Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԱՎԱԽՔԸ` ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ



Եվ ի՞նչու պիտի չհպարտանանք…

Կանք: Պիտի լինենք: Ու դեռ շատանանք:

Պ. Սեւակ

Պատմական Մեծ Հայքի թագավորության Գուգարաց նահանգի գավառներից մեկն է Ջավախքը, իսկ ջավախքցին հայի լավագույն տեսակի որակական գծերն է կրում իր մեջ: Ջավախքցին ունի անբասիր, անխառն հոգու կերտվածք, ազգային դիմագիծ, ավանդապահ է, ազգասեր ու քաջ, արմատներով ամուր կառչած է մայր հողին: Նա իր տեսակարար կշիռն ունի մեր ազգի հոգեւոր, աշխարհիկ ու քաղաքական կյանքում: Ջավախքը հայ ազգին տվել է բազում քաջորդիներ, հայ ազգի նվիրյալներ, գուսաններ, Տերյան…

Այսօր ջավախահայությունը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական զարգացումների տեսադաշտում, լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Այդպիսի մարտահրավերներ շատ է տեսել ջավախքցին, բայց երբեք չի ընկճվել. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»: Ազգային ավանդույթներով ապրող հայ ժողովրդի այս հատվածը փոթորկալից այս օրերում շարունակում է պահել իր ազգային դիմագիծը եւ վառ հավատով կերտել իր արժանահավատ ապագան: Թերթենք ջավախքցու պատմության մատյանները եւ ծանոթանանք վերջին տասնամյակների նրա տարեգրությանը:

1988թ. Ղարաբաղյան շարժում, ազգային ինքնագիտակցության զարթոնք, ազգային-ազատագրական պայքար…

Հայրենի հողի կանչով շատերը դարձան զինվոր, անմասն չմնաց նաեւ Ջավախքը: Վրեժի ցասումով պոռթկաց ջավախքցու աննկուն ոգին եւ դուրս եկավ ահեղ կռվի հրապարակ: Դեպի Արցախ տանող բազմաթիվ ուղիներից մեկը դարձավ Ջավախք-Արցախ ճանապարհը: Պատվախնդիր ու հայրենասեր Ջավախքը չէր կարող լռել: Սումգայիթում հայերի նկատմամբ կատարված եղեռնագործությունից 13 օր անց` 1988թ. մարտի 13-ին, Ախալքալաքի շրջանային մշակույթի տան առջեւ տեղի ունեցավ հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի: Դրանից մի քանի օր անց տեղի ունեցավ 2-րդ ցույցը, որին մասնակցում էին 5000-ից ավելի ջավախքցիներ: Ցուցարարների ձեռքերին կային տասնյակ պաստառներ հետեւյալ գրություններով. «Ղարաբաղը հայկական է», «Արցախը մերն է», «Ձեռքերդ հեռու Ղարաբաղից»… Այնքան զորեղ էր ցասումն ու ոգեւորությունը, որ հանրահավաքից հետո հարյուրավոր երիտասարդներ ոտքով ճանապարհ ընկան դեպի Արցախ: Ղարաբաղյան ազատամարտին կազմակերպված ու խելամիտ օգնություն ցույց տալու համար Ջավախքում ստեղծվեցին մի շարք հասարակական կազմակերպություններ: Ախալքալաքում կազմավորվեց «Ջավախք» ժողովրդական շարժումը, Բոգդանովկայում` «Փարվանա» կազմակերպությունը, Ախալցխայում` «Շառլ Ազնավուր» բարեգործական միությունը: Փոքրիկ կազմակերպություններ ստեղծվեցին նաեւ Ջավախքի հայաբնակ շատ գյուղերում` «Աղբյուր», «Անդրանիկ» եւ այլն:

Ջավախքի մասնակցությունը հայ ժողովրդի ազգային պայքարում նշանավորվեց պատմական դերակատարմամբ, որը դրսեւորվեց հիմնականում երեք գործոններով: Առաջինը Ջավախքի հայ քաջորդիների ֆիզիկական ներկայությունն էր Արցախում: Ջավախքցին դժվարին, օրհասական պահին կանգնեց իր եղբոր` արցախցու կողքին: Պայքարի մեջ նետվեց հայորդիների մի հավաքական աստղաբույլ: Նրանք քաջ գիտակցեցին պատերազմի իրողությունը` որպես ազգային ազատագրության անհրաժեշտություն: Հարյուրավոր ջավախքցիներ զոհվեցին «վասն հայրենյաց» Արցախի այսօրվա անկախության համար: Արցախյան գոյամարտի ամեն ազատամարտիկ չգրված վեպի մի հերոս է, հավերժ կենդանի լեգենդ: Այդ պատերազմում ծնվեցին հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով են գրվելու մեր գալիք պատմության էջերում: Ծանոթանանք այդ հերոսներից մի քանիսի կենսագրությանը:

Վահան Մյասնիկի Զատիկյանը ծնվել է 1956թ. Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում: 1970թ., երբ նա 14 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվում են Երեւան: 1973թ. ավարտում է Երեւանի թիվ 90 միջնակարգ դպրոցը` նա այդ դպրոցի պարծանքն ու սիրելի սանն էր, ապա` Երեւանի ֆիզկուլտուրայի, ժողովրդական տնտեսության ինստիտուտները: Ծառայել է խորհրդային բանակում: 1989-1991թթ.«Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հրամանատարն էր: Վահանենց տանը հարգի էին գիրն ու գրականությունը: Նա իր հայրենասիրության առաջին մկրտությունն ստացել է իրենց տանը: Վահանը տատից է իմացել, որ Հարություն պապը չի վերադարձել Հայրենական մեծ պատերազմից, խորապես զգացել է նրա վիշտը, ատելությամբ լցվել պատերազմի ու այն հրահրողների դեմ: Վահանը ֆիզիկապես կոփված ու մեծ ուժի տեր էր, ութ տարի մարզվել է «Սպարտակ» ակումբում: Ազատ ոճի ըմբշամարտիկ էր, մասնակցել է բազմաթիվ մրցումների եւ արժանացել պարգեւների: Նա երբեք չի ընկճվել, մնացել է միշտ անպարտելի: Հետո անվանի մարզիկը դառնում է մարզիչ: Նրա ձեռքի տակ աճած մարզիկները միանում են «Մալաթիա» ջոկատին եւ մեկնում Արցախ: Վահանը գտնում էր, որ Արցախի հարցը միայն զենքով է լուծվելու:

…Վահանն իր ջոկատով հերոսական մարտեր էր մղում Մաճկալաշենի, Կոռնիձորի, Երասխավանի, Աղդամի, Գետաշենի, Մարտունաշենի, Նոյեմբերյանի եւ Իջեւանի ամեն մի թիզ հողի համար: Նա կանխազգում էր, թե Հայաստանին ու Արցախին ինչ վտանգ է սպառնում, եւ թե դրանք ինչ զարգացումներ են ստանալու: Պատահական չէր, որ ընդհանուր մարտերի հրամանատարը` Վազգեն Սարգսյանը, որոշումներ կայացնելիս հաճախ էր խորհրդակցում Վահան Զատիկյանի հետ: Ռազմական գործում նրա տաղանդն արտահայտվեց Գետաշենի եւ Շահումյանի հայ բնակչության դեմ Ադրբեջանի խորհրդային ղեկավարների կանխամտածված «Օղակ» օպերացիայից գետաշենցիներին մեծ դժվարությամբ, առանց զոհեր տալու տեղափոխելիս: 1991թ. Զատիկյանն ընտրվում է Շահումյանի գործկոմի նախագահ: Նրա համար դժվար էր բաժանվել մարտական ընկերներից, դրա համար Վահանը մարտնչում էր երկու ճակատով` թիկունքից աջակցում էր «Մալաթիա» ջոկատի մարտական գործողություններին, զենք ու զինամթերք էր հայթայթում, մյուս կողմից աշխատում էր շրջանը դուրս բերել ծանր ճգնաժամից: Ժողովուրդը հավատում, վստահում եւ սիրում էր նրան եւ համոզված էր, որ կհաղթահարվեն բոլոր դժվարությունները, քանզի իրենց հետ է Վահանը: Եվ ժողովրդի վստահությունը պարտավորեցնում էր Վահանին: Նա քաջ գիտեր, որ պաշտոնը ոչ թե արտոնություն է, այլ` պարտավորություն, որ ինքը պատասխանատու է իր խղճի ու ժողովրդի առաջ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բարգավաճումն ու զարգացումը կապված է Վահան Զատիկյանի անվան հետ: Նրա անժամանակ ու հանկարծակի մահը ցնցեց մարդկանց: Կորուստը մեծ էր, վիշտը` անչափելի: Վահանն ընկավ 1999թ…. Ինչքան լուսավոր երազներ անկատար մնացին….

Հերոսի աճյունն ամփոփված է Եռաբլուրում: Զատիկյանը ֆիզիկապես չկա, բայց նրա հոգին անմահ է եւ ապրելու է բոլոր սերունդների հետ: Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր անունը կրող զբոսայգում եւ դպրոցում վեր են հառնում նրա մարմարե դիմաքանդակները` հայացքը հառած դեպի Մասիսներին, դեպի հավերժություն:

