Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՌՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ



Երբ առաջին անգամ տեսա Գևորգ Մերջանյանի կտավները, հեղինակի հետ ծանոթանալու մեծ ցանկություն ունեցա: Սարյանական գույների, Մինասի խոհականության, Վան Գոգի վերացարկումների և Մերջանյանական ինքնատիպության ներդաշնակ համադրությունը նրա նկարները դարձնում են արտահայտիչ, ազդեցիկ ու հուզական: Նրա գույները վառ են, բայց թեթև, խորիմաստ, բայց ոչ պարտադրող: Գևորգ Մերջանյանը ճշմարիտ ապրումի նկարիչ է: Ու ես կմեղանչեի մասնագիտական պարտքի առաջ, եթե չփորձեի գտնել այս խորապես ազգային, միևնույն ժամանակ անպարագրելի ու տարողունակ հույզերի ակունքը ու մեր ընթերցողին չծանոթացնեի արմատներով տարսոնցի բեյրութահայ նկարիչ Գևորգ Մերջանյանի հետ ու չպատմեի նրա կյանքի դրամատիկ, բայց կամքով ու լավատեսությամբ լեցուն պատմությունը:

-Պապերս Տարսոնից են: Լիբանան են եկել Մեծ Եղեռնից մի քանի տարի առաջ, սակայն, այդուամենայնիվ, Մերջանյանների ընտանիքը չկարողացավ խուսափել յաթաղանից: Կարապետ պապս շատ էր պատմել Տարսոնի մասին: Ասում էր` Տարսոնի բնակիչների 85-90 տոկոսը հայ էին, հույներ ու հրեաներ էլ կային ու շատ սակավ` թուրքեր: Ասում էր` Տարսոնի մարդիկ ուսյալ էին, ուսումնատենչ, և Տարսոնում երեք համալսարան կար: Տարիներ անց, երբ պապս արդեն չկար, իմ հոգում պատկերներ արթնացան` գենի հիշողությամբ, գուցե պապիս պատմությունների տպավորությամբ:

Հորս կորցրի, երբ դեռ տակավին մանուկ էի: Ինձ ու երկու քույրերիս մայրս է խնամել: Նա Անթիլիասի վանական դպրոցն էր ավարտել և մեզ փոխանցեց իր հոգևոր գիտելիքները ու մանավանդ` ազգային դաստիարակությունը:

-Իմ պատանեկության տարիներին Լիբանանում 350 – 500 հազար հայ էր բնակվում: Հայկական համայնքը շատ զորավոր էր, կազմակերպված, ազգամետ: Մինչև հինգերորդ դասարանը հայկական դպրոց եմ հաճախել, հետո (հանգամանքների բերումով) տեղափոխվել եմ արաբական դպրոց, բայց ընտանեկան դաստիարակության և ուսումնառության 5 տարիները հայկական դպրոցում բավական էին, որ ինքս ինձ հայ զգամ ու կապվեմ իմ հայկական արմատներին և իմ ակունքին:

-Իսկ նկարչությու՞նը: Եր՞բ և ինչպե՞ս ծնվեցին առաջին գույները, գծերը:

-Իմ ընտանիքում, շրջապատում նկարիչներ չկային, բայց ես նկարում էի: Երևի ի վերուստ էր տրված: Ու կյանքս գուցե բոլորովին այլ ընթացք ունենար, եթե չլիներ ճակատագրական դիպվածը: Տասնյոթ տարեկանում պատահած ավտովթարը ինձ գամեց անդամալույծի սայլակին: Աջ ձեռքս նույնպես վնասվեց, ես որոշել էի ապրել ու կառչեցի կյանքին, փորձեցի նկարել ձախ ձեռքով: Սկզբում սարսափելի դժվար էր, վրձինը չէր ենթարկվում: Իմ ջանքերը գերմարդկային էին, աշխատում էի առավոտից իրիկուն, փորձում էի հնազանդեցնել ձախ ձեռքս…

-Գևորգ, մի՞թե կյանքին կառչելու միակ ճանապարհը ձախ ձեռքով նկարելն էր:

Ես զարմանքով կարդացի, որ Դուք ուժ եք գտել Ձեր մեջ շարունակելու ուսումը բուհում և ստանալու նկարչական բարձրագույն կրթություն:

– Ես ուզում էի խոսել աշխարհի հետ: Երբ իմ նյութական աշխարհը ամփոփվել էր առանձնասենյակիս չորս պատի մեջ, որտեղ անցնում էին օրերս ու տարիներս (մինչդեռ իմ ներքին աշխարհի ծավալները ընդլայնվում էին օր օրի), ես ինքնարտահայտվելու ու մարդկանց հետ խոսելու փափագ ունեի:

Ավտովթարից մի քանի տարի անց արդեն Թորոս Ռոսլիի անվան համազգային համալսարանի ուսանող էի, քանդակի դասեր էի առնում երջանկահիշատակ Ալեք Քոչարյանից և գունանկարի դասեր` սիրելի Լավրենտի Աղասյանից: Այս երկու մարդիկ ահռելի դեր են խաղացել իմ կյանքում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրանք նկատեցին իմ տաղանդը և ասացին, որ, եթե բնատուր օժտվածությանը հավելեմ աշխատասիրություն, շնորհալի նկարիչ կդառնամ: Ամենակարևորն այն է, որ նրանք օգնեցին ուժեղ զգալու ինքս ինձ: Նրանք ասացին, որ տղամարդկությունը ու առնականությունը բազկիդ ուժի մեջ չէ, այլ հոգուդ ու սրտիդ: Նրանք համոզեցին, որ մեկ ձեռքով էլ կարելի է արարել, ստեղծել ու պիտանի լինել, առանց տրտունջների ու հուսալքության:

-Ձեր գույները վառ են, թեթև, բայց ինչ-որ տիեզերական թախիծ կա Ձեր բոլոր նկարներում, նույնիսկ գույնզգույն ծաղիկների մեջ, բնապատկերների:

-Ես վառվող գույների նկարիչ եմ, որովհետև և՛ իմ ցավն է անպարագիծ և՛ իմ հրճվանքն է անկասելի: Ես հայ նկարիչ եմ` ուժեղ ապրումի և առեղծվածային խորության ազգային-ժառանգական նկարագրով:

-Ձեր բնապատկերներում ծանոթ ու սիրելի վայրեր, թաղամասեր տեսա:

-Ես երբեք չեմ եղել հայրենիքում, բայց շատ են ասել, որ իմ կտավներում «գտել են» իրենց տունը, քաղաքը, սարը, որովհետև իմ գույներն ու մտածողությունը շեշտված ազգային են, և հայկականության կնիք կա իմ բոլոր նկարների վրա: Իմ երկխոսությունն աշխարհի հետ հայերեն է:

-Եվ ո՞րն է այդ երկխոսության գլխավոր թեման:

-Ես ասում եմ` սիրով ու ջերմությամբ լցրու քո և կողքիդ մարդու միջև ընկած տարածությունը: Ես նկարում եմ մարդու ներաշխարհը: Իմ կտավների վրա ամեն ինչ կա` ցավ, ուրախություն, երազանք, հուսահատություն, և ասում եմ` միայնակ մի՛ եղիր, մարդը նույնիսկ իր երջանկությունը միայնակ «տանել» չի կարող:

Ես բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել Լիբանանում, սակայն բոլոր արտերկրյա հրավերները մերժել եմ հասկանալի պատճառով:

Սակայն մի օր հայրենիքում ցուցադրվելու երազանքից չեմ հրաժարվել:

-Սիրելի՛ Գևորգ, հուսամ՝ մի օր կհանդիպենք Հայաստանում: Կարծում եմ` հայրենիքի ֆիզիկական ներկայությունը է՛լ ավելի կզորացնի քո ուժեղ հոգին, ու քո գույները կդառնան ավելի պայծառ ու տաք:

-Վստահաբար: Ես հայրենիքով եմ ապրում: Ճակատագրի բերումով օտար ափերում բախտ որոնող յուրաքանչյուր հայ հայրենիքից է առնում իր ուժը: Հիշում եմ` Արցախյան պատերազմի օրերին ժամերով քարանում էինք հեռուստացույցի մոտ, որ մի լավ լուր լսենք: Հիշում եմ մեր հրճվանքը, երբ պատերազմը ավարտվեց հաղթանակով, ու Արցախն ազատագրվեց:

Մեծ-մեծ երջանկություն է զենք առնել ու կռվել հայրենիքիդ ազատագրության համար: Առավել մեծ երջանկություն է կանգնել սեփական ազատ ու անկախ հայրենիքի սահմանին ու պաշտպանել սեփական հողը: Ես զրկված եմ եղել այդ երջանկությունից: Բայց կա մի մեծ բարեբախտություն յուրաքանչյուր հայի համար` մեր Տունը կանգուն է, ու մենք ենք մեր Տան տերը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Բանակ և հասարակություն


30/05/2013