ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Նյութիս հերոսների հետ հանդիպման եմ շտապում: Գիտեմ, որ Անգին եւ Մարտին Հարությունյանների ընտանիքը բացառիկ է, հանրապետությունում նման վեց ընտանիք կա ընդամենը: Նրանց երեք որդիները` առաջնեկը` Սարգիսը, եւ զույգ եղբայրներ Սահակն ու Արտակը, միաժամանակ ծառայում են նույն զորամասում… մարտական հերթապահություն իրականացնող զորամասում:
Մեր հանդիպման առիթը Սարգսի զորացրումն է: Ինձ դիմավորում է տիկին Անգինը` բարի ժպիտով հայ մայրը, որ իր երկրին երեք զինվոր է պարգեւել: Միասին քայլում ենք, ճանապարհին հարեւանները նրան աչքալուսանք են տալիս եւ ասում. «Ապրի՛ Սարգիսը, պատվով ծառայեց»: Նա էլ շնորհակալություն է հայտնում եւ ավելացնում. «Աստված տա, բոլոր մայրերը ապրեն իրենց որդիների վերադարձի ուրախությունն ու երջանկությունը»: Տիկին Անգինը պատմում է, որ տղաները անակնկալ են մատուցել. «Գիտեինք, որ Սարգիսը պիտի զորացրվի, բայց չէինք սպասում, զանգել եւ տեղեկացրել էր, որ մի քանի օրից է գալու: Երեկոյան դռան զանգը հնչեց, շտապեցի տեսնել, թե ով է, բայց մատով փակել էին դիտանցքը: Բացեցի դուռը, եւ տղաներս նետվեցին գիրկս. Սարգսին ուղեկցում էին Սահակն ու Արտակը, նրանց տրամադրել էին հերթական արձակուրդը»:
Հարությունյանների տանն եմ: Տղաներն ինձ բարեւում են ձեռքսեղմումով, ներկայանում, ապա տեղեկացնում, որ Արտակը Սահակին հանձնարարել է իր փոխարեն էլ հարցերիս պատասխանել, իսկ ինքն ընկերների հետ է, շատ է կարոտել: Զարմացած եմ. մտածում էի Սարգսին կտեսնեմ քաղաքացիական հագուստով, իսկ նա զինվորական համազգեստով է. «Քաղաքացիական հագուստով օտար եմ ինքս ինձ… ժամանակ պիտի անցնի»: Սարգիսը ավագ սերժանտի կոչում ունի, բացի այդ, երեք կրծքանշան է կրում.
«Առաջին կրծքանշանն ստացել եմ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված զորահանդեսին մասնակցելու կապակցությամբ: Վերածննդի հրապարակով շարային քայլով անցնելը շատերի ցանկությունն էր, բայց մեր զորամասից ընտրել էին 80 զինվորի: Նման հնարավորություն կյանքում կա՛մ ունենում ես, կա՛մ` ոչ. ինձ բախտ վիճակվեց զորահանդեսի մասնիկը դառնալ, բացառիկ իրադարձություն էր ինձ համար, ես քայլում էի բոլոր այն զինվորների փոխարեն, որոնք հետեւում էին մեզ հեռուստացույցով: Այդ ընթացքում քայլ առ քայլ հիշում էի ծառայությանս դրվագները. առաջին օրվա շփոթմունքս, ընկերներիս լուրջ դեմքերը, զորամասում փակցված պաստառը` Մոնթե Մելքոնյանի խոսքով` «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»: Այս միտքն իմ ծառայության նշանաբանն էր: Երբ զորակոչվեցի բանակ, արդեն ավարտել էի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ հասկանում էի, որ Ավոյի խոսքը արդիական է նաեւ այսօր, ինչպես նաեւ վաղը պետք է առաջնորդվել այս գաղափարով: Ձգտել եմ չթերանալ իմ պարտականություններում, ուժերիս անմնացորդ նվիրումով կատարել դրանք, որովհետեւ նաեւ իմ ծառայությամբ էի պայմանավորում ազատ Արցախ, անվտանգ ու հզոր Հայաստան ունենալու` Մոնթեի եւ իմ երազանքը… Ես քայլում էի, եւ ինձ ուղեկցում էր մեր զորամասի նախկին հրամանատարի` գնդապետ Աշոտ Աղաջանյանի անթերի կերպարը: Նա ուժեղ եւ յուրահատուկ մարդ է, հասկանում է յուրաքանչյուր զինվորի, նրա ուշադրությունը մեր հանդեպ ծնողական է, ոչ թե հրամանատարական, յուրաքանչյուր բառի մեջ հայրական շեշտ կա:
Գնդապետ Աղաջանյանը անընդհատ այցելում էր մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին, շրջում հենակետերում, մենք դա գնահատում էինք: Ճիշտ է, չէինք արտահայտում մեր հիացմունքը, բայց հասկանում էինք, որ նրա հոգատարությունը ձեւական չէ, քանի որ իր ազատ ժամանակը ոչ թե ընտանիքի հետ էր անցկացնում, այլ` մեզ: Նրան ցանկացած հարցով կարող էինք դիմել, որովհետեւ չէր նախատի, չէր ընդհատի, այլ կփորձեր օգնել: Եթե հրամանատարը չի ուզում հասկանալ զինվորին, վերջինս էլ առանձնապես ջանք չի դնում ծառայության մեջ»:
Սարգիսը կրում է զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանը, որով պարգևատրվում են ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման, ֆիզիկական պատրաստության ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները. «Այս կրծքանշանը շատ կարեւոր է ինձ համար, այն ուսումնական գումարտակում կատարած աշխատանքիս գնահատականն է: Ուսումնական գումարտակում ծանոթանում ես զինվորական առօրյային եւ ծառայության նրբություններին, այստեղ է ձեւավորվում ապագա զինվորը: Ջոկի հրամանատար էի, ջանում էի, որ զորամաս եկած նորակոչիկները հարմարվեն կարգուկանոնին, սովորեն ժամանակն օգտագործել նպատակային: Նորակոչիկները պետք է ուշադրություն զգան իրենց հանդեպ, զգան, որ ցանկացած հարցի պատասխան է տրվելու: Նրանց առաջին մտահոգությունը ընտանիքի հետ կապ հաստատելն է, ուզում են տեղեկացնել` որտեղ են, ինչպես են: Այդ հնարավորությունը նրանց տրվում է: Ուսումնական գումարտակում ծառայելիս նաեւ վաշտի սպորտ հրահանգիչն էի, իմ պարտականությունն էր կազմակերպել վաշտի մարզումները: Մարզումների շնորհիվ ձեւավորվում են թիմային հարաբերություններ, զարգանում են զինվորի ճկունությունը, ուժը, դիմացկունությունն ու կոորդինացիան: Ֆիզիկապես պատրաստված զինվորն ավելի քիչ է հակված վնասվածքների: Ուսումնական գումարտակում հասկացա, որ հրամանատար լինելը կյանքի կոչում է, քանի որ ամեն մարդ չի կարող մշտապեu դրական oրինակ ծառայել ենթակա անձնակազմին, բարձրացնել վերջիններիu մեջ պատվի եւ զինվորական պարտքի գիտակցումը, վճռականորեն կանխել uտորաբաժանման մարտունակությանը վնաu հասցնող յուրաքանչյուր գործողություն»:
Վերջին հինգ ամիսները Սարգիսը ուսումնական գումարտակից տեղափոխվեց մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ: Երրորդ կրծքանշանն էլ հուշում է, որ ծառայական պարտականությունները գերազանց է կատարել. «Մարտական հենակետում ծառայությունը բացահայտեցի մեկ այլ կողմից, կարծես պատրանքից տեղափոխվում ես իրականություն, քանի որ հակառակորդը այլեւս պայմանական չէ, ընկերոջդ եւ սահմանի անվտանգության ապահովումը դառնում է ամենակարեւոր խնդիրը: Մարտական հենակետում ես զգում էի, որ նաեւ ինձնից է կախված տվյալ օրվա խաղաղությունը: Ընդամենը 50 մ էր մեզ բաժանում հակառակորդից, մեր դիմաց ադրբեջանական փոքրիկ գյուղն էր` իր անփոփոխ առօրյայով: Գյուղացիներին որպես թշնամի չէինք ընդունում: Եթե մարդը զինված չէ, դժվար է նրան այդպիսին համարել: Իսկ հակառակ կողմում կանգնած զինվորն ինձ համար թշնամի էր, ես հենց առաջին հերթափոխի ժամանակ դա հասկացա: Դիրքերում էինք, հակառակ կողմից կրակեցին, կպավ մեր ընկերոջ գլխին, բայց միայն սաղավարտը վնասվեց, փրկվել էր: Պետք է զգոն լինել, երբ քթիդ տակ թշնամին է: Այս խորհուրդն էի տալիս նաեւ Սահակին ու Արտակին, երբ նրանք բարձրանում էին դիրքեր»:
Մեր զրույցն ընդհատում է զինվորների հայրը` Մարտինը, որ թաքուն հիացմունքով ամբողջ ընթացքում հետեւում էր տղաներին. «Մենք տեղյակ չէինք, որ Սարգիսը դիրքեր է բարձրանում, մտածում էինք` ուսումնական գումարտակում է: Այդ մասին երեկ իմացանք: Տղաներից ոչ մեկը չէր ասել, որ չանհանգստանանք: Այո, իհարկե, կանհանգստանայինք… երեք որդիներդ միաժամանակ մարտական հենակետում… (լռում է): Միշտ նույն օրն էին գնում հերթափոխի, իսկ մենք Սարգսին հանձնարարում էինք, թե՝ գնա՛ ու եղբայրներիդ քաջալերիր, նա էլ ասում էր` «լա՛վ, պա՛պ»»:
Մարտինը հաճախ է գնում Ռուսաստան` աշխատելու, ընտանիքի հոգսը հոգալու, եւ նույնիսկ օտարության մեջ իրեն չճանաչողները իմանալով, որ երեք որդիներն էլ ծառայում են, բաժակ են բարձրացնում նրանց համար, բարի ծառայություն մաղթում:
«Լավ է, վերջապես Սարգիսը զորացրվեց, ես ու Արտակը անհամբեր սպասում էինք այս օրվան»,-միջամտում է Սահակը: Սարգիսն էլ կատակում է. «Հա, տուլիկը երկուսով կկիսեք (ծիծաղում են)»: «Տուլիկ… միայն ծառայած տղան կհասկանա՝ ինչքան ջերմություն կա էդ մի բառի մեջ… ու ես էդ տուլիկը մրգի համար եմ սպասում, որովհետեւ բանակում մրգի պակասը զգում ես… Բայց չէ, Սարգի՛ս, տուլիկը չէ պատճառը, ուղղակի մենք հանգիստ ենք, որ մեզնից մեկը հիմա տանն է լինելու, մեր ծնողները մենակ չեն: Բոլորը երեւի կմտածեն՝ ինչ երանություն է երեք եղբայրներով ծառայելը, այդպես չէ: Այդպիսի օր չկա, որ ես միայն իմ ծառայության վրա կենտրոնանամ, հատկապես, երբ դիրքում եմ ու գիտեմ, որ եղբայրներս էլ են մարտական հենակետում… մտքով միշտ նրանց հետ եմ: Այդ երկու ժամը գլուխս ծանրաբեռնում եմ ապագայի պլաններով… հիմա էլ մտածելու եմ` տեսնես կստացվի՞, որ Սարգիսը անվճար մագիստրատուրա ընդունվի »:
Մենք շարունակում ենք զրուցել, եւ ես նկատում եմ` արդեն չորրորդ ժամն է՝ Հարությունյանների փոքրիկ (մեկսենյականոց) բնակարանի ջերմությունը ինձ պարուրել է:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