Արթուր Վլադիմիրի Ղարիբյանը ծնվել է 1965թ. Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում: Սովորել է Երեւանի 142-րդ դպրոցում եւ զուգընթաց հաճախել Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցը: 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, ապա ուսանել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1988թ. կամովին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին: Արթուրի նման զգայուն հոգու տեր մտավորականն ու հայրենասեր երիտասարդը ի՞նչպես կարող էր անտարբեր մնալ, երբ Արցախում արյան մեջ ուզում էին խեղդել հայի ազատատենչ ոգին: Արվեստի զինվորը դարձավ պայքարի զինվոր` արծվային հպարտ ու քաջ էության համար ստանալով «Արծիվ» մականունը: Նա համոզված էր, որ միայն ազգափրկիչ զենքով կլուծվի Արցախի ազատության խնդիրը: Արթուրը ստեղծում է մարտական խմբեր, ձեռնարկում զինվորական գործին անհրաժեշտ աշխատանքներ, Խորհրդային Միության տարբեր վայրերից զենք է հայթայթում Արցախյան պատերազմի համար: Նա մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մարտերին, որոնց արդյունքում ազատագրվեց Արցախի զգալի մասը, եւ քաջ գիտակցում էր, որ ազատությունը զենքով են նվաճում, իսկ հողը` արյամբ պաշտպանում: Հարուստ է նրա մարտական կենսագրությունը: Անցել է Երասխավանի, Բերդաձորի, Շահումյանի, Շուշիի, Կրկժանի, Լեսնոյի, Խոջալուի, Գետաշենի, Լաչինի ու Մարտակերտի ազատագրական թեժ կռիվների բովով: Ցավոք, 1992թ. Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված մարտի ժամանակ ականի պայթյունից զոհվեց աննկուն զինվորը` Արցախյան հերոսամարտի քաջ ազատամարտիկը: Տաղանդավոր քանդակագործի տաք արյունը ոռոգեց հայրենի հողը. «Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսնեց էս հողին»: Արթուրն անմահ է, նրա անունը հայ ժողովրդի սրտում է, քանզի հերոսները չեն մեռնում: Հերոսի աճյունը ամփոփված է Եռաբլուրում: Մարտակերտի դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիան եւ Ստեփանավանի մշակույթի թիվ 1 դպրոցը կրում են նրա անունը:

Գառնիկ Շմավոնի Աբրահամյանը ծնվել է 1947թ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Ծառայել է խորհրդային բանակում:

1915թ. մեկուկես միլիոն հայերի կոտորածը հանգիստ չէր տալիս Գառնիկին, չէր կարողանում ազատվել մղձավանջային պատկերներից: Դեր Զորից, ասես, նրա ականջին էր հասնում հարյուր հազարավոր անմեղ զոհերի վրեժի կոչը` Զոհրապ, Վարուժան, Սիամանթո, Սևակ… Գառնիկը միշտ մտածում էր. «Մեր տունը մենք պիտի պահենք ու պաշտպանենք»: Պատահական չէր, որ Գառնիկը 1993թ. հունվարի 3-ին, հրաժեշտ տալով հարազատներին, մեկնեց Արցախ:

…Արյունալի ու համառ մարտեր են մղվում Սարսանգի ջրամբարի համար: Կարծախցիները կռվում էին կողք կողքի` հաղթանակի անսասան հավատով: Սարսանգի ջրերը հաճախ էին ներկվում նրանց ազնիվ ու տաք արյունով: Թեժ կռիվներից հետո վերջապես ջրամբարն ազատագրվեց, բայց, ավաղ, զոհվեց Գառնիկ Աբրահամյանը: Ջավախքի խիզախ որդին հանգչում է Եռաբլուրում: Կարծախում՝ Ջիվանու հուշարձանի կողքին, Կարծախի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի վրա դրոշմված են Արցախում նահատակված ազատամարտիկներ Աղասի Վարդերեսյանի, Համբարձում Մհերյանի և Գառնիկ Աբրահամյանի անունները:

Սամվել Ալեքսանի Անտոնյանը ծնվել է 1967թ. Բոգդանովկայի շրջանի Ղուլալիս գյուղում: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Աբովյանի 8-րդ միջնակարգ դպրոցը: 1985թ. մեկնել է խորհրդային բանակ: 1988թ. կամովին զինվորագրվել է արցախյան ազատագրական պայքարին:

Սամվելը սպորտի վարպետ էր, ազատ ոճի ճանաչված ըմբիշ, հաղթել է բազմաթիվ մրցումներում: Մինչև Ղարաբաղ մեկնելը Սամվելը ՀԱԲ-ի զինվոր էր: Նա մասնակցել էր Երասխավանի, Սյունիքի, Վայքի և Իջևանի սահմանամերձ գյուղերի մարտերին:

