Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԿԱՏԱՐՎԻ



2002 թվականից ի վեր, ինչ Մեղրիի տարածքային զինվորական կոմիսար նշանակվեց մայոր Դավիթ Անանյանը, չի եղել մի զորակոչ, որ զինկոմիսարիատն իր առջև դրված պլանային առաջադրանքը չկատարի, և ինչպես դիպուկ նկատեց զինկոմը, հեռավոր սահմանամերձ Մեղրիում ահել, թե ջահել, բոլորն էլ իրենց երկրի պաշտպան են համարում։ Երիցս իրավացի էր նաև ութսունամյա այն պապիկը, որն ասաց.

– Որդի՛ ջան, հայրենիքն սկսվում է սահմանից։ Մեղրեցու համար հայրենիքը սկիզբ է առնում Մայր Արաքսից, երկնահաս այս լեռներից։ Յուրաքանչյուր հայորդու համար, սահմանամերձ բնակավայրի բնակչի համար հատկապես, անպատվաբեր պետք է լինի բանակում չծառայելը։ Մեղրեցին միշտ էլ պատրաստ է անձնվիրաբար ծառայելու հայրենիքին։ ՈՒղղակի շատ կխնդրեի, որ մեր իշխանավորները մի քիչ սրտացավ աչքով մտիկ անեին մեզ` սահմանամերձ շրջանների բնակիչներիս։ Լսած կլինես, որ էդ կարկուտ չեղածը մեզ էլ չշրջանցեց ու մեծ ավերածություններ գործեց,-հոգոց հանեց ծերունին ու շարունակեց:- Դարերով եկած ու մեր օրերը հասած, դաժան ժամանակների փորձությունով անցած մի մեծ ճշմարտություն կա՝ դեռ ոչ մի ոսոխի չի հաջողվել նվաճել Մեղրին։ Մեղրին թոնիր է` մտար, էլ դուրս չես գա, կայրվես մինչև վերջ։ Նման ճակատագրի են արժանացել Մեղրին նվաճել ցանկացող թուրք, թե պարսիկ, արաբ, թե մոնղոլ։ Այնպես որ՝ մեղրեցին շատ լավ է գիտակցում զորակոչի նշանակությունն ու կարևորությունը։

Քանի որ մեկնարկել է հերթական զորակոչը, այն լուսաբանելու համար գործուղվեցինք Մեղրի։ Ճիշտ է, մեր այցի օրը զորակոչվողներ չկային, եւ զորակոչի առաջին օր է նշանակված հունիսի 17-ը, սակայն զինկոմիսարիատում աշխատանքային եռուզեռ էր։ Մեր այցի պահին մայոր Անանյանն իր աշխատասենյակում զորակոչվողների անվանացանկն էր աչքի անցկացնում, ուսումնասիրում։

-Զինակոչիկներին ու նրանց ծնողներին մեկ անգամ ևս հիշեցրեք, որ նշված օրը ճիշտ ժամին ներկայանան, չուշանան,- դիմելով զորակոչային բաժանմունքի պետին` հրահանգեց զինկոմը։

Մեր զրույցն ընդհատեց զինկոմիսարիատի աշխատակիցը` զինկոմին զեկուցելով, որ զինակոչիկի ծնող է եկել և խնդրում է իրեն ընդունել։ Տեսնելով մեզ` զինակոչիկի հայրը հանկարծակիի եկավ, ներողություն խնդրեց, սակայն մայոր Անանյանը կանխեց.

-Մեր բանակի` «Հայ զինվոր» պաշտոնաթերթի լրագրողներն են, առանց կաշկանդվելու ասա՛ հարցդ,- հորդորեց զինկոմը։

-Անանյան ջան, մահացած եղբորս դստերն ենք ամուսնացնում, խնդրում եմ, եթե հնարավոր է, տղայիս հնարավորություն տաս մասնակցելու քրոջ հարսանիքին։

-Եղավ,- համաձայնեց զինկոմը, և ծնողը շնորհակալություն հայտնելով, ուրախ- ուրախ հեռացավ։

-Փոքր շրջան է, բոլորն իրար ճանաչում են, ընկեր-բարեկամ, խնամի-հարեւան, հավատացեք, այստեղ հնարավոր չէ առանց իրար օգնելու ու ընդառաջելու։ Փոխըմբռնումը ծառայում է ընդհանուր գործին,- ասաց զինկոմը։

