ՀԻՄԻ Է՞Լ ՆԵՐԵՆՔ…
1992 թ. հունիսի 12, Խաչեն գետի հովիտ…
Խոյահարելով թշնամու մի քանի կրակակետ, հերթական պտույտի ժամանակ արկից բոցավառվեց ուղղաթիռը ու ընկավ Խաչեն գետի հովտում: Զոհվեցին տղաները՝ Նորիկը, Աշոտը, Լևոնը…
Զոհվեց նաև Ռուբիկը, որը ուղղաթիռի գնդացրորդն էր …
Ամեն տարի այդ օրը Կոտայքի մարզի Զովունի ավանում ոգեկոչման արարողություն է: Գյուղի դպրոցում (տնօրեն Վարդան Ղազարյան), որը կրում է Ռուբիկ Բաղդասարյանի անունը, հավաքվում են հերոսի հարազատները, մարտական ընկերները, Գրիգոր և Անդրանիկ որդիները, եղբայրը` զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Էդիկ Բաղդասարյանը, որը եղբոր հետ դուրս էր եկել ազատագրական պայքարի և եղբոր՝ Ռուբիկի զոհվելուց հետո շարունակեց այդ սուրբ գործը…
Դպրոցի սաները արտասանում են, պատմում հերոսի մասին:
Հերոսի Գառնիկ հայրը կյանքից հեռացել է: Արև մայրը, կինը` Անահիտը, կնոջ մայրը` Ջուլյան, լսում են դպրոցականների ելույթները…
– Որդուս զոհվելուց երեք տարի անց գնացի նրան «այցի»: Ուղղաթիռի ընկած վայրում մարտական ընկերները հուշարձան են կառուցել, – պատմում է Արև մայրը,- Քոլատակ գյուղից Լևոնը նույնպես որդուս հետ էր զոհվել: Լևոնի քրոջ հետ ման էինք գալիս այդ վայրում: Ուղղաթիռի կտորները դեռ ընկած էին այդտեղ, խոտերի մեջ: Մեկ էլ խոտերի միջից Լևոնի քույրը եղբոր կոշիկներից մեկը գտավ ու այն վերցնելով` սեղմեց կրծքին, բարձրաձայն սկսեց լաց լինել, ուշաթափվեց: Անզուսպ հեկեկում էր, համբուրում այն, – Լևոնիս կոշիկն է, միասին էինք գնել: Ես էլ նրա հետ լաց էի լինում ու ինչ-որ բան հայացքով փնտրում խոտերի մեջ: Ռուբիկս, երբ գնաց, վիրավոր էր, արդեն երկրորդ անգամ էր այդպես վիրավոր մեկնում կռիվ: Այս անգամ ոտքից էր վերքը, ու իմ հողաթափն էր հագել: Մեռնեմ իր կյանքին` չէր ենթարկվում: Ասի` Ռուբի՛կ ջան, էս անգամ մնա մինչև վերքդ ապաքինվի: «Ի՞նչ է, մա՛մ, չլինի՞ հողաթափերդ ես ափսոսում», – կատակի տվեց ու նստեց մեքենան: Մյուս տղաս` Էդիկը, նույնպես նստեց: Ամուսինս նույնպես մոտեցավ, որ նստի: Ռուբիկը եղբորը ասաց, որ իջնի համոզի հորը, որ չնստի: Էդիկն իջավ, ու մեքենան շարժվեց: Այդպես գնաց` վիրավոր ոտքին իմ հողաթափը: Ես լացելով` փնտրում-ման էի գալիս` որդուցս մի մասունք գտնելու համար… Հետո հյուր եղանք Քոլատակում, Լևոնենց տանը: Երբեք չեմ մոռանա նրանց: Պատերազմը դեռ չէր բուժել վերքերը, ապրում էին անասելի դժվարություններով:
Ամուսինս մատաղ էր խոստացել: Խաչքար-հուշարձանի մոտ մատաղ արեցինք ու վերադարձանք…
Ռուբիկիս հետ կապված մի պատմություն էլ կա. մի տեղ էլ պիտի ուխտի գնամ, մատաղ անեմ… Ափսոս, հիմա չեմ կարող` անօրենի ձեռքին է… Ռուբիկս պատմում էր, որ երբ Մանաշենում են եղել, գյուղի բուժքույրը, որի անունը Աիդա է եղել, շնչակտուր հասել է ջոկատի տղաներին ու խնդրել, որ օգնեն` ծննդկանի երկունքի ցավերն սկսվել են, ու ինքը ոչնչով չի կարողանում օգնել, պետք է հասցնել մոտակա բնակավայրը: Իսկ մոտակա բնակավայրը եղել է երեք կիլոմետր հեռավորության վրա: Այդ թվերին վառելիք չէր ճարվում Երևանում, էլ ուր մնաց` հեռավոր այդ գյուղում: Տղաս գրկել է ծննդկան կնոջն ու հասցրել ծննդատուն:
– Մա՛մ ջան, – ասում էր, – տեղ հասանք` ծննդկանին հանձնեցի բժիշկներին, ու երբ պատրաստվում էի հետ գալ դիրքեր` երկունքի ցավերի միջից կինը (ճանապարհին հարցրել էր անունս) ասաց. «Ռուբի՛կ եղբայր, եթե տղա ծնվի, պիտի կնքենք քո անունով»: Իմացանք, որ տղա է ծնվել, ու իմ անունն են դրել: Հետո, երբ Շահումյանը հայաթափվեց, չիմացա, ինչ եղան նրանք, ուր գնացին, բայց, դե, կյանք է, գուցե մի օր գտնենք իրար…
Այս պատմությունը իրենց հերոս պապի մասին լսում են նաև Անդրանիկի՝ Ռուբիկ և Գրիգորի՝ Ռուբեն անվանակոչված թոռները:
-Անդրանիկը եղբորս կրտսեր տղան է,- պատմում է փոխգնդապետ Էդիկ Բաղդասարյանը:-Առաջինը նա արու զավակ ունեցավ, և երբ ինձ ասաց, որ պիտի անվանակոչի Ռուբիկի անունով, մտածեցինք` չէ՞ որ ավագ եղբայրը՝ Գրիգորը, նույնպես ուզում է իր որդուն հոր անունով կոչել: Հետո ես ու եղբորս որդիները որոշեցինք, որ Անդրանիկի որդին կոչվի Ռուբիկ, իսկ Գրիգորինը` Ռուբեն: Եղբայրս անձնագրով Ռուբեն էր, բայց բոլորը նրան դիմում էին Ռուբիկ անունով:
…Ոգեկոչման արարողությունը շարունակվեց նաև զորամասում, որտեղ կիրակնօրյա մտերմիկ զրույցի ընթացքում հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Էդիկ Բաղդասարյանի պատմությունը նվիրված էր Արցախյան ազատամարտում զոհված տղաների հիշատակին: Զորամասում անցկացված կիրակնօրյա միջոցառման ավարտին հնչեց Ռուբիկի պատգամ-բանաստեղծությունը.
-Բայց եթե դողա քո ձեռքը մի օր,
Եվ դու խնայես թշնամուն մեր նենգ,
Ես նույնիսկ շիրմից կգոչեմ այնժամ՝
Այդ ին՜չ ես անում, հիմի է՞լ ներենք:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ճակատագրեր