Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ



Հարցազրույց գնդապետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Մարգարյան, վերջերս մեր ԶՈՒ-ում ավելի մեծ ուշադրություն է դարձվում ռազմական հոգեբանության տեսանկյունից անձնակազմի պատրաստմանը: Ինչո՞վ է պայմանավորված դա:

-Խնդիրն այն է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև տեղեկութահոգեբանական ներգործության միջոցների և եղանակների սրընթաց զարգացումը պարտադրում են էապես վերանայել ոչ միայն ռազմական տեսության դրույթները, մարտական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, այլև անձնակազմի պատրաստմանն ուղղված մոտեցումները: ՈՒստի առաջնային պլան է մղվում այն, թե որքանով են այդ գործընթացները խարսխված գիտականորեն հիմնավորված մոտեցումների վրա: Նկատի ունեմ գործընթացի իրականացումը զինվորական հոգեբանության տեսակետից, հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկախ ռազմական գործողությունների բնույթից` մարտական խնդիրները չեն կարող կատարվել առանց անձնակազմի նպատակաուղղված գործունեության, որպես կարևոր ու հրատապ լուծման ենթակա խնդիր է դիտվում զորային կառույցում անձնային գործոնի հաշվառումը:

– Մի՞թե այսօր այդ ուղղությամբ աշխատանք չի կատարվում:

– Իհարկե կատարվում է, սակայն խնդիրը այդ աշխատանքը գիտականորեն հիմնավորված, հետևաբար և առավել արդյունավետ դարձնելն է` անձնակազմի հոգեբանական մասնագիտական ընտրազատման, ինչպես նաև հոգեբանական պատրաստման համակարգի գործարկմամբ: Մեր հետազոտական տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակի ռեալ մասշտաբում և ռեալ պայմաններում մոդելավորվող մարտական իրադրության արտակարգ իրավիճակում զինծառայող մասնագետի գործունեությանը ներկայացվող խիստ պահանջների և այդ պայմաններում խնդիրների կատարմանը հոգեբանական պատրաստության միջև գոյություն ունի ցայտուն արտահայտված անհամաչափություն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնագետների պատրաստման համակարգում հոգեբանական բաղադրիչի հետին պլան մղված լինելու հետևանքով չի ապահովվում անհրաժեշտ մակարդակի հոգեբանական պատրաստություն գործունեությանը բարդ, ոչ ստանդարտ պայմաններում:

-Ի՞նչ է անհրաժեշտ` մասնագետների պատրաստման համակարգում այդ անհամաչափությունը հարթելու համար:

-Տվյալ անհամաչափությունը չի կարող հարթվել առանց զինծառայողների գործունեության հոգեբանական կողմերի, այդ գործունեության վրա ազդող գործոնների, զորային կառույցի գործառման առանձնահատկությունների հաշվառման, հետևաբար և անձնակազմի հոգեբանական պատրաստման մեթոդաբանության մշակման և վերջինիս պլանաչափ իրագործման: Այս տեսակետից համակարգված հոգեբանական աշխատանքի կատարման համար մենք չպետք է մոռանանք, որ մարտական իրադրության արտակարգ իրավիճակին զինծառայողը հակադրում է ոչ միայն իր օրգանիզմի հոգեֆիզիոլոգիական ռեզերվներով պայմանավորված հոգեբանական կայունությունը, այլև մասնագիտական պատրաստման ընթացքում ձևավորված հմտությունների համակարգով, ինչպես նաև մասնագիտորեն նշանակալից հատկությունների ընդհանուր ֆունկցիոնալ մակարդակով պայմանավորված հոգեբանական կայունությունը: Այդ երկու բաղադրիչների միաձուլվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ գործունեությանը հոգեբանական պատրաստություն:

– Զինվորական գործունեությանը հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ ապահովելու համար ո՞ր հոգեբանական խնդիրներն են ըստ Ձեզ ներկայումս առաջնահերթ:

– Նախ` ըստ զորատեսակների զինծառայողների ռացիոնալ բաշխումը` անձնակազմի հոգեբանական մասնագիտական ընտրազատման ընթացակարգի մշակմամբ ու վերջինիս պլանաչափ իրագործմամբ…

– Նկատի ունեք յուրաքանչյուր զինծառայողին իր հոգեբանական ունակություններին ու խառնվածքին համապատասխան զորատեսակում ծառայության նշանակե՞լը:

– Այո՛: Խոսքը վերաբերում է զինծառայողի հոգեբանական հատկությունների համախմբի և նրա հոգեֆիզիոլոգիական ներուժային հնարավորությունների հաշվառմանը:

Իսկ ինչ վերաբերում է խնդիրների առաջնահերթությանը, ապա որպես երկրորդ խնդիր ես կնշեի տեղեկութային պատերազմ վարելու մարմնի ձևավորումը, որի կարևորագույն գործառույթները պետք է լինեն պաշտպանական և հարձակողական բնույթի հոգեբանական օպերացիաների պլանավորումն ու դրանց իրականացումը մարտավարական, օպերատիվ և ռազմավարական մակարդակներում: Միանգամայն հասկանալի է, որ տեղեկութային պատերազմ վարելու մարմնի ձևավորումը ենթադրում է նաև հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից զինծառայողների պաշտպանությանն ուղղված համալիր բլոկ-միջոցառումների մշակում:

-Ձեր նշած խնդիրները զուտ ռազմական ոլորտից են: Որքանո՞վ է արդյունավետ քաղաքացիական ոլորտի հոգեբաններին դրանց լուծմանը ներգրավելը:

-Քաղաքացիական ոլորտի հոգեբան-մասնագետների և հետազոտական լաբորատորիաների հետ գործակցության խորացումը ճիշտ ռազմավարություն է, սակայն անհրաժեշտ է մեծ զգուշավորություն դրսևորել հատկապես այն մասնագետների նկատմամբ, որոնք, հիմնվելով հոգեբանական գիտության առանձին ենթաճյուղերում կուտակված փորձի վրա և չտիրապետելով զորային կառույցի գործառման առանձնահատկությունների մասին գիտելիքներին, փորձում են գործնական առաջարկություններ ներկայացնել զինվորական պրակտիկայի համար: Նման մոտեցումը ոչ միայն թույլատրելի չէ, այլև վտանգավոր է երկրի ռազմական անվտանգությունը ապահովող համակարգի համար:

Խնդիրն այն է, որ զինվորական հոգեբանությունը հատուկ գիտական իմացության և պրակտիկայի ոլորտ է, որի նպատակն է հետազոտել զինծառայողների համատեղ մարտական գործունեության առանձնահատկությունները և հիմնավորել այդ գործունեության արդյունավետության ապահովման մեթոդները…

– Ինչո՞ւ եք զինվորական հոգեբանությունն անվանում «հատուկ գիտական իմացության և պրակտիկայի ոլորտ» և ոչ թե պարզապես «հոգեբանական գիտության բնագավառ»:

– Որովհետև զինվորական հոգեբանությունը միևնույն ժամանակ ինչպես հոգեբանական գիտության, այնպես էլ ռազմական գիտության բնագավառ է, և դրանք միմյանցից երբեք տարանջատ չեն եղել և չեն էլ կարող տարանջատ լինել նաև հեռանկարում:

– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել ռազմական «Մարդ-տեխնիկա» համակարգերում ներառված զինծառայողների գործունեության հուսալիության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

