Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Դրա համաձայն՝ այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր պայմանագրային սերժանտներ են պատրաստվել և նշանակվել զորքերում, զգալի աշխատանք է կատարվել նրանց դերն ու նշանակությունը բարձրացնելու համար: Սակայն, ինչպես և ցանկացած նոր նախաձեռնություն, այս համակարգը դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչպիսի՞ն է իրավիճակը ոլորտում այսօր, ի՞նչ ձեռքբերումներ և լուծման կարոտ խնդիրներ կան: Ներկայացնում են ոլորտի պատասխանատուները:

ՆԱՏՕ-Ի ՓՈՐՁԸ ՀԱՐՄԱՐԵՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Զինված ուժերի գործունեության որոշակի շրջանում պայմանագրային կրտսեր հրամանատարների համակարգի ներդրման խնդիր առաջ եկավ: Իհարկե, որոշակի փորձ մեր բանակն արդեն ուներ. Արմավիրի և այլ ուսումնական կենտրոնների բազայի հիման վրա պատրաստվել են կրտսեր հրամանատարներ ժամկետային զինծառայողների կազմից: Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն ունեցող, պարզապես լավ տվյալներ ունեցող նորակոչիկների կազմից թեկնածուներ ենք առանձնացրել և սերժանտներ պատրաստել՝ հիմնականում տարիուկես ժամկետով: Իսկ այժմ պայմանագրային սերժանտը կարող է մինչև իր ծառայության ավարտը, քանի տարի էլ այն կազմի, լինել սերժանտ տարբեր պաշտոններում: Դա կլինի նրա ծառայության ուղղությունը, բնույթը: Այս ինստիտուտը ներդնելով` մենք հաշվի ենք առել նաև զարգացած պետությունների, այդ թվում` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների փորձը, քանի որ այնտեղ համակարգը վաղուց գոյություն ունի և բավական հաջողված է: Պարզվում է՝ սերժանտական օղակը այդ երկրների զինված ուժերում, կարելի է ասել, ամենակարևոր օղակներից մեկն է: Դա բացատրվում է նրանով, որ սերժանտները անմիջապես շփվում են զինծառայողների հետ, զինվորական պարտականությունների կատարման, մարտունակության առաջընթացի կրողն են: Կարևոր է ոչ միայն հոգեբանական և մասնագիտական առումով լավ պատրաստված զինվոր ունենալը, այլ նաև բարձրակարգ սերժանտներ, որովհետև այդ սերժանտն է նախնական գիտելիքներ, ապա նաև խորացված ռազմական գիտելիքներ փոխանցում զինվորին, ամբողջ օրը շփվում նրա հետ, հարկ եղած դեպքում մարտի տանում:

Պարբերաբար մեզ այցելում են տարբեր պետությունների սերժանտական անձնակազմի ներկայացուցիչներ, ներկայացնում են իրենց ուսումնական ծրագրերի որոշ մասը: Նրանց մոտ ամենակրտսեր սերժանտի պատրաստության ժամկետը առնվազն երեք-չորս շաբաթ է: Մեզ մոտ՝ տասնվեց շաբաթ: Մի քանի տարի ծառայելուց հետո նա իրավունք կստանա պաշտոնավարելու որպես դասակի, ապա նաև վաշտի սերժանտ: Առայժմ այս երեք աստիճանի սերժանտների պատրաստությունն ենք մենք ապահովում: Դեռ շատ բացեր կան, օրինակ` մշակման փուլում է համապատասխան կանոնակարգը, որը կհստակեցնի, թե տվյալ սերժանտը քանի տարի ծառայելուց հետո իրավունք կստանա նշանակվելու ավելի բարձր սերժանտական հաստիքի: Բացառված չէ, որ հետագայում ունենանք նաև գումարտակի, գնդի և ավելի բարձր աստիճանի սերժանտներ: Դա արդեն պայմանավորված կլինի զինված ուժերի ընդհանուր զարգացման առաջնահերթություններով և մոտեցումներով: Արտասահմանյան բանակներում այդպիսի սերժանտներ կան, և նրանք ոչնչով սպայական մակարդակին չեն զիջում: Պետք է նշեմ, որ այդ իսկ նկատառումով մեզ մոտ միջնակարգ կրթությամբ դիմորդներին հնարավորություն է տրվում ընդունվելու որևէ պետական բուհ՝ հեռակա ուսուցում ստանալու համար, քանի որ, հնարավոր է, հետագայում նրանք ցանկություն հայտնեն տեղափոխվելու սպայական հաստիքի: Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ է պատահում, երբ սերժանտը ցանկություն է հայտնում սպայական հաստիքի անցնելու, որովհետեւ շատ դեպքերում սերժանտը նույնիսկ սպայից շատ ավելի լայն լիազորություններ ունի, վարձատրվում է ավելի շատ:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ. ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴՈՂ

Դասընթացներում որոշակի քննություններ հանձնելուց հետո կարող են ընդգրկվել պարտադիր ժամկետային ծառայության տարիուկեսն անցկացրած զինծառայողները, երկրորդ խումբը պահեստազորի այն զինապարտ անձինք են, ովքեր անցել են զինվորական ծառայություն և արդեն ունեն որոշակի հմտություններ: Երրորդ խումբը արդեն զինծառայության մեջ գտնվող անձինք են` պայմանագրայիններ, ենթասպաներ, կրտսեր հրամանատարներ, որոնք սերժանտ դառնալու ցանկություն են հայտնում: Եղել են դեպքեր, երբ արդեն գործող ենթասպաներն են ցանկություն հայտնել փոխելու ծառայության բնույթը և դիմել են պայմանագրային սերժանտ դառնալու համար: Ընդհանուր առմամբ, ինստիտուտը նոր է, պահանջները շատ խիստ չեն, բայց կարճ ժամանակ հետո մոտեցումը շատ ավելի խիստ է լինելու: Ավելի լավ է ունենանք արհեստավարժ սերժանտներ, որոնք կզբաղվեն իրենց ամենօրյա աշխատանքով, ինչը նրանց մասնագիտությունը կդառնա, քան ժամկետային զինծառայողներին ուղարկենք սովորելու ուսումնական զորամասեր, ապա և տարիուկես ծառայելով՝ զորացրվեն, ու մենք նորից զբաղվենք հաջորդ հերթափոխի պատրաստությամբ:

Միգուցե առաջին հայացքից կարող է թվալ, թե սերժանտների և դասակի հրամանատարների միջև որոշակի հակասություններ կառաջանան, սակայն հիշենք, որ այսօր էլ թերեւս ոչ այդքան զարգացած սերժանտական համակարգը կազմված է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված երիտասարդներից, ինչը զգալի մասնագիտական աջակցություն է դասակի հրամանատարներին: Պայմանագրայինների դեպքում այդ աջակցությունը շատ ավելի մեծ է, քանի որ նրանք ավելի պատրաստված են, ավելի հասուն, ի վերջո, նրանք ծառայում են սպաների ու ենթասպաների պես, երկարաժամկետ պլանավորմամբ: Այս պարագայում անչափ կարևոր է առաջնորդողի դերը: Պատահական չէ, որ պաշտպանության նախարարը բազմիցս նշել է` պետք է առանձին առարկա դասավանդել զինված ուժերում` առաջնորդություն, որը որոշակի խմբերի կսովորեցնի ճիշտ ղեկավարել անձնակազմը, առաջնորդել նրանց այնպես, որ վերջիններս անվերապահորեն ենթարկվեն հրամաններին և ճիշտ կատարեն դրանք: Այդ առաջնորդության դերն էլ հաշվի առնելով՝ պետք է նշենք, որ խելացի դասակի հրամանատարը երբեք դեմ չի լինի ուժեղ սերժանտ օգնական ունենալուն, որը կնպաստի իր վերադասի որոշումների արդյունավետ իրականացմանը, հետևաբար, նաև հեղինակության բարձրացմանը:

ՉԿԱՅԱՆԱԼԸ ԱՆՁԻ ԽՆԴԻՐ Է

Իհարկե, եղել են դեպքեր, երբ մեզ մոտ սովորել են, գնացել են զորքեր և չեն կայացել որպես պայմանագրային սերժանտներ: Մի բան, որը, անշուշտ, անձի խնդիր է: Ոչ թե զորամասում հարմար պայմաններ չեն ստեղծված ծառայության ընթացքում իրենց դրսևորելու համար, այլ տնտեսական խնդիրներ են բարձրացվել: Մարդիկ դժգոհում են՝ աշխատավարձը ցածր է, դուրս են գալիս ծառայությունից և գնում են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Այդ դեպքում նրանք պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման համար պետության կատարած ծախսը, ինչը քիչ չէ: Սակայն մարդկանց դա էլ հետ չի պահում:

Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԼԻԱՐԺԵՔ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Որպեսզի զինծառայողը լիարժեք տրվի ծառայությանը, առաջին հերթին նա պետք է կարողանա իր ծառայությամբ (որը իր միակ եկամտի աղբյուրն է) ապահովել իր ընտանիքի կենսական, անհրաժեշտ պահանջները: Այսօր արտասահմանյան երկրներում սերժանտը ստանում է բարձր աշխատավարձ, որևէ խնդիր չունի, նրա ընտանիքը ապահով է, և ինքը, կարելի է ասել, ամեն ինչ անում է, որ այդ ծառայությունը չկորցնի, որովհետև ինքը տարեկան մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ է ստանում, օգտվում է տարբեր բժշկական և սոցիալական փաթեթներից: Առաջին հերթին պետք է ձգտենք հենց նմանատիպ պայմաններ ապահովել: Մեր զինված ուժերից սերժանտների հեռանալու հիմնական պատճառը ֆինանսականն է, իսկ, օրինակ՝ ամերիկյան իրականության մեջ շատերը ֆինանսական գործոնից դրդված են գնում զինված ուժեր: Իհարկե, շատ մեծ հարց է՝ պետությունն ունի՞ նման հնարավորություններ: Բոլորս էլ հասկանում ենք, որ դեռ այդքան հարուստ պետություն չունենք, բայցև գիտակցում ենք, որ գործընթացը բնականոն զարգանում է: Արագացնելը, ավելի մեծ քայլերով առաջ գնալը արդեն լուրջ տնտեսական հարցերի հետ է կապված, առաջին հերթին նյութատեխնիկական, ուսումնական բազան թարմացնելու, արդիականացնելու առումով: Վերջերս մեր ուսումնական հաստատություն էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ծանոթացավ մեր խնդիրներին, լսեց մեր առաջարկները, տարբեր հարցերի շուրջ ցուցումներ տվեց ծառայությունը բարելավելու նպատակով: Այնպես որ, ուշադրության պակասից չենք դժգոհում, ավելին՝ մեր բարձրացրած հարցերը հնարավորինս արագ լուծում են ստանում:

Շարունակելի

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/05/2013