Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ԳՐՎԱԾ Է ԱՐՅՈՒՆՈՎ



N զորամասում մայիսի 15-ին և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին կատարված ողբերգությունների մանրամասները պետք է իմանան բոլոր զինծառայողները: Լավ կլիներ, որ իմանային նաև բոլոր դեռահասներն ու պատանիները, քանզի դեպքը ցայտուն օրինակ է, թե ինչպես «չեղած բանից» փորձանք է ծնվում` կործանելով մարդկային կյանքեր:

Ծառայողական քննությամբ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում պահակապետի հանձնարարությամբ ժամապահի պարտականությունները կրկնելու նպատակով պահակատան տարածքի ծխարանում նստած են եղել արթուն հերթափոխի պահակայիններ, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Ա.Պետրոսյանը, Հ.Սարգսյանը, Հ.Մարգարյանը և հանգստացող հերթափոխից` շարքային Լ.Ստեփանյանը:

Պահակապետը հանձնարարություններ տալուց հետո` ժամը 15:10-ի սահմաններում, իր փոխարեն պահակատանը թողնելով պահակապետի օգնական, սերժանտ Գ.Հարությունյանին, գնացել է պահակակետերն ստուգելու: Պահակատան մուտքի մոտ կարգված ժամապահ շարքային Դ.Խաչատրյանը հայելու մեջ նայել է իր դեմքի բշտիկներին: Այդ պահին շարքային Լ.Ստեփանյանը նրան հեգնանքով ասել է. «Ի՞նչ ես պզուկներդ տրաքացնում հայելու վրա, ա՛յ պզուկոտ»: Շարքային Դ.Խաչատրյանը նրան պատասխանել է, որ իր հետ նման տոնով չխոսի: Այնուհետև շարքային Լ.Ստեփանյանը շարքային Դ.Խաչատրյանի հասցեին ուղղել է նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ: Վերջինս էլ նույնատիպ հայհոյանքներով պատասխանել է նրան, երկու անգամ քար շպրտել շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ ու նորից զգուշացրել, որ իր հետ նման տոնով չխոսի: Երբ շարքային Լ.Ստեփանյանը շարունակել է անձնական վիրավորանք հասցնել ժամապահին, վերջինս ինքնաձիգը հանել է պահպանակից, լիցքավորել և նշան է բռնել ծխարանում նստածների ուղղությամբ: Այդ ժամանակ շարքային Լ.Ստեփանյանն ասել է. «Դու չես կարող կրակել, ով չկրակի…» ու դարձյալ սեռական բնույթի հայհոյանքներ է արել նրա հասցեին:

Շարքային Դ.Խաչատրյանն ինքնաձիգն իջեցրել է գոտկատեղի մասում` փողն ուղղված պահելով ծխարանում նստածների ուղղությամբ և արձակել կրակոց, որի հետևանքով շարքային Հ.Սարգսյանը գլխի շրջանում ստացել է ծանր վիրավորում, իսկ շարքային Լ.Ստեփանյանը` մահացու վիրավորում: Վիրավորի և մահացածի վիճակից սարսափած` ծխարանում գտնվող մյուս երկու պահակայինները փախել են:

Կրակոցի ձայն լսելով` պահակատնից դուրս է վազել պահակապետի օգնականը և ժամապահից վերցնելով ինքնաձիգը` դրել գետնին: Այնուհետև շարքային Հ.Սարգսյանին անմիջապես հասցրել են Նոյեմբերյանի քաղաքացիական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է Երևան` ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մայիսի 31-ին հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նա կոմայից դուրս է եկել, չի կարողանում խոսել, բայց շարժումներով հարցերին պատասխանում է: Չի բացառվում, որ Հ.Սարգսյանը հաշմանդամ դառնա, քանի որ նրա մարմնի ձախ կողմը կաթվածահար վիճակում է:

Այսպիսով, միջադեպի հետևանքով մի զինվոր զոհվեց, մեկը դարձավ «կեսմարդ», իսկ մյուսին` սպասում է երկարատև ազատազրկումը:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից հունիսի 1-ին, ժամը 21:40-ի սահմաններում, հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Սիփան Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Սիփան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Արմեն Մելքումյանի և Սիփան Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Սիփան Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Արմեն Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:

Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, փոխնախարարներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը:

Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-ից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: Նա հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին:

Համարյա նույն «սցենարով» կատարված այս երկու սպանությունների հիման վրա, թերևս, կարելի է որոշ ընդհանրացումներ անել և առանձնացնել դրանց երկու հիմնական պատճառ:

Առաջինը պահակային ծառայություն իրականացնող զինծառայողների անլուրջ վերաբերմունքն է ծառայության նկատմամբ, սեփական պատասխանատվությունը չգիտակցելը, ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի դրույթները խորությամբ չըմբռնելը: Հակառակ դեպքում, նրանք կիմանային, որ «ժամապահը կատարում է մարտական առաջադրանք» (հոդված 95), և որ «յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է աջակցել կայազորային և պահակային ծառայություն կատարող անձանց» (հոդված 9), և ոչ թե խանգարել: Կիմանային, որ «ժամապահի իրավունքներն ու անձնական արժանապատվությունը առանձնակի պահպանվում են օրենքով» (հոդված 180), հետևաբար, ժամապահին հայհոյելը օրենքի կոպիտ խախտում է: Կիմանային, որ «ժամապահը պարտավոր է ոչնչով չհրապուրվել» (հոդված 183), և որ արգելվում է խոսել ու «փամփուշտն անհարկի մտցնել փամփշտանոց» (հոդված 185): Իսկ «առանց նախազգուշացնելու զենք կիրառել պարտավոր է իր կամ իր պահպանած օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում» (հոդված 186): Յուրաքանչյուր զինծառայող այս դեպքերից պետք է հետևություն անի՝ կանոնագրքի դրույթների խախտումը վտանգավոր է իր իսկ կյանքի համար, և որ, ճիշտ է ասված, «կանոնագիրքը գրված է արյունով»:

Դե, իսկ ողբերգության երկրորդ հիմնական պատճառը հայհոյելու եղկելի սովորությունն է, որը լայնորեն տարածված է առհասարակ տղամարդկանց շրջանում, դեռահասների և պատանիների մեջ` ավելի շատ: Անհարկի հայհոյելը, գռեհկախոսելը համարվում է «տղամարդկության» դրսևորում, եթե միայն շրջապատում իգական սեռի ներկայացուցիչ չկա: Ոմանք դա նույնիսկ համարում են զինվորականներին բնորոշ առանձնահատկություն (խորհրդային բանակից ժառանգած արատավոր երևույթ):

Մինչդեռ, եթե մենք հայոց բանակը խարսխում ենք ազգային արժեքների և քրիստոնեության վրա, ապա, ինչ խոսք, պետք է անվերապահորեն մերժենք հայհոյախոսությունը նույնիսկ որպես կատակի ձեւ, որովհետև բոլոր դեպքերում հայհոյելը ծանր մեղք է և հանցագործություն Աստծո առաջ: Պատահական չէ, որ, համաձայն մեր ազգային մտածելակերպի, անհատի հասցեին ուղղված հայհոյանքը համարվում է ծանր վիրավորանք: Չի կարելի հոգևոր այդ անառակությունը, ուրիշի արժանապատվությունը ոտնահարող այդ զենքը անհարկի օգտագործել, որովհետև դրանից ակամա հանցագործություն է ծնվում:

Հայհոյելը և առհասարակ գռեհկախոսելը արատավորում է ՀՀ ԶՈՒ զինծառայողի պատիվը. հայ զինվորը և հայ սպան պարտավոր են հարգալից վերաբերմունք ցուցաբերել զինվորական համազգեստի և այն կրող անձի նկատմամբ, արժևորել սեփական խոսքը, լինել զուսպ, քաղաքավարի, ասել է թե՝ օրինակելի:

Սիրելի՛ ծառայակիցներ, եկեք յուրաքանչյուրս մեր մտքից, լեզվից արմատախիլ անենք գռեհկաբանությունը` համարելով, որ դա էլ մի ջանք է մեր բանակն ավելի կարգապահ ու մարտունակ դարձնելու համար:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/06/2013