ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Քննարկվող հարցերն էին` զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, դրանց վերացման ուղիները, զորակոչի հոգեբանական կողմը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ռազմական հոգեբանության խնդիրները: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը և Պետական կառավարման ակադեմիան: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը եւ գործնականորեն կիրառել ոլորտի կայացման աշխատանքներում:
«Իրականացված հարցումը հնարավորություն տվեց պատկերացում կազմելու պարտադիր զինվորական ծառայության նկատմամբ ապագա զորակոչիկների, նրանց ծնողների, շրջապատի վերաբերմունքի մասին: Ըստ արդյունքների, երիտասարդների 70 %-ը ցանկություն եւ պատրաստակամություն է հայտնել ծառայելու ՀՀ զինված ուժերում, որոնցից 67%-ը դա համարում է իր պարտքը»,- «Նախազորակոչային հոգեբանական պատրաստության համակարգի զարգացման ուղիները» թեմայով զեկուցման ընթացքում այս տվյալները ներկայացրեց Լիլիթ Սահակյանը (Պետական կառավարման ակադեմիա):
Լիլիթ Սահակյանը նշեց, որ ծնողների վերաբերմունքը ծառայության նկատմամբ 41% դրական է, 15 % բացասական, 44% – չեզոք. «Վերջին տվյալը ավելի շատ կարելի է համարել բացասական, քան դրական: Հարցումը ցույց է տալիս, որ մենք չունենք ընտանիքի կողմից երեխաներին հոգեբանական պատրաստության մշակույթ, հետեւաբար խնդիր կա աշխատանք տանելու ոչ միայն երիտասարդների, այլեւ նրանց ծնողների հետ»: Հարցվողների 11 %-ը զինվորական ծառայությունը համարում է դժվար, 15 %-ը` հեշտ, 62%-ը հակված է մտածելու, որ ժամանակի ընթացքում կընտելանա դժվարություններին. «Այս ցուցանիշը կարելի է ընդունել որպես դժվարությունների առկայության գիտակցում, նաեւ` դրանք հաղթահարելու պատրաստակամություն: Հետազոտությունը թույլ տվեց պարզել, որ հարցվողների 32 %-ը պարտադիր զինվորական ծառայությունը համարում է ժամանակի կորուստ, 30 %-ը անհանգստացած է ծառայության ընթացքում հավանական վիճաբանություններից, երիտասարդների շրջանում չկա սեփական անվտանգության նկատմամբ վստահություն, հավանական են համարում բռնությունները: Որոշակի հատված ծառայությունը համարում է օրենքի պարտադրանք: Դատելով վերոնշյալից՝ կարելի է եզրակացնել, որ կա անձին շարժառիթային մեխանիզմներով քաջալերելու անհրաժեշտություն»,-նշեց Լիլիթ Սահակյանը:
Զորակոչային տարիքի երիտասարդների 44%-ի համար հայրենիքի պաշտպանությունը կարեւոր հիմք է ծառայելու համար, սակայն ճնշող մեծամասնությունը համարում է երկու տարին չափազանց մեծ ժամանակահատված: Հարցվողների մոտ 40 %-ի մեջ ՀՀ ԶՈՒ նկատմամբ դրական, 26 %-ի մեջ բացասական, իսկ 30%-ի մեջ չեզոք վերաբերմունք է. «Պատասխաններից հետեւություններ անելով՝ նշենք, որ զորակոչիկների մեջ չկա հայկական բանակի հետ կապված ասոցիատիվ որեւէ կապ. սա խոսում է այն մասին, որ բանակի սիմվոլիկան աղքատ է: Եզրակացությունս հետեւյալն է` հայրենասիրության ճգնաժամը հանգեցրել է ինչպես երիտասարդների, այնպես էլ նրանց ծնողների շրջանում պարտադիր զինվորական ծառայության նկատմամբ ոչ այնքան դրական վերաբերմունքի: Անհերքելի է, որ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվող նախազորակոչային պատրաստությունը դրական ազդեցություն ունենում է, բայց միայն ֆիզիկական կողմի վրա, իսկ հոգեբանական տեսանկյունը մնում է բաց, պետք է ակտիվացնել սոցիալական ինստիտուտները, օրինակ` ընտանիքը, ԶԼՄ-ները: Բանակում ծառայողի համար շարժառիթային մեխանիզմ կարող է լինել, օրինակ, զինվորական ծառայության անցնող երիտասարդների ընտանիքին որոշակի սոցիալական արտոնությունների տրամադրումը, բացի այդ, բանակը կարող է ստանձնել կրթող ինստիտուտի դեր` իրականացնելով զինվորական ծառայություն անցնողների ինտելեկտուալ զարգացման խնդիրը»:
