Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ



Մայիսի 29-30-ը տեղի ունեցավ համաբանակային «Զինվորական ծառայության անվտանգության» կոնֆերանսը: Հաշվի առնելով դրանում արծարծված հարցերի հրատապությունը` ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում գնդապետ ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հոդվածը, որում անդրադարձ է կատարվում զորային օղակում զինվորական հանցագործությունների կանխման հիմնական ուղղություններին և զինվորական հանցագործությունների առանձին տեսակների կանխարգելմանը: Հոդվածը կարող է ծառայել որպես մեթոդական օգնություն:

Սկիզբը՝ նախորդ համարում

Այժմ ներկայացնենք զինծառայողների քրեական արարքների կանխման հետ փոխկապված միջոցները:

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

1. Զինվորի բարոյական նկարագիրը ձեւավորվում է կենսակերպի եւ, նախեւառաջ, նպատակաուղղված գաղափարադաստիարակչական աշխատանքի ազդեցությամբ:

Հաճախ զինծառայողների` քրեորեն պատժելի գործողությունների անմիջական պատճառ են դառնում հասարակ կենցաղային եւ անձնական շարժառիթները: Միաժամանակ հայտնի է, որ ինչքան էլ ուժեղ լինեն այդպիսի մղումները, դրանք գործողությունների չեն հանգեցնում, եթե հակասում են անհատի համոզմունքներին: Իսկ ծառայողի համոզմունքները ձեւավորվում են շրջապատող իրականության, զինծառայողի ամբողջ կյանքի եւ գործունեության, հրամանատարների ազդեցությամբ:

Եթե զորակոչային տարիքի պատանիների հոգեւոր աշխարհը արդեն որոշ չափով ձեւավորված է, ապա պահանջները, հետաքրքրությունները, զգացմունքները, հայացքները եւ համոզմունքները դեռեւս ձեւավորված ու կայուն չեն: Հատկապես 18-ից 20 տարեկան հասակում դրանք փոփոխվում են` ի հայտ են գալիս նոր պահանջներ եւ հետաքրքրություններ, կյանքի փորձի կուտակումից հայացքները եւ համոզմունքները ինքնաքննադատորեն վերանայվում են, վերագնահատվում են արժեքները:

Անձնակազմի իրավական դաստիարակությունը, որն ուղղված է զինվորական հանցագործությունների կանխմանը, կլինի արդյունավետ միայն այն ժամանակ, երբ օրենքի իմացությունը դառնա համոզմունք, օրենքը կիրառական լինի բոլորի համար, իսկ օրինապահ վարքը ամեն մի զինծառայողի համար դառնա օրախնդիր պահանջ: Միայն քրեական օրենքների բացատրությամբ անհնար է դրան հասնել: Մասնավորապես, զինծառայողների կյանքը, կենցաղը եւ գործունեությունը համապատասխան լինեն զինված ուժերի օրենքներին եւ կանոնադրություններին, քանի որ զինվորներն իրենց անմիջական պատկերացումները իրավունքի եւ օրինականության մասին առաջին հերթին ստանում են այն իրավական հարաբերություններից, որոնց անմիջական մասնակիցն են:

Զինծառայողի իրավական գիտակցության ձեւավորման վրա դրական ազդեցություն է թողնում զինվորական արդարադատության մարմինների պրակտիկ գործունեության, քրեական գործերի հետաքննության վերաբերյալ մշտական տեղեկատվությունը, արտագնա դատական նիստերի անցկացումը:

Իրավախախտների նկատմամբ քրեական օրենքների, պատժի մեխանիզմի կիրառումը բարոյապես անկայուն զինծառայողների մեջ ձեւավորում է քրեական պատժի անխուսափելիության գիտակցումը:

Այսպիսով, հրամանատարներին անհրաժեշտ է հասնել այն բանին, որ հատուկ դաստիարակչական միջոցառումներն ամեն օր ամրապնդվեն օրենքների եւ կանոնադրությունների պահանջներին համապատասխան կարգուկանոնով:

2. Ենթակաների վարքի հանցավոր դրսեւորումների կանխման գործում նշանակալի դեր է խաղում հրամանատարների եւ պետերի օրինապահ լինելը: Խիստ հետեւելով իրավունքի նորմերին` զինված ուժերի պաշտոնյա անձինք իրենց օրինակով ենթակաների մեջ դաստիարակում են հարգանք օրենքների նկատմամբ՝ դրանով իսկ կանխելով հակահասարակական արարքները:

3. Զինծառայողների հանցավորության կանխարգելման արդյունավետությունը բարձրացնում են զինծառայողների անհատական մոտեցումը եւ հոգեբանության, մանկավարժության, քրեագիտության իմացությունը: Այն դաստիարակները, որոնք տիրապետում են հիմնավոր գիտելիքների, տեղյակ են մարդու հոգեկան-հոգեբանական աշխարհի ձեւավորման օրինաչափություններին ու առանձնահատկություններին եւ հասկանում են այս կամ այն իրավիճակում զինծառայողի հանցավոր վարքի դրսեւորման պատճառները, հնարավոր ցավալի հետեւանքները կանխատեսելու եւ մանկավարժական իմաստուն մոտեցումով կանխելու ավելի մեծ հնարավորություն ունեն:

4. Զորամասերում եւ ստորաբաժանումներում հանցագործությունների կանխումը մեծ մասամբ կախված է այդ աշխատանքին զինվորական անձնակազմի մասնակցության աստիճանից:

Զինվորական կոլեկտիվն ունի մեծ ուժ, որը պետք է խելացիորեն օգտագործվի նաեւ իրավախախտումների կանխման ժամանակ: Բանակային առողջ կոլեկտիվը կարող է կանխարգելել հանցավոր գործողությունները:

Հանցավորության կանխման համար կարեւորագույն նշանակություն ունեն, օրինակ, պրոֆեսիոնալ հմտությունների, բարձր բարոյամարտական եւ հոգեբանական որակների ձեւավորումը, բարոյական դաստիարակությունը, ֆիզիկական կոփվածությունը եւ այլն:

Շարունակելի

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ռազմական


20/06/2013