Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵՆՔ…



Մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած պանծալի հաղթանակի 68 տարին։ 600000 զինվոր, որոնցից 300000-ը զոհվել են հանուն հայրենիքի։ 1418 օր տեւած արյունահեղ պատերազմին հայ ժողովրդի զավակներից մասնակցել է 5 մարշալ` Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց, Ագանով և ծովակալ Իսակով, 112 Խորհրդային Միության հերոս։ Կրկնակի հերոսներ են դարձել մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը։ Փառքի 3 շքանշանների լրիվ ասպետ է դարձել 28 մարդ, հարյուրավոր բարձրաստիճան հրամանատարներ և կոմիսարներ, պատերազմի մասնակիցների ավելի քան 70%-ը արժանացել են շքանշանների և մեդալների։

Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի հազարավոր զավակներ անձնուրաց պաշտպանել են մեր հայրենիքը՝ քաղաքակրթությունը փրկելով ֆաշիստական ժանտախտից։

Հայկական 6 դիվիզիա էր կռվում զավթիչների դեմ, որոնցից միայն Թամանյան 89-րդ ազգային դիվիզիան է մտել Բեռլին՝ գեներալ Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ։ Ռայխստագի պատերի տակ մեր փառապանծ մարտիկները պարել են հաղթական քոչարին և պատերից մեկի վրա գրել են՝ «Մենք Հայաստանից ենք»։

Ազգային դիվիզիաներից բացի, հայերը պատվով ծառայել են նաեւ ռուսական տարբեր զորամասերում՝ շարքայինից մինչեւ բարձրագույն հրամանատարական կազմ։

Հիշարժան է 1943թ. հուլիսի 14-ը, երբ Կուրսկ-Օրյոլ-Բելգրադ աղեղում տեղի ունեցած դաժան ճակատամարտում (երկու կողմից մասնակցում էին հինգ հազար տանկ, 3000-ը՝ խորհրդային զորքինը։ Պատմության մեջ այս մենամարտը մնացել է որպես երկու գերտերությունների տանկային զորքերի խոշորագույն մենամարտ, որից հաղթող դուրս եկան մեր տանկային զորքերը) առաջին անգամ հանդիպեցին երրորդ մեքենայացված տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Համազասպ Բաբաջանյանը (հետագայում Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ) և Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի զավակ, զրահատանկային զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգոր Գալստյանը։ Դա երկու հայազգի որդիների առաջին և վերջին հանդիպումն էր, որ տեղի ունեցավ Կուրսկի մարզի Պրոխորավկա գյուղի մոտ։ Կատաղի կռիվը սկսվեց գիշերը եւ տևեց մինչև լուսաբաց։ Առավոտյան, երբ մարդկային զոհերի ու տեխնիկայի կորստի տեսանկյունից սահմռկեցուցիչ մարտը դադարեց, գվարդիական տանկիստները առաջընթաց մեքենայի զրահին մարտի դաշտից դուրս բերեցին հերոսաբար զոհված գնդապետ Գրիգոր Գալստյանի դին։ Նա քաջաբար մարտնչել ու զոհվել էր մարտի ամենաթեժ պահին առաջին գծում։

1943թ. նոյեմբերի 4-ին ԽՄՀՄ-ի գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, հետմահու Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում շնորհվեց Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի զավակ, գվարդիայի գնդապետ Գրիգոր Շահումի Գալստյանին։

Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է տաղանդավոր և նշանավոր շատ մարդկանցով … Մեսրոպ Մաշտոց, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան, զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ և շատ ուրիշներ, որոնց գործն ու թողած ժառանգությունը ուսանելի է մեզ համար հատկապես ներկայիս դժվար ժամանակներում։

Ապացույցը Արցախյան ազգային-ազատագրական պայքարում հայ ժողովրդի կազմակերպված, միասնական հանդես գալը, որը մեր փառապանծ նախնիների օրինակով ի ցույց դրեց երիտասարդ սերնդի քաջությունը, կամքը, ռազմական ունակությունը և վճռականությունը: Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը վճռական պահին իր կրծքով փակեց գնդացրի փողը, որպեսզի զորքը կարողանա առաջ շարժվել։ Նույնը արեց Ղափանից Գևորգ Ղազարյանը՝ կամուրջը պայթեցրեց, ինքն էլ զոհվեց։ Այդպիսի փաստեր կարելի է շատ բերել։

Այսօր էլ մեր երիտասարդները շատ բան ունեն ընդօրինակելու Երկրորդ աշխարհամարտում հայ ժողովրդի զավակների կատարած սխրագործություններից։ Այսօր էլ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը չեն հրաժարվում նախկինում տարվող պանթուրքական քաղաքականությունից։ Ամենուրեք, Ադրբեջանի մամուլում կարելի է գտնել կոչեր ընդդեմ Հայաստանի, մինչև անգամ՝ նոր պատերազմի սանձազերծում։ Ուրեմն, ինչ է պետք՝ միշտ լինել պատրաստ հայրենիքի պաշտպանության գործին։ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է։

♦♦♦

Հաղթանակը մեզ հեշտությամբ չտրվեց։ Թշնամին ուժեղ էր ու նենգ։ Եվ որքան ավելի մեծ փառքի է արժանի խորհրդային զինվորը, նրան ենք մենք պարտական մեր հաղթանակով, մեր լինելությամբ… Սեկ անգամ ևս գլուխ խոնարհենք պատերազմից չվերադարձած բոլոր ռազմիկների առջև։

Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձը։

ԺՈՐԱ ԹՈՒՆՅԱՆ
Հայրենական Մեծ պատերազմի վետերան

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Բանակ և հասարակություն


13/05/2013