Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ



Ժամանակակից մարդը, այսօրվա աշխարհի սոցիալ-տնտեսական բարդ կյանքի պայմաններին ենթարկվելով, հեռանում է իր հոգու պահանջը հագեցնելու ներքին մղումից: Հեռանում է շատ մշակութային հոգեւոր արժեքներից եւ աղքատացնում իր հոգեւոր կյանքը` լայն իմաստով: Իսկ քրիստոնեական հոգեւոր արժեքներով ապրելու ավանդական կենսաձեւը շատերի մեջ վաղուց է մոռացվել` հեռացվելով մանավանդ հոգեւոր այն հուշարձանից, որ մենք հատուկ հպարտությամբ մատնանշում ենք, որ է Քրիստոսի Եկեղեցին:

Կասկածից վեր է, որ Սուրբ Գիրքը հոգեւոր հարուստ կյանքի` մարդու հիմնական մատակարարն է եղել, եւ հայ ժողովուրդը, որի զավակն եմ ես, հավատացել է աստվածաշնչյան կյանքի ճշմարտությանը: Մենք եւ մեր զավակները պարտավոր ենք ապրել նույն ոգով եւ ճշմարտությամբ, որով ապրեցին մեր հայրերը, այսօր վերաիմաստավորելով մեր կյանքը քրիստոնեական հայոց մշակույթի արժեքներով:

Որո՞նք են այդ հոգեւոր արժեքները: Հոգեւոր վերածնունդ ապրելու հիմնական պատվիրաններից նշենք մի քանիսը` Քրիստոսի կողմից տրված:

«Որովհետեւ Ես իջել եմ երկնքից ոչ թե Իմ կամքը կատարելու, այլ Ինձ ուղարկողի կամքը» (Հովհ. 6.38): Նորադարձ քրիստոնյաներին ուղղելով՝ շարունակում է. «Դարձյալ լսել եք, որ առաջիններին ասվեց. Սուտ մի՛ երդվիր, բայց քո երդումը Տիրոջը վճարիր: Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծո գահն է, ո՛չ երկրով, քանի որ սա նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ թագավորի քաղաքն է: Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետեւ մի մազ էլ չես կարող սպիտակ կամ սեւ անել: Բայց ձեր խոսքը թող լինի` այոն` այո, ոչը` ոչ, սրանից ավելին չարից է» (Մատթ. 5; 33-37):

Ցուցադրական զոհողությունից զգուշացում. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջ, նրանց երեւալու համար չանեք, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, քո առաջ փող մի՛ հնչեցնի, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի մարդկանցից փառավորվեն: Ճշմարիտ եմ ասում ձեզ` նրանք իրենց վարձն ստացել են: Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ինչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ ծածուկը տեսնում է, քեզ հայտնապես հատուցի» (Մատթ. 6; 1-4):

Ավետարանչի զգուշացումը ձեւական աղոթողներին. «Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երեւան: Ճշմարիտ եմ ասում ձեզ` ա՛յդ է իսկ նրանց վարձը: Բայց դու երբ աղոթես, քո սենյա՛կը մտիր եւ դուռդ փակա՛ծ աղոթք արա քո Հորը, որ ծածուկ տեղում է, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ: Աղոթք անելիս շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելով կլսվեն» (Մատթ.6; 5-7):

Կեղծ աղոթքն Աստծո կամքին հակառակ է. «Ոչ թե ամեն Ինձ «Տե՜ր, Տե՜ր» ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է: Այն օրը շատերն Ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, ու Քո անունով դեւեր հանեցինք, Քո անունով բազում հրաշքներ գործեցինք»: Ես էլ այն ժամանակ նրանց հստակ կասեմ. Ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ» (Մատթ. 7; 21-23): «Հիսուսն ասաց. Երանի նրանց, որ Աստծո խոսքը լսում են ու պահում այն» (Ղուկաս 11.28):

Աստծուն ցանկալի ծառայությունը ոչ թե շուրթերով է, այլ Բարի գործով. «Նա պատասխանեց եւ ասաց նրանց. Եսային լավ մարգարեացավ ձեր` կեղծավորներիդ մասին, ինչպես որ գրված է` «Այս ժողովուրդն Ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն Ինձանից հեռացած, բաժանված է: Զուր տեղն են պաշտում Ինձ` սովորեցնելով այնպիսի վարդապետություններ, որոնք մարդկա՛նց պատվիրաններ են: Աստծո պատվիրանները թողած` մարդկանց ավանդույթն եք պահում»: Ապա ավելացրեց. Աստծո պատվիրաններն անարգում եք, որ ձե՛ր ավանդույթը պինդ պահեք» (Մարկ. 7; 6-9):

Ազդարարություն վերջ տալու չարագործություններին. «Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցե՛ք բարիք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցե՛ք զրկվածին, արդարադատ եղե՛ք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն: Եկե՛ք խոսենք իրար հետ,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եւ եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Եվ եթե հոժար լինեք ու լսեք Ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1.16-19):

«Ով որ Իմ այս խոսքերը լսում է ու դրանք կատարում, մի իմաստուն մարդու կնմանեցնեմ, որ իր տունը ժայռի վրա շինեց: Անձրեւը եկավ, գետերն էլ վարարեցին, քամիները փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց այն չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված» (Մատթ. 7.24-25):

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Հոգևոր-մշակութային


20/06/2013