Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Եթե հայդուկները ռուս զինվորի նկատմամբ չդրսևորեին ծայրահեղ գթասրտություն ու հարգալից վերաբերմունք և համարժեք պատասխան տային նրանց գործողություններին, ապա, անտարակույս զոհերը անհամեմատ քիչ կլինեին, և չէր բացառվում, որ ռուս զինվորը նույնպես, երկյուղելով հայ ֆիդայու հարվածի ու վրեժխնդրության կարողությունից, փոխեր իր վերաբերմունքը: Զարդանիսի կռվի մասնակից սպաներից մեկը, անկեղծորեն դրվատելով իրենց նկատմամբ հայդուկների դրսևորած մարդկային վերաբերմունքը, խոստովանում է, որ եթե հայ զինվորները ցանկանային, ապա կարող էին իրենցից շատ-շատերին գնդակահարել: Իրենց զինվորների արարքներն ու կռվի մանրամասները քննելու ու պարզելու նպատակով դեպքի վայր է գալիս մի քննիչ հանձնախումբ: Ռուս զինվորների գործողություններն արդարացնելու նպատակով «… Բիկովը սկզբում միայն երեք դիակ է առանձնացնել տուել, ցոյց տալու քննիչներին: Բայց երբ նկատել է, որ աչքի կը զարնէ, հիմա աշխատում է պատրաստել ապացոյցներ, որ ռուսական հողումն են սպանուել, այնինչ բոլորը սպանուած էին միմիայն ռուսների գնդակներից տաճկահայ հողի վրայ…»:

Ռուբենը, ելակետ ունենալով նաև «Որսկան» մարտախմբի հետ տեղի ունեցած միջադեպը, կատարում է հետևյալ ուշագրավ ընդհանրացումը. «Այս դեպքը նշանակալից է այնքանով, որ ռուս եւ թուրք զօրքերը միասին կռուեցին հայ ֆետայիներու դէմ, ցույց տալով, թէ երկու կառաւարութիւններն ալ թշնամաբար կը վերաբերուէին հայ ազատագրական շարժման»:

ՄՈՍՈՒՆ- ԶՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

ԳԱՅԼ ՎԱՀԱՆ (նստած) իր թիկնապահներով

Սասունի մարտական ուժերը համալրելու նպատակով 1898 թ. 2-րդ Ընդհանուր ժողովից հետո մինչև 1904թ. հոկտեմբերը, Հ.Յ. Դաշնակցության կողմից Երկիր ուղարկած մարտական ու զինատար խմբերը, բացառությամբ Թորգոմի «Մրրիկ» զինատար հեծելախմբի, բախվելով թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի, ինչպես նաև ռուսական սահմանապահ ուժերի դիմադրությանը` ջախջախվել կամ մատնվելով անհաջողության` վերադարձել են Կարսի ու Սալմաստի շրջաններ: Հայդուկային խմբերի անհաջողությունները թելադրում էին, որ անհրաժեշտ է փոխել Երկրին զինական օգնություն ցույց տալու մարտավարությունը և մարտական ուժերը ուղարկել ոչ թե ստույգ կործանման, այլ ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք, ի վերջո, կունենային շոշափելի արդյունք և դրական ազդեցություն կգործեին ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Առաջնորդվելով այդ նկատառումներով՝ ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտրոնական կոմիտեն հրաժարվում է մարտական և զինատար խմբեր Երկիր ուղարկելու նախկին մարտավարությունից և որոշում է իր իսկ միջոցներով կազմակերպած մարտական ուժերով ձեռնարկել բնույթով պատժիչ հարձակողական արշավանք և հարձակվել ու ոչնչացնել սահմանամերձ շրջաններում կառուցված Մոսուն-Զորի թուրքական զորանոցներն ու այնտեղ գտնվող զինվորներին: Արշավանքը կենսագործելու նպատակով ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտր. կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվում են մարտական երկու խմբեր՝ բաբերդցի խմբապետ Միհրանի ու Գայլ Վահանի գլխավորությամբ:

Եթե ավելի որոշակիացնենք, ապա կարելի է նշել, որ «Մոսուն-Զորի արշավանք» անվանումը ստացած մարտական գործողությունը հետապնդում էր հետևյալ նպատակները.

1. Որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ համանման ձեռնարկումները, նույնպես չէին կարող կանխել Սասունի վրա ծառացած մահացու սպառնալիքը: Պատմական տվյալ ժամանակահատվածում ապստամբության կազմակերպման շարժառիթների ու մանրամասների ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու: Արշավանքի կազմակերպիչները հույեր են փայփայել, որ եթե ինքնապաշտպանական ուժերը համալրվեին, և զուգահեռաբար հայդուկային խմբերի ուժերով ձեռնակվեին հարձակողական գործողությունները, թեկուզև կայսրության սահմանամերձ տարածքներում, ապա կարելի կլիներ երկարատև դիմադրել թշնամու հարձակումներին ու ժամանակ շահել: Կազմակերպիչների համոզմամբ` աղմկահարույց գործողությունների արձագանքներով կարելի էր գրավել եվրոպական տերությունների ուշադրությունը և այն բևեռելով Հայկական հարցի ու Արևմտահայաստանում կատարվող դեպքերի վրա՝ հասնել հայանպաստ արդյունքի:

2. Արշավախմբի կազմակերպիչների գնահատմամբ` սահմանամերձ շրջաններում իրականացվող գործողություններով հնարավոր էր թուրք իշխանությունների ուշադրությունը շեղել Երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններից և դրանով իսկ ինչ-որ չափով օգնություն ցուցաբերել ու թեթևացնել Սասունի դրությունը:

3. Համաձայն «Դրօշակ»-ի, ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտրոնական կոմիտեն այդ արշավանքը ձեռնարկել է, որպեսզի Ալաշկերտի Ուչքիլիսե, Ղումլիպուճախ և Ղարաբազար գյուղերի բնակիչներին պաշտպանի քրդերի և թուրք զինվորների հարձակումներից:

Արշավախումբը պետք է հարձակվեր Բագրևանդ գավառի երեք գյուղերի՝ Սբ. Հովհաննու վանքի մերձակայքում գտնվող Ուչքիլիսեի և Ղումլիպուճախի՝ համապատասխանաբար 50 և 30 զինվոր ունեցող զորանոցների և Մոսունի 150 զինվոր ունեցող զորանոցի վրա: Այդ ժամանակ թուրք իշխանությունները ոչ միայն ավելի են շատացնում սահմանապահ զորքերի քանակը, այլև մեկ անգամ ևս ներխուժում են հայկական գյուղեր. «…այդ շրջանի հայկական մի գծի վրայ – կողք կողքի ընկած հինգ գիւղեր – Ղումլիպուճախ՝ 40 տուն, Իւչքիլիսէ: Արշավախումբը բաղկացած էր 102 մարտիկներից, որոնցից «Բերդան» և «Մոսին» տիպի հրացաններով զինված են եղել միայն 85-ը, իսկ մնացած 17-ը, որոնք մարտախմբերի բեռնակիր-շալակավորներ էին, զինված են եղել ատրճանակներով ու դաշույններով: Գայլ Վահանի գլխավորած «Մասիս» խմբի կազմում եղել են 37 մարտիկներ, որոնցից 9 շալակավոր, 1 բժիշկ: «Արտավազդ» խումբը, որի հրամանատարն էր բաբերդցի խմբապետ Միհրանը, բաղկացած էր 65 մարտիկներից, 16 շալակավորներից և 1 բժշկից:

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ են պահպանվել արշավախմբի մասնակիցների տարիքի, գրաճանաչության, սոցիալական վիճակի վերաբերյալ: Արշավախմբի 102 անդամներից.

«78 զինվոր՝ 20-ից մինչեւ 30 տարեկան

18 -ը՝ 30-ից վեր

4 -ը՝ 40-ից վեր, 2 -ը 50 տարեկան:

… Ամենամէծ տոկոսը՝ 37%-ը, այն է՝ 38 հոգի, 20-25 տարեկան էին, որոնցից 12-ը՝ ճիշտ 20 տարեկան, իսկ 13-ը՝ 21 տարեկան…

… 102 հոգուց 18-ը ամուսնացած էին, իսկ 84-ը ամուրի…»:

Այս նույն հոդվածից պարզվում է, որ «Կարդալ- գրել իմացողների թիւը խմբի մէջ հաշւըված էր 43, որ կազմում է 42%…

…102 զինւորներից 44-ը պատկանում են երկրագործ դասակարգին, 16-ը պարապում էին զանազան արհեստներով, 10-ը՝ խոհարար, ծառայ եւ նման աշխատաւորներեն, իսկ 3-ը՝ անյայտ պարապմունքի տէր մարդիկ…

…102 զինւորներից 71-ը ռուսահպատակ հայեր էին եւ 31-ը տաճկահպատակ: 102 զինւորներից 20-ը՝ նախկին կռիւների մէջ եղած, իսկ 32-ը՝ նոր մարդիկ էին…»:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Պատմության էջերից


13/06/2013