Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒ ԿՅԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԽՐԱՆՔ



Իմ գզրոցում պահպանվել են գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հետ հարցազրույցի գրառումները եւ ձայնագրությունները, իսկ նրա առինքնող ներկայությունը վայելելու բավականությունը անանց է իմ հոգում: Արտուշ Հարությունյանի առերեւույթ խիստ ու պրագմատիկ կերպարը իրականում ողողված էր լույսով, բարությամբ, սիրով: Նրա կրծքի տակ ազնիվ ու փխրուն, միեւնույն ժամանակ քաջ ու աննկուն սիրտ էր տրոփում: Այս ակնարկը փոքրիկ ներբող է հրաշալի մարդուն եւ իսկական զինվորականին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Գեներալ – մայոր Արտուշ Հարությունյանը ծնվել է 1942թ. Գետք գյուղում, բազմազավակ գյուղացու ընտանիքում: Ծնողների ամենակրտսեր` տասներորդ երեխան էր: Երկու տարեկանում զրկվում է հորից: Հայրը` Թադևոս Հարությունյանը, շատ վաղ է մահանում` բազմանդամ ընտանիքի հոգսը թողնելով կնոջ` Հեղինեի ուսերին:

Մանկության ամենաջերմ հուշը, ամենասիրելի, ամենաքաղցր պատկերը մորս պատկերն է: Աշխարհում ամենից շատ մորս եմ սիրել: Ինձ համար ամենամեծ երջանկությունը մորս կողքին լինելն էր։ Ես իմ բոլոր արձակուրդները մորս մոտ եմ անցկացրել։ Մայրս լույս էր, սեր ու ջերմություն։ Ոտքից գլուխ բարություն էր։ Ով ասես հաց չի կերել մորս ձեռքից, մայրս իմ խիղճն էր։

Նա վաղուց չկա, բայց ես միշտ զգում եմ նրա ներկայությունը, նրա հայացքը ու երբեք այնպիսի բան չեմ անում, որ վշտացնեմ մորս։ Երբ ծառայում էի Աֆղանստանում, ես ու մայրս նամակներ էինք գրում իրար։ Բավական է կարդաք այդ նամակները և կհասկանաք, թե որքան գթասիրտ ու ազնիվ էր մայրս։ Գրում էր` բալա՛ ջան, մի՛ թող զինվորներդ զոհվեն, փրկի՛ր նրանց։ Ես ու մայրս շատ մտերիմ էինք։ Նա գնաց` թողնելով մի ահռելի դատարկություն (որ չլցվեց երբեք) ու մի ահագնացող կարոտ:

Հորս չեմ տեսել։ Թեև ես գեներալական ուսադիրներ եմ կրում, բայց մեր գյուղի հնաբնակներն ինձ ճանաչում են որպես Հարութենց Թաթոսի տղա։ Ես միշտ զգացել եմ հորս պակասը: Ոչ ոք և ոչինչ չի կարող փոխարինել հորը` հայրական սիրուն, խրատին, հովանուն։ Հոր կերպարը շատ կարևոր է տղայի համար։ Որդին պետք է հպարտանա հորով: Այդ հպարտությունը նրան դարձնում է ուժեղ, ազնիվ, առաքինի։ Յուրաքանչյուր տղամարդ պետք է այնպես ապրի, որ բարի անուն թողնի իր որդուն: Որ որդին չամաչի հոր համար։

Գերազանցությամբ ավարտել է հանրակրթական դպրոցը, ցանկացել է ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ բաժինը, սակայն հետագայում փոխել է մտադրությունը և սկսել է աշխատել որպես խառատ։

Ես իրոք լավ երեխա էի… խելոք, բարի, մտածող։ Իմ եղբայրներից ու քույրերից չորսը մահացան սովի տարիներին։ Զրկանքը, վիշտը, հոգսը ստիպեցին, որ ես վաղաժամ հասունանամ։ Ես մանկուց աշխատել եմ։ Աշխատել եմ, որ օգնեմ ընտանիքիս` ճակնդեղ եմ մշակել, ջուր եմ կրել, ամեն գործ արել եմ։ Միևնույն ժամանակ, դասերս աչքաթող չէի անում, որովհետև հավատում էի, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պիտի տքնել, պայքարել: Հասկանում էի, որ մենակ եմ անցնելու իմ ճանապարհը, առանց աջակցության, առանց հովանու: Դպրոցում ինձ սիրում էին: Ես մտերմություն փնտրող տեսակ եմ, կապվող, հարազատացող: Ես միշտ սիրո ու ջերմության կարիք ունեմ։ Ես միշտ թույլի կողմն եմ, խեղճի թիկունքին եմ։ Ընկերներս կատակով ինձ կոչում են «նահապետ», որովհետև երբեք չեմ կորցնում մտերիմներիս, սիրում եմ հավաքել նրանց մի հարկի տակ, կապել իրար։

Տասներորդ դասարանը Երևանում եմ սովորել։ Առաջին անգամ դուրս եկա գյուղից, շփվեցի մարդկանց հետ։ Նրանք նման չէին մեր գյուղի մարդկանց։ Դա յուրատեսակ ճամփաբաժան էր, նոր ճանապարհի սկիզբ։ Ու ես ընտրեցի ազնվության ճանապարհը։ Ես շատ դժվարությունների միջով անցա, որովհետև ինձ խորթ էին խորամանկությունը, սուտը, խարդախությունը, հաշվենկատությունը: Բայց կարողացա գլուխ հանել։ Ես հասկացա, որ կյանքում ամենակարևորը համարձակությունն է: Կյանքը խիզախում է, պիտի կարողանաս ուժեղ լինել ու հաղթահարել ցանկացած պատնեշ, հաղթել ցանկացած հակառակորդի, ստիպել, որ հարգեն քո սկզբունքներն ու քո արժեքները։ Գուցե այս մանրամասներն անկարևոր թվան, բայց ես` անհայր, աղքատ, գյուղի տղա, երբեք չէի հաճոյանում հարուստների հագած-կապած տղաներին, չէի փնտրում նրանց բարեհաճությունը։ Ես ինքնաբավ էի, ու մեր դասարանի աղջիկների կեսը ինձ էին սիրահարված։

Ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական բարձրագույն ուսումնարանը և ծառայության է նշանակվել միջինասիական զինվորական օկրուգում՝ զինվորական կարիերան սկսելով ուսումնական դասակի հրամանատարի պաշտոնից: 1973-ին նշանակվում է Կիրգիզական ՍՍՀ Օշ քաղաքում տեղակայված 860-րդ առանձին մոտոհրաձգային Պսկովյան գնդի 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: Կարճ ժամանակամիջոցում երբեմնի հետնապահ գումարտակը երկու տարվա ընթացքում դառնում է 860-րդ գնդի լավագույն ստորաբաժանումը, իսկ մեկ տարի անց գրավում է 1-ին տեղը միջինասիական զինվորական օկրուգում:

Աշխատելը, հաղթահարելը բնավորության գիծ է, ապրելու իմ ձևը։ Գիտեք, կյանքում ամենակարևորը ինքնահարգանքն է, որը ծնում է ինքնավստահություն, հպարտություն, համարձակություն։ Ես միշտ ցանկացել եմ դուր գալ ինքս ինձ։ Իմ ղեկավարած ստորաբաժանումները միշտ եղել են առաջինը և գերազանց արդյունքներ են արձանագրել, որովհետև ես կարողացել եմ աշխատելու ցանկություն, եռանդ, տրամադրություն փոխանցել անձնակազմին։ Ինչպե՞ս… սիրելով, հարգելով, գնահատելով, բարձրացնելով, կարևորելով: Սիրիր մարդուն, ստիպիր, որ ինքը սիրի իրեն, ու նա կդառնա այնպիսին, ինչպիսին դու ես ուզում տեսնել նրան։

1974թ. ընդունվում է Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան, ավարտելուց հետո նշանակվում է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ, իսկ 1980թ. գնդի հրամանատար:

1979-ի դեկտեմբերին 860-րդ առանձին մոտոհրաձգային գունդը տագնապով ոտքի է հանվում և հրաման է ստանում արշավել Օշ-Մուրգաբ-Խորոգ երթուղով և կենտրոնանալ Խորոգ քաղաքի մերձակայքում:

Գունդը 50 աստիճանի հասնող սառնամանիքի պայմաններում պետք է 4 օրում հաղթահարեր 800 կիլոմետրանոց ճանապարհը Պամիրի 2200-4600 մետր բարձրության 10 լեռնանցքներով: «Պամիրյան մարշը» եզակի էր: Հետագայում պարզվեց, որ ռազմարվեստի պատմության մեջ չի եղել նման նախադեպ, երբ զինվորական ստորաբաժանումը զրահատեխնիկայով հաղթահարեր նույնատիպ լեռնային համակարգ: Սա գնդի առաջին լուրջ փորձությունն էր Աֆղանական պատերազմում: Մենք պատվով կատարեցինք առաջադրանքն ու ոչ մի զոհ չունեցանք: Իմ հրամանատարությամբ Աֆղանստանում իրականացրած ամենահաջողված ռազմական գործողություններից էր նաև Սանգի – Դուզդան լեռան վրա տեղակայված դուշմանների բազայի գրավումը: Լեռը բնական անառիկ ամրոց է, որը աննվաճ էր մնացել և՛ Ալեքսանդր Մակեդոնացու, և՛ Անգլիական կորպուսի ռազմիկների արշավանքների ժամանակ: Սանգի – Դուզդանի բազան գրավելիս մենք մեկ զոհ ունեցանք: Ես միշտ արել եմ հնարավոր ամեն ինչ, որ առաջադրանքը կատարենք նվազագույն կորուստներով:

