ՀՈՂԻ ՈՒԺԸ
«Նահանջող հայ զորաբանակին ընդառաջ էր վազում նա…Մեծ տիկինը: Նա հերարձակ էր, բոկոտն, տագնապաժպիտ: Նրա հետևից հասնում էր կույսերի խումբը` հետ պահելու նրան: Զինվորները գլուխները խոնարհեցին և անցան: Մեծ տիկինը կանգ առավ, նայեց Ատոմին, չոքեց և հողը գլխին ածելով` խռպոտ կռնչաց.
-Սև հավը կանչեց Մամիկոնյան տան վրա…
-Հայոց աշխարհն ապրի, Մեծ Մայրիկ,-գոչեցին զինվորները, կանգ առան, շրջվեցին դեպի թշնամին` պատրաստվելու հերթական գրոհի,- Հայոց աշխարհն ապրի…
-Ապրի Վարդանիս հոգով, զինվորյալներիս հոգով, դուք ապրեք,զավակնե՛րս…
Եվ ոսկրոտ ձեռքը ուժով զարկեց գետնին, խլեց մի բուռ հող և նետեց զինվորների վրա»:
Դերենիկ Դեմիրճյան , «Վարդանանք»
…Երևանի պետական համալսարան, Մայր բուհ… Հայոց մտքի կաճառ… Դարավերջի մեր ազատամարտին Հայոց հոգևոր մտքի կաճառից նրանք դուրս եկան հայրենի սահմանները պաշտպանելու: Նրանք գնացին իրենց հոգևոր տնից, գնացին, որ դառնան մեր ժամանակների հերոսները, գնացին, որ դառնան լեգենդը մեր ապագայի…
Արցախյան գոյամարտի հենց սկզբից տիկին Սաթենիկը դարձավ ազգային նվիրյալներից մեկը: Պատերազմի ժամանակ նա կամավորների համար տաք հագուստ, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ էր ուղարկում ռազմաճակատ: Մի առիթով Կորյուն Ղումաշյանը հիշում է, որ պատերազմի` ցրտաշունչ ձմեռներին ընթացող թեժ կռիվների ժամանակ իրենք հագնում էին տիկին Սաթենիկի գործած տաք գուլպաները:
Պատերազմն ավարտվեց: Մայր բուհը սպասում էր, սպասում էր որդեկորույս մոր պես… Ու նրանք վերադարձան… Արդեն այսօր համալսարանում նրանց անունները կրող քսանհինգ լսարան կա, քսանհինգ տուն, ուր մշտապես իշխում է նրանց հոգին` Վարդանների, Տիգրանների, Արթուրների, Թաթուլի, Յուրայի, Ապերի, Պետրոսի, Վաչագանի, Սամվելի, Ֆուրմանի, Արսենի, Նորայրի, Մհերի, Լեոնիդի, Սիմոնի, Ռոմանի, Զաքարի, Սարգիսի, Էդվարդի, Արայի… Հերոս տղաներ` գիտուն, նվիրյալ, հայրենասեր…
Նրանք ընդունվեցին համալսարան. նրանց հոգիները ծարավ էին, պապակ հոգևորի, իսկ Մայր բուհը այն կհագեցներ: Եվ խմում էին նրանք հայոց մտքի աղբյուրների ակունքներից ու չէին հագենում: Ու գնացին աղբյուրների ակունքները վիշապներից ազատելու: Գնացին, բարձրացան հայոց լեռները, քայլեցին, մաքառեցին ու դարձան հավերժի ճամփորդներ: Սպասեցին, սպասեցին մայրերը ու այնքան գիշերներ լուսացրին թե՛ տանը, թե՛ Եռաբլուրում: Տիկին Սաթենիկի հիմնած ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը դարձավ որդեկորույս մայրերի, վշտացած քույրերի, այրիացած կանանց սփոփանքը: Իսկ ազատամարտիկների զավակները կազմեցին ակումբի կորիզը: Նրանց շարքերը օր օրի ստվարանում են պայծառ ու հայրենասեր երիտասարդներով: Ինչպես ինքը` տիկին Սաթենիկն է ասում, ամեն մի նոր անդամի հետ «Վարդանանքը» մի նոր երանգ է ստանում:
Տիկին Սաթենիկը` մայր, տատիկ, բանասեր, ԵՊՀ գիտաշխատող… Հրաշալի, համեստ, նվիրյալ հայուհի, որը քայլել է հերոս ազատամարտիկների մանկության ճանապարհներով, քայլում է կենդանի լեգենդ Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի, նվիրյալ հայուհի Քեյթի Գունդակչյանի, բուհի ուսանողների հետ, գերադասում է քիչ խոսել հայրենասիրության մասին, որ բառերը չկորցնեն իրենց իմաստը, կարծում է, որ բառի անհարկի չարաշահումը խոսում է հոգու աղքատությունից, ոգու սովից:
Ամեն անգամ, երբ նա ազատամարտիկների ծննդավայրերից հետո գալիս է համալսարան, Մայր բուհի կամարների ներքո լռության մեջ լսում է նրանց ձայնը: Հետո քայլում է նրանց հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, խոնարհվում, ծաղիկներ դնում խաչքարին, մտաբերում է մեկի խոսքն ու արարքը, հպարտանում մյուսի դուստրով ու որդիով… Հպարտանում է նրանց ծնող մայրերով… Իսկ հպարտությունը, երբ դուրս է գալիս անձնականից և ձուլվում հայրենի երկրի կարոտին, վերածվում է ազգային ինքնագիտակցության, պետական մտածողության:
Այսպիսին է Սաթենիկ Աբրահամյանը… Մայր բուհի ու վարդանանքցիների սիրելի տիկին Սաթենիկը, որը մտքի այս տաճարում ընդունեց, ընդունում է իր և մեր հայրենիքի հավերժի ճամփորդներին, որոնք դուրս էին եկել նոր Վարդանանց պատերազմի…
Հարսիս ի՞նչ եմ ասելու
-Շուշիի բարձունքից անդադար հրետակոծվում էր Ստեփանակերտը: Մինչ հրետակոծության ավարտը մայրերն ու երեխաները, տարեցները պատսպարվում էին նկուղներում,- պատմում է Սերժ Առաքելյանը: – Գալյա Առստամյանի երկու որդիներն ու ամուսինը ռազմաճակատում էին: Տանը ինքն էր ու իննսունն անց սկեսուր մայրիկը: Ապրում էին բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում: Սկսվում է հերթական հրետակոծությունը, և այդ պահին Գալյան տանը չի լինում: Հարևանները, շենքի բնակիչները, որքան խնդրում, համոզում են տատին, որ իջեցնեն նկուղ, ոչ մի կերպ չի համաձայնում.
-Գալյան, տղաս, թոռներս, որ գան` տանը չլինե՞մ: Չէ, չեմ իջնի, ինձ ոչինչ էլ չի լինի, դուք իջեք…
Այդ պահին, հակառակի պես, մի արկ ընկնում է ուղիղ շենքի կտուրին, և շենքը դղրդում-ցնցվում է: Տատը, որը թույլ լսողություն ուներ, այդ պահին պահարանին հենված` նայում էր դուրս` աչքը հարազատների ճամփին… Արկի պայթյունից բնակարանը տակնուվրա է լինում, ամանները թափվում են, կոտրատվում, գրքերը գրապահարանից թափվում, ցրվում են սենյակով մեկ: Ու սկեսուր-տատը, անլուր ու խուլ դրսի աղմուկ-աղաղակին, արկերի սուլոցին, ձեռքը ծնկանը զարկելով, տխրաձայն ասում է.
-Այ ձեր տերը թաղեմ, ժամանա՞կ գտաք: Էս ի՞նչ արիք, ուր որ է` Գալյա հարսս գալու է, ի՞նչ եմ ասելու: Չի՞ ասի` ես էսպե՞ս էի թողել տունը…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր