Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԵՐԸ ԾԱՆՐ ԵՆ ՅՈՒՐՈՎԻ



«Եթե մեկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից»: (Մատթ. 16: 24)

Խաչը նպատակի ճանապարհին հաղթահարված խոչընդոտները չեն, այլ սխալ արված քայլերի եւ դրանք շտկելու անհրաժեշտության գիտակցությունը. որքան այն բարձր է, այնքան ծանր է խաչը: Խաչը մեր ոտքերի տակ չէ, այլ մեր ուսերին:

Խաչը ինչ-որ բան ձեռք բերելիս մեր տարած դժվարությունները չեն, այլ` ունեցածը պահելու եւ կորցրածը ետ բերելու մեր ջանքերը, որոնք մեծ են այնքան, ինչքան թանկ է ունեցածը կամ կորցրածը. Խաչը միշտ մեզանից անբաժան է:

Շատ քրիստոնյաներ խաչ ասելով հասկանում են իրենց կյանքում ունեցած դժվարությունները, իրենց կյանքը` խաչակրություն, ապրելը` հաղթանակ: Սակայն նրանք շատ հազվադեպ են անդրադառնում իրենց կյանքի ճիշտ կամ սխալ ընթացքին, լավ կամ վատ որակին, իմաստին ու նպատակին: Քրիստոնեության մուտքն է նեղ դուռը` մկրտությունը` մեր խաչի հանձնառությունը, որին հետեւում է նեղ ճանապարհը` խաչակրությունը:

Խաչի պատմության մեջ ամենաառեղծվածային անձը, թերեւս, համատեսական երեք Ավետարանների հեղինակների կողմից նկարագրվող Սիմոն Կյուրենացին է, որի մասին ասվում է, թե կրեց խաչը մինչեւ Գողգոթա, իսկ Հովհաննես Աստվածաբան Ավետարանիչը պնդում է, որ Տերն ինքն է կրել խաչը, մինչդեռ Սիմոնի մասին լռում է: Նրա մասին պատմող Մատթեոսի Ավետարանի մեկնիչներից մեկը` Հովհաննես Ծործորեցին, այդ դրվագը մեկնաբանում է այսպես. «Ինչպես իշխաններն իրենց զենքը սպասավորներին են կրել տալիս մինչեւ պատերազմի դաշտ, եւ ապա իրենք են, մարմնով կրելով, մարտնչում. նույն կերպ էլ Տերը վարվեց: Նաեւ` սա պատահականություն չէր, այլ Աստված կամեցավ, որ սպասավորեն Քրիստոսի խաչելությունը. այդ պատճառով էլ գտան Ալեքսանդրի եւ Ռուփոսի հայր Սիմոնին, որը հանդից էր գալիս, եւ նա կրեց խաչափայտը, իսկ հետո Հիսուս Ինքը վերցրեց այն, ինչը նշանակում է հետեւյալը. ովքեր մարմնով խաչ են վերցնում` գնալու Նրա հետեւից, վերջում Նա, այդ խաչն Իր վրա վերցնելով, թեթեւացնում է կրողի բեռը եւ, վշտերից ազատելով, հանգիստ պարգեւում»: Այսինքն՝ Սիմոնի սպասավորությունը Տիրոջ խաչակրությանը մի հիշեցում է մեզ այն մասին, որ Տերը ոչ միայն մեզ համա՛ր, այլեւ, ի վերջո, մեր փոխարե՛ն խաչվեց:

Խաչի խորհրդից փախչողները Քրիստոսի թշնամիներն են, խաչի խորհուրդը անարգողները` սատանայի ակնհայտ բարեկամները: Խաչի ուղղահայաց մասի ստորին մակարդակին գտնվում է մարդու եսը, վերին մակարդակի վրա` Աստված, իսկ նրանց միջեւ` մյուսների եսերը: Եթե մարդը կամենում է բարձրանալ Աստծո մոտ, պետք է նախ թողնի իր եսը, թեեւ կան մարդիկ, որ փորձում են առ Աստված տանող ճանապարհը անցնել` այդ ծանր բեռը ուսած: Բարձրանալով վեր` նա նախ կհասնի մարդկայնության մակարդակին, կամ, որ նույնն է, կսկսի իր շուրջը նկատել իր սեփական եսից տարբեր եսեր: Որոշ մարդիկ հենց այդ մակարդակի վրա էլ մնում են, քանզի հեշտ է կերակրվել մարդկանց կարծիքներից աճած պատրանքներով: Բացի դրանից, այդ մակարդակի ցանկացած կետում ներքեւում մնացած սեփական եսը միշտ տեսադաշտում է գտնվում:

Բայց կան եւ խիզախ մարդիկ, որ հորիզոնական մակարդակն էլ թողնում եւ բարձրանում են ավելի վեր, հասնում են Աստծուն եւ միայն այդժամ են ճշմարտապես հասկանում, որ խաչի ճանապարհը Աստծուն հասցնող միակ ճիշտ ուղին է: Այսուհետեւ նրանք միշտ իրենց կողքին ունենում են Աստծուն, ներքեւ նայելիս նկատում են իրենց եսից տարբեր եսերին, իսկ իրենց եսը ամենավերջում է, որ նկատում են:

Սերը անմնացորդ նվիրում է: Ճշմարիտ սերը լինում է միայն խաչի տեսքով: Սիրել նշանակում է մասամբ կամ ամբողջությամբ իբրեւ նպատակ ունենալ նրան, որին սիրում ենք: Եթե սիրում ենք մարդկանց, ցանկանում ենք, որ նրանք գնան առ Աստված, եթե սիրում ենք Աստծուն, ցանկանում ենք գնալ առ Նա:

Աստծո ամենամեծ ձեռքբերումը այն չէ, որ Նա կարողացել է մարդ ստեղծել, այլ որ կարողացել է Նրանց համար Խաչվել եւ նրանց Իր Սրտի ամբողջ ուժով սիրել: Մարդը խաչակերպ է եւ աստվածակերպ է, Աստված Սեր է, խաչը սիրո պատվիրանն է: Խաչը կողմնացույց է դեպի Սերը: Քրիստոս մարմնացավ, մարդացավ, հանձն առավ Խաչը, պարզապես, որպեսզի Իր սեփական օրինակով ապացուցի ու հավաստի, որ մարդը ծնվել է Աստծուն սիրելու եւ Նրանից սիրվելու համար:

Մարդու համար Աստծո պատրաստած նպատակը ենթադրում է, որ մարդը պետք է լինի տիեզերքի ամենաուժեղ արարածը, ուժեղ` Քրիստոսի Խաչով ու Հարությամբ:

Տեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա
ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Հոգևոր-մշակութային


06/06/2013