Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



«T-50»-ը, «F-22»-ը եւ «F-35»-ը մեծ թափով կատարելագործվում են

Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը 6,9 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան «Lockeed Martin» ընկերության հետ, «F-22 Raptor» հինգերորդ սերնդի կործանիչների կատարելագործման համար: Այս փաստը մեծ հետաքրքրություն առաջացրեց ռազմական ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը պետք է համալրի նաև մեկ այլ հինգերորդ սերնդի կործանիչ՝ «F-35»-ը, որը պետք է սպառազինություն մտնի 2015թ.-ին: Այս կործանիչներին ի պատասխան` Ռուսաստանը ևս ստեղծում է հինգերորդ սերնդի կործանիչ` «Т-50 ПАК ФА»:

Բազմաթիվ մասնագետներ տարբեր կերպ են վերաբերվում այս կործանիչներին: «F-35»-ը դեռ շարունակում է անցնել փորձարկման փուլերը, իսկ «F-22»-ը 2005թ. արդեն սպառազինությունում է: Շատերն այս կործանիչի կատարելագործման հանգամանքը կապում են ռուսական «Т-50»-ի ի հայտ գալու հետ: «Т-50»-ը դեռ գտնվում է փորձարկման փուլում, ըստ նախնական տվյալների՝ այն պլանավորվում է սպառազինություն մտցնել 2016 թ.: «Սուխոյ» կոնստրուկտորական բյուրոյի մասնագետների կարծիքով, ռուսական կործանիչը գերազանցում է արևմտյան բոլոր կործանիչներին: Սակայն մի շարք մասնագետներ հակառակ կարծիքի են:

Քիչ տեսանելիության առումով «ПАК ФА»-ն բավականին հաջող կառուցվածք ունի, այն դժվար կլինի հայտնաբերել ժամանակակից շատ ՌՏԿ-ներով: Մասնավորապես, S-ից մինչ L դիապազոնում այն գրեթե անտեսանելի կլինի, իսկ ահա UHF դիապազոնի ՌՏԿ-երի տեսադաշտում` հեշտությամբ տեսանելի: UHF դիապազոնի ՌՏԿ-ները արձակում են 1-2 մետրանոց ռադիոալիքներ, որոնք հեշտությամբ կհայտնաբերեն ռուսական կործանիչը: Այս չափի ռադիոալիքների երկարությունը բավարար չէր լինի` հայտնաբերելու համեմատաբար ավելի մեծ և «սթելս» (անտեսանելիության) հատկություններով օժտված ինքնաթիռները, ինչպիսին է, օրինակ՝ ամերիկյան «B-2»-ը: Սակայն քիչ տեսանելիության համար «ПАК ФА»-ն ունի թերություններ, օրինակ՝ շարժիչների վարդակները: Դրանք, ճիշտ է, ավելի շարժունակ են (թեքվում են բոլոր ուղղություններով), քան F-22-ինը (թեքվում է միայն վեր և վար), սակայն երկար են և չունեն «սթելս» կառուցվածք, ինչը ռադիոալիքների անդրադարձման լուրջ խնդիր կարող է առաջացնել:

«ПАК ФА»-ի շատ ուրվագծեր ունեն ոչ «սթելս» կառուցվածք, ինչը վառ կերպով երևում է հատկապես ինքնաթիռի ներքևի հատվածից:

Ինչ վերաբերում է «F-22»-ին, ապա այս կործանիչի մեջ անտեսանելիության գործոնը գրեթե հասցված է առավելագույնի, արտաքնապես այն ունի ավելի բարենպաստ վեկտորային կառուցվածք: «ПАК ФА»-ն լիակատար «սթելս» դարձնելու համար այն անհրաժեշտ է պատել ռադիոալիքները խլացնող հատուկ նյութով: Ներկայումս այդ ինքնաթիռը նման փորձարկում դեռ չի անցել, սակայն վստահաբար կարելի է ասել, որ այդ նյութով կպատվի, քանի որ ռուսներն արդեն նման նյութ կիրառել են «Су-47» («Բերկուտ»)-ի վրա:

Հինգերորդ սերնդի կործանիչների հիմնական հատկանիշներից են նաև հրթիռների համար նախատեսված ներքին խցիկները: «ПАК ФА»-ն կարող է իր ներսում կրել չորս հրթիռ, իսկ «F-22»-ը` ութ:

Օդային մարտում ամենակարևոր դերը հրթիռներինն է: Ըստ ռուսական տվյալների` «ПАК ФА»-ն ունենալու է բավականին մեծ հեռահարության «РВВ-МД/Р-74» հրթիռներ:

Ամերիկյան մյուս կործանիչը` «F-35»-ը, փորձարկման փուլում է, որում անընդհատ կիրառվում են նոր տեխնոլոգիաներ, եւ որն արդեն իսկ իր տեխնոլոգիական ունակություններով առաջ է անցել «F-22»-ից, (այդ ներդրումների նպատակը «F-35»-ում օգտագործվող նոր տեխնոլոգիաները նաև կիրառելն է «F-22»-ում):

Ինչպես արդեն հայտնի է՝ «F-22»-ը կունենա նոր սինթեզավորման համակարգով ՌՏԿ, որը կընձեռի քարտեզագրման նոր հնարավորություն: Ինքնաթիռը ունակ կլինի ինքնուրույն հայտնաբերելու վերգետնյա թիրախները և առնել նշանառության տակ: Ինչպես նաև կործանիչը կհամալրվի ութ նոր 113 կգ-անոց «SDB» ռումբերով: 2014թ. պլանավորվում է ինքնաթիռը համալրել նոր ՌԷՊ-ի սարքավորումով, ինչպես նաև թիրախների ճանաչման նոր համակարգով, որի արդյունքում կործանիչը կարող է համեմատել և դասակարգել ստացող տվյալները (նախկինում «F-22»-ը միայն կարողանում էր ստանալ տվյալներ): 2017թ. կործանիչի արդիականացման հաջորդ փուլում կործանիչը կհամալրվի նոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, ինչպես նաև այլ թարմացումների արդյունքում ինքնաթիռը կկարողանա կիրառել նոր «AIM120D», «AMRAAM m», «AIM-9x Sidewinder» կարգի հրթիռներ:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ռազմական


27/06/2013