Երբեք չեմ մոռանա ապրումներս, երբ առաջին անգամ մարդ սպանելու հրաման տվեցի։ Գոռացի` «Կրա՛կ» ու նույն պահին հասկացա… զգացի, թե ինչպես իմ հրամանով մարդկային կյանքեր սպանվեցին: Հոգեբանական պատնեշը հաղթահարված էր. ես մտա մի իրականություն, որտեղ ընկերոջդ կյանքը հավասար էր քո կյանքին, իսկ թշնամուդ կյանքը ոչինչ չարժեր: …Մի գործողության ժամանակ միանգամից 6 զինվոր կորցրի։ Ու իմ աշխարհն ասես փլուզվեց։ Ինչ-որ բան անվերադարձ մեռավ իմ հոգում: Ես երբեք չեմ կարողացել հաշտվել կորուստների հետ: Երբեք ցավը չի բթացել: Ես հարյուր անգամ նայել եմ մահվան աչքերին, քանիցս իմ զոհվելու լուրը հասել է հարազատներիս։ Երբ մահը կողքիդ է, կյանքի միակ արժեքը պատիվդ է։ Ու պատիվը թանկ է կյանքից։

Շարունակելի

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

«Իմ մարտական ընկերոջը` Արտուշ Հարությունյանին ճանաչում էի Աֆղանստանից: Ես ծառայում էի որպես Աֆղանստանում տեղակայված 40-րդ բանակի շտաբի պետ եւ հաճախ էի լինում Ֆայզաբադում, որտեղ տեղակայված էր Հարությունյանի հրամանատարությամբ գործող 860-րդ մոտոհրաձգային գունդը: Ես տպավորված էի նրա կազմակերպչական հմտություններով, պահանջկոտությամբ եւ նվիրվածությամբ: Նա միշտ ձգտում էր նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստները: Որպես հայ` ես հպարտանում էի իմ հայրենակցի հաջողություններով:

♦♦♦

1982թ. ես նշանակվեցի լայնամասշտաբ Պանդժշերի օպերացիայի հրամանատար: Օպերացիայի նպատակն էր վնասազերծել հայտնի Ահմադ Շահ Մասուդի խմբավորումները: Այդ օպերացիան այսօր ուսումնասիրում են ԱՊՀ սպաները Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Գործողությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 860-րդ գնդի երկու գումարտակներ` գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ: Դա 40-րդ բանակի միակ միավորումն էր, որը իմ հրամանով ուղղաթիռների միջոցով տեղակայվեց Պակիստանի սահմանից 220 կմ հեռավորության վրա լեռնային անմատչելի շրջանում: Նպատակն էր` չթույլատրել հակառակորդի միավորումների ներթափանցումը Պակիստանից Պանդժշերի հովիտ եւ հակառակը: Այդ գործողության ընթացքում գնդապետ Հարությունյանը գերազանց դրսեւորեց իր հրամանատարական, կազմակերպչական եւ բարոյական-կամային հատկանիշները:

♦♦♦

Երբ 1986 թ Ա. Հարությունյանը նշանակվեց Խորհրդային Հայաստանի զինվորական կոմիսար, նա օրինակ դարձավ խորհրդային այլ հանրապետությունների զինվորական կոմիսարների համար: Նրա ղեկավարման տարիներին Հայաստանի զինվորական կոմիսարիատները 100 %-ով կատարում էին ԽՍՀՄ ԶՈՒ զորակոչի պլանային ծրագիրը:

♦♦♦

Հայաստանի անկախացումից հետո գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանն ակտիվորեն մասնակցեց ՀՀ ԶՈԻ հիմնադրման, ինչպես նաեւ երկրի առավել կարեւոր ճակատների պաշտպանության գործին: Նա հերոսաբար կատարեց Լաչինի միջանցքի պաշտպանության առաջադրանքը: Իսկ հետագայում, գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնում մեծ դեր խաղաց ՀՀ ԶՈՒ զորահավաքային միջոցառումների կազմակերպման հարցում: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ ծանոթ եմ եղել նման մարդու հետ:

ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ
գեներալ-լեյտենանտ

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Ճակատագրեր


13/06/2013