Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԵՐԹ, ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ



Վերջին զանգի տոնակատարությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում նշվեց Վերջին զանգը: Ուսումնառության գործընթացը ամփոփեցին նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանի ավարտական դասարանի սաները, տոնական համազգեստ հագած, կանգնել էին շարքում: «Հավսա՛ր, զգա՛ստ» հրահանգից հետո նրանք դիմավորեցին պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, երգեցին Հայաստանի Հանրապետության հիմնը եւ ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որ ձեռք են բերել ուսման ընթացքում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյան. «Մեր կրթօջախն այս երեք տարիների ընթացքում դարձավ ձեզ համար երկրորդ տուն, ամուր հենասյուն, ձեր ձեւավորման ճանապարհին դաստիարակեց պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր հայրենիքի նկատմամբ: Դուք կրթվեցիք հաղթանակած երկրում: Եվ վարժարանի անձնակազմը ձեր մեջ սերմանեց ու ձեւավորեց մարդասիրություն, բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներ: Դուք առիթ ունեցաք ոչ միայն մասնակցելու 20-ամյա անկախ Հայաստանի Հանրապետության փառահեղ զորահանդեսին, այլեւ պատիվ ունեցաք բացելու այդ զորահանդեսը` առաջինը մուտք գործելով Հանրապետության հրապարակ: Ձեզանից շատերը մասնակցեցին նաեւ ազգային բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Արդեն երրորդ անգամ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած Պատանի հայրենասերների միջազգային հավաքին գրավեցիք առաջին պատվավոր տեղը` մեր երկրի սահմաններից դուրս վեր բարձրացնելով Հայաստանի Հանրապետության եռագույնը: Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողության ժամանակ ձեզ վստահվեց նրան ուղեկցել «Եռաբլուր» պանթեոն: Ու թեեւ Վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այն նաեւ խորհրդանիշ է նոր հեռանկարների եւ հորիզոնների ու այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի, որը կարտահայտվի ձեր կայացրած որոշումներում: Կյանքի նոր փուլ մտեք գլուխներդ բարձր, հպարտ ու հաստատակամ, վարժարանի շրջանավարտին վայել` բարձր պահելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի պատիվը:

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ»:

Ռազմամարզական վարժարանի այս տարվա շրջանավարտների 95 %-ը կդիմեն ռազմաուսումնական հաստատություններ:

Վարժարանի սան Ռաֆայել Սահակյանն էլ հիշում է իրենց համար խորհրդավոր այն օրը, երբ կանգնել էին այդ նույն շարահրապարակում` մի փոքր կաշկանդված ու շփոթված. «Հիմա շատ բան է փոխվել, փոխվել ենք եւ մենք, դարձել ավելի լուրջ ու պատասխանատու: Այստեղ միայն հասկացանք, թե որքան շատ բան է պետք սովորել, որպեսզի հայոց բանակին զինվորագրվելու մեր երազանքն իրականություն դառնա, որին հասնելու միակ ճանապարհն անդադար աշխատելն է ու սեփական ոգին ամուր պահելը: Մենք երախտապարտ ենք վարժարանի հրամանատարությանը, մեր սիրելի մանկավարժներին»:

Ծնողներից Անահիտ Ղազարյանը համոզված է, որ իր որդին` Աբրահամը, եւ վարժարանն ավարտած նրա ընկերները կերտելու են լուսավոր ու հզոր պետություն. «Հպարտացեք, հա՛յ մայրեր, որ որդիներ եք պարգեւել հայոց աշխարհին: Նրանք պիտի բարձր պահեն Նժդեհի եւ Անդրանիկի, Մոնթեի ու բոլոր այն հերոս տղաների հիշատակը, որոնք նահատակվեցին հանուն մեր հայրենիքի»:

Երկվորյակ եղբայրներ Տիգրան եւ Տարոն Ենգոյանները ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռք են բերել զինծառայության համար համապատասխան հմտություններ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են սպայի հերոսական մասնագիտությանը տիրապետելու համար, հերթը փոքրինն է` Գեւորգ Ենգոյանինը:

Մոնթեականները պարեցին ավարտական վալսը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/05/2013