Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԳՈՒԶԻՄ ԷՐԹԱՄ ՍԱՐՆ Ի ՍԱՍՈՒՆ…»



Նվիրվում է Արցախյան հերոսամարտում զոհված Կայծեր Շեկիկյանի ծննդյան 42-րդ տարեդարձին

Սարգիս Շեկիկյանի այգում բարդու կատարին արագիլն իր բույնն էր նորոգում, իսկ բակում Սարգսի որդի Կայծերը՝ իր մարզական հեծանիվը: Փորձելով հիշել խառնիճաղանջ երազի մանրամասնությունները` երգում էր «Գուզիմ էրթամ սարն ի Սասուն, ճամփա չկա, դուռն է փակ»: Սակայն ամենևին էլ չէր վհատվում, թե Էրգրի դուռը փակ է` ավելի ուժգին խփելով մարզական հեծանիվի անվադողին, որովհետև «Աստված է այդ դուռը բացելու»:

Քիչ անց օջախի մոտ ջուր տաքացնող մորը ձայնեց.

-Մա՛, մեջ իմ երազին տեսա Սասունցի Դավիթ էգավ, կայնավ մըր շեմին, տվեց իմ անուն, էլա դուրս, հանեց Թուր Կեծակին, Խաչ Պատերազմին, մեկ լե Քուռկիկ Ջալալին տվեց ինձ ու ինք գնաց…

-Ու՞ր գնաց,- ուշադրությամբ կլանելով որդու ասածը` հարցրեց Ալմաստը` Կայծերի մայրը:

-Գնաց դեպի արևելք… մեջ ամպերուն բարձրացավ… դեպի արևելք…

– Քոռանամ քըզի, Կայծե՛ր, բայց դու տասնչորս տարեկան իս,- շշնջաց սիրտը տակնուվրա եղած մայրը:

Կայծերը սարքում էր հեծանիվի անվադողերը` միաժամանակ ավարտելով երգի` «Երնեկ երազով տեսնեի մըր պապերու շեն Էրգիր» վերջաբանը:

-Չէ՛… Իսկականից պետք է տեսնինք մըր պապերու շեն էրգիր,- վճռեց սասունցու արյունը երակներում խլրտացող պարմանին… Իսկականի՛ց…

♦♦♦

…Իսկ ո՞վ կմտածեր, որ ապրելու ապրիլը իր մեջ է ընդգրկել նաև Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում 1971 թ.-ի ապրիլի 1-ին ծնված Կայծեր Շեկիկյանին: Նա մտավ ճակատագրական քառուղի և որոշեց Դավթի բեկբեկուն ու հաղթական ճակատագրից իր պատառն առնել:

Արցախյան գոյամարտն արդեն իսկ հուշում էր նրան, որ եկել է ժամը պապերի կորցրած էրգրի վրեժխնդրության:

Լինել-չլինելու հարց էր: Մեկնեց Արցախ` հաղթանակած վերադառնալու պայմանով: Չմոռացավ նորահարս կնոջը` Նունեին պատվիրել. «Եթե ուշանամ, որդուս անունը Անդրանիկ կդնես»: Մորն էլ պատվիրեց, որ չմտածի իր մասին, այլ վայելի թոռների բերկրանքը:

Հայրենիքի հանդեպ նրա անափ սերը, նահատակված պապերի դառը հիշատակը Կայծերին մղեց մարտի:

Ճակատագիրը սովորական բառ չէր բնիկ սասունցի Սերոբի թոռ Կայծեր Շեկիկյանի կյանքում: Ծնվել էր` ի մխիթարություն պապենական տան վերքի, ծնվել էր` լրացնելու Սասունի Գուսգետ գյուղի մանկանց շարանի բացը: Ճակատագրով պարտադրված մի օրենք է գործում Էրգրացիների կյանքում: Յուրաքանչյուր տուն իր սահմանապահ արծիվն ունի: Կաքավաձորցի Սարգսի հարկի տակ էլ ընտրյալի գիրը բաժին հասավ նախավերջինին` Կայծերին: Բռնեց Արցախ տանող ճանապարհը` մտքով հասնելով մինչև Սասուն:

Քսաներեքամյակը նշեց զինակից ընկերների հետ, Շորբուլախում: Ընկերները ոչ միայն սիրում էին նրան, այլև վստահում իրենց զենք ու զրահի, տանկի նորոգման աշխատանքները: Ծառայած լինելով խորհրդային բանակում` վարպետորեն տիրապետում էր կարատե մարտարվեստին:

Կայծեր Շեկիկյանի վերջին տարեդարձը կրկնակի տոն դարձավ յուրայինների համար: Տղաներից մեկը` Ահարոնը, նկատեց, որ թշնամու տանկը հասել է Շորբուլախ գյուղի սահմանը և մնացել կանգնած: Հետո հասկացան, որ ադրբեջանցիները լքել են տանկը` վերջինիս անսարքության պատճառով: Մինչ ընկերները մտածում էին, թե ինչպես տանկը գրավեն, Կայծերն արդեն «ՀՄՄ-2» տանկը սարքում ու վարելով գալիս, կանգնում է յուրայինների մոտ, դուրս գալիս տանկից ու հաղթական բացականչում` բերեցի՜ն: Եւս մի անգամ շնորհավորելով Կայծերին` ընկերները նրան կնքում են «ըՁՀ-2» մականվամբ:

1994 թ.-ի ապրիլի 8-ին Աղդամի մատույցների պաշտպանության ժամանակ զոհվեց 23 -ը նոր բոլորած Կայծեր Շեկիկյանը, որպեսզի Սասունն ու Արցախը միշտ մնան անկախ:

Նրա մահը սգացին ոչ միայն դեռատի կինն ու մայրը, այլև բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին իրենց կորովի զավակին:

Ծայրից ծայր Կայծերի ոտնահետքերն է կրում Շորբուլախ գյուղի հողը: Զինակիցները պատմում են, որ ազատագրվող ամեն մի բարձունք ու կիրճ նրա համար դառնում էր Անդոկ ու Ծովասար:

…Իսկ երգը, նրա հոգեթով զմայլանքով առլեցուն երգը` «Գուզիմ երթամ Էրգիր Սասունը», հիմա շարունակում է երգել դուստրը` Կայծերուհին` ի պատիվ իր քաջարի հոր:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ճակատագրեր


06/06/2013