Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր



Շուտով որդիս կզորացրվի: Նա որոշել է ուսումը շարունակել ՀՊՃՀ-ի հեռակա ուսուցման բաժնում և դառնալ զինվորական, ինչպես իր հրամանատարները` փոխգնդապետ Կ. Դավթյանը, մայորներ Սամվել Լալայանը և Խաչի Իսունցը, որոնք հայոց բանակի կազմավորման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել` մարտնչել են թշնամու դեմ` ազատագրելով մեր նախնյաց հողերը: Որքան էլ հայորդիները տանը, ուսումնական հաստատություններում հայրենասիրության դասեր առնեն, համաձայնեք, որ դրանք համեմատելի չեն այն դասերի հետ, որ նրանք ստանում են բանակում, հատկապես` իրենց ազատամարտիկ հրամանատարներից, որոնք գիշերուզօր զինվորներ են կրթում, նրանց հաղորդում իրենց հարուստ ռազմական գիտելիքներն ու փորձը` բարձր պահելով ազգային ոգին:

Երբևէ մտքովս չէր անցնի, որ որդիս կցանկանա զինվորական դառնալ, թեև մեծ ոգևորությամբ զորակոչվեց բանակ: Ես հպարտ եմ, որ որդիս նման որոշում է կայացրել, և շնորհակալ եմ հրամանատարներին` հանձին զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կոմիտաս Դավթյանի: Չգիտեմ` ինչպիսի զինվորական կդառնա որդիս, բայց հոգուս խորքում հավատացած եմ, որ գետնով չի տա մեր և իր անչափ սիրելի հրամանատարի պատիվը:

Շնորհակալություն, հրամանատա՛ր:

ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն


23/05/2013