Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅԵԼ ՕՐԵՆՔԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ



Զրույց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ հետ

Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը ծնվել է Ջավախքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ոստիկանության համակարգում ծառայությունն սկսել է որպես անչափահասների գործերով տեսուչ, ապա քրեական հետախուզության բաժանմունքի օպեր- լիազոր, բաժանմունքի պետ, ներքին գործերի բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: Շուրջ 20 տարի ՀՀ Ոստիկանության պետի տեղակալն է:

-Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ և ոստիկանության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի Հայաստանի ոստիկանության կազմավորման 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ անվտանգ, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումներով լի ծառայություն, հանուն երկրի կայունության, հանուն օրինապահության, հանուն օրենքի երկիր կառուցելու հույժ կարևոր նպատակի իրագործման:

-Նաև մաղթենք, որ հայ ոստիկանը իր ինքնանվեր ու անբասիր աշխատանքով է՛լ ավելի բարձրացնի իր կոչման վարկն ու պատիվը և հպարտությամբ կրի հայ ոստիկանի համազգեստը:

-Ձեր խոսքերը ինձ հիշեցրին տարիներ առաջ տեղի ունեցած զրույցը ՀՀ ոստիկանության ներկայիս պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Նա բառացիորեն ասաց. «Կգա հայ ոստիկանի աստեղային պահը»:

Ես, իհարկե, պատեհ առիթը բաց չեմ թողնի երկրի թիվ 1 ոստիկանապետին հարցնելու, թե ինչ՞ նկատի ուներ՝ ասելով` «հայ ոստիկանի աստեղային պահ», և արդյոք նշմարվու՞մ է այդ «պահի» տեսլականը այսօր…

-Ես կարծում եմ, որ պարոն Գասպարյանը նկատի ուներ մասնագիտական բարձր գիտելիքներով օժտված, պետությանը, ժողովրդին նվիրված, ինչպես նաև օրենքի տառին հավատարիմ ոստիկաններով համալրված համակարգի ձևավորումը, երբ ոստիկանի համազգեստը կդիտվի որպես օրինապահության, անձնվիրության և բարոյականության խորհրդանիշ:

-Վլադիմիր Գասպարյանը միշտ էլ հայտնի է եղել իր կտրուկ, վճռական քայլերով, նա արմատական փոփոխությունների սիրահար է: Ես գիտեմ, որ պատրաստվում եք փոխել ոստիկանական համազգեստը, և ոստիկանապետը ինքն է հեղինակել նոր համազգեստի էսքիզը: Վստահ եմ, որ ՀՀ ոստիկանությունը կունենա նոր և շատ բարձրաճաշակ համազգեստ, իսկ բովանդակությա՞ն առումով… բովանդակային փոփոխությունները կլինե՞ն նույնքան կտրուկ – արմատական:

-Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ պարզ և ուղիղ ասաց. «Ես ձեզնից կաշառք չեմ վերցնում, ձեզ էլ չեմ թողնելու, որ վերցնեք: Ով չի կարող ապրել ոստիկանին հասանելիք աշխատավարձով, թող դուրս գա համակարգից: Կաշառակերության յուրաքանչյուր դեպք պատժելու եմ ամենայն խստությամբ»: Ոստիկանի աշխատանքը այսօր մանրադիտակի տակ է ինչպես հասարակական հսկողության, այնպես էլ ոստիկանության ներքին անվտանգության ծառայության կողմից: Արդեն իսկ ստեղծվել են բազմաթիվ երաշխիքներ, որոնց պայմաններում ոստիկանը կկարողանա զերծ մնալ գայթակղություններից և հավատարմորեն կատարել օրենքին ու ժողովրդին ծառայելու իր պարտքը:

-Օրինակ՝ ինչ՞ երաշխիքներ են ստեղծվել մերժելու հանցագործությունները թաքցնելու արատավոր պրակտիկան, ինչը ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ձևավորման առաջին խթանն է:

-Հանցագործությունները թաքցնելու պրակտիկան գալիս է խորհրդային ժամանակներից, երբ Մոսկվայից իջեցրած հրահանգի համաձայն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը պետք է լիներ 80 – 85 տոկոս: Այսօր եվրոպական զարգացած երկրներում բացահայտվում է կատարված հանցագործությունների 20 – 25 տոկոսը միայն:

-Ուզում եք ասել, որ այսօր հանցագործությունների բացահայտման մակարդակը ոստիկանության գնահատման ցուցիչ չի՞ համարվում:

-Ինչ խոսք, հանցագործությունները պիտի բացահայտվեն…

-Մանավանդ, մենք չենք մոռացել պատվարժան Վլադիմիր Գասպարյանի հայտնի խոսքը, թե` չբացահայտվող հանցագործություններ չկան:

-Հանցագործությունները բացահայտելու շահագրգռության հետ մեկտեղ այսօր գործում է մեկ ուրիշ սկզբունք ևս` ավելի լավ է ունենալ 10 չբացահայտված հանցագործություն, քան հանցագործությունը թաքցնելու 1 դեպք, ինչը երբեք անպատիժ չի մնում:

-Պարոն գեներալ, մեր այս զրույցը տոնական է, ու բնականաբար, այն պետք է սկսեինք ոստիկանության 95-ամյա ճանապարհը ներկայացնելուց, սակայն, չգիտես ինչու, խնդրահարույց հարցերը մղվեցին առաջ:

-Թերևս պատճառն այն է, որ ոստիկանության աշխատանքը և հանցածին իրավիճակը մեծապես անդրադառնում են հասարակության հոգեբանության վրա ու ներթափանցում են բանակ:

-Ավելի ուշ մենք կանդրադառնանք ինչպես անչափահասների շրջանում իրականացվող հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներին, այնպես էլ հանցավորության, հատկապես թմրամոլության դեմ պայքարին: Այժմ պիտի խնդրեմ, որ հակիրճ ներկայացնեք մեր 95-ամյա ոստիկանության անցած ճանապարհը: Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի էր, որ ներկայիս ոստիկանությունը իրեն համարում է առաջին և երկրորդ հանրապետությունների հոգեզավակը և շարունակությունը:

-Անկախությունից հետո փորձ արվեց ոստիկանության աշխատանքը սկսել նոր էջից, մերժելով ինչպես նախկին ձեռքբերումները, այնպես էլ ոստիկանության անցած ճանապարհը խորհրդանշող նոյեմբերի 10-ը` որպես մասնագիտական տոնի օր: Սակայն հետագայում բոլորն էլ հասկացան մերժողականության վնասները բոլոր ասպարեզներում:

Մենք պետք է քաջություն ունենանք տեր կանգնելու մեր անցած ճանապարհի յուրաքանչյուր հատվածին` մերժելով սխալները և սովորելով առավելությունները:

1918 թվականի հունիսի 18-ին հայոց խորհրդարանը որոշում կայացրեց ստեղծելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, որի առաջին ղեկավարը դարձավ այնպիսի հզոր քաղաքական գործիչ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր: Մեր նորաստեղծ հանրապետությունը պատերազմում էր երեք ճակատով` Ադրբեջանի, Վրաստանի և Քեմալական Թուրքիայի դեմ, և երկրի կայունության պահպանումը պարզապես կենսական նշանակություն ուներ այդ օրերին, որովհետև ներքին խժդժությունները ուղղակիորեն երկրի կործանման պատճառ կդառնային: Երկրի վիճակը օրհասական էր` հանցագործ խմբավորումներ, գաղթականներ, սովյալներ, ալան- թալան: Արամ Մանուկյանին հաջողվեց 4 ամսում ստեղծել երկուս ու կես հազարանոց ոստիկանություն, որը ապահովեց կայունություն երկրի ներսում և ամուր պահեց պատերազմի թիկունքը:

-Պիտի համաձայնեք, որ խորհրդային տարիներին նկատելի խզում առաջացավ ժողովրդի և միլիցիայի միջև, կան մի շարք բացասական երևույթներ, որոնք այնքան խորն են արմատացել ոստիկանության համակարգում, որ գերմարդկային ջանքեր են պետք դրանցից ազատվելու համար, օրինակ` բռնությունը, ծեծով ցուցմունք կամ ինքնախոստովանություն կորզելը, կաշառակերությունը:

-Հայաստանը խորհրդային երկրի մի մասնիկն էր և չէր կարող զերծ մնալ բոլոր այն թերություններից, որ ուներ խորհրդային երկիրը: Սակայն պիտի նշեմ, որ Հայաստանի միլիցիան լավագույններից մեկն էր Խորհրդային Միությունում նաև իրական (ոչ թվային) ձեռքբերումներով: Հայաստանում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները ամենափոքր թիվն էին արձանագրում, հարբեցողությունը, թմրամոլությունը չունեին մեծ տարածում: Հանցագործությունների քանակը իրապես քիչ էր:

Հայաստանի միլիցիան ուներ իր առողջ կորիզը, որն իր ուսերին էր տանում հանցավորության դեմ պայքարի և ժողովրդի ներքին անվտանգությունը ապահովելու ծանր բեռը: Պատահական չէ, որ Հայաստանի միլիցիան 2 անգամ փոխանցիկ դրոշ է շահել խորհրդային տարիներին:

Իհարկե, Ձեր նշած թերությունները նույնպես եղել են, դրանք ունեցել են իրենց օբյեկտիվ պատճառները, որոնք վերացնելու դեպքում արատավոր երևույթները ինքնաբերաբար կվերանան: Օրինակ՝ բռնությամբ ցուցմունք կորզելու երևույթի դրդապատճառը արհեստավարժության պակասն էր և հանցագործության բացահայտման ցուցանիշ ապահովելու ջանքը: Այսօր մենք ունենք Ոստիկանական ակադեմիա, որը համակողմանի և բարձրորակ կրթություն է ապահովում ոստիկանի համար: Այսօր ամեն գնով հանցագործության բացահայտման պարտադրանք չկա: Ի տարբերություն անցյալի, երբ կարելի էր օրերով կասկածյալին պահել ոստիկանությունում, այսօր այդ ժամանակահատվածը ամփոփվում է երեք ժամվա շրջանակում: Այսօր հաջողությամբ գործում ու զարգանում է փաստաբանի ինստիտուտը: Կա բովանդակային փոփոխություն օրենսդրական դաշտում: Եթե նախկինում օրենքները հօգուտ պետության էին և ոչ քաղաքացու, այսօր այդ խզումը վերացել է:

-Ես հիշում եմ հետպատերազմյան շրջանը, երբ հանցավոր խմբավորումները բախվում էին իրար օրը ցերեկով… կրակոցներ, արյունահեղություն…

-Մինչ այդ, ես ուզում եմ անդրադառնալ նախապատերազմական շրջանին: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ի պատիվ իրեն, Հայաստանի ոստիկանությունը կանգնեց սեփական ժողովրդի կողքին, և այդ միաբանությունը մեզ փրկեց վերահաս փորձանքներից: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը չկարողացան խուսափել քաղաքացիական պատերազմից, իսկ մեզ այդ արհավիրքը շրջանցեց նաև ի պատիվ նույն այն խորհրդային հայ միլիցիայի, որի մասին ասացիք, թե օտարվել էր ժողովրդից:

Երբ սկսվեցին առաջին սահմանային ընդհարումները, միլիցիան միակ զինված կազմակերպությունն էր, որ կարող էր պաշտպանել խաղաղ բնակչությանը: Եվ ներքին գործերի նախարարի հրամանով՝ ոստիկանության հազարավոր աշխատակիցներ գնացին սահման` պաշտպանելու երկիրը Նոյեմբերյանից մինչև Մեղրի ու Արցախ: Այդ օրերին մենք 217 զոհ ունեցանք: Բավական է ասել, որ 5000 միլիցիայի աշխատակից է մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

– Իրոք, այդ օրերին խորհրդային հայ միլիցիան փառքով պսակեց իր անունը:

-Երբ նորակազմ զինված ուժերը կազմակերպում էր առաջին զորակոչը, միլիցիայի աշխատակիցներն էին տնից տուն ընկած փնտրում զինակոչիկներին ու հասցնում զորահավաքակայան: Բանակի կազմավորման առաջին 10 տարիներին ոստիկանությունը գլխավոր դերակատարում ունեցավ զորակոչի կազմակերպման գործում: Պատերազմի շրջանում հազարավոր զինակոչիկներ էին խուսափել զինծառայությունից, որոնց մեծ մասին բերեցինք արտերկրից և ուղարկեցինք բանակ: Հայոց միլիցիան պատերազմի թիկունքն ամուր պահեց, ինչը մեր համազգային հաղթանակի երաշխիքներից մեկն էր: Բանակին, կռվող տղաներին օգնում էինք ինչով կարող էինք` զինամթերք, սնունդ, շոր, դրամահավաք… մի դեպք հիշեցի: Շահումյանի ներքին գործերի բաժնի պետն էի: Գիշեր էր, մոմի լույսի տակ բաժնում նստած էի, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը զանգեց, թե` Օմարում շատ ցուրտ է, տղաները սառչում են, 1000 զույգ գուլպա է պետք, առավոտյան պիտի ուղարկենք: Եթե հիշում եք, խանութները դատարկ էին այդ ժամանակ, որևէ տեղից գուլպա գնելու հնարավորություն չկար: Տղաներին հավաքեցի, ասացի` պետք է, պիտի ճարենք… Մի քանի ժամից արկղերով գուլպաները տարա նախարարություն: Վանո Սիրադեղյանը Վազգեն Սարգսյանի հետ նստած էր: Էդ ե՞րբ հասցրիր` զարմացան:

-Բա ինչպե՞ս ճարեցիք 1000 զույգ գուլպա մի քանի ժամվա ընթացքում:

– Ով երկու գուլպա ուներ, մեկը տվեց, տնետուն ընկան, ուզեցին… Մենք այսպես էլ հաղթել ենք պատերազմը՝ ազգովի, անմնացորդ նվիրվածության շնորհիվ… Թե չէ էդ ինչպես փոքրիկ Հայաստանը հաղթեց էդ ահռելի հրեշին…

– Ահռելի՞…

-Թվաքանակը ինչ-որ տեղ սկսում է որակ տալ: Դու չես կարող հաշվի չնստել քեզ 10 – 20 անգամ գերազանցող գլխաքանակի հետ, մանավանդ` երբ քեզնից ավելի լավ են զինված:

Խաղաղության տարիներին մեր խնդիրները բազմապատկվեցին: Պատերազմին մասնակցելու պատրվակով զենք էր հայտնվել նաև քրեական տարրերի ձեռքին: Մինչդեռ ներքին անկայունությունը կարող էր պատերազմական նվաճումները կորցնելու պատճառ դառնալ: Եվ ոստիկանությունը կենաց-մահու կռվի ելավ հանցավոր աշխարհի դեմ…

Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարեփոխումների ժամանակաշրջան է ապրում և զուգահեռաբար էական ձեռքբերումներ է արձանագրում: Նախկին խորհրդային երկրների մեջ հանցավորության ամենացածր մակարդակը Հայաստանում է: Նվազագույն ցուցանիշ է արձանագրում ծանր (անձի դեմ ուղղված) հանցագործությունների թվաքանակը անչափահասների շրջանում: Մինչդեռ Ադրբեջանում այդ թիվը հազարների է հասնում (բռնաբարություն, դանակահարություն, խոշտանգում):

-Այդ պատճառով էլ ադրբեջանական բանակում սպանությունների և այլ ծանր հանցագործությունների թիվը բազմապատիկ շատ է` համեմատած մեր բանակի հետ:

-Նույն Ադրբեջանի համեմատությամբ` Հայաստանում աննշան է թմրամոլությունը անչափահասների շրջանում:

-…Պարոն Հունանյան, Դուք արդեն 20 տարի ոստիկանության պետի տեղակալն եք: Ո՞րն է Ձեր երկարակեցության պատճառը:

-Ինձ թվաց` պիտի հարցնեք` ինչու՞ նախարար չեք դարձել (ծիծաղում է): Իմ ոստիկանական կենսագրության 38 տարիներից 20-ը փոխնախարար-ոստիկանապետի տեղակալ եմ եղել, 14 նախարարի հետ եմ աշխատել: Ինչու՞ ինձ չեն փոխարինել… Թույլ տվեք համեստություն անել ու չպատասխանել: Մանավանդ` Ձեր հարցը նաև պատասխան է պարունակում: Եվ հնչերանգ ունի, որի համար շնորհակալ եմ:

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել զրույցի ավարտին:

-Բանակի մասին խոսելիս հպարտությունից արցունքոտվում եմ: Առանց հզոր ու բարոյական բանակի մեր հայրենիքն ապագա չունի: Ես` անձամբ, ու մեր ոստիկանությունը քիչ ներդրում չունենք մեր բանակի ստեղծման ու կայացման մեջ, բայց էլի պարտք ենք ու պարտական: Հզոր բանակը մեզ ոգեշնչող ամենամեծ ակունքն է: Փառք սահման պահող զինվորին ու սպային, գեներալին ու նախարարին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


06/06/2013