ՍԹՈՒՆԻՍ ԵՎ ՄԿՆԱՏԱՄԻ ԽԱՉ
Սա Հայաստան է, եւ վերջ:
Լեոնիդ Ազգալդյան
Սյունիքի բարձրավանդակի Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասարի (3550 մ) լեռների հարավարևելյան ստորոտների լճակներից, աղբյուրներից է ծնվում Աղավնո գետը (Արքունագետ, Զաբուղչայ), որը Հակարի գետի աջակողմյան և ամենաջրառատ վտակն է, ունի 50 կիլոմետրից ավելի երկարություն: Այս գետի աջ ափին է Ծիծեռնավանքը, որը հիմնվել է 4-րդ դարում, հնարավոր է ավելի վաղ: Ըստ որոշ աղբյուրների՝ վանքի Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցու տեղում եղել է հեթանոսական տաճար:
Ծիծեռնավանքից մոտ 5 կմ հյուսիս՝ Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի միջնամասում՝ Աղավնագետի աջափնյա ժայռեղեն մի բլրակի վրա գտնվում է Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին: Նույն բլրակն ունի նաև քարանձավներ, որոնք դարեր առաջ եղել են բնակելի, հավանաբար նաև ճգնարաններ:
Վերջերս Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ եղանք այս տարածքում, որտեղ մի փոքրիկ վտակ՝ Սթունիսը, միանում է Աղավնագետին: Մինչև պատերազմը՝ այս մասում կամուրջ է եղել, այժմ այն ավերակ է, և ստիպված մեր մեքենան անցնում է գետով: Մոտենում ենք Մկնատամի Խաչ սրբավայրին:
Մատուռ-եկեղեցին կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտից: Արևմտյան կողմից է միակ ցածր ու նեղ մուտքը, որն ունի քանդակազարդ շրջանակ. վերևում կամարակապ է, իսկ մի քիչ էլ վեր կա փոքրիկ պատուհան, որի պսակը նույնպես աչքի է ընկնում իր գեղեցիկ հորինվածքով: Թաղակապ տանիքը պատված է հարթ ու մի կողմից բոլորակով ծածկասալերով, որոնց մեծ մասը, ցավոք, արդեն թափվել է…
Մատուռը պահող բլրի մոտով անցնող Սթունիս գետակի մոտով ճանապարհը շարունակվում է դեպի արևմուտք: Անցնելով մոտ 2 կմ՝ լայն ձորը, որի հարավային կողմն անտառապատ է, իսկ հյուսիսայինը՝ ցից-ցից տարբեր ժայռապատկերներով, բաժանվում է 2 մասի. երկու փոքրիկ գետակներ այստեղ միավորվում են ու հոսում դեպի Աղավնագետ: Դեպի ձախ թեքվող ճանապարհը տանում է պատմական Սթունիս գյուղ: Գետակի ձախափնյա՝ դեպի երկինք ձգվող լանջի սկզբնամասում է 9-10-րդ դարերի բազիլիկ եկեղեցին, որի մոտակայքում պահպանված պատերը, տների հետքերը հուշում են, որ, ով գիտե, վաղնջական որ ժամանակներից այստեղ մարդիկ են բնակվել, եկեղեցի ու ջրաղաց հիմնել: Այստեղ եղել էի նաև գարնանը՝ սլովակ կինոռեժիսոր Լիբոր Սպիմրինի հետ, երբ գարնանային անթիվ-անհամար ծաղիկներ էին զարդարել տարածքը, իսկ այժմ այլ է՝ միայն ծաղկած մասրենիների սպիտակավուն ու վարդագույն ծաղիկներն են հանդեսի տերը:
Սթունիս պատմական գյուղը հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրութիւն»-ի հավելվածում, որ 1600 պտղաչափով հարկ է տվել Տաթևի վանքին: Գյուղը գտնվում է թեք սարալանջին՝ դիմացը հարավարևելյան կողմում բազում քարանձավներ կան, որոնք, բնական է, ավելի հնում եղել են բնակելի, իսկ այժմ ծառայում են որպես անասնագոմ` ամառանոց եկող անասնապահների համար: 19-րդ դարում այստեղ արդեն քրդեր են բնակվել:
Գյուղում պահպանված տները կառուցել են հայ վարպետները. դռներն ու պատուհանները կամարակապ են՝ գեղեցիկ հորինվածքներով: Այս տների հարևանությամբ՝ գյուղի հարավային մասում, գտնվում է մի բազիլիկ եկեղեցի՝ ճարտարապետական հորինվածքով նման հարևան Միրիկի, Հակի, Հերիկի եկեղեցիներին, այսինքն՝ 17-րդ դարի կառույց է: Սրբավայրի մասին չի հիշատակվում նույնիսկ տարածքի լավ գիտակ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Բանակ և հասարակություն