– Բարդ ռազմական մարդատեխնիկական համակարգերի մեջ ներառված զինծառայողների և ընդհանրապես ԶՈՒ-ի անձնակազմի գործունեության հուսալիության մակարդակի բարձրացումը առաջին հերթին ենթադրում է զորատեսակների առանձնահատկությունների և ըստ այդմ` զինծառայողին ներկայացվող պահանջների համախմբի հետազոտում, որին պետք է հաջորդի զինվորական պաշտոնների անձնագրերի պատրաստումը, ապա` պրոֆեսիոգրամմայի, հետևաբար և պսիխոգրամմայի կազմումը, այնուհետև` զինծառայողների հոգեբանական ուղեկցումը: Վերջինս պետք է կատարվի ըստ հետևյալ ուղղությունների` հոգեբանական մասնագիտական ընտրազատում, բժշկահոգեբանական շտկում և վերականգնում, հոգեբանական աշխատանք:

Հարկ է նշել, որ միայն վերը նշված միջոցառումների տրամաբանական հաջորդականությունը պահպանելու դեպքում հնարավորություն կընձեռվի զորային կառույցում զինվորական հոգեբանության տեսանկյունից գրանցելու որակական առաջընթաց, որը կդրսևորվի անձնակազմի մարտական պատրաստության հոգեբանական բաղադրիչների հաստատուն կերպով պահպանման ձևով:

-Փաստորեն, առանց զորատեսակների գործառույթներն իմանալու, զինվորական յուրաքանչյուր մասնագիտության նրբություններին գոնե տեսականում տիրապետելու` հնարավոր չէ զինվորական հոգեբանության տեսանկյունից կատարել համակողմանիորեն հիմնավորված աշխատանք:

– Իհարկե: Շատ կարևոր է, որ վերը նշված աշխատանքները կատարվեն այն մասնագետների կողմից, որոնք լիարժեքորեն պատկերացնում են ԶՈՒ-ի գործառման յուրօրինակությունը, դրան բնորոշ առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Ընդ որում, հոգեբանական աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե այն կրում է հատվածական, դիսկրետ և ոչ համակարգային բնույթ: Նման մոտեցմամբ հնարավոր չէ կատարել գիտականորեն հիմնավորված մշակումներ:

Համակողմանի և համակարգված հոգեբանական աշխատանքի կատարման համար նպատակահարմար է, որ պաշտպանության նախարարության կառուցվածքում իր ուրույն տեղն զբաղեցնի գիտահետազոտական լաբորատորիան, որի պարագայում` ըստ ԶՈՒ-ի զարգացման ծրագրի, կպլանավորվեն նաև զինվորական հոգեբանության մասով գիտահետազոտական աշխատանքները և համապատասխան տվյալների բազայի ստեղծումը, ապա` հոգեբանական աշխատանքը` ըստ կոնկրետ ուղղությունների:

Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե ըստ զորատեսակներին բնորոշ առանձնահատկությունների մենք չունենք զինծառայող մասնագետի համակողմանի գնահատման չափանիշների համախումբ, ապա մենք չունենք ոչինչ, և այս պարագայում անիմաստ են դառնում որոշ նախաձեռնություններ, որոնք իբրև թե ունեն հոգեբանական ուղղվածություն: Ավելին. պաշտպանական համակարգում ոչ մի առանձին վերցված մասնագետի գիտական աշխատանք չի կարող ծածկել ներկայումս գոյացած հոգեբանական աշխատանքի այն լայն պահանջարկի դաշտը, որը ակնառու է, և որի կարևորությունը գիտակցում ենք բոլորս:

– Փաստորեն, կադրերի պատրաստման խնդիրը բավականին բարդ խնդիր է:

-Այո՛, զինվորական հոգեբանության հաստատության ձևավորման և զարգացման գործում էական նշանակություն ունի զորային հոգեբանների պատրաստման խնդիրը: Այս դաշտում իհարկե կան մի շարք պրոբլեմներ, որոնք նույնպես հրատապ լուծում են պահանջում: Կարծում եմ, որ վերը ներկայացված խնդիրների հետ մեկտեղ նպատակահարմար է նաև այս խնդիրը քննարկման առարկա դարձնել և ըստ այդմ համապատասխան միջոցներ ձեռնարկել զորային հոգեբանների մասնագիտական պատրաստման վերաբերյալ:

Հարցազրույցը`
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


20/06/2013