նրան ներկայացրեց Հերոսի կոչման, սակայն պարգեւատրվեց Լենինի շքանշանով:

Երկրորդ անգամ երիտասարդ գումարտակի հրամանատարին Հերոսի կոչման ներկայացրին 1945 թ.: Փետրվարին նրանց կարգադրվեց ազատագրել պարսպապատ միջնաբերդը, որտեղ տեղակայվել էր գերմանական շտաբի բարձրագույն սպայական կազմը. «Երկար կրակելուց հետո միջնաբերդի պատին մի անցք էր բացվել: Ես գումարտակը ներս առաջնորդեցի: Գերմանական սպայակույտը փորձում էր ճողոպրել, սկսեցինք հետապնդել նրանց, փակեցինք նրանց ելքը: Եվ երբ անձնատուր եղան, պարզեցինք, որ գերիների 80 տոկոսը սպա է` ավելի քան յոթ հարյուր մարդ»:

Բեկչյանը Գերմանիայի հյուսիսում էր, երբ իմացավ, որ պատերազմը ավարտված է: Նրան Բեռլինից բաժանում էր ընդամենը 60 կմ: «Հանդիպեցինք մեր դաշնակիցներին` ամերիկացիներին եւ անգլիացիներին, ովքեր մեզ տեսնելով ավելի ոգեւորվեցին եւ սկսեցին օդ կրակել, մոտեցանք, եւ նրանք մեզ ասացին, որ պատերազմը ավարտված է: Ցնծություն էր»:

1945 թ.օգոստոսին Բեկչյանին Մոսկվայից ուղարկեցին քաղաք Իվանով` ռազմական ուսումնարանում սովորելու: Նա ամեն օր առնում էր «Իզվեստիա» թերթը` հուսալով, որ իր` Հերոսի կոչմանը արժանանալու որոշումը այս անգամ հաստատված կլինի. «Մի անգամ էլ տեսա, որ ինձ հետ ծառայող ռուս զինվորինը հաստատված է, իսկ իմը` ոչ»: Բեկչյանը Մոսկվայում փորձեց պարզել, թե ինչու այս անգամ էլ իրեն զրկեցին վաստակած պարգեւից, սակայն այդպես էլ պատասխան չստացավ…

Բեկչյանը հպարտ է, որ ինքը եւ իր երկու եղբայրները, ովքեր եւս մասնակցել են Հայրենական պատերազմին, Մեծ հաղթանակի հաստատման գործում իրենց անուրանալի վաստակը ունեն: Նրա համար Մեծ հայրենականը դարձավ կյանքի մեծ դաս. «Ես ատեցի դաժանությունը, ստորությունը, մարդասպանությունը: Ես դարձա մարդասեր, ավելի շիտակ, ես շատ սիրեցի կյանքը»:

Պատերազմը բացի մարդկային կորուստներից, ավերածություններից, լուսավոր հիշողություններ է թողել Բեկչյանի կյանքում: «Մի անգամ բախտ վիճակվեց ներկա գտնվել Մեծ թատրոնում` «Եվգենի Օնեգին» ներկայացմանը, թեպետ չհաջողվեց օպերան լսել, որովհետեւ պատահաբար հանդիպեցի իմ վաղեմի ծանոթ փոխգնդապետին, ում կյանքը մահից էի փրկել: Նա արդեն բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչ էր, նստեցինք առաջին շարքում եւ ներկայացման ամբողջ ընթացքում զրուցեցինք»: Պատերազմը Բեկչյանին բազմաթիվ հավատարիմ ընկերներ պարգեւեց, որոնց հետ երկար ժամանակ նամակագրական կապ էր պահպանում, եւ առ այսօր էլ այդ նամակները խնամքով պահում է իր դարակում: Պատերազմի վետերանների հետ հերթական հանդիպման առիթ էր դարձավ 2005 թ. Մեծ հայրենականի 60-ամյակին նվիրված տոնակատարությունը Մոսկվայում, որին հրավիրված էր նաեւ հայազգի հերոսը:

Այս տարի եւս մայիսի 9-ին Բեկչյանը հույս ունի հագնելու իր տոնական կոստյումը եւ ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված շքերթին. «Ես այդ կոստյումը այնքան էլ չեմ սիրում կրել, նույնիսկ մայիսի 9-ին, բայց երբեմն պարտադրված եմ, երբ, օրինակ, պետք է որեւէ թանգարանի համար նկարվեմ կամ էլ շքերթի մասնակցեմ»:

Իննսունի շեմին կանգնած Բեկչյանը այսօր ապրում է միայնակ, սակայն ասում է, որ ուշադրության պակաս չի զգում: Աղջիկները եւ որդին օգնում են եւ հոգատար են հոր նկատմամբ: Ազատ ժամանակն էլ զուր չի վատնում. կարդում է պատշգամբում գտնվող գրապահոցի գրքերը եւ հերթական նշումը անում նոթատետրում, որ երկրորդ անգամ նույն գիրքը «տեղից չշարժի»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013