Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ



Հերթական զորակոչին ընդառաջ ՀՀ ՊՆ-ի և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների, ՊՆ Տ և ՀԿ վարչության, հանրապետական զինկոմիսարիատի ներկայացուցիչների, զինակոչիկների, նրանց հարազատների մասնակցությամբ մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են իրավախորհրդատվական միջոցառումներ, որոնց նպատակն է ավելի սերտացնել բանակ-հասարակություն կապը։

-Նախ՝ կարևոր է, որ զինակոչիկն ու նրա ծնողը իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները պետության առաջ, և պետությունն էլ, ի դեմս պաշտպանության նախարարության, սկզբնաղբյուրից լսի զորակոչի հետ կապված նրանց հուզող հարցերի պատասխանը,- մեզ հետ զրույցում ասաց հանրապետական զինկոմիսարիատի ՀԿ և ՌՀՄԿ հասարակայնության հետ կապերի իրականացման բաժանմունքի պետ, մայոր Արեն Սարգսյանը։

Միջոցառման շրջանակներում մեկնարկային երկու հանդիպումները անցկացվել էին Գյումրիում և Վանաձորում, ինչից էլ տպավորված էին կազմակերպիչները։

-Գյումրիում հանդիպումը անցավ անկեղծ աշխատանքային մթնոլորտում, իսկ առավել շատ տպավորած եմ վանաձորյան հանդիպումից, երբ զինակոչիկներն ու նրանց ծնողները բառիս բուն իմաստով հարցախեղդ արեցին իրավասու անձանց։ Գրեթե չորս ժամ տևած հանդիպումից բոլորն էլ դուրս եկան գոհունակությամբ։ Հանդիպման ժամանակ բարձրացված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, իսկ զինակոչիկների հարազատներն էլ իրենց խոսքում կարևորեցին նմանատիպ միջոցառուների անցկացման անհրաժեշտությունն ու կարևորությունը,- ասաց Զարգացման ծրագրերի Հայկական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը։

Երրորդ հանդիպման վայր էր ընտրվել Աբովյան քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցը: Ցավոք, տարածքային զինկոմիսարիատը տանտիրոջ պահվածք չդրսևորեց և գրեթե ոչինչ չէր արել միջոցառման նշանակությունը կարևորելու իմաստով։ Ինչու, որովհետև հանդիպումն անցավ կիսադատարկ դահլիճում, ինչը հարուցեց ոչ միայն մեր` լրագրողներիս, այլեւ նախաձեռնողների ու կազմակերպիչների զարմանքը։ Նման վիճակը ինչպե՞ս որակել, եթե ոչ առաջին հերթին տարածքային զինկոմիսարիատի իմիջիայլոց վերաբերմունք, այն էլ այն դեպքում, երբ նման միջոցառումների նպատակներից մեկն էլ որոշ չափով զորակոչը, զինկոմիսարիատի առանց այդ էլ դժվարին ու պատասխանատու աշխատանքը դյուրին դարձնելն է։

Զորակոչի հետ կապված իրավախորհդատվական այս միջոցառումը նույնպես անցավ հարց ու պատասխանի ձևով։ Հավաքված փոքրաթիվ ծնողների ու զինակոչիկների հարցերը հիմնականում առնչվում էին առողջական խնդիրներին և զորակոչային բժշկական հանձնաժողովի աշխատանքներին։ Միայն ապագա զինակոչիկի ծնողի բարձրացրած մեկ հարց վերաբերում էր իր որդու ոչ շարային ծառայության պիտանի լինելուն։

Պատասխանելով հարցին` մայոր Արեն Սարգսյանը ասաց. «ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով այլևս գոյություն չունի պիտանի և ոչ պիտանի շարային ծառայություն հասկացությունը։ Այժմ գործում է ծառայությանը սահմանափակումով պիտանի լինելու դրույթը` կոնկրետ առողջական խնդիրներ ունենալու դեպքում միայն»։

-Երեխաս ունի մաշկաբորբ, ժամանակին չենք հետևել, դարձել է քրոնիկ, ի՞նչ է լինելու նրա ճակատագիրը,- հանդիպման ժամանակ հարցրեց զինակոչիկի մայրը։

– Իսկ ինչո՞ւ չեք հետևել,- հարցին հարցով պատասխանեց մայոր Սարգսյանը։- Իսկ ինչու չեք մտածում, որ բժիշկներն էլ, և ոչ միայն, շատ լավ հասկանում են, որ նման դեպքերում հենց ծնողները, որ պետք է նախանձախնդրություն հանդես բերեն և իրենց երեխայի առողջությամբ մտահոգ առաջինը դիմեն համապատասխան մասնագետին և կանխեն օրեցօր զարգացող հիվանդությունը, շատ հաճախ անտարբերություն են դրսևորում, գուցե չհասկանալով, կամ էլ, ինչու չէ, գիտակցված, որպեսզի վաղը իրենց երեխային ազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս դեպքում համապատասխան հանձնաժողովները կտան իրենց եզրակացությունը, բայց որ դուք էլ այս հարցում ձեր մեղքի մեծ բաժինն ունեք, երբեք չկասկածեք,- պատասխանեց հանրապետական զինկոմիսարիատի ներկայացուցիչը։

Հ.Գ. Նշենք նաեւ, որ դպրոցի խորհրդատվությունների համար նախատեսված փոքրիկ դահլիճը այդպես էլ կիսադատարկ մնաց, իսկ Աբովյանի տարածքային զինկոմիսար, գնդապետ Ա. Ուլիխանյանն էլ միջոցառումը սկսվելուց հինգ րոպե անց, ինչ-որ հեռախոսազանգից հետո, լքեց դահլիճը՝ այնտեղ թողնելով զինկոմիսարիատի մի քանի աշխատակիցների, որոնք դահլիճում էին ծնողի կարգավիճակով, և որոնց բերանից մեկ հարց չհնչեց։ Իմ խորին համոզմամբ, ծնողը նման պատեհ առիթը երբեք բաց չի թողնի զորակոչի հետ առնչություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձից պատասխան պահանջելու համար։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Բանակ և հասարակություն


30/05/2013