-Առհասարակ, ի՞նչ խնդիրներ եք ունենում զորակոչի օրերին։

– Հիմնական ցավոտ խնդիրը զորակոչիկին առողջական հարցերով մայրաքաղաք ուղարկելու հետ է կապված` հեռավորությունն է մի քիչ դժվարացնում, ուրիշ խնդիրներ չկան։ Սահմանամերձ շրջաններում, Մեղրիի տարածքում` հատկապես, զորակոչն անցնում է համեմատաբար հանգիստ։ Փոքրիկ շրջան է, երկու քաղաք` Մեղրին, Ագարակը և տասը գյուղ։ Բոլորս իրար ճանաչում ենք, վստահում։ Բոլորն այստեղ առաջնորդվում են այն բարձր գիտակցումով, որ պետական կարևոր առաջադրանքը կատարվի պատվով, և ես վստահեցնում եմ, որ մենք չենք թերանա։ Դժվարություններ, որպես այդպիսին, չկան, բայց ինձ և՛ որպես հայ մարդու, և՛ որպես զորակոչի պատասխանատուի հիմնականում անհանգստացնում են մեր զինակոչիկների շրջանում նկատվող առողջական որոշակի խնդիրները։

-Հունիսի 17-ին զորակոչիկների առաջին խումբը կմեկնի հանրապետական հավաքակայան։ Արդյոք այս իրադարձությունը հավուր պատշաճի նշվո՞ւմ է, նկատի ունեմ տղաներին բանակ ճանապարհելը։

-Առաջին զորակոչը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասի ներկայացուցչի մասնակցությամբ` երգ-երաժշտությամբ, տոնական տրամադրությամբ ճանապարհում ենք բանակ։ Զինակոչիկներին տանում ենք եկեղեցի, լինում է այնպես, որ քահանան ինքն է գալիս, կատարում օրհնության կարգը։ Բարձր տրամադրությամբ ենք մեր տղաներին ճանապարում, և այդպես էլ հարազատները դիմավորում են բանակից վերադարձողներին։

-Այս զորակոչի ընթացքում քանի՞ զինակոչիկ է ուղեգրվել բուժհետազոտության, և նրանցից քանի՞սն են զորակոչի ենթակա։

-ՈՒղեգրվել են երկու տասնյակ զինակոչիկներ, արդյունքները մի քանի օրից պարզ կլինեն։ Երկու զինակոչիկ ունենք, որոնք քառասուներկու կիլոգրամ են կշռում, բայց, հոգ չէ, մինչև զորակոչի վերջը նրանք կկազդուրվեն և կմեկնեն բանակ։

-Զորակոչից խուսափողներ չկա՞ն։

-Իմ պաշտոնավարման տասնմեկ տարիների ընթացքում եղել են ընդամենը տասնյոթ խուսափողներ, որոնցից վեցը բացատրական աշխատանքների շնորհիվ եկել ու զորակոչվել են, վեց զորակոչիկի էլ քսանյոթ տարին է լրացել, կարող են գալ, օրենքով սահմանված կարգով մուծումները կատարել ու հաշվառվել պահեստազորում։

-Մեղրիում ես էլ ծանոթներ ունեմ, և երբ նրանցից մեկի տանը զրույց բացվեց բանակից, զորակոչից, ինձ պատմեցին, որ այս տարի մարտի ութի կապակցությամբ զինկոմիսարիատն ու զորամասը տոնական բացիկներով, վարդերով շնորհավորել են բանակում ծառայող մեղրեցի զինվորների մայրերին։ Հաճելի էր լսելը։

-Այս տարի գնդապետ Ռ. Բեգլարյանի հետ որոշեցինք ուրախացնել մեր զինվորներին ու նրանց մայրերին, և նման նախաձեռնությունը հետագայում էլ ավանդույթ կդարձնենք։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Հունիսի 10-ին հանրապետությունում մեկնարկեց գարնանային զորակոչը։ Թերթի հաջորդ համարներում պարբերաբար կանդրադառնանք համապետական այս կարևոր միջոցառմանը։

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Բանակ և հասարակություն


13/06/2013