ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ
Ես մարդ եմ, բայց ո՞վ եմ ես` որպես մարդ:
Այս հարցը` հենց այս ձեւակերպմամբ, քչերին է հուզում, թեեւ շատերին է հետաքրքրում, թե ո՞վ է մարդ արարածը, եւ ինչպիսի՞ն է նա, ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել մարդուն` հարցեր, որոնց իրական պատասխանը կարող ենք գտնել` միմիայն սեփական հոգու խորքը նայելով:
Շատ հաճախ մեզ թվում է, թե խորապես ճանաչում ենք այն մարդկանց, որոնց հետ մենք շփվում են, բայց գալիս է մի պահ, երբ մեր ամենավստահելի մարդու արարքը սառը ցնցուղ է դառնում մեզ համար:
Սովորաբար մարդիկ տարբեր իրավիճակներում դրսեւորում են տարբեր վարքագիծ: Քրիստոս ասում է. «Դուք նրանց իրենց խոսքերից ու գործերից կճանաչեք», մեկ ուրիշ տեղ` «Բերանը սրտի ավելցուկից է խոսում», իսկ մեկ ուրիշ տեղ` «Մի՞թե տատասկից թուզ, կամ փշից խաղող կքաղեն»: Սրանք Տիրոջ բերանից ելած խոսքերն են` ասված նախեւառաջ մեզ համար: Դրանք խորապես ընկալելու եւ հասկանալու համար պետք է ունենանք համապատասխան վարքագիծ եւ հավատք: Շատ ավելի ջանքեր են պահանջվում մարդուց ճանաչելու սեփական անձը, քան ուրիշներին, բացահայտելու սեփական մղումների դրդապատճառները, քան այլոց կոնկրետ գործողությունները:
Եկեղեցու հայրերը հորդորում են քրիստոնյաներին ձգտել ինքնաճանաչման` որպես փրկության նախահիմք: Ինքնաճանաչման արդյունքում միայն մարդը իր մեջ կարող է հայտնաբերել արդեն հեռավոր կերպով Աստծուն հիշեցնող աղոտացած ու աղարտված այն պատկերը, որ Տիրոջ նմանությունը իսպառ կորցնելու սպառնալիքի տակ է: Սողոմոն իմաստունը ասում է. «Նմանը նմանին է գտնում»: Իրականում այդպես է, քանզի գողը արդարին ընկեր չի լինի, եւ ո՛չ էլ անբարոյականը` բարոյականին:
Հետեւելով սուրբգրային ճշմարտություններին` պարզ է դառնում, որ մենք շփվում ենք նրանց հետ, ում հետ ունենք ընդհանրություն և նմանություններ, հետաքրքրություններ, անցնելիք ճանապարհ: Ժամանակի հոգետես սուրբ հայրերը տեսնում էին մարդու ներաշխարհը ամբողջությամբ եւ աստվածատուր այդ շնորհը նրանք ձեռք են բերել մեղքից ու արատներից հրաժարվելու շնորհիվ, եւ նրանց խորհուրդն է. «Եթե դիմացինդ զուրկ է մարդկային հատկանիշներից, զգուշացիր ինքդ քեզ համար, որ նրան չնմանվես: Այդ կերպ թե՛ քեզ չես վնասի, թե՛ նրան կվերափոխես»:
Յուրաքանչյուր մեկը կարող է արժանանալ դրան, եթե հրաժարվի մեղքերից ու անիրավություններից: Եթե մարդու դեմ չարը չի պայքարում, այդ մարդուց բարի ու մաքուր մարդ թերեւս չգտնվի ողջ տիեզերքում: Սակայն իրականում բարի է այն մարդը, որը պայքարում է իր միջի բարու համար եւ չի հրաժարվում դրանից ինչ-ինչ ժամանակավոր դժվարությունների ու փորձությունների պատճառով, որոնք հարուցում է սատանան, երբ նշմարում է այդ մարդու փրկության գեթ մի փոքրիկ հնարավորություն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ողջ աշխարհը շահի, իսկ իր անձը կորցնի, այսինքն, եթե մարդը չմտածի իր փրկության մասին, մնա առանց փորձության, լինի բոլորի աչքում լավը, բարին, սակայն վերջում այրվի գեհենի կրակներում:
Աստված իրեն պատկերակից մարդուն ստեղծեց նաեւ նյութից, ինչպես կենդանական աշխարհը, որպեսզի մարդը, տեսնելով կենդանիներին, իմանա, թե ինքը ինչպիսին կարող է լինել, սակայն ճանաչելով Աստծուն` հասկանա, թե ինչպիսին պե՛տք է լինի:
Մարդուն հնարավոր չէ միանգամից եւ վերջնականապես ճանաչել. չէ՞ որ նա մարդ է: Սակայն մարդուն կարելի է միանգամից եւ վերջնականապես սիրել. չէ՞ որ նա մարդ է:
Տեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր