Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ



«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն զինված ուժերի համար որակյալ մասնագետներ (ՄՏԼԲ-ի-թեթև զրահապատ բազմապրոֆիլ քարշակի մեխանիկ-վարորդներ, ԲՑ կարգի վարորդներ եւ կապավորներ) պատրաստող դարբնոց է՝ իր ավտոդպրոցներով եւ մարզատեխնիկական ակումբներով հանդերձ: Այստեղ շատ կարևորում են ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նախնական զինվորական պատրաստությունը, բուժառողջարարական միջոցառումների անցկացումը, ֆիզիկական պատրաստությունը, տեխնիկական և ռազմակիրառական սպորտաձևերի տիրապետումը: Դրանց շարքում իր ռազմահայրենասիրական եւ կրթադաստիարակչական առաքելությունն է իրականացնում 1941 թ. հիմնված Երևանի Գայի անվան ավտոդպրոցը, որի տնօրենը 2012թ.-ից պահեստազորի գնդապետ Լյուդվիգ Գարեգինի Հարությունյանն է:

-Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների համար ավտոդպրոցում դասավանդվում են՝ ա) ավտոմեքենայի կառուցվածք ու շահագործում, բ) ճանապարհային երթևեկության կանոններ, գ) տրանսպորտային միջոցների վարման և անվտանգ երթևեկության հիմունքներ, դ) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց առաջին բուժօգնություն, ե) ընդհանուր զինվորական պատրաստություն, զ) «ԶԻԼ-131» և «ԿԱՄԱԶ-4310» մակնիշի ավտոմեքենաների վարում: Փորձառու դասատուներ են Վ.Ավետիսյանը, Վ.Գասպարյանը, գործնական ուսուցման ավագ վարպետ Ս.Այվազյանն ու Դ.Հարությունյանը, ինչպես նաեւ վարման ուսուցման երկարամյա բանիմաց վարպետներ են Մ.Լալայանը (մասնակցել է Արցախյան պատերազմին), Ջ.Մկրտչյանը (նույնպես մասնակցել է Արցախյան պատերազմին, ավտոդպրոցի վետերան է` աշխատում է 1962թ.-ից), Ա.Հայրապետյանը, Շ.Մկրտչյանը, Փ.Քիրաջյանը, Ա.Գրիգորյանը, Ս.Չիլոյանը: Կարևոր գործ են կատարում մեխանիկ Մ.Խաջինջյանը և բժիշկ Վ.Բադասյանը,- ներկայացնում է ավտոդպրոցի երկարամյա, վաստակաշատ փոխտնօրեն Արմենակ Հայրապետյանը: – Ավտոդպրոցն ունի 2 կոմբինացված դասարաններ, որտեղ դասավանդվում են «ավտոմեքենայի կառուցվածք ու շահագործում», «ճանապարհային երթևեկության հիմունքներ»: Կա նաև գործնական պարապմունքների 2 լաբորատորիա, մեկը` ավտոմեքենայի կառուցվածքի, մյուսը` տեխսպասարկման աշխատանքների կատարման համար: Դպրոցն ունի ավտոդրոմ, որը վերակառուցվում է պահանջվող ծրագրին համապատասխանեցնելու համար: Ավտոդրոմում նախնական վարման բոլոր վարժություններից անցկացվում է մասնագիտական ստուգարք, որը դրական հանձնող կուրսանտները անցնում են հաջորդ փուլ, որին էլ հաջորդում է ավտոմեքենայի վարումը ծանրաբեռնված երթևեկության փողոցներով, նաև գիշերային պայմաններում, այնուհետեւ անցկացվում է գիտելիքների երկրորդ ստուգարք: Վերջին փուլում անցկացվում է ավտոշարասյան կազմում 50 կմ մեքենավարում: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով նշանակվում է ռազմական քննական հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԶՈՒ ավտոծառայության կամ զորամասերի առավել պատրաստված մասնագետ սպաներ, իսկ քննական հանձնաժողովի անդամներ նշանակվում են տարածքային զինկոմիսարիատներից և ավտոդպրոցի ղեկավարությունից:

Զորակոչերից առաջ՝ տարին 2 անգամ, կատարվում է ավտոդպրոցի կուրսանտների ընտրություն: Կոնկրետ տարածքային զինկոմիսարիատներում հավաքագրում են 17 տարին լրացած և առողջական խնդիրներ չունեցող պատանիների: Ընդհանուր ուսուցումը 5 ամիս է՝ համաձայն ծրագրի: Ուսուցումը երկհերթ է:

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի ավտոդպրոցներում պատրաստվող զինվոր-վարորդները զինված ուժերում ծառայում են բոլոր ստորաբաժանումներում: Եվ վարպետ-մասնագետների տքնաջան եւ հայրենանվեր աշխատանքի շնորհիվ զինակոչիկ պատանիները դաստիարակվում են այն ոգով ու գիտակցությամբ, որ հենց իրենցից է կախված զինված ուժերի մարտունակությունը:

ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Բանակ և հասարակություն


20/06/2013