ԳՈՐԾԸ՝ ԴԱՐԵՐԻՆ Ի ՊԱՀ
Այցելելով Երևանի Աջափնյակի ԵԿՄ տարածքային բաժանմունք` հիշեցի Սիմոն պապին, որին բախտ էր վիճակվել լինել Զորավար Անդրանիկի թիկնապահներից, և երբ ինչ-որ առիթով նկատում էր խոսքի և գործի հակասություն՝ վերհիշում էր Զորավարին. Անդրանիկ փաշան ասում էր. «Կես գործը հազար խոսքի հետ չեմ փոխի։ Մնայունը գործն է, խոսքերը քամու բերանն ընկած աշնան տերևներ են»։
Այցելությանս նպատակն էր լուսաբանել զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձանի բացման արարողությունը։ Բազմամարդ էր տարածքը՝ զոհվածների հարազատներ, հյուրեր, բնակիչներ, ԵԿՄ վարչության անդամներ, բաժանմունքների նախագահներ։ Հյուրերը ներս են մտնում ԵԿՄ բաժանմունքի փառքի սրահ, որտեղ պատերին զոհվածների մեծադիր լուսանկարներն են, անձնական իրերը, ինչպես նաև ազատամարտին նվիրված ռազմահայրենասիրական գրականություն։
Շահումյանից (Ներքին շեն) գաղթած տիկին Ռոզանան, որի ամուսինը զոհվել է Մարտակերտում, պատմում է բաժանմունքի և զոհվածների ընտանիքների անդամների սերտ կապի, փոխայցելությունների մասին. «Մեր բաժանմունքի նախագահն ու տեղակալը՝ Անդրանիկը, ամեն կերպ փորձում են ձեռք մեկնել, օգտակար լինել զոհվածների հարազատներին, որոնցից մեկն էլ ես եմ։ Որդիս՝ Հրաչյան, նույնպես այստեղ է աշխատում»։
«Պատանի երկրապահ» (նախագահ` Վալերի Մուրադով) և «Երիտասարդ երկրապահ» (նախագահ` Անդրանիկ Զիրոյան) ծանոթացնում են իրենց կատարած աշխատանքներին։ Մթնոլորտը ջերմ է, անմիջական։ Զգացվում է սերտ կապը բնակիչների, դպրոցների հետ։ Բաժանմունքի նախագահը՝ Ապրես Հովհաննիսյանը, և տեղակալը՝ Անդրանիկ Ավետիսյանը, պատերազմ տեսած, պատերազմի բովով անցած մարդիկ են, որոնք կարևորում, մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը. «Աջափնյակի տարածքից բազմաթիվ նվիրյալներ են դուրս եկել` Արցախյան պատերազմին մասնակցելու,- ասում է տարածքի փոխնախագահ Անդրանիկ Ավետիսյանը,- նրանցից 109-ը տուն չեն վերադարձել։ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը նույնպես մեր տարածքի բնակիչ էր։ Այս կառույցը մեր բոլոր զոհված հերոս տղաների հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է։ Ներկա են բոլոր զոհվածների հարազատները։ Երախտիքի խոսք եմ ուզում ասել հովանավորներ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, ինչպես նաև քանդակագործ Միքայել Ղազարյանի հասցեին։ Հուշարձանի շրջակայքը բարեկարգել ենք, դարձրել հանգստյան գոտի, որտեղ հավաքվում, զրույցի են բռնվում բաժանմունքի երկրապահ տղաները։ Նրանց թիվն անցնում է 300-ից։ Իսկ այդ զրույցները պատերազմի, իրենց ընկերների հերոսական պատմություններն են, որոնց ունկնդիր են ինչպես բնակիչները, այնպես էլ մեր մատաղ սերնդի ներկայացուցիչները։ Այդ պատմությունները մեծ ոգևորություն և դրական ազդեցություն են ունենում»։
Սկսվում է աղբյուր-հուշարձանի բացման արարողությունը։ Տեր Շմավոնի օրհնանքի և բարեմաղթանքների խոսքերից հետո ժապավենը կտրելու պատիվը տրվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այնուհետև ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի անունից ողջունելով ներկաներին` հավաստիացնում է, որ այն տղաները, որոնք առանց խոսք ու ակնկալիքի դուրս եկան Հայաստանի սահմանները, Արցախը պաշտպանելու և վճարեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, չեն մոռացվելու և արժանի են ապրողներիս սիրուն ու երախտիքին։
Հայրենիքի, հայրենասիրության, ազգային արժեքների և դարավերջի մեր հերոսականության, մեր հաղթանակի ոգով էին շաղախված Տարոն Մարգարյանի, Ապրես Հովհաննիսյանի, կին ազատամարտիկ Սվետլանա Մուսաբեկյանի ելույթները։
«Մարտական երախտագիտություն», «5-րդ բրիգադ», «Բանակի 20 տարին» մեդալներով պարգևատրվեցին Ապրես Հովհաննիսյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արման Սահակյանը, Ղարիբ Ասատրյանը, Ռոբերտ Մեսրոպյանը, Արտավազդ Սարգսյանը, Արմեն Բաղդասարյանը, Անդրանիկ Գաբոյանը, Հայրենիք Հովսեփյանը, Արսեն Գալստյանը։ Իսկ մանկապարտեզի տնօրեն Գոհար Աշուղաթոյանը, դպրոցի տնօրեններ Լուսինե Դանիելյանը, Անժելա Խաչատրյանը և Գրիգոր Սաֆարյանը երիտասարդ սերնդին ռազմահայրենասիրական ոգով, հերոս տղաներին արժանի հետնորդներ դաստիարակելու համար պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալներով։
Օրը հագեցած էր հայրենասիրական մաքուր զգացումներով, և աղբյուր-հուշարձանից ցայտող լուսե ցոլքերը դրա վկայությունն էին՝ «Գործն է անմահ»,- ասում էին աղբյուրի ջրերը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