…Սամվել Անտոնյանին կոչել են Քեռի, որովհետև սիրում էր հանրահայտ Քեռուն նվիրված երգը, մարտի գնում էր այդ երգելով ու վերադառնում էր` այդ երգը շուրթերին: Գուցե նաև Քեռուն նմանվել էր ուզում…Նա մարտական բոլոր գործողություններում առաջինն էր և որևէ դժվարություն հաղթահարելու առաջին քայլը ինքն էր անում: … Ընկերոջ հրավերով՝ Սամվելը մասնակցում էր խնջույքի: Հացկերույթից հետո գյուղացիներից մեկը տղաներին խնդրում է, որ երկունքի ցավեր ունեցող իր կնոջը իրենց «վիլիսով» տեղափոխեն Գիշի գյուղի ծննդատուն: Օմօնականները փակում են մեքենայի ճանապարհը և կացնահարում հղի կնոջ ամուսնուն: Խուժանը հավատարիմ կենդանական բնազդին՝ ուզում է մորթազերծել հայուհուն: Մահը աչքն առած` Սամվելը միայնակ մարտի է բռնվում օմօնականների հետ: Սպորտի վարպետը փորձում է անել անկարելին: Մեջքով պաշտպանում է կնոջը և բռունցքներով դիմագրավում հարձակվողներին: Դանակահարված, արյունլվա՝ մարտնչում է մինչեւ վերջին շունչը: Թուրքերը որսորդական հրացանով դիմահար կրակում են աննկուն մարտիկին: 1991թ. Սամվելի դին տեղափոխում են Աբովյան և խոր կսկիծով հանձնում հայրենի հողին: Միշտ թարմ ծաղիկներ են Սամվելի սրբացած հուշակոթողին:Այդ ծաղիկները դնում է փրկված հայուհին…

Միքայել Վոլոդիայի Ավագյանը ծնվել է 1957թ. Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում: Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, ապա` Հրազդանի պրոֆտեխուսումնարանը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո սովորել է Սվերդլովսկի ներքին գործերի բարձրագույն ուսումնարանում: 1990թ. կամովին զինվորագրվել է: 1993թ. ապրիլին նա ծառայության է անցնում հարավային զորամասերից մեկում՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար:

Ուր էլ որ եղել է Միքայելը, հոգում միշտ վառ է եղել հայրենի Ջավախքի հանդեպ ունեցած սերն ու կարոտը: Մաքուր ու պարզ հոգի ուներ, աչքի էր ընկնում կոփվածությամբ ու ճարպկությամբ: Հայտնի բան է` թշնամուն հաղթելու համար պետք է իմանալ նրա լեզուն: Տիրապետելով թուրքերենին` Միքայելը մի քանի անգամ մտել է թշնամու դիրքերը և իմացել կարևոր տեղեկություններ: Ջավախքցի քաջորդին մասնակցել է Ֆիզուլու, Քելբաջարի, Հադրութի, Մարտունու և Հորադիզի ճակատամարտերին, աչքի ընկել իր խիզախությամբ, հասել կապիտանի կոչման: 1994 թ. մարտին Հորադիզում կամրջի գրավման համար մարտեր են մղվում: Միքայելն է գնում հետախուզության: Այդ դժվարին առաջադրանքն իրականացնելիս` նրան նկատում են նշանառու վարձկանները և 800մ հեռավորությունից վիրավորում քաջ հետախույզին: Վերքը ծանր էր. մինչև նրան կհասցնեին հիվանդանոց, Միքայելն արնաքամվում է…

Ջավախքն ու Սիսիանը սուգ էին հագել. հայրենի հողին էին հանձնում ազատության համար նահատակված ազատամարտիկի աճյունը: Հայրենի Բուղաշենի դպրոցի բակում քաջ զինվորի հուշարձան-կաթողն է:

Ազատ Հակոբի Ավետիսյանը ծնվել է 1953թ. Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում:

Գումբուրդո գյուղը գտնվում է Թմկա ձորի պռնկին: Ձորը տղաների սիրած վայրն էր: Երբ նրանք նայում էին ժայռերի գլխին բազմած Թմկա բերդին, ասես հոգու աչքերով տեսնում էին քաջ Թաթուլ իշխանին` իր ամրոցը հաղթանակով վերադառնալիս: Հիշում էին, թե ինչպես ժեռ քարի ծերից ձոր են գլորել Թաթուլ իշխանի կնոջը` դավաճան «Թմկա չքնաղ տիրուհուն»: Նրանք երազում էին նմանվել Թաթուլ իշխանի քաջ զինվորներին, նրանց նման հերոսաբար կռվել թշնամու դեմ: Այդ գեղեցիկ ձորում իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Արցախյան գոյամարտի ազատամարտիկ Ազատ Ավետիսյանը: Դպրոցն ավարտելուց հետո Ազատն աշխատում է հայրենի գյուղի կոլտնտեսությունում, լավ աշխատանքի շնորհիվ դառնում բրիգադիր: Հող սիրողն ու նրանից հաց քամողը երբեք չար մարդ չի լինի: Հողը սիրողը հայրենիքը չսիրել չի կարող: 1989 թ. ընտանիքով տեղափոխվել են Հայաստանի Ամասիայի շրջանի Գյուլիբուլաղ գյուղը: Կարճ ժամանակամիջոցում այստեղ էլ է աչքի ընկնում իր աշխատասիրությամբ:

Հայրենի հողի սիրո կանչն էր, որ նրան տարավ Արցախ: Հողի մշակը դարձավ հայրենիքի զինվոր: Գնաց պաշտպանելու հայրենի հողը:

… 1994 թվական: Հաղթանակի մոտալուտ գարունն էր Արցախում: Ազերիները` զգալով պարտության շունչը, չհաշտվելով այդ մտքի հետ, վերջին ճիգերն էին գործի դնում: Մարտակերտի պաշտպանական դիրքերում մարտերը բորբոքվում էին: Ազատամարտիկները կռվում էին` չխնայելով արյան վերջին կաթիլը: Այստեղ էլ նահատակվում է ազատամարտիկ Ազատ Ավետիսյանը: Հերոսի հարազատները չեն հավատում, որ նա չկա: Չէ՞ որ մարտի գնալիս ասել էր. «Պինդ մնացեք, ես կգամ, հաղթանակով կգամ»: Կյանքը շարունակվում է, իսկ Գումբուրդո գյուղը երախտագիտությամբ է հիշում Արցախում զոհված ազատամարտիկներ Ազատին ու Գալուստին:

Պետրոս Միքայելի Աբաջյանը ծնվել է 1965թ. Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում: Գերազանց ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը` մեկնում է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ընդունվում է Երևանի ճարտարագիտական ինստիտուտ և 5-րդ կուրսից կամովին, հարազատներից ծածուկ մեկնում Արցախ:

Մերձավորները միայն 15 օր հետո են տեղեկանում, որ Պետրոս Աբաջյանը մեկնել է ճակատ: Այնինչ հմուտ տանկիստն արդեն Տ-72-ի անձնակազմի հրամանատարն էր: Լեգենդար Կոմանդոսը եղել է Պետրոսի մարտական ընկերը և նրա մասին այսպես է գրել. «Պետրոսի հետ ամբողջ ժամանակ եղել ենք բարդ, ճակատագրական իրավիճակում: Պետրոսը կռվում էր աննկուն ու աննահանջ: …Երբ նա դուրս եկավ զննելու հակառակորդի զբաղեցրած դիրքերը, թշնամու տանկի արկը պայթեց կողքին… Հերոսաբար ընկավ, ինչպես վայել է հայրենիքի իսկական զավակին: Սգում էին ողջ Ջավախքը, զինակիցները, ողջ ժողովուրդը: Ծանր կորուստ էր մեզ համար»: Արցախում հերոսաբար զոհված Պետրոս Աբաջյանի աճյունը հողին հանձնվեց հայրենի գյուղին մոտիկ բարձունքում: Այժմ այնտեղ վեր է խոյանում Պետրոս Աբաջյանի հուշակոթողը, որի բացմանը ներկա էր նաև Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոսը): Պետրոսի հոր հարցին, թե ինչ գրի որդու հուշաքարին, հրամանատարը թաց աչքերով ասել է` հերոս: Այսօր հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը կրում է Պետրոս Աբաջյանի անունը:

Ջավախքցին երբեք չի մոռանա նաեւ Միսակ Անուշավանի Ադամյանին, ով իր կյանքը նվիրեց հայրենի հողի ազատագրման սուրբ գործին: Այս քաջորդին ծնվել է 1972թ. Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղում: Ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը` ընդունվում է Երեւանի ֆիզկուլտտեխնիկումը: Նա մասնակցել է Հայաստանի սահմանները պաշտպանող ջոկատների մարտական գործողություններին: Եղել է Երասխավանի եւ Նոյեմբերյանի մարտերի գործուն մասնակիցը: Միսակը 1992թ. միանում է ջավախքցի կամավորականների ջոկատին: Հանձնարարված յուրաքանչյուր առաջադրանք Միսակը կատարում էր բարեխղճորեն, ինքնազոհության հասնող նվիրվածությամբ: Շատ ու շատ ճակատամարտերի է մասնակցել, կռիվներով անցել Արցախի գրեթե ամբողջ սահմանները: Ուղարկում էին այնտեղ, որտեղ դժվար էր, որտեղ զգացվում էր իր կարիքը: Տիրապետում էր զինվորական մի քանի մասնագիտությունների, սակայն ի վերջո դարձավ տանկիստ: Շահումյանում նա վիրավորվում է ոտքից: Մեկ ամիս Շահումյանի հիվանդանոցում բուժվելուց հետո մեկնում է մարտադաշտ, այս անգամ` Մարտակերտ: Արկերի պայթյունից տնքում էր արցախյան բարեբեր հողը: 1993թ. թեժ մարտեր էին Մարտակերտում: Կռվի պահին հանկարծ Միսակը մարմնում ծակոց զգաց, երերաց ու ընկավ հերոսաբար…

Տաբածղուրին երբեք այդքան մարդաշատ չէր եղել: Մարդիկ եկել էին հարգանքի տուրք մատուցելու եւ վերջին հրաժեշտը տալու իրենց սիրելի զավակին` ազատամարտիկ Միսակ Ադամյանին: Երախտագետ համագյուղացիները հայրենի դպրոցը կոչել են Միսակ Ադամյանի անունով, իսկ ընկերները գյուղամերձ սարալանջին կանգնեցրել են նրա սխրանքը հավերժացնող հուշարձանը:

Ախալքալաքի շրջանի Կաթնատու գյուղը փոքրիկ գյուղ է, որը իր չորս ազատամարտիկների անձնազոհ սխրանքներով դարձավ հայտնի տեղանուն: Նրանք են` Սամվել Ջալալի Բաբոյան (1974-1994), Հարություն Իշխանի Բարսեղյան (1970-1992), Հարություն Գալուստի Շաշիկյան (1948-1992) եւ Հեղինե Լյուդվիգի Բդոյան (1973-1992):

Հեղինե Բդոյանը ավարտել է Երեւանի թիվ 61 դպրոցը: Միշտ երազել է դառնալ բուժքույր, բայց, ժամանակի հրամայականով, զինվորագրվեց Արցախի ազատագրական պայքարին: Երեւանի ոսկրաբանական հիվանդանոցում խնամում էր վիրավոր ազատամարտիկներին, նրանցից լսում թուրքերի վայրագությունների մասին: Նրա մեջ արթնանում էր վրեժխնդրությունը եւ ձգտում էր շուտափույթ հասնել մարտադաշտ: …Հեղինեի մոր ծննդյան օրն էր: Մոր համար նվեր գնելու պատրվակով Հեղինեն դուրս է գալից տանից եւ մեկնում Արցախ: Սկզբում միանում է Հադրութում մարտնչողներին, հետո` Մանվել Գրիգորյանի ջոկատին, իր համար ընտրում է Հերմինե ծածկանունը՝ ծնողներից ծածուկ մնալու համար:

… Ուղտաձոր գյուղի ազատագրման համար թեժ մարտեր էին մղվում: Գրոհի վճռական պահին հեռախոսի լարը կտրվում է: Խիզախ աղջիկը, առանց հրամանի, արհամարհելով վտանգը, դուրս է թռչում խրամատից, վերցնում կտրված լարը, վազում առաջ` գտնելու վնասված տեղը: Թշնամին նկատում է անահ աղջկան ու կրակն ուղղում նրա կողմը: Հեղինեն մեծ դժվարությամբ գտնում է վնասված հատվածը, վերականգնում կապը, բայց կատարվում է ցավալին` նա ծանր վիրավորվում է: Տղաները նրան հասցնում են Հադրութի հիվանդանոց, բայց արդեն ուշ էր… Հեղինեն վերջին անգամ հավատով նայում է մարտական ընկերներին եւ ընդմիշտ փակում սեւ աչքերը: Նորքի զանգվածի գերեզմանոցում հանգչում է հայ հերոսուհու աճյունը: Հուշաքարին պատկերված են ինքնաձիգ եւ հեռախոսալար: Տեղին է ասված. «Առյուծն առյուծ է` լինի էգ, թե որձ»:

Տերյանի ծննդավայր Գանձա գյուղից Արցախյան ազատամարտին մասնակցել են տասներկու հոգի: Գյուղի մշակույթի տան բակում` Զորավար Անդրանիկի հուշարձանի կողքին, վեր է խոյանում համագյուղացի Սեյրան Ջանամյանի ձեռքերով կերտված մի հուշակոթող: Մշակույթի տան բակը դարձել է ուխտավայր: Ամեն տարի տերյանական քնարերգության օրը տարբեր տեղերից ժամանած մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Վ. Տերյանի, Անդրանիկ Զորավարի եւ զոհվածների հիշատակին:

Արցախ մեկնած տասներկու քաջերից մեկն էր Մանվել Սուրհանդակի Մարգարյանը: Մանվելը ծնվել է 1960թ., ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: Վերջին զանգի հանդիսության ժամանակ շրջանավարտներին ուղղված այն հարցին, թե՝ ի՞նչ են ուզում դառնալ, Մանվելն առանց տատանվելու պատասխանել է. «Ուզում եմ դառնալ զինվոր եւ ծառայել հայոց բանակում»: 1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում, եղել է կարգապահ, օրինակելի ծառայող, արժանացել մի շարք շնորհակալագրերի ու պատվոգրերի: 1994թ. հունվարի 22-ին կամովին մեկնում է Արցախ: Բարդ ու տագնապալի օրեր էր ապրում Հայաստան աշխարհը: Արցախում բախտորոշ մարտեր էին ընթանում: Հայրենիքը վտանգված էր, նրա լավագույն զավակների նվիրումն էր պետք… Արցախյան պատերազմական լուրերը հանգիստ չէին տալիս Մանվելին, եւ նա, հրաժեշտ տալով հարազատներին, միացավ Արցախ մեկնող կամավորական ջոկատներին: Մարտերի կիզակետում էին Մարտակերտն ու Հորադիզը: Ազատամարտիկները մարտնչում էին հաղթանակի հավատով: Ուժգին գրոհով մխրճվեցին թշնամու զորքերի մեջ: Այս բախտորոշ կռվում հերոսաբար զոհվեց Մանվել Մարգարյանը:

Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղը եւս ունեցավ հերոսներ` Գագիկ Վաղարշակի Աբգարյան (1976-1995), Ռոբերտ Միշայի Ավետիսյան (1976-1995), Արարատ Վահագնի Էլբակյան (1965-1992), Գեւորգ Տարիելի Մարուքյան (1975-1995):

