Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԶԱՐՄԱՆԱ…



1988թ.

Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում մի աղբյուր կա։ Այն կոչվում է Ցուրտ աղբյուր։ Այդ աղբյուրը Սյունյաց լեռներում գտնվող նույնանուն աղբյուրի նմանությամբ է, որի ակունքից գյուղատնտես աշխատած ժամանակ ջուր է խմել մեծ գրողը։ Ջուր է խմել, խորհել հայրենիքի, սիրո, մարդկային անանց գործերի մասին… Ու այդ մտքերը եղել են մաքրամաքուր, զուլալ ու ջինջ, ինչպես Ցուրտ աղբյուրի ակունքից խոխոջացող ջուրը։ Գորիսում ապրող Սեյրան Պողոսյանի հետ զրույցը, որ վերածվեց մենախոսության, Ցուրտ աղբյուրի ակունքի մոտ էր։ Սեյրան Պողոսյանը այնպիսի սիրով էր խոսում մինչ պատերազմը իր երակներում ննջած այդ շնորհի մասին, որ նորից-նոր մտորելու, խորհելու տեղիք է տալիս՝ ինչն ինչպես եղավ, որը որից հետո էր, եւ ինչպես է, որ… Ի վերջո՝ ո՞վ է ինքը, ինչի՞ համար է լույս աշխարհ եկել։

Սեյրան Սաշիկի Պողոսյանը այն նվիրյալներից է, որոնք թեեւ այսօր էլ հոգս ու կարիքի մեջ են ապրում, սակայն այդ մասին գերադասում են լռել, որովհետեւ ի վերուստ իրեն տրված մարդկային արժանապատվությունից ցածր է համարում, վաստակած զինվորի, երկրապահի, շինականի շիտակ խոսքին ու խառնվածքին ոչ վայել… Եվ զարմանալի չէ, որ իր անտրտունջ բնավորության, անսահման մարդկայնության համար արժանացել է մեծատառով Մարդ կոչվելու պատվին։ «Հաճախ են ինձ հարցնում՝ եթե նորից պատերազմ լինի, կկռվե՞ս։ Ես էլ նրանց պատասխանում եմ ժողովրդական ասացվածքով. «Կարմիր կովը իր կաշին կփոխի՞»։

…Արմատներս Արցախից են։ Պապերս Սյունիք են տեղափոխվել մոտ երեք դար առաջ։ Մեր Պողոսյան ազգանունը գալիս է իմ Պողոս մեծ պապից, որն ապրել է Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի ժամանակներում եւ թնդանոթ է ձուլել։ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպում կա թնդանոթ ձուլելու այդ պատմությունը։

Ծնվել եմ 1957թ. մայիսի 7-ին։ Ինչպես ամեն մի սյունեցի, ես էլ մեծացել եմ աչքս մեր բարձրաբերձ լեռների սնարին՝ ծագող եւ մայր մտնող արեւի հետ հասակ առնելով։ Հիմա, երբ տարիների հեռվից նորից հետ եմ գնում իմ մանկության օրերը, զգում եմ, որ իմ երազկոտ, աշխարհին ու մարդկանց բարությամբ նայելու հիմնական ակունքը մեր այս փոքրիկ աշխարհն է՝ սարից սար թռչող արեւածագ-մայրամուտներով։ Ի՞նչ աշխարհ էր մեր սարերից այն կողմ, ի՞նչ մարդիկ, ի՞նչ կյանք… Փախչում էի դասերից ու ժամերով պառկում էի բնության մի գողտրիկ անկյունում, նայում երկնի կապույտով անցնող ինքնաթիռներին ու անվերջ երազում…

♦♦♦

Շատ էի ուզում օդաչու դանալ։ Այնքան էի ուզում, որ մի անգամ մոտ կես մետր թեւերի բացվածքով ինքնաթիռ պատրաստեցի։ Բարձրացա տան կտուրը, եւ ով հրաշք՝ փորձարկումը հաջող անցավ։ Ինքնաթիռը թռավ մոտ 50 մետր եւ մխրճվեց բարձր ծառի ճյուղերի մեջ։ Հետո մի ուրիշը սարքեցի, եւ այս անգամ ինքնաթիռը մոտ 1 կմ թռիչք կատարեց ու բոլորին զարմացրեց իր՝ դեպի ետ կատարած շրջադարձով, ապա եկա՜վ-եկա՜վ ու ընկավ ուղիղ մեր պատշգամբի վրա՝ պատուհանների ապակիները ջարդուփշուր անելով։ Դա իմ վերջին թռիչքը եղավ, բայց ոչ վերջին երազանքը։ Այնուհետեւ զորակոչվեցի խորհրդային բանակ՝ Հեռավոր Արեւելք։ Ցամաքով եւ օդով հազարավոր կիլոմետրեր անցնելուց հետո նորից վերադարձա իմ փոքրիկ Հայաստան աշխարհը, որը սնել էր իմ մանկության ամենամեծ երազանքը, օժտել աստվածային Շնորհով, որին ես պարտական եմ, երախտապարտ իմ արյամբ, իմ անունով։

♦♦♦

1988-ի մի առավոտ սովորականի նման գնում էի աշխատանքի եւ հանկարծ հանդիպեցի ցուցարարների։ Գորիսի մանկավարժականի ուսանողներն էին, որոնց շարքերում էին նաեւ արցախցի ուսանողուհիները, որոնք պատմում էին, թե ոնց են Արցախում թուրքերը հարսանիքի մեքենա շուռ տվել եւ էլի ուրիշ լկտիություններ արել։ Մի խոսքով՝ սկսել էին նեղել ժողովրդին, որպեսզի Արցախի ինքնորոշման հարցը նորից մոռացվի։ Լսելով այդ պատմությունները, տեսնելով Արցախից եկած մեր աղջիկների վախվորած վիճակը, տղերքին ասացի՝ սրանից լավ հոտ չի գալիս՝ կռիվ է լինելու։

…Սկզբում չգիտեինք ինչ անել. խորհրդային զորքը ադրբեջանցիների կողմն էր բռնել, իսկ մերը մի քանի որսորդական հրացան էր։ Անհապաղ պաշտպանական խորհուրդ ստեղծեցինք, որովհետեւ թուրքերն արդեն սկսել էին անասուններ գողանալ, արդեն եղել էր Խնձորեսկի հովիվների սպանությունը…Հարկավոր էր զինվել։ Սկսեցինք ինքնաշեն նռնակներ պատրաստել, բայց առանց ժամանակակից զենքի հնարավոր չէր դիմագրավել մինչեւ ատամները զինված թշնամուն։

♦♦♦

2010թ.

Լսել էի, որ ղարաբաղցի Դանիելյան Ռազմիկի մոտ գերմանական «Շմայսեր» ավտոմատ կա։ Գնացի, տղաներից մի օրով խնդրեցի զենքը, չմերժեցին։ Վերցրի եկա եւ սկսեցի աշխատել։ Գործարանի ղեկավար Սենիկ Հովհաննիսյանն ասաց՝ «Սեյրան ջան, խնդրում եմ, զգույշ կլինես…»: Հիմա հեշտ է ասել, բայց այն օրերին, երբ խորհրդային իշխանությունը կար, անկարելի բան էր գործարանում գաղտնի զենք պատրաստելը, եւ բացի այդ էլի շատ դժվարություններ կային։ Ամեն դեպքում փորձնական 10 օրինակ «Շմայսեր» պատրաստեցի։ Ամարասի Արթուրը միշտ գալիս-գնում էր։ Ասում էր. «Սեյրան ջան, ողջ Ղարաբաղը էս զենքին է սպասում»։ Մի անգամ էլ գնացել էի Երեւան, որպեսզի շարունակեմ ուսումնական ավտոմատը մարտականի վերափոխելու գործը։ Խառնակ օրեր էին։ Առավոտյան վեր կացանք, տեսնենք՝ մեքենայի բենզինը տարել են։ Ամարասի Արթուրն առաջարկեց գնալ ՀՀՇ վարչություն։ «Ես ոչ մեկին չեմ ճանաչում»,- ասացի։ «Նրանք բոլորն էլ քեզ ճանաչում են,- ասաց.- կօգնեն»։

Իրոք, ինձ ճանաչում էին, օգնեցին եւ մենք վերադարձանք Գորիս։ Այդ ժամանակ, երբ ուսումնական ավտոմատը վերափոխել էի, դարձրել մարտական եւ ողջ հանրապետությունով մեկ հավաքել էինք բոլոր ուսումնական զենքերը, ես դիմեցի մի խորամանկ քայլի։ Տղաներին ասացի, որ արդեն մարտական ավտոմատը ցույց տան սահմանի վրա կանգնած ռուս զինվորներին։ Եվ այդ հոգեբանական հնարքը տվեց իր արդյունքը։ Իսկ մի քանի օր անց ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը հրաման տվեց հավաքել բոլոր ուսումնական զենքերը։

♦♦♦

Արդեն պատրաստ էր «Շմայսեր» մարտական ավտոմատը, որը, ի դեպ, վերափոխել էի, եւ 20-ի փոխարեն պահունակը լիցքավորվում էր 40 փամփուշտով։ Սկսեցի նոր զենք նախագծել։ Լաչինի միջանցքը բացելուց հետո ուղղաթիռների համար նախատեսված շատ հրթիռներ էին մնացել, սակայն կրակելու հարմարանք չկար։ Ռազմագիտության մի ուսուցչուհի ունեինք՝ Կարինե անունով, գնաց Երեւան, ման եկավ եւ էդ հրթիռի չափով խողովակ ճարեց, որն էլ հենց հարմարեցրի։ Հետո աստիճանաբար ստեղծվեց բանակը։ Դրսից զենքի տեսակներ էին բերում, որոնց մեծ մասը վաղուց հնացել էր, մի երկու անգամ կրակելուց հետո շարքից դուրս էին գալիս։ Վազգեն Սարգսյանը ամեն անգամ Գորիս գալուց հանդիպում էր ինձ, խորհրդակցում։ Երբ գալիս էր, հարցնում էր խրոխտ ձայնով՝ «Մարդն ո՞ւր ա»։ Ինձ Մարդ մականունն էին տվել, որովհետեւ երբ հարցնում էին, թե ինչո՞ւ ես ցանկացածին օգնում, միշտ պատասխանում էի.

-Դե մարդ է, էլի, ո՞նց չօգնես։

Երբ Վազգեն Սարգսյանին ասացի.

-Վազգեն ջան, անպիտան զենք են տվել։

-Ճար չունենք, ա՛յ Մարդ,- պատասխանեց՝ առարկություն չհանդուրժելով,- գիտես՝ ինչ դժվարությամբ ենք բերում։ Քո հույսին ենք, պետք է խելքի բերես։

♦♦♦

…Ես գնդի սպառազինության պետ նշանակվեցի` գնդապետի պաշտոնով։ Եվ երբ Վալերի Նարիմանիչը որակավորում էր անցկացնում (կռիվը դեռ չէր պրծել), ես դիմեցի նրան.

-Մենք էս կռիվը կհաղթենք, եթե ամեն մարդ իր գործով զբաղվի։ Իմ այս գործը մի սովորական աշխատող էլ կանի։ Ես զինագործ եմ եւ ուզում եմ իմ գործին լինել։ Դիրքերում զենքեր կան, որոնք նորոգել է պետք։

Եվ նորից անցա իմ գործին։

♦♦♦

…Ամեն անգամ «Զինուժը» նայելիս կամ «Հայ զինվոր» թերթը կարդալիս սրտանց ուրախանում եմ, հպարտանում՝ տեսնելով այն առաջընթացը, որ կատարվել է մեր բանակում։ Ես դա լավ եմ նկատում, որովհետեւ բանակը ստեղծվել է իմ աչքի առաջ… Իմ հրամանատարներն են եղել Համլետ Մկրտչյանն ու Սուրիկ Խաչատրյանը, մեկը՝ երկրապահի օրոք, մյուսը՝ բանակում ծառայելիս։ Անչափ շատ են հիշողությունները…

♦♦♦

Շատ էի ուզում մի էնպիսի զենք պատրաստեմ, որ կրակելուց անմիջապես զգային՝ հայկական զենք է։ Ինձ գաղտնի վերապատրաստման պիտի ուղարկեին, մեկ էլ իմացանք, որ Տուլայից ոմն զինագործ է եկել։ Պարզվեց՝ զինագործի կինը հայ է եւ ամուսնուն համոզել է, որ գա, իր ազգակիցներին օգնի։ Ափսոս այդ կնոջ անունը չգիտեմ։ Բայց, ամեն դեպքում, նա իսկական հայուհի է։ Ռուս զինագործը երբ ծանոթացավ տնայնագործական պայմաններում գալարափողի պատրաստման իմ ստեղծած եղանակին, ասաց՝ «Ես էստեղ գործ չունեմ անելու»։ Ու նորից վերադարձավ Տուլա։

Մի դեպք էլ պատմեմ։

Նոր-նոր էին ջոկատներ ստեղծվել։ Ես արդեն գործարանում զենք էի պատրաստում։ Նոր էի տուն հասել, երբ Վալերիի հետ Վազգեն Սարգսյանը մեր տուն եկավ։

-Ծանոթացիր, Վազգեն Սարգսյանն է,- ներկայացրեց Վալերը։

Վազգենը այդ ժամանակ դեռ հանրաճանաչ չէր, բայց դե ինքն էր։ Սեղան բացեցինք, հաց կերանք։ Ու Վազգենը իր ոճով հանկարծ ինձ հարցրեց.

-Թուրքի երեխի կսպանե՞ս (այդ ժամանակ արդեն Սումգայիթը եղել էր, եւ հեռուստատեսությամբ տեսել էի, թե ինչպես են հայի երեխային գազօջախի վրա այրում)։

-…չեմ սպանի, բայց… կսպանեմ… նրանք իմ ազգի երեխեքին են սպանել…

Վազգենը հասկացավ, թե ինչ եմ ուզում ասել։

♦♦♦

Վերջերս մեր զինագործ ընկերոջ՝ Անդրանիկի 60-ամյակն էր։ Ազատագրական պայքարի առաջին օրերից Անդրանիկի երեխան կարմիր վզկապը շպրտել էր ու եռագույնը կապել։ Դպրոցի տնօրենը, ուսուցիչները ստիպել էին, որ հանի, չէր հանել։ Անդրանիկը աղքատության մեջ էր ապրում, բայց մեծ հայրենասեր էր, դիրքեր էր գնում, զենք էր սարքում։ Մի անգամ աղջիկը եկավ, եւ տղերքի հետ միասին գնացինք մեր մարտական ընկերոջ գերեզմանին… Այնքան բան կար հիշելու։ Մեր զինագործ ընկերները՝ Անդրանիկը, Արմանը, Արմենը, Համլետը, մյուսները, նրանք բոլորը մեր ազգի սերուցքն են։ Երազում, ուզում էինք այնպիսի զենք պատրաստել, որ աշխարհը զարմանար։ Ցանկությունը շատ մեծ էր։ Եվ ես հավատում եմ՝ կգա մի օր, աշխարհը իսկապես էլ կզարմանա…

ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/05/2013