ՆՐԱՆՔ ՄՈՏԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Գիրք-ալբոմ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանների մասին
Մայիսի 14-ին Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութա-գործնական կենտրոնում տեղի ունեցավ Բորիս Իզմայլովի «Նրանց սխրանքն անմահ է» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են նախկին Խորհրդային Միությունում եւ արտասահմանում գտնվող զինվորական փառքի հուշարձանները, կոթողները, որոնք կառուցվել են Մեծ հայրենականում հաղթանակը կերտած, սակայն հաղթանակի բերկրանքը չվայելած զոհված զինվորների հիշատակին: Աշխարհի որ անկյունում ասես (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Իրան, ԱՄՆ, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Ռուսաստան, Լիտվա, Նիդերլանդներ, Հայաստան, Սերբիա), որ չկան այս փառքի եւ հիշատակի կոթողները, որոնք նաև զգաստության կոչ են, հիշեցնում, պարտավորեցնում ու պահանջում են` պահպանել մարդկային բազում կյանքերով փրկագնված խաղաղությունը:
Շնորհանդեսին ներկա էին Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր միջազգային գիտական եւ մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի մշակույթի գծով խորհրդական Բորիս Իզմայլովի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, ռուսական դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, վետերաններ:
-Հայ ժողովրդի զավակները պատերազմի առաջին օրից մինչեւ ավարտը մասնակցել են Մեծ հայրենականին եւ մյուս ժողովուրդների հետ միասին մոտեցրել են հաղթանակը,- իր խոսքում նշում է Վ.Կրիվոպուսկովը եւ վերջում հավելում,- պետք է վառ պահել խաղաղության համար բոլոր ընկածների հիշատակը: «Նրանց սխրանքն անմահ է» գիրքը ծառայում է հենց այդ նպատակին:
Գիրք-ալբոմի հեղինակ Բորիս Իզմայլովն իր խոսքում մասնավորապես ասաց.
– Երբ մենք սկսեցինք աշխատել այս ուղղությամբ, չէինք էլ կարող պատկերացնել, որ աշխարհում այսքան փառքի հուշարձաններ, հուշահամալիրներ եւ զինվորական գերեզմանոցներ կան: Այն, ինչ ներկայացնում ենք գրքում, սոսկ փոքր մի մասն է ամբողջական նյութի: Տարբեր վայրերում ենք եղել (Բ. Իզմայլովը անթաքույց հիացմունքով խոսեց նաեւ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մասին): Ժողովուրդները սրբորեն են պահպանում աշխարհը ֆաշիզմի ճիրաններից ազատագրած, այդ սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած զինվորների հիշատակը: Այս գրքով ցանկացել եմ հատկապես աճող սերնդին ցույց տալ, թե ինչ թանկ գնով են նվաճվել հաղթանակը, խաղաղությունը, որպեսզի երիտասարդությունը ոչ միայն իմանա եւ հիշի հերոսներին, այլ նաեւ արժեւորի եւ պահպանի խաղաղությունը:
Հեղինակը նշեց նաեւ, որ գիրքը ներկայացրել են տարբեր երկրներում:
Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով զարդարում էր Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Յակովլեւան. պատերազմական թեմաներով նրա երգն ու ասմունքը եւ պարզապես ջերմ, անկեղծ ու սրտաբուխ խոսքը անչափ հուզեցին ներկաներին…
Ռուսաստանի վետերանների կոմիտեի կողմից հայ վետերաններին հանձնվեցին նաեւ մեդալներ:
Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, կարեւորելով նմանաբնույթ միջոցառումների դերը և դիմելով դահլիճում ներկա գտնվող վետերաններին` նշեց, որ հենց նրանց նվիրումն ու ոգին էր փոխանցվել Արցախյան պատերազմում անարգ թշնամու դեմ կռվող քաջերին, եւ այդ նվիրումն ու ոգին էլ մենք պետք է փոխանցենք գալիք սերունդներին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն