ՆՎԻՐՅԱԼԸ
Նորայր Քյարամի Մանուկյանը ծնվել է 1961թ. մայիսի 9-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում: Գերդաստանի արմատները հայրական կողմից սերում են Արևմտյան Հայաստանի Սասունի Կուռթեր գյուղից, 1880-ական թթ. հայտնի առաջին ֆիդայիներից` Կարմիր Իրիցու տան քաջն Արաբոից, իսկ մայրական կողմից` Մուշի Բուլանըխից: Նորայր Մանուկյանը 1979-81թթ. ծառայել է Խորհրդային բանակում, Ղազախստանի Բայկանուրի հրթիռային զորամասում: Անապատում դժվար ծառայությունից հետո վերադարձել է Ներքին Բազմաբերդ, զբաղվել տարբեր աշխատանքներով: 1988-ից արդեն Նորոյի խրոխտ ոգեշունչ երգերն ազգային-ազատագրական պայքարի ազդականչեր դարձան:
Սումգայիթի ողբերգական դեպքերից հետո նա վաճառում է Մոսկվայի իր տունը, որը ձեռք էր բերել Մոսկվայի «Մուշ» ռեստորանում երգիչ աշխատելու շրջանում, և ամբողջ գումարը` 18 հազար ռուբլի, հայրենիքի համար օրհասական պահին տրամադրում է ազատագրական պայքարի ելած ջոկատներին: 1988-ից սկսած Ազատության հրապարակից շատ տղաներ են խմբով եկել Ներքին Բազմաբերդ, գիշերել Նորոյենց հյուրընկալ, ջերմ օջախում:
1990թ. սկզբին Նորոն ազգի պաշտպան 50-60 տղաների հետ գնաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետից օրհնություն ստացավ՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանության և ԼՂՀ համար մղվող մարտական գործողություններին: 1990թ. հունվար-փետրվար` Գորիս-Կոռնիձոր, 1990թ. ապրիլ-մայիս` Վայք-Բարձրունի, 1990թ. հունիս-հուլիս` Նոյեմբերյան-Ոսկեպար, 1991թ. ապրիլ-մայիս` Շահումյան-Էրքեջ, 1991թ. հուլիս-օգոստոս` Ասկերան: Մարտական գործողությունների ժամանակ Նորայր Մանուկյանը ծանր վիրավորվել է և ստացել ծանր կոնտուզիա: Սա Նորոյի մարտական ուղու առաջին հատվածի համառոտագրումն է` ստորագրված «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, այժմ գնդապետ Կորյուն Ղումաշյանի ձեռքով:
1992-ին հանրապետության պետավտոտեսչության ուղղաթիռը վայրէջք կատարեց Նորոյենց տնամերձում, և Ներքին Բազմաբերդի բնակիչների հավաքած օգնություն ալյուրը փոխադրվեց Երևան, որտեղից էլ ԼՂ` Շահումյան: Գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը հիշում է Նորոյին Շահումյանում եղած ժամանակ: Իր անձնական «Կամազ» կողային «կրոկոդիլ» ավտոմեքենայով Նորոն 1994-ին բազմիցս ականապատված տարածքներով Աղդամ է տեղափոխել 18-ական տոննա ցորեն: Ազատամարտիկները հնձում էին Գյուլիջայի դաշտի ցորենը, և Նորոն մեքենայով հասցնում էր Չամախչի, Սարուշեն և այլ գյուղերի համայնքներ: 1994-ին Ասկերանում Նորոյի գնդի հրամանատարն էր ղարաբաղցի Արշոն (ազգանունը չի հիշում), այժմ` բարձրաստիճան զինվորական: Նորայր Մանուկյանը 19.04.1994թ. մինչև 27.07.1994թ. Թալինի զինկոմիսարիատից, Արցախում մասնակցել է եռամսյա վարժահավաքներին:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանով ՆՈՐԱՅՐ ՔՅԱՐԱՄԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ պարգևատրվել է «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով, Վազգեն Սարգսյանի հրամանով 1992-1994թթ. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 12.09.2012 թ. հրամանով «ԾՈՎԱԿԱԼ Հ. Ս. ԻՍԱԿՈՎ» մեդալով: ՀՀ Ազատամարտի վետերանների միության անդամ է:
Նորոյի և իր քրոջ` շնորհաշատ Ծովինարի հետ ծանոթացա 1995-ին` հիվանդանոցում, որտեղ ծանր վիրավոր ազատամարտիկների և ընդհանրապես հաշմանդամների համար գործում էր հանրապետությունում առաջին սոցիալ-մշակութային վերականգնողական սրահ, որը հետագայում կոչվեց «Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ» ընկերային-մշակութային կենտրոն: Նրանց հմայիչ երգերը ոգեշնչում, վերականգնում են տկարացած մարդկանց ուժերը: XX դարի վերջին ազգագրական երգի-պարի միջազգային փառատոնի օրերին նրանց ծափահարել են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, Ռումինիայում, Հունգարիայում, Ադրիատիկ ծովի Կռք կղզում, Գերմանիայում:
Մինչդեռ Նորոն այսօր տխուր է: Սիրտն ահավոր դառնացած է արտագաղթից: Իր ստեղծագործ ձեռքերով, տարիներ շարունակ, կառուցում է սեփական տունը, որը չի կարողանում առայժմ ավարտին հասցնել: Ամուսնացած է, ունի ժրաջան կին, գեղեցկուհի դուստր և որդի` Արաբոն, որը ծառայել է Մեղրիում տեղակայված Ռուսական սահմանապահ զորքերում, սովորել է Մովսես Խորենացու անվան համալսարանում: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող Նորոն պիտի գնա Ռուսաստան աշխատելու…
Սերժ Ղազարյան, «Գոյամարտ» միության ու «Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի» նախագահ. – Նորայր Մանուկյանին ճանաչում եմ 1988թ. շարժման օրերից, երբ արդեն ձևավորվում էին մարտական ջոկատները, և նա ներգրավվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմում: Նա մարդ է, որի երակներում հոսում է տաճկահայի գենետիկ ոխն ընդդեմ այն բարբարոսների, որոնք ցեղասպանություն են իրականացրել, գրավել Արևմտյան Հայաստանի տարածքները: Նորիկն ու Նորիկի նման նվիրյալները ոչ միայն իրենց անձնական մասնակցությամբ, այլև ոգեղեն որակներով կարողացան ոգեշնչել հազարավորների: Շատ ուրախ կլինեի, եթե Նորոյի նման տղաները մեր օրերում իրենց արժանի տեղն ունենային: Նորի՛կ, «Հայոց Աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի» և «Գոյամարտ» միության 1991-95 թթ. հազարավոր տղաների անունից շնորհավորում եմ ծննդյանդ օրը: Ցանկանում եմ անձնական երջանկություն և հարկ եղած դեպքում, վստահ եմ, դու միշտ կանգնած կլինես հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում:
Գառնիկ Մարգարյան, ՀԽՍՀ տրանսպորտի ներքին գործերի վարչության, ՀԽՍՀ հասարակական կարգի ապահովման ներքին գործերի գլխավոր վարչության նախկին պետ, «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության և «Հակակոռուպցիոն» ՀԿ նախագահ. – Ես շատ ջոկատների հետ եմ կապ ունեցել: Շատ լավ գիտեմ «Մեծն Տիգրանի» համարյա բոլոր ջոկատների հրամանատարներին: Նորայր Մանուկյանը համեստ ու զուսպ մարդ է` հայկականության տիպար: Մարտական գործողություններից հետո, երբ հանգստանալ էր պետք, 1-2 օրով վերադառնում էինք եւ երկրի ներսում կարգ ու կանոն պահպանում: Ներքին գործերի համակարգը փլուզված էր, բաժինների վրա էին հարձակվում, թալանում զենքը, մարդկանց ունեցվածքը, տրանսպորտը: Իսկ Նորոն ու իր նմաններն ինձ օգնում էին, որ հանկարծ պահակակետի վրա հարձակում չլինի: 1991-ի սկզբին Կոռնիձորում Նորոն լուրջ վիրավորվեց, նույնը կրկնվեց Ասկերանում, 1993-94-ի մարտերին, ինչպես նաև Աղդամում նրա ակտիվ մասնակցությունը հայտնի է: Նորոյի ստացած կոնտուզիան ու ստացած վնասվածքները ծանր հետևանքներ են թողել մինչ օրս, բայց, փառք Աստծո, ոտքի վրա է: Խնդիրն այն է, որ նրա և նրա նմանների նկատմամբ ավելի հոգատար պետք է լինել: Նորոյին ցանկանում եմ առողջություն, ոգու ամրություն, ազնիվ, ինչպես եղել է, կա»:
Կորյուն Ղումաշյան, «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, «Արծիվ-9» գումարտակի հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ, – Նորայրն իր բոցաշունչ երգերով ոգի էր տալիս ամբողջ ֆիդայական աշխարհին: Նա աստղով տղա է, Թալինի իմ ջոկատից: 1990թ.-ի փետրվարի 15-ին, իմ ծննդյան օրը, մեծ նվեր եղավ ինձ համար. Ընդունվեց «Մեծն Տիգրան» գնդի հռչակագիր-ծրագիրը, որում մասնավորապես ասված է՝ «Մեծն Տիգրան գնդի մարտիկները չպետք է լինեն որևէ կուսակցության կամ քաղաքական կազմակերպության անդամ… երդվում են մարտական սուրբ դրոշի և Ավետարանի առաջ ներդնել հոգևոր, մտավոր, ֆիզիկական կարողությունները, բարոյական ու կամային հատկանիշները հայ ժողովրդի գոյապայքարի սուրբ գործին»: Տեղի ունեցավ նաև դրոշի օծման և երդման արարողությունը: Հիշարժան էր կնունքի մեծ արարողությունը 1990-ի սկզբին Սարդարապատի հերոսամարտի զանգաշտարակի մոտ: 350 ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների սուրբ կնունքի խորհուրդը կատարվեց Արմավիրի Բամբակաշատ գյուղի եկեղեցու հոգևոր հովվի` արժանապատիվ տեր հոր ձեռամբ: Մի քանիսի կնքահայր դարձավ նաև Նորոն: Եվ այդ օրվանից նրան կոչեցին Քավոր Նորո: Խնջույքը կազմակերպեցինք Արմավիրի Մրգաշատ (Գեչռլու) գյուղի դպրոցի սպորտդահլիճում: Պահպանվել է այդ գեղեցիկ օրվա տեսաժապավենը՝ Նորոյի երգերով: Նորոյի հետ ծանոթացել էի Թալինի քարհանքերից պայթուցիկ բերելու օրերին, այնուհետև` Քարակերտի 100մմ-ոց հակակարկտային «Գրադ» կայանքներն էինք միասին փոխադրում: Հիշում եմ Նորոյին, Լուսահոգի Սոսի ու տղերքից մի քանիսի հետ բեռնատարով տարբեր տրամաչափի փամփուշտներ տեղափոխելիս: Մի անգամ լայնածավալ հարձակման ժամանակ ընկանք ուժեղացված կրակի տակ: Մի պահ բոլորս պառկեցինք, հարձակումը կանգ առավ: Հիշեցի Նորոյի երգն ու հրամայեցի. «Սասունցինե՛ր, Սասնա երգերից երգեք»: Առաջինն աշնակցի Գոգոն սկսեց: Այդ ժամանակ Նորոն մեզ հետ չէր: Ասացի. «Նորոյի՛ պես երգեք»: Ու երգելով էլ ազատագրեցինք Հայոց մի հողակտոր ևս:
Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի երգիչ Նորո: Ցավդ ես լավ գիտեմ: Դա միայն մարտերում ստացած վերքերը չեն: Հիմնականը հոգու վերքերն են … Իսկ դու էն տղեն ես, որ կարող ես հոգիդ կոնտրոլի տակ պահես… Մենք հիասթափվելու իրավունք չունենք:
♦♦♦
Անքուն գիշերներին Նորոն հաճախ է գնում մերձակայքում գտնվող Ներքին Բազմաբերդի համայնքի դեռևս կիսակառույց մնացած եկեղեցին, երազում այն գործող տեսնել: Մոմ է վառում ու անցած պատերազմի օրերը հիշում. «4-5 տարվա ընթացքում ինչ ասես տեսեր իմ: Ամիսներով չէինք քնում: Ընգեր ինք էղե, հարգեր ինք իրար, մեր հողի համար կածեր ինք, գռվե ինք: Վըրու մեռերը հազար փա՛ռք ուրին»:
♦♦♦
Տեր Աստված մեզ շնորհել է դարերից եկող հերոսամարտերի հաղթանակների մայիս և հայրենյաց նվիրյալ զավակներ: Փա՜ռք Տիրոջը:
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ»
ընկերային-մշակութային կենտրոնի հիմնադիր տնօրեն