ՏԵՐ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՄԱՆԸ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՑԱԽԻՆ
ՇՈՒՇԻԻ ԿԱՆԱՆՑ ՋՈԿԱՏԻ ՄԱՐՏԻԿԸ
Անահիտ Թամրազյանը Շուշիի կանանց ջոկատի մարտիկներից է: Տարիներ են անցել, բայց նա այսօրվա պես հիշում է այն սենյակը, որտեղ հավաքվել էին կամավորական կանայք` անդամագրվելու հայրենքի պաշտպանության գործին, հիշում է պատերազմի ամեն վայրկյանը, րոպեն, իր կողքին կռվող յուրաքանչյուրի դեմքը:
Անահիտը ծնվել եւ մեծացել է Ստեփանակերտում, ավանդապաշտ հայ ընտանիքում: Հիվանդոտ երեխա էր` անընդհատ բժիշկների հսկողության տակ: Առաջինից մինչեւ երրորդ դասարան դպրոց չի հաճախել, տանն էր կրթվում. «Միշտ ծնողներիս հոգածության կենտրոնում էի, բայց դրանից երբեք չեմ օգտվել, ստիպում էի, որ ինձ էլ գործ հանձնարարեն, բայց ասում էին` կենտրոնացիր ուսմանդ վրա: Դպրոցում Հայոց պատմություն չէինք ուսումնասիրում, եւ ես այդ կարեւոր բացը լրացնում էի գեղարվեստական գրականության ընթերցանությամբ: Մեր հին պատմությունից նեղվում էի, քանի որ մեզ ավելի հաճախ ճնշել էին, վիրավորել, սպանել, ես հաղթական պատմություն էի ուզում… Հայրենասիրություն եւ հայրենապաշտություն ինձ ներարկում էր մայրս. խորհրդային տարիներին նա հաճախակի ազգային, հայրենասիրական, կարոտի երգեր էր լսում եւ մեղմ ու ցածր ձայնով երգում: Ինձ էլ էր դուր գալիս, հատկապես «Խոսեցեք, Արտաշատ, Դվին» աշուղական երգը հոգուս խորքում ամեն ինչ խառնում էր իրար, ինչ-որ անհայտ եւ յուրահատուկ զգացողություն սկսում էր ղեկավարել ինձ…»:
Դպրոցն ավարտելուց հետո Անահիտը որոշեց ընդունվել պատմության ֆակուլտետ, սակայն տեղական մարմինների անարդար որոշման վերաբերյալ նամակի պատճառով, որը գրել էր «Պրավդա» թերթին, նրան դուրս թողեցին, ու այդպես երեք տարի անընդմեջ. «Տարբեր պատճառաբանություններ էին հորինում, ես էլ ամեն տարի նորից էի փորձում, համառ եւ հաստատակամ էի, սակայն պաշտոնյաներից մեկն զգուշացրեց, որ ինձ չեն ընդունելու»:
17 տարեկան էր, աշխատանքի անցավ կոնդենսատորների գործարանում, որտեղ էլ ծանոթացավ ապագա ամուսնու` Վյաչեսլավ Պողոսյանի հետ: Ծնվեց Մհեր որդին:
♦♦♦
Արցախում կռիվը թեժանում էր: Անահիտի ամուսինը` Վյաչեսլավը, 1991թ. հոկտեմբերից մասնակցում էր պատերազմական գործողություններին: Տանկիստ էր. «Մենք այդ օրերին հրետակոծությունից եւ կրակոցներից պատսպարվել էինք ամուսնուս հայրական տանը, որը քիչ թե շատ անվտանգ էր: Մի օր էլ գրադի երկու արկ ընկան տան վրա, եւ մենք հրաշքով փրկվեցինք: Հենց այդ օրն էլ որոշեցի` պատերազմ եմ գնալու, մտածում էի` հերիք է վախը սրտումս ապրեմ, ուզում էի մի բանով օգտակար լինել»:
Երբ ամուսինը մի քանի ժամով տուն էր գալիս, Անահիտը խնդրում էր` իրեն էլ հետը տանի. «Վյաչեսլավն ասում էր` «այս աղջիկը գժվել է»: 1992 թ հուլիսի 29-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի մատույցներում ամուսինս զոհվեց… Ես դեռ աշխատում էի գործարանում, ծածուկ զենքեր էինք պատրաստում: Մեր գործարանի տնօրենը տեղյակ էր պատերազմական անցուդարձին: Ես նրան ասացի, որ ուզում եմ գնալ ռազմադաշտ եւ հարցրի` արդյոք կա՞ աղջիկների ջոկատ, որին կարող եմ անդամագրվել: Տնօրենս սաստեց` «դու երեխիդ պահիր»: Երկու օր անց, սակայն, նա կանչեց Անահիտին եւ տեղեկացրեց, որ աղջիկների եւ կանանց կամավորականների ջոկատ է կազմավորվում, որին անդամագրվել ցանկացողները պետք է դիմեն Պաշտպանության կոմիտե` 5-րդ սենյակ. «Սենյակի դիմաց հավաքվել էր քսան հոգի: Հասկանում էինք, որ դժվարին օրեր են մեզ սպասում: Մեզնից շատերն արդեն ապրել էին ծանր կորստի դառնությունը` կորցրել էին ամուսին, եղբայր, հարազատ, բայց մեր հոգու խորքում շարունակ հավատում էինք հաղթանակին»։ Աղջիկներն անգամ զենք բռնել չգիտեին: Շուշիում ուսումնական կենտրոն կար, որտեղ նրանք կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերեցին. «Մեր հրամանատարն ասում էր` պատերազմի դաշտը աղջկա տեղը չէ, ասում էր` խայտառակ եք անելու մեզ: Բայց շուտով պարզվեց, որ մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք»:
Աղջիկներին ուղարկեցին տարբեր ջոկատներ, Անահիտը մեծամասամբ կռվում էր 8-րդ ջոկատի հետ, որը հետագայում միացավ Շուշիի գնդին. «Մենք գնդակների տարափի տակ համառորեն առաջ էինք գնում` ցանկացած գնով վիրավոր զինվորին մարտադաշտից հանելու: Հասկանում էինք, որ մենք նրանց միակ հույսն ենք: Գերի ընկնելու վախը անգամ ի զորու չէր մեզ հետ պահելու: Մահից չէի վախենում, բայց անելանելի իրավիճակներում աղոթում էի եւ խնդրում, որ Աստված ինձ պահի, որպեսզի որդիս որբ չմեծանա: Փրկվածներիս համար Աստծո զորակցությունը եւ մեր մարդկային տկարությունը ակնհայտ էին»:
Անահիտը ասում է, որ հայ կնոջ, օրիորդի մայրական անկեղծ ջերմությունը, նվիրումը յուրովի դրսեւորվեցին հենց այդ տարիներին. «Մենք ամեն ինչով օգնում էինք տղաներին, եթե հոգնած էին, նրանց զենքն էինք շալակած տանում, հարկ եղած դեպքում գերիներին էլ ենք պաշտպանել, պատահել է` ուտելու բան չկար, անտառի բարիքներից ենք ճաշ պատրաստել: Մեր ներկայությունը տղաներին զգոն էր պահում, չէր թողնում, որ թուլանան, հուսահատվեն, մղում էր ներքին կարգապահության: Մեր գնդի հրամանատարը միշտ հատուկ ուշադրության էր արժանացնում մեզ. տոն օրերին, որտեղից էլ լիներ, քաղցրավենիք էր գտնում եւ ուղարկում մեզ»:
♦♦♦
Ջոկատի ութ աղջիկներից երկուսը` Կարինե Դանիելյանը, Եվգենյա Իշխանյանը, վիրավորվել են, Մարգարիտա Սարգսյանը` զոհվել. «1993 թվականի օգոստոսի 23-ն էր։ Մեր լավագույն դիպուկահարն ընկավ անհավասար մարտում՝ հերոսի մահով։ Այդ օրը ես երբեք չեմ մոռանա։ Գործողության գնալիս չթողեց, որ մեզնից որեւէ մեկը հետը գա, գրպանները լցրեց բինտով, դեղորայքով, ասաց` էս անգամ ես կկատարեմ գործը: Ու գնաց… մեր սիրելի Մարգարիտան: Մյուս աղջիկներից Գայանե Առուստամյանի համար հակառակորդը գլխագին էր նշանակել, քանի որ Բերդաձորում կապավոր աշխատելիս կարողանում էր մանրամասնորեն հայտնել` ինչ է կատարվում շրջափակված գյուղում: Տարիքով ամենամեծը Անահիտ Պետրոսյանն էր, բայց ինձ Մեծ Անո էին ասում, նրան էլ` Փոքր Անո, մեր կազմվածքի տարբերության պատճառով: Հիշում եմ` երբ Անահիտը եկավ. անդամագրվեց ջոկատին, շատ գեղեցիկ էր հագնված, խոսում էր գրագետ հայերենով. նայում էի նրան եւ ինքս ինձ մտածում` «Սա էլ եկել է` մեզ տնազ անի ու գնա»: Բայց արի ու տես, որ մնաց ու կռվեց տղամարդկանց հետ հավասար: Աղջիկներից յուրաքանչյուրը բացառիկ մի անհատականություն էր, մաքուր եւ ազնիվ»:
-Պատերազմից հետո ի՞նչը փոխվեց Ձեր կյանքում, -հարցնում եմ:
-Մի քիչ ուրիշ ձեւով եմ սկսել նայել կյանքին… լավատեսորեն: Գոհանում եմ եղածով, չեմ տրտնջում, քանի որ առօրյա խնդիրներն ինձ համար արդեն աննշան մանր-մունր բաներ են. պատերազմի ժամանակ հաճախ մի ամանից մի գդալով ենք հաց կերել, մի ձեռք շորով ենք ապրել, բայց անկախ ամեն դժվարությունից` հաղթել ենք: Եթե ես այդքան մոտիկ չլինեի մահվանը, գուցե այլ կերպ ապրեի: Այդպես են մտածում գնդի բոլոր աղջիկները: Այսօր էլ շատ-շատ ենք հանդիպում, միջոցառումներ կազմակերպում, շփվում ենք սոցիալական ցանցում: Մենք տարբեր բնավորության տեր մարդիկ էինք, շատ տարբեր, բայց մեզ միավորեց անբացատրելի մի բան` երեւի լուսավոր ապագայի հույսը: Հաճախ նկատում եմ, որ նույնիսկ սոցիալական կայքերում նույն նյութերն ենք կարդում, հավանում: Պատերազմը մեզ նմանեցրել է»:
Անահիտ Թամրազյանի միակ ցանկությունն այն է, որ խաղաղությունը գնահատվի, որ Շուշին ամբողջությամբ վերակառուցվի. «Շուշիի ազատագրման, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվա առիթով իմ մարտական ընկերներին ցանկանում եմ՝ տեր լինենք մեր ամենամեծ նվաճմանը` ազատագրված ԱՐՑԱԽԻՆ»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում