Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՏՂԵ՛ՐՔ ՋԱՆ



1988թ. հենց սկզբնական օրերից շարժման առաջին նվիրյալներից եմ։ Երբ սահմանամերձ գոտիներում իրավիճակը կտրուկ սրվեց, մեկնեցի ճակատային գիծ, այնտեղ, որտեղ վտանգված էր մեր մի բուռ մնացած հայրենիքի խաղաղությունը։ Ես էլ շատերի նման կռվեցի մեր հող ու ջրի համար եւ մինչ մրուրը ճաշակեցի պատերազմի ողջ դառնությունը։ Մի խոսքով՝ երկրապահ ազատամարտիկ եմ, թեև պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել, երբևէ որևէ արտոնությունից չեմ օգտվել։ Սակայն վերջին շրջանում առողջական լուրջ խնդիրներ ունեցա և որպես Արցախյան պատերազմի մասնակից դիմեցի Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ինձ ապրիլի 4-ին վիրահատեցին։ Բառերս անզորանում են նկարագրելու այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ես տեսա բուժանձնակազմի կողմից։ Ինձ հաճելիորեն զարմացրեց ու հիացրեց ազատամարտիկիս նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը (անկեղծ լինենք, այսօր ժամանակները շատ են փոխվել, ու ցավով պիտի խոստովանեմ, որ ազատամարտիկների նկատմամբ ամենուր չէ, որ բարյացակամ ու պատշաճ վերաբերմունք են հանդես բերում, սակայն նշեմ, որ հոսպիտալում ես միայն անշահախնդիր նվիրում նկատեցի)։

Ու թեև մի քանի օր է՝ դուրս եմ գրվել, բայց շտապեցի քայլերս ուղղել ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագրություն, որպեսզի հենց թերթի միջոցով շնորհակալության ջերմ խոսքերս հայտնեմ հոսպիտալի բժիշկներ՝ առաջատար վիրաբույժ, բ/ծ փոխգնդապետ Արսեն Գրիգորյանին, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Հայկ Անտոնյանին, ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, ընդհանուր վիրաբույժ, բ/ծ կապիտան Սուրեն Լաբոյանին։

Ձեր մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, անձնվեր աշխատանքի և անսահման հոգատարության շնորհիվ բազմաթիվ մարդիկ են ապաքինվել։ Եվ ես էլ նրանցից մեկն եմ։

Շնորհակալ եմ, սիրելի՛ բժիշկներ, շնորհակալ եմ, տղե՛րք ջան։

Գիտեմ, բժիշկներն առաջին հերթին կարևորում են առողջությունը, ուստի և ես ձեզ բոլորիդ ամուր առողջություն եմ մաղթում։ Առողջ եղեք և առողջություն պարգևեք, ու թող ձեզ միշտ հիշեն երախտագիտությամբ։

Հարգանքներով՝ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ
ազատամարտիկ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Բանակ և հասարակություն


03/05/2013