ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՔԱՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ
Օրերս Գայի անվան թիվ 129 դպրոցում մեծ շուքով նշեցին Հայրենական մեծ պատերազմի 68 և Շուշիի ազատագրման 21-ամյակները: Միջոցառմանը մասնակցում էին 5-9-րդ դասարանների աշակերտները: Հնչեցին ոգեշունչ երգեր, ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը: Զինվորական համազգեստ հագած թատերական խմբակի անդամները ներկայացրին դրվագներ կռվի դաշտից: Շարադրությունների մրցույթում հաղթողները կարդացին իրենց նամակները` ուղղված ռազմի դաշտում հայրենիքի սահմանները հերոսաբար պաշտպանող զինվորներին: Մեծարվեց վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հոբելյանական մեդալի արժանացած զինղեկ Արա Գրիգորյանը:
Վերջում գնահատանքի իր խոսքն ասաց դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը: Նա նշեց, որ հայրենասիրական դաստիարակությունը մեր ժողովրդի համար կրթության հիմնաքարն է եղել և այդպես էլ կլինի միշտ:
Մ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