♦♦♦
Վիտյա Յարամիշյանը (Արցախի պետական համալսարան) «Նորակոչիկների հարմարվողական ընդունակությունների գնահատումը» թեմայով զեկուցման ընթացքում նշեց, որ զորակոչիկների` ծառայությանը դժվար հարմարվելը հատուկ է աշխարհի բոլոր բանակներին. «Ռազմական հոգեբաններից մեկը իրավացիորեն նկատել է, որ զինված ուժերում ծառայության անցնելուց հետո մարդն իրեն զգում է ինչպես ջրից դուրս նետված ձուկը: Հայ մասնագետները եւս նկատել են, որ նորակոչիկների համար միջավայրի կտրուկ փոփոխությունը առաջ է բերում բացասական հույզեր` նեւրոզ, ընկճվածություն, տրամադրության անկում: Ապացուցված է, որ ոչ մարտական իրավիճակում անձնակազմի դժվար հարմարմամբ պայմանավորված` մարտունակության կորուստները կարող են հասնել մինչեւ 35 %-ի, իսկ մարտի պայմաններում` ընդհուպ մինչեւ 70 %-ի: Առանձնացվում է ապահարմարվողական վարքի երկու տեսակ: Առաջինը բացասական ագրեսիվ տեսակն է, որին բնորոշ է մերժողական վերաբերմունքը շրջապատի, կարգուկանոնի, հրամանատարների նկատմամբ, նման զինծառայողները ունենում են բարձր ինքնագնահատական, համարձակություն, հավակնոտ են: Երկրորդ` տագնապային դեպրեսիվ տեսակին բնորոշ է պարփակվածությունը, ցածր տրամադրությունը, մռայլությունը, վճռականության բացակայությունը, ինքնամեղադրանքը: Եթե հնարավոր չէ հստակորեն առանձնացնել հետազոտվողի տեսակը, ապա դա խոսում է խառը տիպի ապահարմարվողական վարքի մասին: ՊԲ զորամասերում իրականացրած մեր հետազոտությունները թույլ են տալիս ասելու, որ նորակոչիկների հարմարվողականությունը նորմայից ցածր է, ինչը պայմանավորված է նրանց նախնական զինվորական պատրաստության ցածր մակարդակով: Խնդրի լուծումը հետեւյալն է` նորակոչիկի պատկերացումները առավելագույնս պետք է համապատասխանեն բանակային իրականությանը»:
♦♦♦
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Վահե Կիրակոսյանն ավարտել է Մանկավարժական համալսարանի տարիքային հոգեբանության ֆակուլտետը, այնուհետեւ ստացել է մագիստրոսական կրթություն եւ համալրել ՀՀ զինված ուժերը: Արդեն երեք տարի է` աշխատում է. «Ծառայության ընթացքում ամենածանրը առաջին քառասուն օրն է` ադապտացիոն շրջանը, նաեւ վերջին 40 օրն է լարված` սպասման պատճառով: Երկրորդ շրջանում խնդիրներ ծագում են միջանձնային փոխհարաբերություններում: Երրորդ շրջանում` 15-րդ ամսից սկսած, խնդիրներ գրեթե չեն լինում: Մտնելով զորամաս` հոգեպես ոչ բարվոք վիճակում գտնվող նորակոչիկը կարող է ապակողմնորոշել խմբի մյուս անդամներին, քանի որ բանակը ենթադրում է խմբային աշխատանք: Մեկը, որ հոգեպես ոչ բարվոք վիճակում է, մտնելով զորք, սկսում է հակաադապտիվ աշխատանք իրականացնել: Հոգեպես ոչ բարվոք վիճակի պատճառ կարող է դառնալ միջավայրի կտրուկ փոփոխությունը, շրջապատի փոփոխությունը, ծնողների հոգածությունից զրկվելը: Հոգեբանի առաջին խնդիրը բացատրական աշխատանք իրականացնելն է, այդ ընթացքում նաեւ պետք է փորձես հասկանալ դիմացինիդ խառնվածքը: Հոգեբանը միջամտում է, երբ սպաներին չի հաջողվում խնդիրը լուծել, երբ սպան կամ զինվորը դիմում է: Ինձ ավելի շատ դիմում են զինվորները: Եթե բնութագրեմ այսօրվա նորակոչիկներին, ապա պետք է ասեմ, որ նրանք ձեւավորված արժեհամակարգ չունեն»:
Զորամասի սպա-հոգեբան, կապիտան Արտակ Աբրահամյանը նշում է, որ շատ է շփվում զինվորների հետ, առանձնացնում է ռիսկային խմբերը եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահում, աշխատում է սերժանտների հետ, որ նման զինծառայողների նկատմամբ ավելի ուշադիր լինեն. «Երբ երիտասարդը ծնողներից բաժանվում է, նա ծնողին փոխարինող մարդու կարիք է զգում. սա պետք է հասկանալ ու փորձել գործել ծնողի նման: Եվ ոչ միայն հոգեբանը, այլեւ ցանկացած սպա պետք է կարողանա դա անել, իսկ ծեծված բառերը` լավ է լինելու, մի քիչ էլ դիմացիր, չեն օգնում: Զինվորը պետք է զգա, որ սրտացավ ես: Եթե զորամասը մեծ է, մեկ հոգեբանի համար դժվար է լիարժեք աշխատելը, պետք է աջակցեն նաեւ ԱՀՏԱ գծով տեղակալը, հոգեւոր սպասավորը: Հոգեբանն էլ զորամասում կայանալու, վստահություն ձեռք բերելու խնդիր ունի: Շատ կարեւոր է նաեւ հոգեբանի սենյակը, այն պետք է տարբերվի զորամասի մյուս աշխատանքային սենյակներից, ցանկալի է, որ կահավորված լինի բազմոցներով, հնչի երաժշտություն, ակվարիում տեղադրվի, թեյելու հնարավորություն լինի: Անմիջական շփման համար միջավայրը շատ կարեւոր է»:
Հոգեբանին խնդրեցինք ներկայացնել մի դեպք իր պրակտիկայից. «Պատահել է` զինվորի ծնողները զանգել եւ ասել են, որ նրա ընկերուհին զոհվել է ավտովթարից: Դեպքը տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Այդ երիտասարդը դեռ 6 ամիս պետք է ծառայեր: Նա հուզական գերգրգռված` աֆեկտի վիճակում էր եւ կվերածվեր վտանգի աղբյուրի, եթե համապատասխան աշխատանք չկատարվեր: Նրան տուն ուղարկելը սխալ կլիներ, քանի որ միջոցներ չուներ ՌԴ մեկնելու, իսկ դա նրան ավելի խոցելի կդարձներ: Նախ` նրան ազատեցինք մարտական հերթապահությունից: Հոգեբանը պետք է կարողանա հրամանատարության հետ էլ «լեզու գտնել»՝ համոզելու, որ դրա կարիքը, իրոք, կա: Սահմանվեց հսկողություն այդ զինծառայողի նկատմամբ, խոսեցի զորամասում ծառայող նրա համաքաղաքացիների, ընկերների հետ, որ մենակ չթողնեն: Եթե քաղաքացիական կյանքում այդ խնդրով դիմեր, այլ լուծում կտայի, բայց այս դեպքում զրուցեցի եւ շեշտեցի նրա կարեւորությունը հարազատների կյանքում: Հոգեբանին դիմած զինվորի հետ աշխատանքը պետք է շարունակական լինի, այսինքն՝ մեկ անգամ զրույցով չես սահմանափակվում:
Պատահում է` տղաները այնպիսի մտահոգություններով են հետս կիսվում, որ իրենց հայրերի հետ անգամ չեն խոսի: Իմ կարեւոր նպատակն է՝ օգնել լուծում գտնելու, հոգեբանը երբեք չպետք է ինքը լուծում առաջարկի կամ խորհուրդ տա, նա պետք է այնքան աշխատի, որ իրեն դիմած զինվորականն ինքը հանգի խնդրի այս կամ այն արդյունավետ լուծման»:
Մայիսի 30-ին ամփոփվեց երկօրյա գիտաժողովը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գոհունակությունը հայտնեց գիտաժողովի անցկացման կապակցությամբ: Կարևորելով ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում՝ նախարարը նշեց, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս՝ մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր բռնում է սահմանը պաշտպանելիս»:
Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշեց հետագա անելիքները՝ աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում