ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՇՈՒՇԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ
ՕԼԵԳԸ, ԳԱԳԻԿԸ, ԱՇՈՏԸ
Երեքն էլ ծնվել և ապրում էին Ստեփանակերտում: Չգիտեմ՝ անձամբ ծանո՞թ էին միմյանց, թե՝ ոչ, բայց երեքն էլ հասարակության մեջ այնքան հռչակ ունեին, որ հաստատ իրար մասին լսած կլինեին՝ թերեւս երբեմն-երբեմն մեկմեկու ընդառաջ դուրս գալով մեր փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում: Նրանց վերջին հանդիպումը 1992թ. մայիսի 8-ին էր՝ Շուշիում: Երեքն էլ զոհվեցին անառիկ բերդաքաղաքի պարիսպների տակ՝ այդպես էլ չտեսնելով Շուշիի ազատագրման երանելի պահը:
ՕԼԵԳ ՓԻՐՈՒՄՅԱՆ
Անավարտ երգեր
Օլեգ Լազարի Փիրումյանը ծնվել է 1953թ. մայիսի 4-ին: 1972թ., ավարտելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան ուսումնարանի խմբավարական բաժինը, աշխատանքի է անցել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ որպես երգի ուսուցիչ: Ապրում էինք մի բակում: Բոլորը նրան Օլեժկա էին անվանում: Մենք՝ երաժշտական դպրոցի աշակերտներս, շատ էինք սիրում նրան, նրա դասերը: Իմ հիշողության մեջ Օլեգը մնացել է որպես կենսուրախ և իր գործի նվիրյալ մարդ: Նա ստեղծեց և ղեկավարեց «ՈՒշադրություն դարձրեք», «Ձնծաղիկ», «Արևիկ» վոկալ-երաժշտական համույթները: Երբ ամուսնացավ հարևանուհի Իրինայի հետ, սկսեցին ստեղծագործել իբրեւ համահեղինակներ: Օլեգը տասնյակ երգերի հեղինակ է, ժողովուրդը շատ սիրեց հատկապես «Արցախ», «Վերադարձիր», «Գանձասար» հայրենասիրական երգերը, որոնք գրվեցին ազգային-ազատագրական շարժման առաջին ամիսներին:
Մարտական գործողություններն սկսելուն պես նա առաջին կամավորականների շարքերում անմիջապես նետվեց առաջին գիծ` մասնակցեց Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալուի համար մղված մարտերին: 1992թ. մայիսի 4-ին մարտական ընկերներով նշեցին Օլեգի 39-րդ տարեդարձը: Այդ օրն արված նրա վերջին լուսանկարը պահպանվել է մեր տանը. նա, ինչպես միշտ, ժպտում է…:
ՕՍԻՊՈՎ ԳԱԳԻԿ
Չկայացած ճանապարհորդություն
Գագիկ Սերգեյի Օսիպովը ծնվել է 1964թ. օգոստոսի 18-ին: Գագիկի հետ սովորում էինք նույն դպրոցում: Թեպետ մի քանի տարով փոքր էի նրանից, բայց հիմա էլ լավ հիշում եմ Գագիկի հիանալի ձայնը, երբ երգում էր և կիթառ նվագում: 1982թ. Գագիկն ընդունվեց Բաքվի ինժեներաշինարարական ինստիտուտ, որն էլ ավարտելուց հետո վերադարձավ Ստեփանակերտ: Ամենախաղաղ մասնագիտությունն ընտրած Գագիկը ստեղծեց «Արցախի աշխատավոր» շինարարական կոոպերատիվը, բայց Ղարաբաղյան շարժումը փոխեց նաև նրա ճակատագրի ընթացքը: Զինված պայքարի հենց սկզբից նա առանց վարանելու համալրեց կամավորականների շարքերը:
Սկզբնական շրջանում Գագիկը ծառայում էր հետախուզական վաշտում, այնուհետև նշանակվեց հատուկ հետախուզական խմբի հրամանատարի օգնական: Խումբը կատարում էր հատուկ կարևորության առաջադրանքներ: Սիրված ու վստահելի ընկեր էր` մեծ հոգատարությամբ և պատասխանատվության զգացումով էր վերաբերվում ծառայակիցներին՝ կյանքի անվտանգությանը: Գագիկը հիանալի հետախույզ էր: Ընկերները հիշում են, թե ինչքան զարգացած էր նրա բնազդը, ինչը մեկ անգամ չէ, որ օգնել է նրանց մարտական առաջադրանք կատարելիս խուսափելու թշնամու դարանից: Գագիկի հրամանատարությամբ բազմիցս կարևոր տեղեկություններ են հայթայթվել հակառակորդի դիրքերից: Նա մասնակցել է Այգեստանի պաշտպանությանը, Կրկժանի, Ղայբալուի, Մալիբեյլիի, Խոջալուի ազատագրմանը: Գագիկը երազում էր Շուշիի ազատագրումից հետո ճամփորդել Մայր Հայաստանի պատմական վայրերով:
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
Չխփված գոլեր
Աշոտ Ալեքսանդրի Ադամյանը ծնվել 1972թ. մարտի 24-ին: Սովորել է Ստեփանակերտի N3 միջնակարգ դպրոցում: Զբաղվում էր սպորտով: Բավականին խոստումնալից ֆուտբոլիստ էր. խաղում էր Ստեփանակերտի «Երազանք», «Արցախ» և Կապանի «Սյունիք» ֆուտբոլային թիմերում: Վերջինիս կազմում դարձավ հանրապետության չեմպիոն: Աշոտի երազանքը հայտնի ֆուտբոլիստ դառնալն էր: Բայց պատերազմն սկսվելուն պես, թողնելով իր սիրած ֆուտբոլը, նա վերջին անգամ այցելեց Երևան, սիրած աղջկան` Գայանեին, հրաժեշտ տվեց և վերադարձավ Ստեփանակերտ, համալրեց Հայրենիքի պաշտպանների շարքերը: Ֆուտբոլի գնդակը զենքով փոխարինած Աշոտն ընդամենը 20 տարեկան էր:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
1992 թվականի մայիսի սկզբին պաշարված Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը դեռևս ծվարած էր արդեն կիսավեր շենքերի նկուղներում: Թշնամական ռազմակայանի վերածված Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի և շրջակա գերիշխող բարձունքներից զօրուգիշեր իրականացվող հրթիռահրետակոծության հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն օրեցօր աճում էր, նկուղներում ծնված երեխաներ կային, որոնք դեռևս արևի երես չէին տեսել: Շուշիի ազատագրումը կենաց-մահու հարց էր:
Ճակատագրի բերումով Շուշիի ազատագրման օրը Օլեգը, Գագիկը և Աշոտը պիտի գրոհի գնային ռազմագործողության նույն՝ արևելյան ուղղությամբ: Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02.30 սահմաններում Օլեգը՝ «Մոստ» ջոկատի, Գագիկը՝ Ռ. Իսրայելյանի ջոկատի, Աշոտը՝ «Ագո» ջոկատի կազմում մյուս ստորաբաժանումների հետ հարձակման անցան Շոշ գյուղի ուղղությամբ:
Անողոք մարտեր մղելով՝ հայ ազատամարտիկները հաղթահարեցին զառիվեր ձորակի բնական արգելքը, ապա ֆիննական տնակների շրջանում ճնշեցին հակառակորդի դիմադրությունը և գրավեցին անասնապահական ֆերմայի առաջին շենքը: Սակայն երկրորդում, որտեղ հավաքվել էին «Երեք աշտարակների» բարձունքից փախած ադրբեջանցիները, հանդիպեցին կատաղի դիմադրության: Այս մարտում զոհվեցին Օլեգ Փիրումյանը և Օսիպով Գագիկը:
Նույն գիշերը Ագոյի ջոկատն առաջխաղացման ժամանակ ընկավ հակառակորդի ականանետային կրակի տակ: Այնուհետև, երբ ջոկատը բարձրացել էր Կարկաչա գետի արևմտյան ափամերձ բարձունքները, անկանոն նահանջող թշնամու դավադիր գնդակից զոհվում է մեր երրորդ հերոսը՝ Աշոտ Ադամյանը:
Մայիսի 9-ի լուսաբացին Շուշին արդեն ազատագրված էր…
Այդ օրվանից անցել է 21 տարի, ու ես համոզված եմ, որ Օլեգը, Գագիկը, Աշոտը իրենց հոգին ավանդելու պահին դույզն-ինչ չեն ափսոսել, քանզի նրանք մահվան էին գնացել գիտակցաբար:
ԼԻԼՅԱ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
կապիտան,
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի գլխավոր խորհրդատու