ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Պետի հրամանը կամ կարգադրությունը, որոնք համապատասխանում են վերը նշված պահանջներին, ենթակաները ճիշտ կընկալեն ցանկացած իրավիճակում: Այս որակներով օժտված պետ-հրամանատարը միշտ ի վիճակի է կանխելու բացասական զգայական (էմոցիոնալ) ռեակցիաները, որոնք կարող են հանգեցնել իրավախախտման այս կամ այն տեսակի կատարմանը:
Ենթականերին դաստիարակելով պետերին անառարկելի ենթարկվելու և փոխադարձ հարգանքի ոգով, փորձառու հրամանատարները հետամուտ են լինում նրանց եսասիրական (էգոիստական), ագրեսիվ կործանարար վարքագծի մերկացմանը, կոնֆլիկտային իրավիճակներում իրենց զգացմունքները կառավարելիությանը: Ընդ որում, առանձնակի մանրակրկիտ է կազմակերպվում անհատական աշխատանքը զինծառայողների հետ, որոնք մեծացել են սոցիալապես անապահով ընտանիքներում, նախկինում դատվել են, առանձնանում են անհավասարակշիռ, անզուսպ ու ագրեսիվ բնավորությամբ, հակված են փողոցային մտածելակերպի:
Հատուկ ուշադրության է արժանի կանոնադրական հարաբերությունների պահպանումը տարբեր զորակոչի զինծառայողների միջև՝ ինչպես հնարավոր միջանձնային անբարյացակամ հարաբերությունների դրսեւորումներից խուսափելու, այնպես էլ հին ծառայողների արտոնյալ հավակնությունները չեզոքացնելու համար և այլն:
Անսթափ վիճակում ենթակայության կարգի և զինվորական պատվի դեմ կատարվող հանցագործությունների կանխմանը նպաստում են.
– վճռական պայքարը ոգելից խմիչքների գործածման դեպքերի դեմ,
– անսթափ վիճակում գտնվող զինծառայողներին ժամանակին մեկուսացնելը,
– պարեկության, ՀԱԿ-ում ներքին ծառայության կազմակերպման բարելավումը,
– բոլոր հնարավոր ուղիների հայտնաբերումը, որոնցով ոգելից խմիչքները և թմրամիջոցները կարող են թափանցել ծառայության վայր:
Զինվորական ծառայության անցման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխման գործում դաստիարակչական բնույթի միջոցառումները նույնպես ունեն էական նշանակություն: Հայտնի է, որ զինվորական ծառայությունից խուսափելու գործողություններ (դասալքություն, անդամախեղում, հրաժարում զինվորական պարտականությունները կատարելուց) կատարած անձինք բնորոշվում են իբրեւ կուլտուրայի, բարոյական, իրավական և քաղաքական ցածր գիտակցություն ունեցողներ, որոնք հատկապես նպատակաուղղված անհատական աշխատանքի կարիք ունեն, ինչը կհեշտացնի նրանց համար դժվար զինվորական ծառայության պայմաններին հարմարվելու գործընթացը:
Խուսափումների կանխարգելմանը միտված կազմակերպչական միջոցառումների թվին են դասվում` համապատասխան բաժիններում զինակոչիկների ընտրության բարելավումը, զինծառայողների շրջանում ժամկետային ծառայության անցմանը խոչընդոտող հիվանդությունների ժամանակին բացահայտումը, զինծառայողների նամակներին, բողոքներին ու խնդրանքներին ընթացք տալը, նրանց ընտանիքների նկատմամբ հոգածություն դրսևորելը: Արդյունավետ կանխարգելիչ միջոցառում է ժամկետային ծառայության զինծառայողների կյանքի ու գործունեության, նրանց արձակուրդներ ու արձակումներ տրամադրելու հարցում խիստ կանոնակարգում հաստատելը:
Նշված հարցերի լուծումը սերտորեն կապված է ստորաբաժանումներում, հսկիչ-տեխնիկական և հսկիչ-անցագրային կետերի ներքին ծառայության, զորամասից դուրս պարեկային ծառայության կազմակերպման հետ: Պահակային և ներքին ծառայության կանոնների խախտումների կանխարգելումը պայմանավորվում է զինծառայողներին ֆունկցիոնալ պարտականությունների, նրանց մարզական և ուսումնավարական հմտությունների պատշաճ կատարումով: Պարտականությունների խոր իմացությունը, մարտական տեխնիկայի հետ աշխատելու, զենքին և ծառայության ապահովման մյուս միջոցներին տիրապետելու ունակությունը դրա հաջող կատարման երաշխիքներն են:
Մասնագիտական (հատուկ) ծառայությունների կանոնադրական խախտումները կանխելու արդյունավետ միջոց է վերջինիս կազմակերպումը գործող նորմերին համապատասխան: Ցանկացած վերակարգ պետք է ամբողջովին ապահովված լինի այն ամենով, ինչն անհրաժեշտ է առաջադրված խնդրի կատարման համար` սպառազինությամբ, մարտական տեխնիկայով, հանդերձավորմամբ, փոխադրամիջոցով, հագուստով և այլն:
Ոչ պակաս դեր է խաղում նաև զինծառայողներին վերակարգում նախօրոք նշանակելը /վերակարգի թերթիկը հուշում է զինվորին օրեր առաջ, որ ինքը այսինչ օրը նշանակվելու է վերակարգ/, նրանց նախապատրաստվելու, մասնագիտական պարտականությունների, հրահանգավորման և հանգստի ուսումնասիրման համար ժամանակ տրամադրելը, մարդկանց ընտրությունը` հաշվի առնելով նրանց անձնական որակները, պատրաստության մակարդակը, ծառայական փորձը և խնդրի կատարման կարևորությունը:
Մասնագիտական (հատուկ) ծառայությունների ընթացիկ խախտումներից զերծ մնալու գործուն միջոց է նաեւ համապատասխան հրամանատարների, շտաբների և հերթապահների կողմից լավ կազմակերպված վերահսկողությունը, որոնց ենթակայության տակ է վերակարգը: Վերահսկությունը պետք է լինի կանոնադրական, պարբերական, փոփոխվող` ժամանակի ու տարածության մեջ, ինչը հնարավորություն կընձեռի վերակարգի անձնակազմը պահելու մշտապես զգոն վիճակում /պետք է բացառել ստուգումների ձևականությունը, ինչը հավասարազոր է ինքնախաբեության ու խթան կհանդիսանա կարգազանցության/: Հատուկ ուշադրության է արժանի վերակարգում զանցանք թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու անխախտ սկզբունքը:
ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