ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԶՈՒ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013թ. մարտի 19-ին ընդունված օրենքը ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Այս օրենքի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում կատարված հիմնական փոփոխությունները հետևյալներն են.
1. «Կանոնադրություն» բառը փոխարինվել է «կանոնագիրք» բառով:
2. Հանվել են կալանատանը և մեկուսացվածներին վերաբերող արտահայտությունները:
3. Ներմուծվել է «կարգապահական վաշտ ուղարկելը» տույժի տեսակը:
4. Կանոնագրքում սահմանվել են նոր պաշտոնատար անձանց` գնդի սպա-հոգեբանի (հոդված 126.1 և 126.2) և գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականի (հոդված 140.1 և 140.2.) իրավասություններն ու պարտականությունները: Ստորև ներկայացնում ենք դրանք:
Գնդի սպա-հոգեբանը
Հոդված 126.1. Գնդի սպա-հոգեբանը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, զինծառայողների հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար։ Նա ենթարկվում է գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին, ղեկավարում է զորամասի հոգեբանական օգնության և վերականգնողական կետի աշխատանքները։
Հոդված 126.2. Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է՝
-իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական և մանկավարժական հատուկ ուշադրություն.
-կազմակերպել և անցկացնել գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական գործընթացների և երևույթների ուսումնասիրություններ, դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել զորամասի հրամանատարին և հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին.
-առօրյա գործունեության, մարտական (ուսումնամարտական) առաջադրանքների կատարման, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության (մարտական ծառայության), պահակային և ներքին ծառայության կրման ժամանակ կազմակերպել և իրականացնել գնդի անձնակազմի հոգեբանական աշխատանքը.
-կազմել և գնդի հրամանատարի՝ սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի հետ մշտապես ճշտել գնդի սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական բնութագիրը, դրա արդյունքներով համապատասխան աշխատանքների իրականացման ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ.
-մասնակցել ըստ ստորաբաժանումների և զինվորական մասնագիտությունների անձնակազմի բաշխման աշխատանքներին.
-անցկացնել զինվորական ծառայությանը և մարտական հերթապահության պայմաններին զինծառայողների հոգեբանական հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, իրականացնել այդ պայմաններում նրանց հոգեբանական ուղեկցությունը.
-պարբերաբար վերլուծել զինվորական կոլեկտիվների հոգեբանական իրավիճակը, իրականացնել հոգեբանական կորուստների կանխատեսում և հաշվարկ, ձեռնարկել աշխատանքներ ինքնավնասման երևույթների կանխարգելման, ինքնավնասման հակված անձանց բացահայտման համար, այդ ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ.
-ենթակա անձնակազմի մոտ հոգեբանական աշխատանքի ձևերին ու մեթոդներին տիրապետելու և դրանք ճիշտ կիրառելու նպատակով կազմակերպել սպաների, ենթասպաների, սերժանտների ուսուցանում.
-կազմակերպել մշտական տեղակայման վայրերից դուրս զենքի և զինվորական տեխնիկայի հետ առնչվող անձնակազմի և առանձին զինծառայողների հետ հոգեբանական աշխատանքներ.
-իր գործունեության ընթացքում պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները.
-մշտապես համալրել հոգեբանական աշխատանքի համար նախատեսվող ուսումնանյութական բազան.
-զորամասի հրամանատարին և հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին զեկուցել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու գնդի քաղաքացիական անձնակազմի հոգեբանական վիճակի, առաջացած առանձին խնդիրների և իրականացվող միջոցառումների մասին, այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։
Գումարտակի հրամանատարի՝ հրետանու գծով օգնականը
Հոդված 140.1. Գումարտակի հրամանատարի՝ հրետանու գծով օգնականը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի հրետանային ստորաբաժանումների մարտական կիրառման, իր մասնագիտության գծով անձնակազմի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի հրետանային ստորաբաժանումների սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքինության և ճիշտ շահագործման, ինչպես նաև իրեն վերաբերող մասով ուսումնանյութական բազայի վիճակի համար։ Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և գումարտակի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է։
Հոդված 140.2. Գումարտակի հրամանատարի՝ հրետանու գծով օգնականը պարտավոր է՝
-մասնակցել գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբերող մասով կազմակերպել և ղեկավարել դրանց կատարումը.
-ապահովել գումարտակի սպաների և ենթասպաների պատրաստությունը հրետանու մարտական կիրառման ուղղությամբ, իրեն վերաբերող մասով ուսումնական պարապմունքներ անցկացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումների հետ.
-ուսումնասիրել գումարտակի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես տանել անհատական դաստիարակչական աշխատանքներ.
-գումարտակի հրետանային ստորաբաժանումներում առնվազն երեք ամիսը մեկ անձամբ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմությունը, հաշվառման և պահպանության կարգը.
-հսկողություն իրականացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության և ռազմամթերքի պահպանության ու սպասարկման ժամանակ հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջների կատարման նկատմամբ.
-ապահովել ենթակա անձնակազմին հրաձգության, վարժանքների, տեխնիկայի, սարքավորումների և ռազմամթերքի հետ աշխատանքների անվտանգության կանոնների պահպանության հրահանգավորումը և վերահսկել դրանց պատշաճ իրականացումը.
-ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորման աշխատանքները»։
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Սոցիալ-իրավական