ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՎՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Պատերազմի տարիներին քսաներեքամյա Արշալույս Բրսոյանը ծառայում էր Բալահովիտում տեղակայված խորհրդային ռազմակայանում: Երբ առաջացած իրավիճակի պատճառով որոշվեց ռազմակայանը տեղափոխել Դոնի Ռոստով, նա հրաժարվեց մեկնել, զորացրվեց եւ որոշեց գնալ ռազմաճակատ: Դիմեց Հատուկ գունդ եւ 1992թ. տանկային գումարտակում ստանձնեց ՀՄՄ-ի դասակի հրամանատարի պաշտոնը: Մեկ շաբաթ անց արդեն մասնակցում էր մարտական գործողություններին:
Մայոր Արշալույս Իլյուշի Բրսոյանը ծնվել է 1968 թ. ապրիլի 25-ին, Ախալքալաքում, զինծառայողի ընտանիքում: Հայրը խորհրդային բանակի սպա էր: Ավարտելով դպրոցը, ընդունվել է Յարոսլավի զենիթահրթիռային հրամանատարական ուսումնարան, բայց չի ավարտել. «Միշտ հպարտություն եմ զգացել հայկական արմատներիս, հայ լինելուս համար: Ռազմական բարձրագույն ուսումնարանում սովորելու տարիներին մի ռուսի հարվածեցի նրա այն դիտարկման համար, թե՝ ո՞ւմ է պետք Կովկասի ժողովուրդը: Այդ պահին գրում էի, գրիչս մի կողմ դրեցի, հարցրի` ո՞ւմ նկատի ունի, ասաց` հայերին, վրացիներին, ադրբեջանցիներին: Կողքիս երկու ադրբեջանցի եւ մեկ վրացի կային, ոչ մեկը չարձագանքեց: Վիրավորանքից հարվածեցի կուրսանտին: Ավարտում էի երկրորդ կուրսը: Ինձ հեռացրին ուսումնարանից, բայց ես երբեք չեմ ափսոսել արածիս համար: Ես չէի կարող համակերպվել իմ ժողովրդի պատվի ու արժանապատվության ստորացման հետ»:
ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԸ ԿՏԱՐ
«1994 թ. ապրիլ ամիսն էր: Ես, եւս երկու սպա եւ մեր զինվորները 5-րդ դիրքում էինք, որը տեղակայված էր Օմար լեռան վրա, իսկ կողքի` 3-րդ դիրքը, ավելի մոտ էր հակառակորդին, որտեղ երկու սպաներից մեկը զոհվեց, եւ գումարտակի հրամանատարից հրաման ստացանք, որ մեզանից մեկը տեղափոխվի այդ դիրք, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50-50 էր: Ես անմիջապես ցանկություն հայտնեցի, որովհետեւ երեք սպաներից միակն էի, որ ամուսնացած չէի, երեխաներ չունեի. իմ ընկերներից մեկը չորս երեխաների հայր էր, մյուսը` երկու, մտածում էի` ավելի լավ է ես զոհվեմ, որ նրանց երեխաները անհայր չմեծանան: Դիրքը կրակի տակ էր, վազեվազ տեղ հասա, մի կողմից դիպուկահարն էր կրակում, մյուս կողմից` «ՊԿ» գնդացիրը: Գիշերվա ժամը հինգին ադրբեջանցիները հարձակում ձեռնարկեցին, որը հաջողությամբ կասեցրինք: Ամենադաժան պայմաններում էլ պետք է մարդ մնաս»:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՀԻՇՎՈՂ ԴՐՎԱԳՆԵՐԸ
«Հակառակորդի 11-րդ հենակետը մեզ շատ էր նեղում: Այն Օմար լեռան բարձունքին էր: Մեր տղաներին «բռի մեջ էին պահում»: Որոշվեց հետախուզական միջոցառումներ ձեռնարկել եւ վնասազերծել կրակակետը: Քանի որ ես բռնցքամարտիկ էի, սպորտի վարպետ, որոշվեց, որ ինձ էլ կներգրավեն: Իմ խնդիրն էր վնասազերծել ժամապահին, որը ինքնաձիգով բարձունքից կրակում էր մեր տղաների ուղղությամբ: Այնուհետեւ նռնակ պիտի նետեինք խրամատ եւ գրավեինք դիրքը: Մենք 8 հոգով էինք, փայլուն կատարեցինք մեր առաջադրանքը: Մեկ օր հսկեցինք, մինչեւ հետեւակային դասակ ուղարկեցին: Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այդ օրը իմ տեսածից ու ապրածից: Պատերազմը խախտում է մարդու կյանքի ներդաշնակությունը»:
«1994 թվականն էր: 13-րդ դիրքում էի: Հրաման ստացա փակելու հակառակորդի դիվերսիոն խմբի ճանապարհը: Իմ դասակի զինվորներով դիրքավորվեցինք, զինվորներիս հրահանգավորեցի: Նրանք հոյակապ տղաներ էին, միմյանց կես բառից հասկանում էինք: Դիվերսիոն գործողությունները սովորաբար կատարվում էին գիշերը: Քսան հոգանոց խումբ էր: Քսանին էլ ոչնչացրինք: Մոտեցանք, հանեցինք դիմակները, տարիքով ու մորուքով մոջահեդներ էին: Պարզվեց, որ նրանց նպատակն էր ոչնչացնել մեր շտաբը, որ դիրքից 17 կմ հեռավորության վրա էր: Դժվար պահերը հաղթահարելը հպարտություն առաջացնող զգացողություն է»:
«1993 թ. Հորադիզում Էդիկ Ռումյանի զինվորներից մեկը` անունը Արտակ, որ 19 տարեկան էր, մոտեցավ ինձ եւ խնդրեց. «Կամանդիր, գիտեմ` գնում ես Երեւան, խնդրում եմ՝ նամակս հասցրու տնեցիներիս, Նոր Հաճըն»: Ասացի` կներես, բայց չեմ կարող, ես գնում եմ զենք բերելու, ժամանակ չեմ ունենա: Նա էլ թե` տար, խնդրում եմ, մերոնք մեկ շաբաթ առաջ ինչ-որ մեկին իմ փոխարեն հուղարկավորել են. թող իմանան, որ ողջ եմ: Չկարողացա մերժել: Հասա քաղաք, գործերս ավարտեցի եւ անմիջապես մեկնեցի նշված հասցեով: Դարպասը բացեցի, բակում ինձ դիմավորեց պատկառելի տարիքի մի տղամարդ: Զինվորի հայրն էր: Մոտեցա, մեկնեցի տետրի թղթի վրա գրված նամակը, ասացի` Արտակից եմ բերել: Հայրը վերցրեց ու սկսեց լացել. «Արտակը զոհվել է, երեւի նամակը ուշացումով է տեղ հասել»,-շշնջաց: «Արտակը չի զոհվել, երեկ եմ տեսել»,-պատմեցի, որ ուրիշ մարդու են հուղարկավորել, մեր զինվորներից էր, բայց Արտակը չէր: Հայրը ինձ ուղեկցեց տուն, որտեղ սեւազգեստ կանայք սգում էին: Երբ տղայի մորը հայտնեցի լուրը, ուշաթափվեց: Այնուհետեւ սկսեցին հարցուփորձ անել՝ արդյոք այտին նշան կա՞ր, աչքերն ի՞նչ գույնի էին: Չէին հավատում: Ես էլ նրանց վստահեցնում էի, որ իրենց որդին է: Հայրն ու մայրը խնդրեցին, որ մեծ եղբորը այդ նույն օրը ուղեկցեմ դիրքեր, որ նա տեսնի Արտակին ու համոզվի: Նստեցինք եղբոր մեքենան, ճանապարհվեցինք Հորադիզ: Եղբայրն աննկարագրելի արագությամբ էր վարում մեքենան, սաստեցի, ասելով` ամոթ է, գոնե թշնամու գնդակից մեռնեմ, այլ ոչ թե ավտովթարից: Գիշերը տեղ հասանք, եղբայրների հանդիպումը անբացատրելի ծանր էր, բայց եւ լուսավոր: Ես էլ հուզվեցի, նույնիսկ արտասվեցի` մտածելով, որ պատերազմի յուրաքանչյուր մասնակից կանգնած է իր հարազատներից հավերժ բաժանման վտանգի առջեւ»:
«7-րդ դասարանից զբաղվել եմ բռնցքամարտով: Երբ ընդունվեցի ռազմական բարձրագույն ուսումնարան, արդեն սպորտի վարպետի թեկնածու էի: Երկու անգամ Վրաստանի չեմպիոն էի դարձել, երկու անգամ հաղթել էի սպարտակիադայում: Ուսումնարանում ակումբ կար, շարունակեցի զբաղվել բռնցքամարտով եւ մասնակցեցի Խորհրդային Միության բանակի մրցումներին, դարձա չեմպիոն 75 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի անդամ էի, մասնակցել եմ միջազգային, աշխարհի առաջնությունների, բայց ամենահիշարժանն ու տպավորիչը 1994 թվականն էր: Ես պատերազմի դաշտում էի, հրամանատարությունը հեռագիր ստացավ. խնդրվում էր, որ ինձ թույլ տան մասնակցելու միջազգային մրցումների: Դիրքերից կանչեցին շտաբ: Հրամանատարս ասաց, որ թույլ կտա՝ մասնակցեմ մրցումների, եթե հետախույզներից չորսի հետ մենամարտեմ ու հաղթեմ, ես չհրաժարվեցի, իհարկե՝ կատակ էր: Բայցեւ հրահանգեց` առանց չեմպիոնի կոչման չհամարձակվեմ Բուլղարիայից վերադառնալ: Ութ օր բացակայեցի: Հաղթեցի: Անսովոր էր. խրամատից հայտնվել էի եվրոպական հյուրանոցում, բայց մտքով այնտեղ էի՝ տղաների հետ: Միասնականությունը զգացողություն է, որ ձեռք ես բերում համատեղ պայքարի ընթացքում»:
ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՂԹԵՑԻՆՔ
«Մենք անսպասելի հարձակում ձեռնարկեցինք, հասանք Ջաբրայիլի գյուղերից մեկը եւ նկատեցինք, որ թշնամու զինվորները փախել են` թողնելով ծերերին, երեխաներին ու կանանց: Մեր հրամանատարը` Գագիկ Մելքոնյանը, հրամայեց խաղաղ բնակչությանը վնաս չտալ: Մենք օգնեցինք տեղի բնակիչներին հասնել մինչեւ մոտակա կամուրջն ու անցնել Պարսկաստան: Ադրբեջանցիներին զոռով էին բերում մարտադաշտ: Հիշում եմ` լայնամասշտաբ մի հարձակման ժամանակ ադրբեջանցիները հասել էին մեր խրամատներին, անակնկալ կրակ բացեցինք, նրանց զինվորները սկսեցին գլխապատառ փախչել, իսկ իրենց հրամանատարները մահակով ծեծելով առաջ էին ուղարկում, ու այդ ամենը՝ մեր աչքի առաջ: Մեզ մոտ նման բան երբեք չի եղել, մենք գիտակցված առաջ էինք գնում: Հաղթեցինք, որովհետեւ մարտադաշտում էինք կամովի, գործում էինք համախմբված, մեր նպատակը մեկն էր` ազատագրել Արցախը. ոչ մեկը չէր ասում, թե դրա կարիքը չկա»:
«1993թ. ձախ ուսից վիրավորվեցի. կրակելով առաջ էինք գնում, մարտի ընթացքում ձախ ձեռքս կախվեց, բայց ոչինչ չզգացի, ուսս սկսեց տաքանալ, ու ցավ զգացի: Վիրավորվել էի, փառք Աստծո, սիրտս չէր: Ընկերս վերքը ցավազրկեց, մարտից հետո ինձ տեղափոխեցին Գորիս, որտեղ էլ բուժօգնություն ցուցաբերեցին, բայց չթողեցի, որ վիրավորվելուս փաստը գրանցեն, որովհետեւ մտածում էի` կուղարկեն թիկունք: Ապշելու բան է` ինձ թվում էր՝ եթե ես մարտի դաշտում չլինեմ, մերոնք կնահանջեն, կպարտվեն… Տարօրինակ զգացողություն է. ես ինձ չէի գերագնահատում, ուղղակի ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունն էր իմ մեջ գերիշխում»:
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՍ ԱՊՐԵԼ
«Պատերազմը փոխում է քեզ: Խաղաղ կյանքում մարդը կարող է քեզ մի թթու բառ ասել, իսկ դու քեզ չտիրապետես, կոպտես, բորբոքվես… Պետք է սովորես նորից ապրել: Պարտքի ու մեղավորության զգացողությունները մշտապես պայքարի մեջ են ներսումդ: Ինձ օգնեց այն, որ ընտանիք կազմեցի, երեխաներ ունեցա, աստիճանաբար սկսեցի մոռանալ պատերազմական մղձավանջն ու դաժանությունները: Պատերազմից հետո շարունակեցի ծառայությունս պաշտպանության բանակում՝ որպես վաշտի հրամանատար: Զինվորներին դաստիարակում էի պատերազմական պատմություններով: Պատմում էի, թե ինչպես նրանց տարիքի տղաները հող են ազատագրել, որ բանակ ստեղծեն: Հետո տեղափոխվեցի ենթասպաների դպրոց, այժմ թիկունքի գծով ավագ դասախոս եմ, դասավանդում եմ ռազմավարչակառավարում: Պատերազմը դաժան երեւույթ է, բայց նաեւ անգնահատելի կենսափորձ: Պատերազմը ցույց տվեց, որ զինվորականը պետք է գրագետ լինի, տիրապետի իր մասնագիտությանը` իմանա մարտավարություն, կարողանա քարտեզ կարդալ: Պատերազմի ժամանակ անվախ տղաները շատ էին, բայց նրանք զինվորական գործից հեռու էին: Որոշ կորուստներից կարող էինք խուսափել, եթե գրագետ կազմակերպեինք մարտը:
Այսօր նաեւ Նոր Նորք վարչական շրջանի չորս դպրոցներում պարբերաբար ռազմահայրենասիրության դասեր եմ անցկացնում: Մեր երիտասարդները պատրաստակամ են, պարզապես նրանց հետ պետք է աշխատել, հոգեբանորեն նախապատրաստել զինծառայությանը, բանակի մասին նրանց մեջ առողջ կարծիք ձեւավորել: Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները շարունակելու են պատվով իրականացնել մեր հայրենիքի պաշտպանության գործը»:
Հ. Գ. Արշալույս Բրսոյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար», «Մայրական երախտագիտություն», «Մարշալ Բաղրամյան» եւ եւս տասը մեդալներով: «Հայ զինվորը» շնորհավորում է մայոր Արշալույս Բրսոյանին` ծննդյան 45-ամյակի կապակցությամբ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում