Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԻ-ՀԵՐԻԿ. ԳՅՈՒՂԸ ՇԵՆԱՆՈՒՄ Է



Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի (Արքունագետ) աջափնյա բարձրադիր ու գեղատեսիլ ձորակում: Հերիկը Հայրի ձևով հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում: Ըստ պատմիչի՝ Աղահեճք գավառից Հայրին 8 բաժին հարկ է վճարել Տաթևի վանքին, ինչը հուշում է, որ բնակավայրը եղել է շեն, բայց համեմատաբար փոքր գյուղ: Հերիկից հարավ գտնվում է Մերիկ-Միրիկ դարձյալ պատմական գյուղը, որտեղ բավականին լավ վիճակում մեզ է հասել Սուրբ Աստվածածին 17-րդ դարի բազիլիկ եկեղեցին: Հերիկում կան շատ քարանձավներ, որոնք ժամանակին եղել են բնակելի: Պահպանվել է նաև հազարամյակների պատմություն ունեցող մի մեծ, կամարակապ քարանձավ-բնակատեղի: Գյուղի կենտրոնում է Սուրբ Գևորգ 17-րդ դարի բազիլիկ միանավ կամարակապ եկեղեցին՝ մուտքի ձախ կողմում կանգուն է լավ պահպանված խաչքարով, որի արձանագրությունը քրդաթուրքերը ջնջել են, վնասված է նաև խաչը: Եկեղեցու պատերի մեջ ագուցված են ավելի հին արձանագիր տապանաքարեր:

Եկեղեցու՝ սարալանջին կից պատի մեջ կա եւս մի մուտք, որը տանում է քարանձավ: Այստեղ պատերին խաչեր են քանդակված, որոնք ավելի հին են: Հավանաբար մինչև բազիլիկի կառուցումը տեղում ավելի հին սրբատեղի է եղել, որի հարեւանությամբ էլ կառուցվել է եկեղեցին: Հետագայում արդեն քոչվորները եկեղեցուն կից բնակելի տներ են կառուցել, և ձևափոխվել է սրբավայրի արտաքին տեսքը: Այն, որ տարածքում նաև հայկական գերեզմանատուն է եղել ու ոչնչացվել է հայաթափումից հետո, վկայում է ադրբեջանցիների կառուցած տների պատերի մեջ որպես շինաքար օգտագործված տապանաքարերի ու խաչքարերի կտորտանքը: Որոշ տեղերում էլ տապանաքարերն օգտագործվել են աստիճանների համար: Ստյոպա Բակունցի բնակելի տան մոտ բանջարանոցի պարսպապատի մեջ եկեղեցուց բերված սրբատաշ քարեր կան:

Հերիկը շրջանի առաջին վերաբնակեցված գյուղերից է, որտեղ գործում էր նաև դպրոցը: Հետագայում գյուղն ինչ-ինչ պատճառներով գրեթե դատարկվեց, սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում ԼՂՀ իշխանությունների և շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ձեռնարկած աշխատանքների շնորհիվ վերստին կենդանացավ պատմական գյուղը, էլեկտրականություն անցկացվեց, համեմատաբար բարեկարգվեց ճանապարհը, և ամենակարևորը՝ վերաբացվեց դպրոցը:

Ավագ Բակունցը Հերիկում է մեծացել, սիրում է իր բնակավայրը, դեռ չի որոշել, թե դպրոցն ավարտելուց հետո ինչ է անելու, իսկ Անտոնյան Մանվելը որոշել է դառնալ զինվորական: 8-րդ դասարանում 4 աշակերտ են սովորում: Հայկ Բակունցն այստեղ է ծնվել, իսկ Ռազմիկ Առաքելյանը 2 տարի առաջ է Եղվարդից տեղափոխվել, կարոտում է իր նախկին դպրոցը, դասարանցիներին: Տնօրեն Պագամլյանի միակ որդին՝ Դավիթը, սովորում է 4-րդ դասարանում, շատ է սիրում նկարել և ուզում է նկարիչ դառնալ: Միակ առաջին դասարանցին դպրոցի զինղեկ Ստյոպա Բակունցի Դավիթ որդին է, որ սովորում է 2-րդ դասարանցիների հետ (2 աշակերտ): Նրանցից Տարոն Հովոյանը ուզում է դառնալ գնդապետ: Այնքան վստահ ասաց, որ համոզված եմ՝ մեր բանակը հանձին նրա լավ զինվորացու ունի:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Բանակ և հասարակություն


13/05/2013