Արարատ Էլբակյանը ապրում էր Երեւանի Մալաթիա թաղամասում եւ անդամակցել է Վահան Զատիկյանի կազմավորած «Մալաթիա» երկրապահ ջոկատին: Արարատի մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները միշտ պսակվել են հաղթանակով: Վաղամեռիկ մարտիկը մասնակցել է Գորիսի, Գետաշենի, Բուզլուխի, Հին Թաղլարի ինքնապաշտպանական մարտերին: Երազում էր տուն շինել Վանա լճի ափին, Մասիսի լանջին քոչարի պարել:

…Շատ գյուղեր ազատագրված էին: Առջեւում Խոջալուն էր` թշնամու կարեւոր հենակետը: Արարատենց ջոկատը ետ է շպրտում ադրբեջանական ոհմակը եւ ազատագրում թաղամասը: Հարեւան ջոկատներին օգնության հասնելու համար Արարատը նորից մարտի է նետվում: Նա, իր վրա ընդունելով կրակը, ապահովում է ընկերների առաջընթացը եւ խոցվում թշնամու գնդակից: Հերոսի աճյունը ամփոփված է Եռաբլուրում: Սուլդացիները դպրոցի բակում կանգնեցրել են կրթօջախի հերոս սանի հուշարձանը: Արցախն էլ չի մոռացել իր ազատության համար նահատակված զինվորին եւ նրա զոհված վայրում հուշաղբյուր է կանգնեցրել:

Գեւորգ Մարուքյանը ապրեց ընդամենը քսան գարուն: Զորամասում աչքի ընկած Գեւորգին ընկերների հետ ուղարկում են Հորադիզ: Թեժ մարտեր են սկսվում: Գեւորգը մարտական պատասխանատու առաջադրանքը կատարելիս ծանր վիրավորվում է: «Մայր» բառը շուրթերին` քսանամյա մարտիկը հերոսի մահով հրաժեշտ է տալիս կյանքին: … Հայրենի հողում սրբանում է եւս մեկ շիրիմ:

Ախալքալաքի շրջանի Սաթխան գեներալական գյուղ է` հայտնի գենարալներ Գրիգոր Խախանյանով ու Ստեփան Գինոսյանով եւ բազմաթիվ սպաներով: Այդ գյուղը Արցախին տվել է 13 ազատամարտիկ: Գյուղի արժանավոր քաջորդիներից է Մկրտիչ Հովհաննեսի Կոբալյանը` ծնված 1965թ.: Ծնողները բնակություն են հաստատել Վանաձորին մոտիկ Դարբաս գյուղում, որտեղ էլ 1982թ. Մկրտիչը ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1983թ. զորակոչվել է խորհրդային բանակ, իսկ 1993թ. սկզբին ինքնակամ մեկնել Արցախ: Նա ծառայության է անցել Արշալույս Փայտյանի ղեկավարած «Լոռու գժեր» կամավորական ջոկատում: Մկրտիչը Մարտակերտն ազատագրողների շարքերում էր: Մարտակերտը կորցնելու մտքից հուսահատ` թշնամին գրոհի է նետում տանկերը: Մկրտիչը կռվում էր ասպետորեն, տեղից պայթեցնում է դեպի իր դիրքերը եկող տանկը եւ վիրավորվում գլխից: Հոսպիտալ հասցնելուց հետո դադարում է բաբախել քաջորդու սիրտը, նա այդպես էլ գիտակցության չի գալիս եւ քսանութամյա ազատամարտիկը կնքում է իր մահկանացուն: Սաթխա գյուղի հրապարակում Խախանյանի եւ Գինոսյանի կիսանդրիների կողքին Մկրտիչ Կոբալյանի հուշաքարն է:

Ջավախքի բարձրադիր լեռներում ապաստանած Մեծ Սամսար գյուղն էլ է ունեցել իր ազատամարտիկները` Արթուր Շալիկոյի Աչոյան (1974-1994), Արմինե Քաջիկի Մարգարյան (1974-1994), Վարդան Նասլետի Հովհաննիսյան (1972- 1992):

Վարդանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում, այնուհետեւ ընտանիքի հետ տեղափոխվել Երեւան, ավարտել 142-րդ միջնակարգ դպրոցը եւ 1988թ. դարձել Երեւանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետի ուսանող: 1991-1992 ուստարում Վարդանը երրորդ կուրսի ուսանող էր` ղարաբաղյան շարժման հոգսերով լեցուն: Որոշել էր մեկնել Արցախ եւ ուղի էր փնտրում երկրապահ ջոկատների մեջ մտնելու համար, սակայն ջոկատների հրամանատարները մերժում էին նրան` պատճառաբանելով նրա ուսանող լինելը: Եվ հանկարծ հեռուստացույցով հնչեց Վազգեն Սարգսյանի կոչը` Մահապարտների ջոկատ կազմելու վերաբերյալ: Վարդանը, ծնողներից թաքուն, կիսատ թողնելով ուսումը, կամովին մեկնում է Արցախ` ասելով. «Սովորել հետո էլ կարող եմ, իսկ հիմա երկրին զինվոր է պետք….»: Մարտական ընկերների վկայությամբ՝ Վարդանը շատ լավ է տիրապետել զինվորական գործին: Նա նաեւ ընկերասեր էր, համարձակ, իրեն տրված բոլոր հանձնարարությունները կատարում էր արժանապատվորեն, հարձակումների ժամանակ ձգտում էր բոլորից առաջ ընկնել: Վարդանը ակտիվորեն մասնակցում է Մարտակերտի շրջանի Չլդրանի, Դրմբոնի եւ Հարությունագոմերի ազատագրման մարտերին: Ընկերները Վարդանին վերջին անգամ տեսել են Գանձասարի վանքում Վաղուհասի գրոհից առաջ: Նա երեսուն մոմ է վառել, քանի որ գրոհին երեսուն հոգի էին մասնակցելու: Վաղուհասի բարձունքին տիրելու համար մղվող ճակատամարտն անողոք էր, եւ այն ճակատագրական եղավ Վարդանի համար. զոհվեց ամենաջահել մահապարտը: Ծնողները անդրանիկ զավակին Վարդան էին կոչել` ի հիշատակ Ավարայրի հերոսի: Վարդանը հավատարիմ մնաց ծնողների ուխտին: Նա ապրեց ընդամենը քսան տարի, բայց հավաստեց, որ, իրոք, սերում է Վարդանանց զարմից: Հերոսի աճյունը ամփոփված է սրբավայր դարձած Եռաբլուրում:

Զարդիկ Խաչիկի Խաչատրյանը ծնվել է 1956թ. Ախալցխայի շրջանի Վալե ավանում: Զարդիկը շատ փոքր հասակում կորցրել է ծնողներին, եւ նրա խնամքն ստանձնել են Ջավախքից Զվարթնոցում վերաբնակված պապը, տատն ու քեռիները: Դպրոցն ավարտելուց հետո ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, միաժամանակ զբաղվել ըմբշամարտով, ստացել շատ դիպլոմներ, գովասանագրեր եւ պարգեւներ: 1993թ. զորակոչվել է Հայաստանի ազգային բանակ` ավագ լեյտենանտի կոչումով: Նա գիտակցել է, որ զինվորականի պարտքն է՝ պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: Այն զորամասը, որտեղ ծառայում էր Զարդիկը, տեղակայված էր Վարդենիսում` սահմանից ոչ հեռու:

Մարտական հերթափոխի ժամանակ թուրքերը գրոհում են Օմարի լեռնանցքի դիրքերը: Ազատամարտիկները անհավասար պայքարում հերոսաբար զոհվում են: Տարածքի վերջնական ազատագրումից հետո գտել են Զարդիկի խոշտանգված դին` գրեթե անճանաչելի. արյունարբու գազանը բավարարել էր իր բնազդները: Քաջասիրտ հայորդու աճյունը հանգչում է Էջմիածնի եղբայրական գերեզմանոցում: Զարդիկի հիշատակը հավերժացնելու նպատակով` Էջմիածնի քաղաքային սպորտկոմիտեն ամեն տարի անցկացնում է նրա անունը կրող հուշամրցաշար: Այսպիսին է հերոսի ճակատագիրը` ապրել անահ եւ անմահ մնալ, քանզի ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:

Երկրորդ գործոնը Արցախին տրվող նյութական օգնությունն էր: Հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ Ջավախքից պարբերաբար տեղափոխել են սննդամթերք` ալյուր, կարտոֆիլ, կաղամբ, գազար, ինչպես նաեւ մեծ քանակությամբ դեղորայք, տաք հագուստ, հարյուրավոր տոննա վառելանյութ` բենզին, դիզելային վառելանյութ եւ այլ անհրաժեշտ ապրանք:

Երրորդ գործոնը Արցախի ազատամարտիկների մարտական ոգին բարձրացնելու համար ջավախքցիների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումներն էին: Այս նպատակով Արցախ են ժամանել տարբեր պատվիրակություններ, որոնց թվում եղել են ճանաչված հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, հոգեւորականներ, Մեծ հայրենականի վետերաններ:

Այսպիսով, ջավախքցին ազգային-ազատագրական պայքարում ակտիվորեն մասնակցեց եւ անունը փառքով պսակեց:

Փառք ու պատիվ քաջ ջավախքցիներին, Արցախյան հերոսամարտի բոլոր մասնակիցներին:

Կեցցե՛ն Ջավախքի արծիվները` արցախյան արծիվները:

Թող նրանց հիշատակը միշտ վառ մնա մեր սրտերում:

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ
«Մայր Հայաստան» զինվորական
թանգարանի ավագ գիտաշխատող

Խորագիր՝ Ճակատագրեր


23/05/2013