ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ԵՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Դու՛ք, որ կանգնեցիք օրհասի պահին,
Կրծքով դիմահար հրին ու հողմին,
Ու բիբլիական հողը Նաիրյան
Ձեզ կորով տվեց և ուժ առնական:
Հնչեց ղողանջը զանգերի ուժգին,
Որպես ազդականչ, մարտակոչ ազգին
Հայկազյան ցեղից ելաք ընտրյալներ,
Վարդանանց շնչով դարձաք անվեհեր:
Համախմբվեցիք հավատքով դուք սուրբ,
Միաբանվեցիք մտքով ու բազկով
Միավորվեցիք խաչով ու սրով,
Ու հարատևման հավերժի կանչով:
Եվ անհավասար այդ գոյամարտում,
Անդուլ պայքարում բարու ու չարի
Միաբանության բռունցքն էր տոկում
Անձնազոհությամբ նվիրյալների:
Թո՛ղ, որ խորհուրդը հերոսամարտի,
Դառնա պատգամ այն վեհ հավատի,
Որ մոտ է ժամը, ու պիտի բացվի
Ժայռակերտ դուռն Ագռավաքարի:
Արմեն Հարությունյան
փոխգնդապետ